Ալլան որոշել է Սանահինում տուրիզմը կավով զարգացնել

10.01.2020 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Pottery House Armenia #Ալլա Ավետիսյան
Ունենալ փոքրիկ արվեստանոց ու զբաղվել կավի թերապիայով. երկար տարիներ այսպիսի ցանկություն է ունեցել Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի դերասանուհի Ալլա Ավետիսյանը: Հենց այդ ցանկությունն էլ նա հետագայում դարձրել է նոր բիզնեսի սկիզբ։

Banks.am-ը ներկայացնում է Սանահինում գործող կավաբուժության կենտրոն-հյուրատան՝ Pottery House Armenia-ի («Կավի տուն Հայաստան») ստեղծման պատմությունը։  

Ինչո՞ւ  Սանահինում

Ամեն ինչ պատահական է ստացվել. Ալլայի պլաններում գյուղն ու հյուրատունը չեն եղել։ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն է առիթ դարձել, որ նա իր սիրած գործը գյուղական բնակավայրում հիմնի։ Ու երբ հաստատվել է Ալլայի ներկայացրած կավաբուժության կենտրոնի ծրագիրը, սկսել է տարածք փնտրել իր հետագա գործունեության համար։

Ալլա Ավետիսյանը

«Տարածք ընտրելու նպատակով շրջել եմ Լոռու մարզում։ Շատ էի ուզում, որ տվյալ վայրը Վանաձորից հեռու չլիներ։ Մյուս կողմից՝ ծրագրի կարեւոր պահանջներից էր այն, որ ընտրվող գյուղը զբոսաշրջության տեսանկյունից քիչ զարգացած լիներ, ու ես իմ ծրագրով նպաստեի գյուղական զբոսաշրջության զարգացմանը։

Մտածում էի Հաղպատ-Սանահինի ուղղությամբ ու կանգ առա Սանահինի վրա, որովհետեւ այն ոչնչով չի զիջում Հաղպատին ու, չգիտես ինչու, հետ է մնում հյուրատնային բիզնեսի առումով։ Հետո ուսումնասիրեցի, իմացա, որ այստեղ հին ժամանակներում զբաղվել են կավով եւ որոշեցի անել ոչ միայն այն, ինչ սիրում եմ, այլեւ տուրիստներին ծանոթացնեմ մեր մշակութային անցյալին, որպեսզի հինը չմոռացվի»,- պատմում է Pottery House Armenia-ի հիմնադիր Ալլա Ավետիսյանը։


Կավի տունը

Մեկ տարի առաջ հիմնադրված կավաբուժության կենտրոնը փոքրիկ առանձնատուն է՝ կահավորված հայկական ազգային ոճով: Սենյակներից մեկը կավով պրոցեդուրաների համար է նախատեսված:

Ալլա Ավետիսյանի խոսքով՝ կավաբուժություն ասելով նկատի ունեն էսթետիկ այն պրոցեդուրաները, որոնք ուղղված են մաշկային խնդիրների լուծմանը, գումարած՝ կավով թերապիան:


Հետաքրքիր կոլորիտով Կավի տունը, որպես հյուրատուն, 6 մարդու ընդունելու հնարավորություն ունի: Իսկ տան նկուղը վերածվել է արվեստանոցի, որտեղ ցուցադրված են նաեւ հայկական գյուղի կենցաղում օգտագործված հին իրեր ու գործիքներ: Դրանք անընդհատ համալրվում են. նպատակ կա հայկական գյուղի կենցաղն այս ճանապարհով նույնպես պրոպագանդելու: Հենց այս միջավայրում էլ աշխատում են կավով՝ պատրաստելով ցանկացած իր:

Կավի տանը համալրվում է նաեւ երաժշտական գործիքների հավաքածուն, որպեսզի այցելուները ե՛ւ ծանոթանան դրանց, ե՛ւ ուրախ ժամանցի հնարավորություն ունենան։    


Գիտելիքը «վաճառելու» վայր

«Այս տունը բացվել է որպես կավաբուժության եւ կավագործության կենտրոն, բայց նպատակ ունեմ, որ այն ավելի շատ լինի մշակութային միջավայր: Այսինքն, երբ ասեն Սանահին, եկեղեցուց բացի, մեր հին ազգային կենցաղավարությունն ու մշակույթը հասկանան»,-  կենտրոնի եւ համայնքի զարգացման իր ծրագրերն է ներկայացնում Ալլան:

Նա ցանկանում է, որ հետագայում նաեւ աշխատարաններ ունենան, զբաղվեն կարպետով, քարի մշակումով եւ այլն։


«Ալավերդիում, մասնավորապես՝ Գեղարվեստի դպրոցում, մեծ ներուժ կա: Սակայն այն, ինչ սովորում ես, մեծ մասամբ մնում է սիրած զբաղմունքի տիրույթում ու դրանով չես կարողանում գումար աշխատել: Իմ նպատակն է, որ տեղի երիտասարդները գան, վարպետաց դասեր տան, «վաճառեն» իրենց գիտելիքը, սովորացնեն հայկական արվեստի ճյուղերը, դրանց տեխնիկան: Ի վերջո, տուրիզմի մեջ դու ամենաշատը վաճառում ես հաճույքն ու էմոցիան։ Պարզ է, այստեղից գնացողները կավագործ չեն դառնալու, բայց կգան ու կսիրեն մեր մշակույթը»,-հավելում է Ալլան:

Տաթեւիկ Ճուղուրյանը զրուցում է Ալլա Ավետիսյանի հետ

Ծառայություններ

Pottery House Armenia-ում հյուրընկալվելով՝ կարելի է պարզապես հանգստանալ գյուղական միջավայրում, համտեսել գյուղի բերքուբարիքը, մերսվել կավով, խոտաբույսերով ու տաք քարերով, «շփվել» կավի հետ ու պատրաստել այն, ինչ ուզում ես:

Կավի տունն աշխատում է տարվա բոլոր ամիսներին: Ձմռանը, սակայն, կավով մերսման պրոցեդուրաներ չեն արվում՝ անհրաժեշտ ջերմաստիճանի բացակայության պատճառով:


Գներ

Սանահինի Կավի տանը մեկ օր մնալը մեկ անձի համար արժե 4500 դրամ՝ առանց նախաճաշի։ Հավելյալ 2 000 դրամ վճարելով՝ կարելի է նաեւ նախաճաշել: Կավով պրոցեդուրաների արժեքը 1500-18 000 դրամ է: Կավագործության կամ կավով «բզբզալու» համար հարկավոր է 1500-5800 դրամ գումար ունենալ՝ կախված աշխատանքի եւ հումքի ծավալից:  

«Տարբեր իրեր, հուշանվերներ ու խաղալիքներ ենք պատրաստելու: Եթե մեր այցելուն ցանկանում է ուղղակի զբաղվել, ինչ-որ բան սարքել, ապա վճարում է 1500 դրամ, եթե իր պատրաստածն ուզում է վերցնել, ապա եւս 1000 դրամ է վճարում: Իսկ եթե, օրինակ, պատրաստում ենք մի բան, որը հարկավոր է նաեւ թրծել (սպասք եւ այլն), արդեն գումարի չափը փոխվում է»,- ասում է Pottery House Armenia-ի հիմնադիրը:


Հեռանկարներ

Ալլա Ավետիսյանը ներկայացնում է նաեւ ապագայի ծրագրերը։

- Լոռիում զբաղվել կավի հումքի վերամշակումով:

- Կավից սպասք պատրաստել ու վաճառել։

- Օգտագործելով տեղի խոտաբույսերի բազմազանությունը՝ օճառի արտադրություն սկսել։

- Առաջիկայում Կավի տան բակում բացօթյա փոքր սրճարան կգործի, որտեղ նաեւ հայկական գյուղի ուտեստներ կմատուցվեն (ավելուկ, լոբի եւ այլն)։

- Ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել որպես աշխատող եւ տեղում մասնագետներ կրթել։


Ինչպե՞ս գտնել

Pottery House Armenia-ի մասին Սանահին գյուղում գրեթե բոլորը գիտեն: Հարցնեք՝ կուղղորդեն: Իսկ մինչեւ գյուղ հասնելը կարելի է կապվել Ֆեյսբուքի եւ Booking.com-ի միջոցով:

Տաթեւիկ Ճուղուրյան
Լուսանկարները՝ Արման Տիտանյանի եւ Pottery House Armenia-ի արխիվից
Դիտում՝ 9666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW