ԿԲ-ն կանխատեսում է դոլարի արժեւորում եվրոյի նկատմամբ

17.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց Աշխարհ”, հունվարի 17, 2008 թ.

Անցած տարի Հայաստանում արձանագրվեց 6,6 տոկոս գնաճ, որը 1,1 տոկոսային կետով բարձր է նախատեսված գնաճային ցուցանիշից: Չնայած այդ հանգամանքին, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ էական շեղումներ չլինելու դեպքում հաջորդ տարի կհաջողվի գների բարձրացումը պահել նպատակային ցուցանիշի` առավելագույնը 5,5 տոկոսի սահմաններում:

Հայաստանի կենտրոնական դրամատան գնահատումներով, առաջիկայում կշարունակվեն դրսեւորվել արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները: Թեեւ տարեվերջին որոշ հումքային շուկաներում նկատվեցին գների կայունացման միտումներ, այնուհանդերձ իրավիճակը մնում է լարված եւ պահպանվում են միջազգային շուկաներից եկող ռիսկերը: Սպասվում է, որ դրանք որոշ չափով կթուլանան միայն երկրորդ կիսամյակից:

Արտաքին տնտեսական դաշտից եկող ճնշումները լինելու են մի քանի ուղղությամբ` կապված էներգակիրների, հացահատիկի գների եւ դոլարի վարքագծի հետ:

Սպասվում է, որ նավթի շուկայում անցած տարի գների արձանագրված կտրուկ բարձրացումը զգալիորեն կմեղմվի: Ինչպես հայտնի է, 1 բարելի գինը միջազգային շուկայում հասUޠընդհուպ 100 դոլարի: Սա պայմանավորվեց մի շարք գործոններով, սակայն այս շուկայում առաջնայինը շարունակում է մնալ քաղաքական իրավիճակը, որի հետեւանքով երբեմն-երբեմն գները կտրուկ փոխվում են:

Չնայած նավթի շուկան դժվար կանխատեսելի է, այնուհանդերձ Կենտրոնական բանկը ենթադրում է, որ իրավիճակն այս տարի համեմատաբար բարվոք կլինի: Բարձր գները կպահպանվեն առաջին եռամսյակում, որից հետո կսկսեն նվազել: ԿԲ գնահատումներով, տարեվերջին նավթի մեկ բարելի գինը կհասնի 76 դոլարի:

Դժվար է ասել, թե որքանով կիրականանա Կենտրոնական բանկի այս կանխատեսումը, բայց փաստ է, որ անցած տարի եւս ենթադրվում էր նավթի գների անկում: Սակայն դա իրականություն չդարձավ:

Միջազգային շուկայում նավթի գնի ենթադրվող անկմանը զուգահեռ, ԿԲ-ի գնահատումներով, այս տարի շրջադարձային փոփոխություններ կկատարվեն նաեւ աշխարհի ֆինանսական շուկաներում: Մի քանի տարի շարունակվող արժեզրկումից հետո սպասվում է դոլարի արժեւորում եվրոպական արժույթի նկատմամբ. “Եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2008թ. ընթացքում ակնկալվում է, որ որոշակիորեն կարժեւորվի` տարեվերջին հասնելով 1,37 ԱՄՆ դոլար եվրոյի դիմաց, չնայած տարեկան կլինի 2,6 տոկոսային կետով ավելի բարձր, նախորդ տարվա ցուցանիշից”:

Եթե իրականանա Կենտրոնական բանկի այս կանխատեսումը, ապա ենթադրվում է, որ դա իր ուղղակի ազդեցությունը կունենա ինչպես ընդհանրապես շատ երկրների, այնպես էլ Հայաստանի ազգային արժույթի վրա: Ըստ այդմ, դրամը եւս կսկսի թուլանալ:

Չնայած արդեն արժութային շուկայում կան նման միտումներ, այնուհանդերձ դրանք պայմանավորված չեն այս կանխատեսումներով եւ թելադրված չեն միջազգային ֆինանսական շուկաներից բխող ազդակներով: Տարեսկզբից դրամի դանդաղ արժեզրկումը զուտ ներքին գործոնի հետեւանք է, որը սովորաբար ունենում է ժամանակավոր դրսեւորում եւ վերանում է տնտեսական ակտիվության վերականգնմանը զուգահեռ:

Եվրոյի նկատմամբ դոլարի սպասվող ուժեղացումը Կենտրոնական բանկը պայմանավորում է ԱՄՆ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումներով. “Դրա պատճառը այն հանգամանքն է, որ ներդրողները, ամբողջովին հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Եվրոգոտու տոկոսադրույքների ճեղքի կրճատումը, իրենց ուշադրությունը կուղղեն ԱՄՆ-ի ընթացիկ հաշվի եւ բյուջեի պակասորդների կրճատմանը: Բացի դրանից, 2008թ. երկրորդ կիսամյակում ակնկալվում է Միացյալ Նահանգների տնտեսական աճի տեմպի վերականգնում, մինչդեռ Եվրոգոտու տնտեսական աճը 2008թ. ընթացքում կշարունակի դանդաղել”:

Եթե մի կողմից` միջազգային ֆինանսական շուկաներում դոլարի սպասվող ուժեղացումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի տնտեսության, մասնավորապես` արդյունաբերության եւ արտահանման համար, ապա մյուս կողմից` դա որոշակի գնաճային ռիսկեր է պարունակում: Եվրոյի, հետեւապես եւ դրամի թուլացումը նպաստավոր դաշտ է ստեղծում հատկապես ներմուծվող ապրանքների գների բարձրացման համար: Դրանում էական դեր է ունենում հատկապես հացահատիկի գնի փոփոխությունը: Այս առումով Կենտրոնական բանկն առայժմ դժվարանում է նույնիսկ կանխատեսումներ անել.

Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա այստեղ անորոշությունները շատ ավելի մեծ են եւ կախված են հիմնականում 2008թ. բերքի ակնկալիքներից, որոնք կձեւավորվեն մայիս-հունիս ամիսներին:

Մինչդեռ “հացահատիկի գները որոշակիորեն կարող են ազդել մյուս պարենային ապրանքների գների վրա, ինչպիսիք են` միսը, կաթնամթերքը, կենդանական եւ բուսական յուղերը եւ այլն”:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 7016
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW