“Հանգիստ խղճով կարելի է ավանդներ ներդնել հայկական բանկերում”

25.12.2007 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Կապիտալ"Դեկտեմբեր 25, 2007 թ.

Ֆիզիկական անձանց ավանդները շարունակում են աճել. միայն այս տարվա առաջին ինը ամիսներին դրանք աճել են 30%-ով: Սա, իհարկե, պայմանավորված է բնակչության եկամուտների աճով, բայց վստահության գործոնն էլ պակաս նշանակություն չունի: Դրանում իր դերն ունի Ավանդների երաշխավորման հիմնադրամը, որի անելիքները, սակայն, դեռ շատ են, եթե հաշվի առնենք, որ բանկային համակարգից դուրս գտնվող խնայողությունները որոշ հաշվարկներով գնահատվում են մեկ միլիարդ դոլարի չափ: Հիմնադրամի գործունեության տարիներին գումարային առումով երաշխավորված ավանդների տեսակարար կշիռը 1/4-ից հասել է 1/3-ի: Հիմնադրամի տնօրեն Արտակ Քյուրումյանի հետ մեր զրույցում մի հետաքրքիր վիճակագրություն եւս փաստեցինք. Հայաստանում երաշխավորված են ավանդատուների 90%-ի ավանդները, իսկ սա նշնակում է, որ մնացած 10% ավանդատուներին բաժին է ընկնում ընդհանուր ավանդների 2/3-ը:

- Ավանդների երաշխավորման ինստիտուտի ներդրման կարեւորության մասին խոսելը, թերեւս, ավելորդ է: Այնուամենայնիվ հասկանանք` ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծում հիմնադրամը եւ ի՞նչ մեխանիզմներով:

- Ավանդների երաշխավորման համակարգերն ստեղծվում են, որպեսզի բարելավեն մարդկանց վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ: Սովորաբար նման հիմնադրամները նպատակ ունեն պաշտպանել փոքր խնայողություններ ունեցող ավանդատուների շահերը: Դրա համար գործում են այնպիսի մեխանիզմներ, երբ նման հիմնադրամները երաշխիքային վճարներ են հավաքագրում համակարգի անդամ ֆինանսական կառույցներից եւ այդ միջոցները կառավարում են` ներդնելով հուսալի ակտիվներում, որպեսզի, եթե ֆինանսական այս կամ այն հաստատությունն իր գործունեության ընթացքում խնդիրներ ունենա, իսկ արդյունքում վերահսկող մարմինն ստիպված լինի նրան սնանկության տանել, հիմնադրամը կարողանա հատուցել փոքր խնայողություններ ունեցող ավանդատուներին եւ պաշտպանել նրանց շահերը:

- Բանկերն ի՞նչ տրամաբանությամբ են կատարում այդ վճարումները, եւ արդյո՞ք այդ գումարները սառեցվում են: Եթե ոչ, ապա ի՞նչ է տեղի ունենում դրանց հետ:

- Սովորաբար գոյությունն ունեն երաշխիքային վճարումների երկու մոդելներ: Առաջինի դեպքում որոշակի ցուցանիշից կոնկրետ տոկոս է գանձվում, ինչը ֆինանսական տվյալ կառույցում ծախսագրվում է: Երկրորդ մոդելի դեպքում վճարման չափը կապվում է ռիսկերի հետ: Գոյություն ունեն նաեւ ռիսկերի վրա հիմնված երաշխիքային վճարների համակարգեր, որտեղ, հիմնվելով բանկերի ռիսկայնության գնահատականների վրա, յուրաքանչյուր բանկին տրվում է ռիսկայնության աստիճան, եւ ըստ այդմ գանձվում են երաշխիքային վճարները: Այդ դեպքում առավել ռիսկային բանկերն ավելի շատ երաշխիքային վճար են կատարում իրենց ավանդների կամ ակտիվների համեմատ, մինչդեռ փոքր ռիսկայնություն ունեցող բանկերն ավելի քիչ են վճարում: Մենք առայժմ չունենք ռիսկայնության վրա հիմնված երաշխիքային համակարգ, եւ Հայաստանի Հանրապետությունում ընդունված է, որ յուրաքանչյուր եռամսյակ բանկերը պետք է միջին օրական բանկային ավանդների 0,05%-ի չափով երաշխիքային վճար կատարեն: Այսինքն` տարեկան կատարում են չորս երաշխիքային վճար, որոնք կուտակվում են հիմնադրամում: Ինչ վերաբերում է միջոցներին, ապա դրանք կուտակվում են հիմնադրամում, եւ օրենքը սահմանում է այն ակտիվները, որոնցում կարող են ներդրվել հիմնադրամի միջոցները: Ըստ մեր օրենսդրության` դրանք կարող են ներդրվել պետական արժեթղթերում, ԿԲ-ի արժեթղթերում որպես ավանդ, առաջատար պետությունների պետական պարտատոմսերում, բարձր վարկանիշ ունեցող միջազգային ընկերություններում: Սակայն առ այսօր մենք ներդրել ենք միայն Հայաստանում, մասնավորապես` կա’մ ԿԲ-ում` որպես ավանդ, կա’մ պետական պարտատոմսերում:

- Ֆիզիկական անձանց կողմից ներգրավվող ավանդները դինամիկ աճ են դրսեւորում, սակայն եղած ցուցանիշները շարունակում են ոչ բավարար մնալ: Ըստ Ձեզ` որո՞նք են հիմնական խնդիրները եւ դրանց հաղթահարման ուղիները:

- Հանրության մեջ արմատացած անվստահության մթնոլորտը երկարաժամկետ խնդիր է: Կարճ ժամանակահատվածում այդ մթնոլորտը վերացնելը շատ դժվար է: Բանկային համակարգում ֆիզիկական անձանց ավանդները աճի նորմալ միտումներ են դրսեւորում: Օրինակ` երկրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատ երրորդ եռամսյակում գրանցվել է 13%-ի աճ, իսկ ողջ տարվա ընթացքում այդ աճը կազմել է 30%: Սակայն տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն` բնակչությունն ունի մոտ 1 մլրդ դոլարի հասնող խնայողություններ, որոնք բանկային համակարգ չեն տեղափոխվում: Պատճառները տարբեր կարող են լինել: Այստեղ մեծ դեր է խաղում վստահությունը: Օրինակ` 1990-ական թթ. մինչեւ 2003թ. մի քանի բանկերի սնանկացման արդյունքում բանկային համակարգի նկատմամբ առաջացավ անվստահության լուրջ մթնոլորտ: Այս առումով ավանդների երաշխավորման համակարգի ներդրումը նպատակ ուներ մեղմելու այդ անվստահության մթնոլորտը: Դա որոշակի ժամանակ կպահանջի, այդուհանդերձ վստահ եմ, որ առաջիկա տարիներին հայ հանրությունը կսկսի բանկերին ավելի շատ վստահել եւ իր միջոցները կպահի բանկերում:

- Ի՞նչ տեսակարար կշիռ ունեն երաշխավորված ավանդները ընդհանուրի մեջ գումարային եւ ավանդատուների քանակի կտրվածքով:

- Երրորդ եռամսյակի արդյունքներով ֆիզիկական անձանց ավանդների 29%-ն արդեն երաշխավորված էր: Դա խոսում է հիմնադրամի պայմանական պարտավորությունների մեծության մասին: Այսինքն` արդեն բոլոր ֆիզիկական անձանց ավանդների գրեթե 1/3-ը երաշխավորված է: Երբ հիմնադրամն սկսեց իր գործունեությունը, այդ ցուցանիշը մոտ 25% էր: Սա մեկ անգամ եւս վկայում է, որ ավելի շատ մարդիկ են իրենց փոքր խնայողությունները բանկերին ի պահ տվել, այսինքն` այնպիսի գումարներ, որոնք չեն գերազանցում երաշխավորված մեծությունը: Արդյունքում այդ գործակիցը, որը մենք պայմանականորեն անվանում ենք տրոհման գործակից, աճել է 4-4,5%-ով: Մեր կարծիքով` սա բավական լավ ցուցանիշ է, քանի որ ստեղծվելով` հիմնադրամը նպատակ ուներ պաշտպանել փոքր ավանդատուների շահերը: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ փոքր խնայողություն ունեցող այդ ավանդատուների կշիռն ընդհանուր ավանդատուների մեջ կազմում է մոտ 90%: Այսինքն` այդ ավանդատուների 90%-ի խնայողություններն ամբողջութամբ երաշխավորված են եւ օրենքով սահմանված երաշխավորված մեծությունից փոքր են: Սա ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած ավանդները հաշվի չառած: Եթե դրանք հաշվի ենք առնում, ապա ստացվում է 97/3 հարաբերակցություն:

- Ի՞նչ տրամաբանությամբ է կատարված հայկական դրամով եւ արտարժույթով ներդրված ավանդների երաշխավորման սահմանաչափերի ընտրությունը: Նախատեսվո՞ւմ է արդյոք հետագայում բարձրացնել դրանք:

- Երաշխավորված ավանդների արժույթների վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են որդեգրում: Կան երկրներ, որոնք երաշխավորում են բոլոր ավանդները, իսկ որոշ երկրներ ավանդները երաշխավորում են միայն OECD (Organisation for Economic Co-operation and Development, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն-խմբ.) անդամ պետությունների արժույթներով եւ այլն: Այն երկրները, որոնք ձգտում են մտնել ԵՄ տարածք կամ նման հեռանկարային ծրագիր ունեն, սովորաբար երաշխավորում են եվրոյով ավանդները: Մեր դեպքում օրենքը մշակելիս, իհարկե, հաշվի է առնվել դոլարիզացիայի խնդիրը` նախապատվություն տալով ազգային դրամին եւ այդ իսկ կերպ նպաստելով խնայողությունները հայկական դրամով պահելու գործընթացին: Նման քաղաքականություն կա տարբեր ոլորտներում: Սակայն վերջին տարիներին դրամի արժեւորման, գուցե դոլարի արժեզրկման արդյունքում` հայ քաղաքացին առանց այդ էլ սկսել է մոտեցումը փոխել տարբեր արտարժույթների նկատմամբ եւ ավելի շատ վստահել հայկական դրամին: 2005թ. երկրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդներում դրամային եւ արտարժութայն հարաբերակցությունը 11/89 էր, այսինքն` ավանդների 11%-ը դրամով էր պահվում, իսկ 89%-ը` արտարժույթով: 2007թ. երրորդ եռամսյակում հարաբերակցությոնը փոխվել է` 38,5/61,5: Այսինքն` դրամային ավանդների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ մոտ 3,5 անգամ ավելացել է: Այս միտումը շարունակական բնույթ ունի: Յուրաքանչյուր եռամսյակ մենք տեսնում ենք, որ դինամիկ աճ կա: Օրինակ` առաջին եռամսյակում 30,5% էր, երկրորդում 33%, իսկ արդեն երրորդում` 38,5%: Սա վերաբերում է միայն ֆիզիկական անձանց ավանդներին: Իրավաբանական անձանց մոտ դրամի տեսակարար կշիռն ավելի մեծ է: Հայաստանի տարածքում յուրաքանչյուր ձեռքբերում կամ վաճառք իրականացվում է հայկական դրամով: Սահմանաչափերն ընտրելիս այդ երկու միլիոնը պայմանավորված է տարբեր մոտեցումներով: Եթե դա վերլուծենք միջազգային փորձի հարթության վրա, ապա կնկատենք, որ զարգացած երկրներում ընդունված է, որ այդ երաշխավորված ավանդի մեծությունը կազմի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2-4-ապատիկը: Օրինակ` նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի մասին, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 40-45 հազար դոլար է, իսկ երաշխավորված ավանդների մեծությունը` 100 հազար դոլար: Նույն հարաբերակցությունն առկա է եվրոպական մի քանի առաջատար երկրներում: Հայաստանում երաշխավորման համակարգի ներդրման եւ երաշխավորման մեծությունը երկու մլն դրամ հաստատելու պահին դա նույնպես կազմում էր մոտ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի եռապատիկ կամ քառապատիկ չափը: Կարծում եմ, որ օրենքի հեղինակներն առաջնորդվել են այդ տրամաբանությամբ: Ինչ վերաբերում է սահմանաչափերի ավելացմանը, ապա նպատակահարմար չէ անընդհատ օրենքը վերանայել եւ փոփոխություններ կատարել: Պետք է մեկ ցուցանիշ սահմանել եւ իմանալ, որ, ենթադրենք, առաջիկա հինգ, յոթ, կամ տասը տարիներին այն կմնա նույնը եւ որոշակի ժամանակ հետո, երբ արդեն տնտեսական փոփոխություններ տեղի ունենան բնակչության եկամուտների, խնայողությունների մակարդակում, նոր միայն, ըստ դրա, կատարել երաշխավորված մեծության փոփոխություն: Պետք է լինի ֆինանսական եւ տնտեսական հիմնավորվածություն, այսինք` աճը պետք է հիմնավորված լինի թվերի վրա: Այս պահին ես դա չեմ տեսնում: Եթե կլինի երաշխավորված մեծության ավելացման քաղաքական որոշում, դա արդեն այլ խնդիր է:

- Որքանո՞վ է բնակչությունն իրազեկ հիմնադրամի գործունեությանը:

- 2005-2007 թթ. տարբեր կառույցներ հարցում են իրականացրել հանրության շրջանում, որոնց արդյունքները տրամադրել են ձեզ: 2006թ. երկու ուսումնասիրության համաձայն` բնակչության 23-41-%-ը տեղյակ է հիմնադրամի գոյության եւ դրա գործունեության մասին: Այդպիսի արդյունքները պայմանավորված էին նրանով, որ մեկ հարցմանը մասնակցել էին 750, իսկ մյուսին` 2000 մարդ: Նույն բնույթի երկու հարցում անց է կացվել 2007թ., որոնց պարագայում այդ ցուցանիշը կազմում էր 42-72%: Երկու դեպքում էլ իրազեկության աճն ակնհայտ է: Կարեւոր է, որ հանրությունն իմանա, թե որքան է երաշխավորված մեծությունը, արժույթները եւ այլ պայմաններ: Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ: Տեսահոլովակներ ենք նկարահանել, որոնք հեռարձակվել են հեռուստատեսությամբ 2007թ. մարտ-մայիս ամիսներին: Բացի դրանից, պատրաստել ենք ռադիոհոլովակներ, իսկ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել ենք վահանակներ: Մեր բուկլետներն ու հանրային իրազեկման նյութերը մշտապես եղել են առեւտրային բանկերում եւ տրամադրվել են բանկերի հաճախորդներին: Մենք փորձում ենք առկա միջոցներով իրազեկել հանրությանը: Շատ գովելի է, որ արդեն առեւտրային մի քանի բանկեր իրենց գովազդային տեսահոլովակներում եւ որոշակի ապրանքների գովազդում օգտագործում են հիմնադրամի խորհրդանիշը եւ հիմնադրամի կողմից երաշխավորվող ավանդների մեծության վերաբերյալ տեղեկատվությունը: Սովորաբար նման հոլովակների վրա մենք միասին ենք աշխատում, եւ դրանց բովանդակության վերաբերյալ նրանք իրենց աշխատանքը համաձայնեցում են մեզ հետ:

- Վերջերս հեռուստատեսությունում հայտնվել է բանկերից մեկի գովազդը, որտեղ հնչում է "Ավանդների երաշխավորման հիմնադրամի լավագույն գործընկեր" արտահայտությունը: Ի՞նչ է դա նշանակում:

- Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2006թ. հաստատել է կարգ, ըստ որի` յուրաքանյուր տարի, ըստ որոշ չափանիշների, մենք ընտրելու ենք հիմնադրամի հետ լավագույն համագործակցող բանկին: Չափանիշները ներառում էին, օրինակ, այն, թե որքանով է տվյալ բանկը հանրությանը տեղեկացրել հիմնադրամի գործունեության, երաշխավորված ավանդների մեծության եւ երաշխավորման համակարգի այլ մանրամասների մասին: Ըստ այդ չափանիշների` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ներկայացվեցին տարբեր բանկերի կողմից 2006թ. կատարված աշխատանքները, որոնց հիման վրա էլ խորհուրդն ընտրեց այդ բանկերին: Հիմնադրամի աշխատակազմն իր կարծիքը կներկայացնի նաեւ 2007թ. բանկերի կատարած աշխատանքի վերաբերյալ, եւ նորից կընտրվի հիմնադրամի հետ լավագույնս համագործակցած բանկը:

- Արդյո՞ք այլ բանկերի կողմից դժգոհություն չի առաջանում տվյալ մոտեցումներից, օրինակ, չափանիշների կամ հենց գովազդում կիրառված վերոհիշյալ նախադասության պատճառով:

- Առայժմ որեւէ բանկ մեզ դժգոհություն չի հայտնել: Դա չի նկատվել նաեւ մամուլում: Սակայն դրանով մենք ցանկանում ենք բանկերին խրախուսել, որպեսզի նրանք ավելի շատ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը:

- Իսկ չե՞ք կարծում, որ շարքային քաղաքացին կարող է մտածել, որ մյուս բանկերը պարզապես թերանում են ձեր հիմնադրամի առջեւ ունեցած իրենց պարտավորությունների հարցում:

- Բոլոր բանկերը ժամանակին եւ ամբողջովին կատարում են օրենքով սահմանված իրենց պարտավորությունները: Խոսքն օրենքի պահանջներից ավելիի` համագործակցության մասին է: Եթե կա բանկ, որը ցանկանում է համագործակցել միայն օրենքի շրջանակներում, ապա մենք որեւէ խնդիր չենք տեսնում այդտեղ: Այդ դեպքում համագործակցությունը սահմանափակվում է, օրինակ, երաշխիքային վճարների ժամանակին եւ ամբողջ ծավալով վճարման ու այլ նման բնույթի փոքր խնդիրներով: Իսկ եթե բանկը ցանկանում է հանրությանն ավելի լավ տեղեկացնել, թե որքանով են երաշխավորված մեծությունները եւ այլն, ապա մենք միայն ողջունում ենք դա:

- Կարելի՞ է այսօր մեր բանկային համակարգը համարել կայուն, խաղաղ` առանց հաշվի առնելու արտասահմանում տիրող ճգնաժամային իրավիճակները: Կարելի՞ է մեր քաղաքացուն վստահեցնել, որ իրենց խնայողությունները կարող են հանգիստ խղճով ի պահ տալ բանկերին:

- Մեր հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի փոքր խնայողություններ ունեցող ավանդատուներն առանց անհանգստանալու իրենց խնայողությունները ներդնեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բանկում: Թե որքանով է բանկային համակարգը կայուն, կարող ենք հետեւություններ անել միայն մեզ հասանելի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: Այդ տվյալների համաձայն` բոլոր բանկերը բանկային շատ լավ պորտֆել ունեն: Կենտրոնական բանկը պարբերաբար հայտարարում է, որ բանկերի վարկերի 98-99%-ը մշտապես վերադարձվում է: Բանկերը լավ կապիտալիզացված են, իսկ առաջիկա տարիներին, հավանաբար, որոշ բանկեր կկարողանան համալրել իրենց կապիտալը: Իսկ եթե բանկերը խնդիրներ չունեն, ապա մեր աշխատանքը շատ ավելի հեշտ կլինի: Եթե նախկինում եղել են մեկ-երկու բանկեր, որոնք ինչ-որ մեկ նորմատիվ չեն պահպանել, ապա դրանք բանկի մնացած ցուցանիշների վրա լուրջ ազդեցություն չեն ունեցել:

Զրուցեց
Գեւորգ Սահակյանը

Դիտում՝ 9670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW