Հայ արտադրողի տուֆե խաղալիքն ու «Գտնված երազը»

04.10.2019 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սեւակ Մարկոսյան #Markos Toys #խաղալիք
Վաղ հասակից երեխայի բնականոն զարգացմանն աջակցելու համար ծնողները դիմում են ուսուցողական խաղերի ու մանկական գրքերի օգնությանը։ Հայաստանում նման խաղալիքներ արտադրողներից է Markos Toys ընկերությունը, որ պատրաստում է գիպսե խաղալիքներ, խաղալիք-գրքեր, մանկական ներկեր, տուֆե տնակ եւ այլ պարագաներ։ Ընկերության հիմնադիր Սեւակ Մարկոսյանը Banks.am-ին պատմել է բիզնեսի հիմնման մանրամասների եւ արտադրական ոլորտի բարդությունների մասին։

Մուտքը՝ գիպսե խաղալիքներով

Մասնագիտությամբ տնտեսագետ Սեւակ Մարկոսյանը 2004-ից ընտանիքի հետ համատեղ փոքր արտադրություն է ձեռնարկել։ Սկզբնական շրջանում դեկորատիվ մոմեր է արտադրել, հետո անցել զարգացնող խաղալիքներին։

«Սկսեցինք գիպսե խաղալիքներից։ Գաղափարը ծնվեց շատ պատահական, երբ այգում տեսա՝ ինչպես են երեխաները գիպսե խաղալիքներ ներկում։ Դրանց հատը 1500 դրամ էր։ Այդ ժամանակ արդեն մոտավորապես պատկերացրի խաղալիքի ինքնարժեքը։ Սկսեցինք արտադրել նույն խաղալիքները՝ 140 դրամ ինքնարժեքով՝ այդպիսով թելադրելով դրա շուկայական արժեքը»,- պատմում է Սեւակ Մարկոսյանը։

Սևակ Մարկոսյանը

Նրա խոսքով՝ Markos Toys բրենդը ստեղծվել է 2014-ին, սակայն ընկերության աշխատանքը նոր թափ ստացավ 2015-ից հետո, երբ սկսեցին համագործակցել «Անտարես» հրատարակչության հետ։

Գիրք-խաղալիքի գաղափարը

Markos Toys-ի արտադրած գրքերի մեծ մասում տեքստեր գրեթե չկան, օրինակ՝ «Սովորում ենք հագնվել» ուսուցողական գիրքը կայծակնաշղթայով է բացվում, ներսում կան կապիչներ, կոճակներ, գույնզգույն էջերում տարբեր հագուստներ են պատկերված։

«Մենք շուկայում առաջինն էինք, որ միավորեցինք գիրք ու խաղալիք հասկացությունները։ Օրինակ՝ «Փոքրիկ Իշխանը» հավաքածուն, որ ստեղծել ենք «Անտարեսի» հետ համագործակցությամբ, ներառում է «Փոքրիկ Իշխանը» գիրքը, «Ներկի՛ր ինքդ» ձեռնարկ, ներկելու համար գիպսե ֆիգուրներ՝ գրքի հերոսների տեսքով, ներկեր ու վրձին։ Այս գիրք-խաղալիքը մեծ ուշադրության էր արժանացել նաեւ միջազգային ցուցահանդեսում»,- ասում է ընկերության հիմնադիրը։

Գիրք-խաղալիք է նաեւ «Գտնված երազը», որի հատուկ դիտանցքով կարելի է տեսնել մուլտֆիլմի հերոսներին, եւ կոճակը պտտելով՝ ստանալ տարբեր տեսարաններ։


Սպառման բարդությունները

Սեւակ Մարկոսյանը նշում է, որ Հայաստանում չկա այնպիսի ընկերություն, որը մանր բիզնեսից կվերցնի ապրանքն ու կմատակարարի մարզերին, իսկ փոքր ընկերությունների համար ֆինանսապես բարդ է գնալ նման քայլի։ Դա է պատճառներից մեկը, որ այսօր քչերը գիտեն հայկական արտադրության այս խաղալիքների մասին։

«Հայաստանյան շատ խանութներ չեն ցանկանում ընդունել այս արտադրանքը։ Նրանք խաղալիքները ներմուծում են դրսից ու վախենում են մրցակցությունից։ Ես կողմնակից չեմ անդադար շեշտադրում կատարելու այն հանգամանքի վրա, որ արտադրանքը տեղական է, եւ ծնողները պետք է խաղալիքը գնելով աջակցեն տեղական արտադրողին։ Գնորդը պետք է մտածի միայն իր երեխայի համար որակյալ խաղալիք գնելու մասին, եւ ես պատրաստ եմ այդ մրցակցությանը։ Այլ հարց է, որ խանութի տերերը պատրաստ չեն դրան, իսկ Հայաստանում կան խոշոր սուպերմարկետների ցանցեր, որոնք ունեն գերիշխող դիրք»,- ասում է Markos Toys-ի հիմնադիրը։


Ընկերությունն արտադրում է խաղալիքներ՝ սկսած 500 դրամից։ Դրանք վաճառվում են «Բուկինիստ» գրախանութում, «Զանգակ» հրատարակչատանը, ինչպես նաեւ «Պոպո գրուպ» ընկերությունում, որ զբաղվում է խաղալիքների ներմուծմամբ։

Բնական տուֆը՝ խաղալիք

Խաղալիքների պատրաստման մտքերը Սեւակը հաճախ այլ երկրներից է վերցնում, մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, փնտրում գեղեցիկ գաղափարներ ու համապատասխանեցնում դրանք հայկական միջավայրին։

Վերջերս ընկերությունում սկսեցին արտադրել զուտ հայկական խաղալիք՝ «Տուֆ-տուֆիկը», որի ստեղծման վրա աշխատել են մոտ մեկ տարի։

«Անդադար մտքումս պտտվում էր կոնստրուկտորի նման մի բան ստեղծելու գաղափարը ու մտածում էի՝ ինչից կարելի է պատրաստել։ Մի օր հայրս ասաց՝ մարդ էլ քարի երկրում ապրի ու արհեստական քար արտադրելու մասին մտածի։ Այդտեղից էլ ծնվեց միտքը՝ խաղալիքը պատրաստել բնական տուֆից»,- հիշում է Սեւակը։


Հաջորդ բարդությունն այն էր, թե ինչպես ճշգրիտ չափերով կտրել քարերը, որ երեխաներին հեշտ լինի դրանք դասավորել։ Այդ ձեւը եւս գտնվեց, իսկ վերջում որոշվեց խաղալիքի հետ սոսինձ դնել, որպեսզի ցանկության դեպքում երեխան կարողանա ամրացնել տնակը։

«Տնակի արժեքը 5000 դրամ է։ Որպես խաղալիքի մուտք ընտրեցինք ամենահասարակ տնակի տեսքը։ Հետագայում նախատեսում ենք ունենալ տարբեր նախագծեր»,- նշում է Սեւակ Մարկոսյանը՝ հավելելով, որ խաղալիքը տարբերվող է եւ կարող է նաեւ հավակնել միջազգային շուկա դուրս գալուն։


Խոշոր ընկերությունների հետ աշխատանքի խոչընդոտները

«Մեր արտադրությունը՝ որպես փոքր ձեռնարկություն, պետք է հարկվի շրջանառության հարկով, սակայն եթե մենք չվճարենք ավելացված արժեքի հարկ, մեր գործընկերները պարզապես մեզանից ապրանք չենք գնի, որովհետեւ խոշոր գործընկերները միեւնույնն է՝ դա պետք է վճարեն։ Մենք կա՛մ պետք է մտնենք ավելացված արժեքի հարկի դաշտ, կա՛մ աշխատենք միայն փոքր խանութների հետ։ Ներկայիս օրենսդրությամբ փոքր եւ խոշոր բիզնեսները չեն կարող համագործակցել»,- ասում է Սեւակ Մարկոսյանը՝ նշելով, որ ընկերությունը ստիպված է հարկվել ԱԱՀ-ով, որպեսզի կարողանա աշխատել գործընկերների հետ։

Գործարարը կարեւորում է, որ կառավարությունը տնտեսական ոլորտի քննարկումներում տարանջատի բիզնեսը՝ արտադրական ոլորտ, առեւտուր, սպասարկում, ինչպես նաեւ պետական գնումների միջոցով խրախուսի տեղական արտադրությունը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 10211
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW