Ինտերակտիվ քարտեզն ու ՀՀ արտահանման աճի կանխատեսումները

30.08.2019 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Աղասի Թավադյան #ինտերակտիվ քարտեզ
Տնտեսագետ եւ ծրագրավորող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Աղասի Թավադյանը 2018-ին ստեղծել է ապրանքաշրջանառության ինտերակտիվ քարտեզ, որի հիմնական նպատակը արտահանման եւ մրցունակության աճի հնարավորությունների գնահատումն է:

Banks.am-ի թղթակիցը զրուցել է Աղասի Թավադյանի հետ՝ պարզելու համար քարտեզի կիրառման հնարավորությունները։

Հեշտացնելով տվյալների հետ աշխատանքը

Աղասի Թավադյանը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է տվյալների վերլուծությամբ եւ կանխատեսմամբ։ Մեծ ծավալով տվյալների հետ աշխատանքի ընթացքում առաջ է եկել ինտերակտիվ գործիքի ստեղծման անհրաժեշտություն, որը համակարգված կներկայացներ արտահանման տվյալները թե՛ ըստ երկրների, թե՛ ըստ ապրանքատեսակների։ Աշխատանքն ավելի հեշտացնելու ու արդյունավետությունը բարձրացնելու համար էլ Աղասի Թավադյանը մշակել է ապրանքաշրջանառության ինտերակտիվ քարտեզը։

Այն հնարավորություն է տալիս վերլուծել եւ գնահատել տվյալ պետության ինտեգրացիոն գործընթացները, արտահանման ներուժը, արտահանման նոր, կենսունակ ու ռազմավարական ճյուղերը։

Աղասի Թավադյանը

«Օգտագործել եմ տարբեր ծրագրային փաթեթներ՝ Python, R, Microsoft Exel եւ այլն։ Քարտեզն ավտոմատ կերպով վերցնում է տվյալ պետության վերաբերյալ տեղեկատվությունը՝ լինի դա արտահանում, թե ներմուծում, ընտրում է 5-6 պետություն կամ տարածաշրջան, որտեղ իրականացվում է հիմնական ապրանքաշրջանառությունը։

Հայաստանի համար տվյալ ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպական միությունը, Միջին Արեւելքը, Չինաստանը եւ այլ տնտեսություններ, որոնք առանձնացվում են ըստ գույների։ Յուրաքանչյուրի համար նշվում են արտահանվող ապրանքատեսակների երկնիշ ծածկագրերը, աճի ուղղությունը նախորդ ժամանակահատվածի նկատմամբ եւ թե տվյալ ապրանքատեսակը քանի տոկոսն է կազմում ընդհանուր արտահանման ծավալի»,- մանրամասնում է Աղասի Թավադյանը։



Կանխատեսումներ 2019-ի համար

Տնտեսագետի ստեղծած համակարգը պարբերաբար ինքնաթարմացվում է, կատարում ոչ գծային կանխատեսումներ, որոնք, նրա խոսքով, ունեն հավաստիության բարձր աստիճան։

«Երբ ստեղծեցի քարտեզը, տարեսկզբին կատարեցի կանխատեսում, որ 2018-ի վերջին ՀՀ արտահանումը կգրանցի մոտ 11% ցուցանիշ։ Ինչպես հետագայում տեսանք, այն կազմեց 9,8%: 2019-ի համար արտահանման կանխատեսումը, համեմատ անցած տարիների, ցածր է։ 2019թ. առաջին կիսամյակում աճ չի գրանցվել»,- ասում է Աղասի Թավադյանը եւ ներկայացնում դրա հիմքում ընկած 3 պատճառ:

1) Արտահանման վերականգնողական աճն արդեն իսկ մարել է։

Արտահանման վերականգնողական երկնիշ աճը սկսվեց 2015-ից, ինչի կատալիզատոր հանդիսացավ ԵԱՏՄ անդամակցությունը: 2016-ին եւ 2017-ին գրանցվեց արտահանման համապատասխանաբար 20,7% եւ 22% աճ:

2) Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներ:

2018-ի վերջին փակվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որն ապահովում էր Հայաստանի արտահանման ծավալի 3,5%-ը։

Գործարանը փակվել է կառավարության կողմից սահմանված բնապահպանական նորմը չապահովելու պատճառով, որի հետեւանքով պղնձի արտահանումը կրճատվել է մոտ 10 անգամ: Մոտ 6%-ով կրճատվել է հանքաքարի արտահանումը, որը գերակշիռ դիրք ունի ՀՀ արտահանման մեջ ու կազմում է ընդհանուր ծավալի 24%-ը։

