«Լոռէ» փրկարար ջոկատ ՀԿ-ն որոշել է ապացուցել, որ առանց կտրելու էլ ծառերը կարող են եկամտի աղբյուր լինել, ու դեռ ավելին՝ նպաստել մարդու մտավոր ու ֆիզիկական կարողությունների զարգացմանը, ծառայել նրա հանգստին: Սպորտային եւ արկածային տուրիզմը զարգացնելու նպատակով կազմակերպությունը Ստեփանավանում հիմնել է LORE Adventure էքստրիմ պարկը, որն իրենից ներկայացնում է պարանային այգի: Banks.am-ը պարզել է բիզնեսի զարգացման բոլոր մանրամասները: «Ծառ մի կտրիր, այլ տնկիր»Պարանային այգին կառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) դրամաշնորհով։ «Ծրագիրը ենթադրում էր պարանային այգու կառուցում՝ առավելագույնս օգտագործելով ծառերն ու դրանց հնարավորությունները։ Որոշեցինք էքստրիմ պարկ ստեղծել եւ ունենալ պարանային վարժությունների 2 տարբեր մակարդակ։ Ու քանի որ մենք փրկարարներ ենք, մտածում էինք՝ որքան բարդ, այնքան լավ ու հետաքրքիր։ Բայց որպես բիզնես ավելի շահավետ է միջին մակարդակն ու փոքրը, որպեսզի ավելի շատ մարդ կարողանա օգտվել»,- պատմում է «Լոռէ» փրկարար ջոկատ ՀԿ նախագահ Արմեն Առաքելյանը։ Տաթեւիկ Ճուղուրյանը զրուցում է Արմեն Առաքելյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Պարանային այգու առանձնահատկությունները Էքստրիմ պարկից օգտվելու համար ֆիզիկական հատուկ պատրաստականություն չի պահանջվում։ «Սա պարզապես լավ ժամանց է, որի միջոցով զարգանում է մտածելու ունակությունը, ճարպկությունը, հոգեբանորեն տրամադրվում ես դժվարություն հաղթահարելու։ Պարանային արգելքները հաղթահարելու համար շեշտը դրված է ճոճվելու, շարժվելու, հավասարակշռությունը պահելու մեջ։ Յուրաքանչյուր արգելք ունի իր նպատակը. մտածելով՝ գտնել ելքը»,- հավելում է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Պարանային այգու մի տեղամասում հարկավոր է 12 վարժություն հաղթահարել՝ անցնելով 104 մ պարանային ճանապարհ, իսկ մյուսում՝ 11։ Այստեղ ճանապարհն ավելի կարճ է՝ 95 մ։ Էքստրիմ պարկում նաեւ 85 մ երկարությամբ փոքր զիփլայն կա՝ «Թռչնի թռիչք» անունով։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Պարանային այգու սպասարկող անձնակազմը բացառապես փրկարարներից է կազմված։ «Մեր հիմնական սպասարկող կադրերը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական կենտրոնի սաներն են, որոնք դասերից հետո կարող են աշխատել այստեղ (չափահաս լինելու դեպքում)։ Պիկ սեզոնին մինչեւ 7-8 աշխատող ենք ունենում»,- պատմում է ծրագրի ղեկավարը:Նա ընդգծում է՝ պարանային այգուց բացի, ծրագրով նախատեսվում է 7 տարվա ընթացքում 20 հա անտառի վերականգնում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հանգստի կենտրոնը Պարանային այգու հարեւանությամբ գործում է ակտիվ հանգստի կենտրոն, որը հիմնադրվել է 2 տարի առաջ՝ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային կենտրոնի ֆինանսավորմամբ։ Հանգստի կենտրոնի գործունեության հաջող ընթացքը գնահատելով՝ հետագայում նաեւ դրամաշնորհ է տրամադրվել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Տնակներում միաժամանակ 24 մարդ ընդունելու հնարավորություն կա։ Հանգստից բացի, կինոդիտումներ, քննարկումներ եւ ուսումնական դասընթացներ են կազմակերպվում՝ բնապահպանության, ակտիվ տուրիզմի, աղետների ռիսկերի նվազեցման ու առաջին բուժօգնության թեմաներով։ Հանգստի գոտում նաեւ ընդարձակ խաղադաշտ կա՝ ֆուտբոլի եւ վոլեյբոլի համար։ Իսկ 11 մետր բարձրություն ունեցող արհեստական ժայռամագլցման պատը բարձրությամբ երկրորդն է Հայաստանում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նաեւ տուրեր ու արշավներ «Կազմակերպում ենք ճանաչողական եւ ժամանցային տուրեր, հեծանվային, դահուկային արշավներ, այցելություններ պատմամշակութային եւ բնության հուշարձաններ։ Ունենք փորձարկված 16 երթուղիներ դեպի այն վայրեր, որտեղ շատ թե քիչ պահպանված է անաղարտ բնությունը: Մեր նպատակն է մարդկանց մեջ բնությունը ճանաչելու եւ պահպանելու ցանկություն առաջացնել»,- պատմում է Արմեն Առաքելյանը:Էքստրիմ պարկի տարածքում նաեւ սոճիների ծառուղին է, որը հատկապես փոշոտման շրջանում մարդաշատ է լինում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ճկուն գներLORE Adventure հանգստի գոտում գները ճկուն են. սեզոնին ոչ թե բարձր, այլ ընդհակառակը՝ ցածր գին են սահմանում ծառայությունների համար։ Պարանային այգու պարզ տեղամասն անցնելը 2 000 դրամ արժե, բարդը՝ 3 000։ «Թռչնի թռիչք»-ում լինելը 1500 դրամ է, նույնքան էլ՝ 5-6 փորձից արհեստական ժայռամագլցման պատը հաղթահարելը։ Այն դեպքում, երբ այցելուն օգտվում է այս բոլոր ծառայություններից, գներն ավելի են իջնում։ 10 եւ ավելի անձից կազմված խմբերի դեպքում նորից զեղչեր կան։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Տնակներում մեկ անձի գիշերակացը՝ 3-անգամյա սննդով, 10 000 դրամ արժե։ Ի դեպ, LORE Adventure հանգստի գոտին նաեւ ճամբարներ է կազմակերպում աշակերտների եւ ուսանողների համար։ «Հայաստանի ցանկացած վայրից կարող են դիմել մեզ։ Դպրոցի հետ համագործակցելով՝ ծրագիր ենք մշակում, թե ինչպես կազմակերպել երեխաների հանգիստը։ Ճամբարում մեկ օր լինելու արժեքը 8 000 դրամ է՝ մեկ երեխայի համար։ Գինը ներառում է էքստրիմ պարկից 2 անգամ օգտվելը, ուսուցումը, արշավները, ճաշի կազմակերպումը նաեւ արշավի ընթացքում՝ դաշտային պայմաններում։ Ունենք վրաններ ու քնապարկեր, հանգիստը լիարժեք կազմակերպելու տարբեր պարագաներ»,- ասում է Արմեն Առաքելյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հեռահար նպատակներ Արմեն Առաքելյանը ներկայացնում է նաեւ «Լոռէ»-ի փրկարարների հետագա անելիքներն ու նպատակները: - Պատրաստել արշավախմբերին ուղեկցող մասնագետների, որոնք 3-ամսյա դասընթացներից հետո կիմանան՝ ինչպես ճանաչել վտանգը, ինչպես կողմնորոշվել աշխարհագրական տարբեր գոտիներում, քարտեզներ կարդալ, առաջին բուժօգնություն ցույց տալ, պատրաստվել արշավի, վրան խփել ու կրակ վառել։ Ծրագրի համար անհրաժեշտ են դոնորներ:- Ծրագիր գործարկել, որով հնարավոր կլինի տեղեկանալ, օրինակ, սար բարձրացած արշավախմբերի գտնվելու կոնկրետ վայրի մասին եւ խնդիրների դեպքում արագ արձագանքել։ - Ստեփանավանի երկու տարբեր հատվածում զիփլայնի ծրագիր գործարկել: - Պարանային այգում 5-6 արգելք ունեցող տեղամաս կառուցել՝ 3-5 տարեկանների համար:Տաթեւիկ ՃուղուրյանԼուսանկարները՝ Արմեն Հովսեփյանի Tweet Դիտում՝ 8946