Apricot-Armenian Handmade Souvenirs. առաջին հայացքից՝ պարզապես հուշանվերներ արտադրող ընկերություն, իսկ իրականում աշխատավայր՝ սահմանափակ կարողություններով մարդկանց համար, որտեղ կա մոտիվացիա, համախմբում ու կարեւոր լինելու զգացողություն։ Banks.am-ը Apricot-ի մասին պատմել էր դեռ 2016-ին: Երեք տարի անց վերհիշել ենք ընկերության ստեղծման պատմությունն ու պարզել այս ընթացքում իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ նոր գաղափարները: Ինտեգրել խոցելի խմբերինՏնտեսագետ, մարկետոլոգ Գայանե Խաչատրյանին հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներն ու նրանց աշխատանքով ապահովելու միտքը միշտ է անհանգստացրել։ Եվ նա որոշել է անել մի բան, որով կկարողանար հասարակությանն ինտեգրել ֆիզիկական ու մտավոր խնդիրներով անձանց։ Հինգ տարի առաջ Գայանեն Վանաձորում հիմնել է Apricot ընկերությունը։ Գայանե Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Միտք առաջացավ՝ այնպիսի բան ստեղծել, որ կարողանամ ներգրավել խոցելի խմբերի՝ հիմնականում կրթություն չունեցող անձանց։ Թիմ հավաքեցի ու սկսեցինք ուսուցանել։ Մոտ 4-5 ամիս այդ մարդիկ եկել, փայտամշակման գործ են սովորել։ Մենք ապահովում էինք նրանց տեղափոխումը տանից արհեստանոց եւ հակառակը։ Բայց երբ սկսեցինք վարձատրել, արդեն սկսեցին ինքնուրույն հաճախել»,- պատմում է Գայանեն: Նա հիշում է նաեւ աշխատակիցների ադապտացման առաջին դժվարությունները. «Սկզբում, որ գալիս էին, ինքնապաշտպանական բնազդը բավականին զարգացած էր, ագրեսիվ էին, չէին շփվում։ Այժմ նրանք շատ ընկերասեր ու ջերմ են բոլորի հետ։ Նաեւ սրճարան, զբոսանքի են գնում, մասնակցում գրեթե բոլոր միջոցառումներին։ Տարին երկու անգամ էքսկուրսիա ենք գնում դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր: Այսինքն, աշխատանքից բացի, սահուն կերպով նրանց ինտեգրեցինք հասարակությանը, նրանք հասկացան, որ իրենք նույնպես կարող են»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հաշմանդամություն ունեցողներին ներառելու Գայանեի օրինակին հետեւել են որոշ գործատուներ, սակայն Apricot-ը միակն էր, որ աշխատանքի էր ընդունում նաեւ մտավոր խնդիրներով մարդկանց։ Գայանեի խոսքով՝ մտավոր խնդրի դեպքում աշխատաշուկան մարդուն ոչինչ չի առաջարկում, ինքն էլ որոշել է այդ գործը ստանձնող առաջիններից մեկը լինել։ Անընդհատ արհեստանոցում է լինում՝ օգնելու, վերահսկելու նպատակով։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Իսկական ձեռքի աշխատանքԱրհեստանոցը, որտեղ պատրաստվում են էկոլոգիապես մաքուր հուշանվերների դետալներն ու տուփերը, երկու սենյակից կազմված փոքրիկ տարածք է։ Աշխատանքային սեղանի շուրջ նստածները փայտը տաշում, մաքրում, հարթեցնում են առանձնակի ջանասիրությամբ ու կարեւոր գործ անողի ոգեւորությամբ։ Իսկ Գայանեն փոքր հաստոցով կտրում է դետալների էսքիզներն ու հանձնում արհեստավորներին։ «Մեր հիմնական նպատակն է, որ իսկապես ձեռքի աշխատանք լինի, դրա համար է մեր հաստոցն այդպիսին։ Այսօր շուկան ողողված է այնպիսի գործերով, երբ նկարելը, կտրելն ու գրեթե ամեն ինչը համակարգչային ծրագրով է արվում։ Իսկ մեզ մոտ ամբողջովին ձեռքի աշխատանք է։ Եթե հաստոցը նկարի, կտրի, ապա մենք աշխատատեղեր կկորցնենք։ Իսկ մեր նպատակն աշխատանքով ապահովելն է»,- կազմակերպության աշխատանքի առանձնահատկություններն է ներկայացնում Գայանեն։ Աշխատավարձը գործարքային է։Յուրաքանչյուրն իր կատարած աշխատանքի, իր հնարավորությունների չափով է վարձատրվում, ինչը ստեղծում է մրցակցային դաշտ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հուշանվերներ, զարդեր, թեյ, շոկոլադApricot-ը հուշանվերների շուրջ 40-ի հասնող տեսականի ունի՝ մագնիս, հայելի, գրչատուփ, տոնածառի խաղալիք եւ այլն։ Հուշանվերներից բացի, արտադրում են արծաթյա զարդեր, թեյ ու շոկոլադ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բիզնեսի ուղղությունները տարբեր են, բայց սկզբունքը նույնն է՝ գործն անվճար սովորեցնում, հետո աշխատանքի են ընդունում խոցելի խմբերի մարդկանց։ Իսկ թեյի արտադրության համար խոտաբույսերի, ինչպես նաեւ վայրի հատապտուղների հավաքչության գործում ներգրավում են Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի 50 կանանց։Ոչ սեզոնային աշխատանքներում, այսինքն՝ մշտական աշխատանքով ապահովված 41 աշխատողից 36-ը հաշմանդամություն ունի: Հուշանվերները նկարազարդելու գործն էլ երիտասարդ մայրիկներին են վստահում, որոնք տանը, երեխային խնամելուն զուգահեռ, աշխատում են։ Գայանեն ասում է, որ հաշմանդամություն ունեցողների շրջանում նկարիչ գտնել չեն կարողացել, արդյունքում առաջացել է երիտասարդ կանանց այլընտրանքային աշխատանքով ապահովելու գաղափարը։ Գայանե Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեր տան շրջակայքում տարածք ունենք, որտեղ ուզում եմ շոկոլադի եւ թեյի արտադրություն հիմնել։ Այն, ինչ արել ենք շոկոլադի եւ թեյի հետ կապված, պիլոտային էր, որովհետեւ պետք էր հասկանալ՝ կկարողանա՞նք վաճառել, թե՞ ոչ։ Շոկոլադը, ի դեպ, որակի հաշվին թանկ է, որովհետեւ հումքն ամբողջությամբ Բելգիայից ենք գնում։ Փորձնական շրջանում փաթեթավորել ենք մեր պատրաստած փայտե տուփերի մեջ եւ ստացել հրաշալի նվերներ։ Տեսանք, որ մարդիկ գնահատում են որակը»,- ասում է գործարարը: Նա ընդգծում է, որ թեյի ու շոկոլադի արտադրամասում աշխատանքով կապահովի այն կանանց, որոնք աշխատելու ցանկություն ունեն, սակայն դժվարանում են հարմար գործ գտնել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Որտե՞ղ եւ ի՞նչ գնովApricot-ի արտադրանքի սպառման հիմնական շուկան Երեւանն է՝ հուշանվերների լավագույն խանութներով, նաեւ՝ Էջմիածինն ու Գառնին։ Իսկ Վանաձորոմ վաճառակետ չունենալու հիմնական պատճառը մարդկանց վճարունակության ցածր մակարդակն է։ Գայանեի խոսքով՝ զբոսաշրջիկներ էլ շատ չեն գալիս, մինչդեռ Երեւանում նրանց արտադրանքը կարողանում է մրցակցել դրսից ներմուծված ապրանքների հետ ու շուկայում կայուն դիրք ունենալ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայկական թեյը՝ գունազարդ ու հետաքրքիր գրառմամբ տուփերով, վաճառվում է 3500-4500 դրամով։ Շոկոլադը՝ 5000-6000 դրամ արժե։ Մագնիսների եւ նման այլ փոքր հուշանվերների գինը 800 դրամից է սկսվում։ Արտադրանքը գովազդում, հանրայնացնում են հիմնականում ֆեյսբուքյան էջի միջոցով, սակայն օնլայն վաճառք չեն իրականացնում։ Apricot-ն աջակցության կարիքApricot-ի հիմնադրումն ու հետագա գործունեությունը Գայանե Խաչատրյանն իրականացրել է բացառապես վարկերի միջոցով։ Դրամաշնորհներ ու աջակցության այլ ծրագրեր չեն եղել։ Ասում է՝ հիմա դրանց կարիքը շատ ունի, որովհետեւ ապագայի լուրջ ծրագրեր կան, որոնք վարկով չի կարող իրականացնել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Սոցիալական նոր ծրագրերԳայանե Խաչատրյանի հաջորդ մեծ ծրագրի հիմքում կրկին խոցելի խմբի մարդիկ են, այս անգամ՝ արդեն մանկատան երեխաները, որոնցից շատերը, չափահաս դառնալով, հայտնվում են «դրսում»։ Գայանեն ցանկանում է նրանց համար վերաբնակեցման պայմաններ ստեղծել Հայաստանի գյուղերում, տվյալ դեպքում՝ Ահնիձորում։ Իսկ նրանց զբաղմունքը կլինի չրերի եւ մուրաբաների արտադրությունը։ Գայանե Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երիտասարդ գործարարն այս ծրագրով մտադիր է փրկել նաեւ հայկական գյուղը դատարկվելուց ու ծերանալուց։ Տեքստը եւ լուսանկարները՝ Տաթեւիկ Ճուղուրյանի Tweet Դիտում՝ 7478