3) Ռուբլու արժեզրկում:

1 ռուբլու դիմաց 2017-ին միջին փոխարժեքը կազմել էր 8,3 դրամ, իսկ 2018-ին եւ 2019-ին՝ 7,7 եւ 7,4 դրամ: Ռուսաստանը հանդիսանում է մեր հիմնական առեւտրային գործընկերը եւ տվյալ ուղղությամբ է արտահանվում պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը: 2019-ին ամփոփիչ ցուցանիշի համար մշակված առեւտրաշրջանառության ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս դեպի Ռուսաստան արտահանման 0.5±2% աճ, որը ցածր ցուցանիշ է: 2016-ին, 2017-ին եւ 2018-ին դեպի Ռուսաստան գրանցվել է համապատասխանաբար 52,9%, 41,8% եւ 22,8% արտահանման աճ:


Տնտեսագետը նշում է նաեւ ուղղություններ, որոնք բավականին կայուն ճյուղեր են արտահանման մեջ եւ շարունակաբար աճում են։ Դրանցից են թանկարժեք եւ կիսաթանկարժեք մետաղները, ծխախոտագործությունը, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, սեւ մետաղները եւ այլն։

«2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճ չկա, սակայն նշեմ, որ տարվա երկրորդ կիսամյակում արտահանումն ավելի է ակտիվանում։ 2019-ի համար ամենադրական կանխատեսումը 5,5% ցուցանիշն է, իսկ ամենաբացասականը՝ 2,5%-ը»,- նշում է Աղասի Թավադյանը։

Տեխնոտար եւ հավելյալ արժեք ստեղծող ուղղություններ

Արտահանման ինտերակտիվ քարտեզը նշում է պատրաստի արտադրանք արտահանող եւ հավելյալ արժեք ստեղծող ուղղությունները։ Նաեւ արտացոլում է այն ճյուղերը, որոնք ունեն բարձր եւ միջին տեխնոտարության մակարդակ։ Հայաստանի համար դրանք են, օրինակ, տեքստիլի արտադրությունը, դեղագործությունը, մեքենաշինությունը եւ այլն։

«Քարտեզի շնորհիվ հստակ կարելի է տեսնել նաեւ այն ուղղությունները, որոնք ունեն աճի մեծ պոտենցիալ։ Մեր կառավարությունը նշել է, որ ապրանքների եւ ծառայությունների արտահանում/ՀՆԱ հարաբերակցություն պետք է դարձնել 50% եւ ավելի։ Սա նշանակում է, որ զուտ ապրանքների արտահանումը պետք է կազմի 30%: Այժմ այս ցուցանիշը 20% է, իսկ ցանկալի աճին կարելի է հասնել որոշակի ոչ կտրուկ, պլանավորված կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ։ Դրանք պետք է հիմնված լինեն այն ապրանքների հստակ տարանջատման վրա, որոնք ունեն տեխնոտարության բարձր մակարդակ, վերամշակվում են, կարող են ապահովել հավելյալ աշխատատեղեր եւ հետագա արտահանման աճ»,- նշում է Աղասի Թավադյանը։

Նա հավելում է, որ հանքարդյունաբերությունը կարող է սկզբնական խթան հանդիսանալ այլ ճյուղերի զարգացման համար, սակայն պետք է խրախուսել ոչ թե հանքանյութի արտադրությունը, այլ դրա վերամշակումը երկրի ներսում։


Կիրառության լայն հնարավորություններ

Աղասի Թավադյանն ընդգծում է, որ այս պահին քարտեզը ներկայացնում է արտահանման երկնիշ տվյալները, սակայն կարելի է կառուցել քարտեզն այնպես, որ այն արտացոլի ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման քառանիշ եւ վեցանիշ տվյալները՝ յուրաքանչյուր ապրանքային խմբի կամ պետության համար:

Հեղինակի խոսքով՝ ինտերակտիվ քարտեզը նախատեսված է ինստիտուտների, պետական գործիչների եւ բիզնես սեկտորի համար։ Նա կարծում է, որ կանխատեսումը կամ որոշ առավել մանրամասն տվյալներ կարելի է վճարովի դարձնել եւ համակարգից նաեւ շահույթ ստանալ։

«Համակարգը ներկայացրել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որոշ պատգամավորների։ Քարտեզը ներկայացրել եմ նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ սկզբնական շրջանում ստացել որոշակի արձագանք, ունեցել հանդիպումներ, սակայն վերջին ամիսների ընթացքում համագործակցության որեւէ առաջընթաց չկա»,- ամփոփում է Աղասի Թավադյանը։

Աղասի Թավադյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտում՝ 7080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW