Օրգանական չրերի արտադրությամբ զբաղվող «Արփի» ընկերության շնորհիվ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում 2016-ից ի վեր մրգի իրացումը նոր փուլ է թեւակոխել, իսկ տեղացի կանանց համար՝ նոր աշխատանք գտնելն ավելի հեշտ դարձել։ Banks.am-ը զրուցել է «Արփի» ընկերության ղեկավար Աննա Ասատրյանի հետ եւ պարզել ընտանեկան բիզնեսի մանրամասները: Խոհանոցից դեպի բիզնեսԶանգակատուն գյուղում մրգի իրացման խնդիրը տարիներ շարունակ խոչընդոտել է, որ տեղացիները կարողանան մինչեւ Երեւան 100 կիլոմետր հեռավորությունը հաղթահարել, իրացնել միրգն ու փոխհատուցել ճանապարհածախսը: Այս խնդրից անմասն չէր նաեւ Աննա Ասատրյանը։ Եղած ռեսուրսը բերքատու այգու միրգն էր՝ սալոր, դեղձ, բալ, ծիրան, ինչպես նաեւ՝ չրերի հանդեպ նախասիրությունը։ Խոսքից անցնում է գործի, եւ առաջին աջակիցների՝ ընտանիքի անդամների հետ համատեղ որոշում բրենդի անունը կնքել տան փոքրիկի անունով՝ «Արփի»։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Առաջին ներդրումն ու արդյունքը10 օրվա ընթացքում Աննա Ասատրյանը բիզնես պլան է գրում ու ներկայացնում ընտանիքի անդամների դատին։ Դրական պատասխանից հետո, ընտանեկան բյուջեն ծախսելով, Աննա Ասատրյանն ու ընտանիքը գնում են 2 փոքրիկ չորանոց, տեղի այգիների մրգերը, ինչպես նաեւ սեփական այգու միրգն օգտագործելով՝ ստանում չրի առաջին լուրջ արդյունքը: Ստացված չիրը, կրկին ընտանեկան բյուջեի շնորհիվ, արտահանվում է Ռուսաստան եւ արդարացնում սպասելիքները՝ ամբողջ ապրանքն իրացվում է: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հաղթանակը՝ չորանոցՌուսաստան արտահանման հաջող գործարքից հետո Աննան ավելի վստահ է սկսում մասնակցել մի շարք նախագծերի եւ ծրագրերի, որոնք կարող էին որեւէ կերպ նպաստել բիզնեսի ծաղկմանը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ «Կանանց հզորացում» ծրագրի դասընթացների ավարտը խոստումնալից էր. 24 կին մասնակիցների հետ մրցելիս Աննան դրամաշնորհային 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում եւ ձեռք բերում առաջին խոշոր չորանոցը։ 70%-ը դրամաշնորհային աջակցությունն էր, 30%-ը՝ ընտանեկան բյուջեի խնայողությունը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Օրգանական չիր Սննդային բիզնես սկսողների մոտ ոսկե տառերով գրված է օրգանական մթերքի ստացման կանոնը՝ «ոչ մի քիմիական հավելում»։ Իսկ չրի դեպքում, օրգանական հավաստագրի ստացման գործընթացը, Աննայի պնդմամբ, առնվազն 4 տարի է պահանջում:Քանի որ «Արփի» չրատեսակները նաեւ հարակից այգիների բերքի շնորհիվ են ստեղծվում, այդ պատճառով ամբողջական օրգանականացումն ավելի երկար է տեւում։ Օրինակ՝ Աննայի այգում թզենի չկա, այդ պատճառով էլ օրգանական մթերքի ապահովումը մի փոքր ավելի ժամանակատար է։ Սակայն նախատեսվում է, որ 2020-ից սկսած՝ «Արփի»-ի ամբողջական տեսականին կրելու է «օրգանական արտադրանք» պիտակը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Զանգակատան կանայք եւ «Արփի»-նՄիրգը չիր դարձնելու ճանապարհին Աննա Ասատրյանն իր շուրջն է համախմբել համագյուղացի 5 կնոջ: Աննայի համոզմամբ՝ թիմի հետագա ընդլայնման արդյունքում «Արփի» ընկերության աշխատակից են դառնալու հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց հիմնական գործառույթը լինելու է մրգի կեղեւազատումը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայկական չիրը՝ արտասահմանյան շուկայի պահանջարկՆերսի եւ դրսի շուկաներն ուսումնասիրելուց հետո գործարարն այժմ աշխատում է եվրոպական երկրների ստանդարտներին համապատասխանող չրատեսակներ ստանալու ուղղությամբ, քանի որ Ռուսաստանն ու Եվրոպան, մեծ տարածաշրջաններ լինելով, ապրանքի իրացման եւ ճանաչման համար լավագույն գոտիներից են։ Սակայն Եվրոպայում հայտնվելու համար, Աննայի խոսքով, պետք է համապատասխանել Rex ծրագրի ստանդարտներին, քանի որ եվրոպական մեգամարկետների համար 1-2 տոննա արտադրանքը բավարար քանակ չէ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Շուկայական գներ, հիգիենա«Արփի»-ի կես կիլոգրամ չրի արժեքը, կախված մրգատեսակից, տատանվում է 1500-5500 դրամի միջակայքում: «Ինքս չեմ ուսումնասիրել այլ սննդային բիզնեսներ, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ չրի արտադրանքը եւս սանիտարահիգիենիկ կանոնների հետեւորդն է»,- ասում է Աննան ու հավելում, որ անգամ փաթեթավորման ժամանակ կարեւոր է սննդային հիգիենայի կանոններին հետեւելը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս ՀեռանկարներՏան երկաթե դարպասներից ներս ամեն օր Աննան մտածում է բիզնեսի բարգավաճման մասին։ Ներկայիս 1 տոննա արտադրանքի փոխարեն նախատեսում է հետագայում, աշխատուժը մեծացնելով, ստանալ 2 տոննա արտադրանք՝ այդ ճանապարհին չկորցնելով որակը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Կապերը կարող են ծառայել ապրանքն իրացնելիս, հատկապես, երբ դու ունես գյուղից ապրանքի արտահանման խնդիր: Ըստ իս՝ անհրաժեշտ է ամեն կերպ հետաքրքրություն առաջացնել շուկա մտնելիս»,- նկատում է Աննա Ասատրյանը։ Որպես հեռանկարային ծրագրեր՝ գործարարը մտադիր է այգում հյուրատուն հիմնել, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համտեսելու առողջ սնունդ եւ մասնակցելու չրի պատրաստման վարպետաց դասերի: Տեքստն ու լուսանկարները՝ Շուշանիկ Ասատրյանի Tweet Դիտում՝ 10481