Հարցազրույց “Կասկադ Կապիտալ Հոլդինգսի” գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկի հետ## "Կապիտալ", հունվարի 23, 2008 թ. 1990-ականների վերջին USAID-ն կապիտալի շուկայի զարգացման ծրագիր էր իրականացնում, որին կայուն բնույթ հաղորդելու համար գործընկերներ և հովանավորներ էր փնտրում` այն մասնավոր հատված տե-ղափոխելու նպատակով: Ծրագրի ավարտից հետո` 2001-2002 թթ., “Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամը” ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց: 2004թ. ձևավորվեց ծրագրի զարգացումն իրականացնող թիմը: Այնուհետև արտոնագրեր սկսեցին ստանալ “Կասկադ Կրեդիտը”, “Կասկադ Ինվեստմենտսը” եւ “Կասկադ Ինշուրանսը”: 2005թ. գնելով “Էմպորիկի Բանկ Հայաստան”-ի 100% բաժնետոմսերը` “Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամը” հիմնեց “Կասկադ Բանկը”: Ներկայում “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը” ձգտում է հասնել ինքնաբավության և ֆինանսական անկախություն, ինչը նշանակում է, որ կապիտալն ավելացնելու գործնթացում ընկերությունը կախման մեջ չի լինի “Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամից”: “Կասկադ Կապիտալ Հոլդինգսի” գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկի հետ զրուցել ենք խմբի մեջ մտնող ընկերությունների առաջիկա ծրագրերի մասին: - “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը” հավակնում է տարածաշրջանային դերի: Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը արդյոք չի՞ խոչընդոտում դրան: Ինչպես կբացատրեք, օրինակ, վրացական շուկայից Ձեր հեռացումը: - Մենք իրոք տարածաշրջանային դեր ունենալու նպատակ ունենք: Սակայն դրա համար նախ պետք է հաշվի առնենք մեր տրամադրության տակ գտնվող ռեսուրսները: Վրաստանում “Կասկադ Բանկի” տասնհինգամսյա գործունեության ընթացքում բաժնետերը գլոբալ պորտֆելի վերագնահատում անցկացրեց: Որոշակի տարրեր, այդ թվում` նաև “Կասկադ Բանկի” վրաստանյան մասնաճյուղը, դուրս էին մնում պորտֆելից, որի հետևանքում մասնաճյուղը դրվեց վաճառքի, իսկ վաճառքից ստացված կապիտալը ներդրվեց Հայաստանի տնտեսության մեջ` “Կասկադ Բանկի” ուժեղացված վարկային ծրագրի միջոցով: Այդուհանդերձ, գաղափարն այսօր էլ բավական իրատեսական է: Կարծում եմ` մենք կարող ենք հասնել դրան: Իմ կարծիքով` Վրաստանի մասնաճյուղի վաճառքը խելացի քայլ էր, քանի որ բավական դժվար է միաժամանակ կառավարել չորս ընկերություն Հայաստանում և մեկը` Վրաստանում: Վրացական շուկայից դուրս գալը Հայաստանում մեր ջանքերը կենտրոնացնելու հիանալի հնարավորություն տվեց: - “Կասկադ Բանկը” միակ հայկական բանկն էր, որը 2007թ. առաջին ինն ամիսների աշխատանքը վնասով է ավարտել: Ի՞նչ կասեք այդ մասին: - Վնասի պատճառը որևէ կապ չուներ բանկի գործունեության կամ առևտրի ոլորտում առկա թերացումների հետ: 2007թ. բանկը գործավարական բավական մեծ շահույթ ուներ: Վնասը պայմանավորված է դոլարի արժեզրկմամբ, երբ Վրաստանում տեղակայված "Կասկադ Բանկի" վաճառքի արդյունքում դոլարի տեսքով ստացված գումարը փոխարկվեց հայկական դրամի` "Կասկադ Բանկի" վրաստանյան մասնաճյուղը Bank of Georgia-ին վաճառելու համար: Իր գործունեության 15 ամիսների ընթացքում Վրաստանում տեղակայված “Կասկադ Բանկն” արդեն հասցրել էր 20%-ի չափ եկամուտ ստանալ ԱՄՆ դոլարով կատարված ներդրումներից, իսկ դա բավական լավ արդյունք էր: - Հայաստանի բանկային համակարգում սրվում է մրցակցությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան և արդյոք պատրաստ ե՞ք փոփոխվող պայմաններին: - Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր մրցակցություն, հատկապես, եթե դա որակյալ է, քանի որ դրա արդյունքում ունենում ենք ավելի փորձառու հաճախորդներ, ովքեր կարողանում են հստակ տարբերակել լավ և վատ ծառայությունները: Բացի դրանից` մենք կկարողանանք ուժեղացնել վարքի լավ դրսևորումը: Այս ամենն ընդհանուր առմամբ պետք է լավ անդրադառնա Հայաստանի համար: Հասարակության մեջ հնարավոր չէ ֆինանսական կամ ապահովագրական ծառայությունները մեկուսացնել կուլտուրական փոփոխություններից: Այստեղ մենք ներկայացնում ենք փոքր բանկ և երկրի բանկային պորտֆելում բավական փոքր մասնաբաժին ունենք` մոտ 1%: Մեր նպատակն է առաջիկա հինգ տարիներին այդ ցուցանիշը հասցնել 10-12%-ի: Այստեղ հարց է առաջանում, թե անցումային շուկայում ինչպիսի՞ դիրք պետք է զբաղեցնել: Խնդիրները կարող են տարբեր բնույթի լինել: Եթե երկրում կան 60-70 կամ գուցե ավելի մասնաճյուղեր ունեցող բանկեր, որոնցում հավանաբար չեն գերակշռում սպասարկման արևմտյան չափանիշները, անցում կատարելիս կարող են շատ խնդիրներ առաջանալ: Իհարկե, դա կարող է նաև դրական կողմեր ունենալ: Այն կարող է նոր շուկաներ նվաճելու և բանկային գործունեության մշակույթ ձևավորելու հնարավորություն տալ: - Մրցակցության ուժեղացումը ենթադրում է նաև որակյալ աշխատուժի առկայություն: Հայկական շուկայում կա՞ն Ձեր չափանիշներին համապատասխան կադրեր: - Հայաստանում այսօր էլ մարդկային ռեսուրսի խնդիր կա: Մենք շատ ջանքեր են գործադրում մեր աշխատողներին վերապատրաստելու համար: Մեզ մոտ աշխատանքի ընդունվողները հիմնականում ուսումը նոր ավարտած 23-25 տարեկան աղջիկներ են: Կարծում եմ` կանայք ավելի նվիրված և հավատարիմ են գործին և ավելի հեշտ են հարմարվում աշխատանքային պայմաններին: Բացի դրանից` նրանք, որպես կանոն, թիմի լավ անդամներ են լինում: Համենայն դեպս, մարդկային ռեսուրսի հարցում մենք նպատակահարմար ենք գտնում օգտագործել մարդկանց այդ հատվածը: Սակայն դա ամենևին էլ սահմանափակում չէ: - Այս տարիների ընթացքում օտարերկրյա ներդրողներին գրավելու հարցում ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել: Այսօր “Կասկադ Ինվեստմենտսն” ունի մոտ $2.5 մլն ակտիվներ, ինչը բավական լավ արդյունք է: “Կասկադ Ինշուրանսի” բաժնետոմսերի 35%-ի սեփականատերը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն է, որը միջազգային չափանիշներին համապատասխան ապահովագրական ծառայություն է մատուցում: Դրա շնորհիվ կարողացել ենք բավարարել երկիր մուտք գործող արտասահմանյան մի շարք խոշորագույն ներդրողների պահանջները, որոնք շատ գոհ են եղել իրենց մատուցված ծառայություններից: Երկարաժամկետ հեռանկարում “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը” նպատակ ունի մարդկանց ապացուցել, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ կարելի է ներդրումներ կատարել: Այս տեսակետից ամենամեծ թիրախներից մեկը հայկական սփյուռքն է: Համոզված եմ, որ սփյուռքում կան շատ հայեր, ովքեր կուզենային ներդրում կատարել և որևէ կերպ մասնակցել Հայաստանի զարգացմանը: Նրանց հարկավոր է հուսալի միջնորդ` իրենց միջոցները կառավարելու համար: Դա հանդիսանում է “Կասկադ” խմբի ընկերությունների հիմնական նպատակը: “Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամի” կողմից իրականացվող գործունեությանը նպաստելու ուղիներից մեկը մեր առաքելությունը բավական հստակ և հետևողական կերպով սփյուռքին ներկայացնելն է: Իհարկե, առայժմ դժվարանում եմ ասել, թե որքանով դա մեզ կհաջողվի, սակայն համոզված եմ, որ երկարաժամկետ հեռանկարում ներդրողներին գրավելու հարցում դա ամենաարդյունավետ աջակցությունը կլինի: Կարծում եմ, որ դրանում արդեն մի փոքր հաջողություն ունենք, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոպայում ապրող շատ հայեր արդեն հաշվեհամարներ են բացել Հայաստանում գործող բանկերում, որտեղ երկարաժամկետ պայմաններով ներդրել են իրենց ֆոնդերը: Դա ինքնանպատակ չէ: Այդ մարդիկ հասկանում են, որ “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը” ընդամենը շահույթ հետապնդող կազմակերպություն չէ: Այն ունի նաև զարգացման և հումանիտար աջակցության միտում և դա “Գաֆէսճեան Ընտանիք Հիմնադրամի” առկայության գործոնն է: - Ի՞նչ կասեիք Ձեր առաջիկա ծրագրերի մասին: “Կասկադ Բանկը” նախատեսում է հաջորդ տարի կրկնապատկել իր վարկային պորտֆելը` մինչև մոտ 10 մլրդ դրամ, միջոցները կենտրոնացնել մանր և միջին ձեռնարկատիրության և վարկային ոլորտի վրա: Ներկայումս պորտֆելի 40%-ը հիպոթեկային վարկեր են, և մենք շարունակելու ենք դրանք ավելացնել: Մեզ համար կարևոր է նաև մանր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերը: Բացի դրանից` մենք հատուկ նախաձեռնություն ունենք կին ձեռներեցների համար: Դա մեզ համար շատ հետաքրքիր շուկա է, և իրոք ցանկանում ենք կանանց պահել մեր ուշադրության կենտրոնում` որպես բանկի պոտենցիալ հաճախորդներ: Կանայք շատ լավ են պատկերացնում, թե ֆինանսական ծառայությունների շրջանում մենք կոնկրետ ինչ ենք առաջարկում: Այս տարի իր գործունեության շրջանակները կընդլայնի նաև ՙԿասկադ Կրեդիտը՚, որի միջնորդ դերը առավել օպտիմալ իրականացնելու համար փորձում ենք տարբեր ձևեր գտնել: 2008թ. մտադիր ենք իրականացնել գյուղական համայնքների զարգացման ծրագիր, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև ֆինանսական միջազգային կառույցներ կամ զարգացման աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպություններ: Բավական մեծ ծրագիր պետք է իրականացնենք լիզինգի ոլորտում, քանի որ Հայաստանում այսօր դա մեծ պահանջարկ ունի: Բոլորովին վերջերս ՙԿասկադ Ինշուրանսը՚ ներդրել է շուրջօրյա հեռախոսազանգերի կենտրոն: Դա նույնպես կապված է հաճախորդների սպասարկման ծառայությունների բարելավման հետ: Ավտոմեքենաների համար պատրաստում ենք նաև երրորդ կողմի պատասխանատվության պարտադիր առակայության նախագիծը (compulsory third party liability), որի շուրջ կառավարությունը ներկայումս լուրջ աշխատանքներ է իրականացնում: Դա կնպաստի միջազգային առևտրին, քանի որ Հայաստանը կկարողանա միանալ “green card” համակարգին: - Կցանկանայի՞ք ավելացնել ինչ-որ բան: - Ես կասեմ, որ “Կասկադ Ինվեստմենտսը” շարժիչ ուժ է, որը կարողանում է ներդնել հաճախորդների միջոցները և ապահովել տարեկան 15-20% եկամուտ, մինչդեռ Արևմուտքում դա կազմում է 4-5%: Սա մեկ անգամ ևս պետք է հավանական ներդրողներին գրավելու հնարավորություն տա: Մենք պետք է կարողանանք սփյուռքահայ ներդրողներին ապացուցել, որ իրենց գումարներն օգտագործվում են` հօգուտ Հայաստանի բնակչության բարօրության և տնտեսության զարգացման: Զրուցեցին Կարեն Հարությունյանը և Սասուն Խաչատրյանը Tweet Դիտում՝ 7914