Շեֆիլդի Executive MBA-ի ուսանողները «լուծել են» բանկի խնդիրը

20.01.2020 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարան #Executive MBA
Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի հայ ուսանողներն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն են ունեցել։ Հունվարի 17-19-ը նրանք մասնակցել են «Խորհրդատվական ծրագիր. իրական դեպքի ուսումնասիրություն» (Consultancy Project: Living Case Study) խորագրով դասընթացին։

Նպատակ եւ կարեւորություն

Այս դասընթացը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրն իրականացրել է 7 քաղաքներում։ Դրա նպատակն է նպաստել ուսանողների՝ կազմակերպական վարքագծի, կառավարչական հարցերի, գործառնական միջավայրի, թիմային աշխատանքի վերաբերյալ ընկալումների ամրապնդմանը։

Մոդուլը նաեւ օգնում է ուսանողներին բացահայտել, վերլուծել եւ ախտորոշել ռազմավարական տեսանկյունից կազմակերպական բարդ իրավիճակներ եւ ձեւավորել գործողության առաջարկություններ՝ միաժամանակ հաշվի առնելով միջավայրի հնարավոր փոփոխությունները։

Executive MBA ծրագրի գործադիր տնօրեն Ջորջ Էֆստադիադիսը, որ նաեւ տվյալ մոդուլի խորհրդատու-մենեջերն է, Banks.am-ի հետ զրույցում նշել է՝ այն առանձնահատուկ է իր խիստ գործնական բնույթով։

Ջորջ Էֆստադիադիսը

«Այս մոդուլի ընթացքում ուսանողները պետք է ցուցադրեն իրենց՝ սուղ ժամանակում բարդ խնդիրներ լուծելու ունակությունը։ Սկզբում նրանք ծանոթանում են իրական ընկերության գործունեությանը, դրա առջեւ դրված մարտահրավերին, որից հետո պետք է աշխատեն այդ ուղղությամբ եւ ներկայացնեն առաջարկություններ խնդրի լուծման համար։ Ուսանողներն աշխատում են թիմերով, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես խորհրդատվական ընկերություն»,- մանրամասնել է նա։

Ընթացք եւ արդյունք

Այս տարի դասընթացի համար ընտրվել էր Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որի հետ Շեֆիլդի համալսարանը համագործակցում է մի շարք բնագավառներում։ Մոդուլի առաջին օրը Ինեկոբանկի ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը ուսանողներին ներկայացրել է բանկի մարքեթինգին, մարդկային ռեսուրսների կառավարմանը, կազմակերպական վարքագծին եւ ճգնաժամի կառավարմանը վերաբերող տարբեր մարտահրավերներ։  


Դասընթացի հաջորդ օրը ուսանողները հանդիպել են Ինեկոբանկի Ֆինանսական տնօրենի եւ տվյալ մոդուլի դասախոսի հետ՝ 30 րոպե տեւողությամբ քննարկման համար։  

Մոդուլի ողջ ընթացքում արդյունավետ աշխատանքի շնորհիվ ուսանողները հաջողել են հավասարակշռել տեսական եւ գործնական գիտելիքները՝ դասընթացի ավարտին վերջնական զեկույցներում ներկայացնելով առաջարկներ եւ խորհրդատվություն մատնանշված խնդրի լուծման համար։  
 
«Ամեն տարի ուսանողները ներկայացնում են հրաշալի առաջարկներ։ Այդ կերպ մեզ հետ համագործակցող ընկերությունները ստանում են արժեքավոր խորհրդատվություն եւ լսում նոր գաղափարներ, այսինքն՝ սա երկկողմանի հաղթանակներ ապահովող դասընթաց է»,- ընդգծել է Ջորջ Էֆստադիադիսը։


Կարծիք ուսանողներից

Executive MBA-ի ուսանող, ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը պատմել է, որ ծրագրին մասնակցել խորհուրդ են տվել ֆինանսական ոլորտում աշխատող մտերիմները։ Այժմ՝ ուսումնառության երկրորդ տարում, նրա սպասելիքներն առավել քան արդարացել են։

Կարեն Զաքարյանը

«Յուրաքանչյուր հաջորդ մոդուլը նոր հետաքրքրական փորձառություն է։ Պետք է կարողանանք շատ կարճ ժամանակում լիարժեքորեն ուսումնասիրել խնդիրն ու հանդես գալ դասակարգված, հիմնավոր առաջարկություններով։ Ժամանակ առ ժամանակ նման փորձառություն ձեռք բերելը չափազանց կարեւոր է՝ հատկապես դասախոսների վերահսկողության ներքո՝ համոզվելու համար, որ անհրաժեշտ հմտությունները լավ «մարզավիճակում» են»,- մանրամասնել է Կարեն Զաքարյանը։

Մոդուլի մեկ այլ մասնակցի՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Զարուհի Համազասպյանի խոսքով՝ Շեֆիլդի Executive MBA-ում ուսումնառության ողջ ընթացքը հագեցած է գիտելիքը գործնականում կիրառելու հնարավորություններով:

Զարուհի Համազասպյանը

«Մեր բոլոր առաջադրանքները մշտապես ներառում են գործնական բաղադրիչ, քանի որ դրանք կատարում ենք իրական ընկերությունների իրական դեպքերի ուսումնասիրությունների հիման վրա։ Կարեւոր եմ համարում այն, որ անգլիական կրթական համակարգում գրագողության հնարավորությունը հավասարեցված է զրոյի՝ շնորհիվ առաջադրանքների կատարման եւ ստուգման գործող համակարգի»,- ընդգծել է նա։

Երեւանում ընթացող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 5697
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW