Ջիմ Օ'Նիլ. Աշխարհն իրական քայլերի, այլ ոչ թե դատարկ խոսքերի կարիք ունի

13.07.2019 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ջիմ Օ'Նիլ #Goldman Sachs Asset Management #Chatham House
Ջիմ Օ'Նիլը Goldman Sachs Asset Management-ի նախկին նախագահն է եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարարը: Ներկայում ղեկավարում է Chatham House-ը: 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը Հայաստանում Project Syndicate-ի բացառիկ ներկայացուցիչն է: Սույն հոդվածի թարգմանության բացառիկ գործընկերը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրն է, որը իրականացվում է Երեւանում եւ նախատեսված է հայաստանյան ղեկավարների եւ մասնագետների համար: Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով: 



Երբ 2008 թվականին «Մեծ քսանյակի» (G20) առաջնորդներն անցկացրին առաջին գագաթաժողովը, շատերը այն ողջունեցին, քանի որ խումբը դիտարկվում էր որպես բազմազգ, բավական ներկայացուցչական նոր ֆորում՝ ստեղծված գլոբալ խնդիրների լուծման նպատակով: Առկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում այս ֆորումն իսկապես իրեն արդարացնում էր, եւ միջազգային քաղաքականության համակարգման տեսանկյունից որոշակի ժամանակահատվածում հույսի փարոս էր թվում ստեղծված խառնաշփոթի պայմաններում:

Ես, իհարկե, այն մարդկանց թվում էի, որոնք ողջունում էին «Մեծ քսանյակի» սկզբնական ձեռքբերումները: Երբ 2001 թվականին ես սահմանեցի ԲՐԻԿ-ի երկրների (Բրազիլիա,Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան) տնտեսական զարգացման կարեւորությունը՝ որպես 21-րդ դարի տնտեսության զարգացման համար կարեւոր գործոնի, ես կոչ էի անում իրականացնել գլոբալ կառավարման համակարգի վերանայում: Ինչպես պնդում էի դեռեւս այդ ժամանակ, G7 - «Մեծ յոթնյակի» (Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ) շարունակական գերակայությունն աստիճանաբար ավելի քիչ էր համապատասխանում 2000-ականների սկզբներին ստեղծված բարդ իրավիճակին: Մինչ օրս «Մեծ յոթնյակի» կազմում Չինաստանի չլինելը դիտարկվում է որպես մեծ սխալ, որն ավելի է խորանում եվրոպական մի քանի երկրների ներկայությամբ, որոնցից մեծ մասն ունեն միասնական արժույթ եւ վարում են հարկաբյուջետային եւ դրամավարկային նույն քաղաքականությունը:

Անցած շաբաթ Օսակայում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովից հետո չեմ կարող չանդրադառնալ այն հարցին, թե արդյոք այս խումբը չի կորցրել իր գոյության նպատակը: Իրականում գագաթաժողովի միակ երեւելի արդյունքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջեւ կուլուարային պայմանավորվածությունների ձեռքբերումն էր:
Խնդրի մի մասն այն է, որ այսօր գլոբալ կառավարումը, ընդհանուր առմամբ, կապված չէ քաղաքական ազդեցության հետ, իսկ Միացյալ Նահանգները հրաժարվել է միջազգային կարգի ապահովման խնամակալի իր դերից: Սակայն առկա են նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք կապված են «Մեծ քսանյակի» հետ: Մի կողմից, խումբը թվում է որպես համապատասխան մեխանիզմ միջազգային երկխոսությանն աջակցելու համար: Նրա անդամներն ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 85%-ը եւ ներառում առաջատար զարգացող տնտեսությունների մեծ մասը, այդ թվում՝ նաեւ այնպիսիք, որոնք ընդունել են արեւմտյան ոճի լիբերալ ժողովրդավարությունը: Այս առումով բացառություն է Նիգերիան, որը, լինելով աֆրիկյան խոշորագույն տնտեսություններից եւ խիտ բնակեցված երկրներից մեկը, ըստ տրամաբանության, պետք է որ իր տեղն ունենար սեղանի շուրջ: Հետագայում կարելի էր նաեւ դիտարկել Վիետնամի եւ մի քանի այլ երկրների միացումը խմբին:

Մյուս կողմից՝ չնայած նրան, որ «Մեծ քսանյակը» շատ մեծ շուքով ներկայացնում է իր ընդունած կոմյունիկեները, որոնցում նշում է գոյություն ունեցող գլոբալ մարտահրավերի մասին, այդուհանդերձ, գործնականում այն բացարձակ անկարող է այդ մարտահրավերներին դիմակայել: Իհարկե, կարելի է պնդել, որ բացարձակապես անիրական է մի խումբ բյուրոկրատներից սպասել այն ամենի վերականգնումը, ինչն ավերված է աշխարհում: Ամեն դեպքում, ակտիվ գործընթացների կողմնակիցների, ձեռնարկատերերի եւ այլ ստեղծագործ գործիչների պարտականությունն է ճնշում գործադրել եւ համոզել քաղաքական գործիչներին, որ փոփոխություններն անհրաժեշտ են: Այդուհանդերձ, երբ խոսքը խնդիրների մասին է, որոնք կարող են լուծվել միայն գլոբալ մակարդակում, «Մեծ քսանյակը» այլընտրանք չունի: Նույնիսկ եթե քաղաքական առաջնորդները որդեգրել են բոլոր ճիշտ ուղենիշները, միեւնույնն է՝ նրանց անհրաժեշտ է հարթակ՝ այդ ուղենիշները համակարգված քաղաքականության վերածելու համար:

Ըստ իս՝ «Մեծ քսանյակի» գործունեության ճանապարհին առկա է երկու հիմնական խոչընդոտ: Առաջինը, չնայած նրան, որ «Մեծ քսանյակը» բավականին ներկայացուցչական է, այն բավականաչափ մեծ չէ: Ինչպես պնդում էի 2001 թվականից սկսած, աշխարհը կարիքն ունի ավելի ներկայացուցչական հարթակի, քան G7-ը («Մեծ յոթնյակը»), որը կներառի ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրոպական միությունը եւ ԲՐԻԿ-ի երկրները: Այս նոր խումբը պետք է լինի «Մեծ քսանյակի» շրջանակում եւ ներկայացնի համաշխարհային ՀՆԱ-ի երեք քառորդը: Չնայած նրան, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան եւ Կանադան կկորցնեին իրենց ներկայիս ազդեցության մեծ մասը, նրանք կունենային ոչ պակաս հնարավորություններ, ինչպիսին այսօր ունի, օրինակ, Ավստրալիան: Ամեն դեպքում նրանք անհանգստանալու կարիք չունեն. չկա որեւէ իրական հիմք մոտ ժամանակներում այդպիսի ծավալի դիվանագիտական վերանայումներ ակնկալելու համար:

«Մեծ քսանյակի» երկրորդ թերությունն այն է, որ «Մեծ յոթնյակի» նման չունի նպատակների սահմանման համար օբյեկտիվ հիմք եւ դրանց ուղղությամբ առաջընթացի չափման մեթոդներ: Դեռեւս տասը տարի առաջ՝ խմբի առաջին իսկ հաջողությունից ի վեր, նրա օրակարգն անընդմեջ փոխվում էր, եւ ամեն նոր երկիր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ինչ-որ նոր հարց էր ավելացնում օրակարգում: Օսակայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Ճապոնիայի կառավարությունը որպես նպատակ սահմանեց ընդհանուր առողջապահական համակարգի ստեղծումը:

Որեւէ մեկը չի կասկածում, որ ընդհանուր առողջապահական համակարգի ստեղծումը խիստ կարեւոր հարց է: Սակայն «Մեծ քսանյակը» փաստացիորեն չարեց որեւէ քայլ՝ աջակցելու առանձին անդամ պետություններին՝ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորություններն ընդլայնելու համար: Դեռ ավելի վատ, այս նոր նպատակի սահմանման վրա ծախսված ռեսուրսը կարելի էր ծախսել այնպիսի հարցերի քննարկման համար, ինչպիսիք են հակամանրէային միջոցների դիմադրությանը վերաբերող հարցերը, որոնք ներառված էին 2016 թվականի «Մեծ քսանյակի» օրակարգում: Հակամանրէային միջոցների դիմադրությանը վերաբերող ձեւակերպումները վերջին կոմյունիկեում զգալիորեն նույնական էին նախորդ գագաթաժողովներում առկա ձեւակերպումների հետ, ինչը վկայում է հարցի առնչությամբ բավականին համեստ առաջընթացի մասին:

Միեւնույն ժամանակ, շուկայի պայմանները եւ նոր հակաբիոտիկների կոնյունկտուրան սրընթաց կերպով վատանում են: Առանց համակարգված միջազգային քայլերի՝ մինչեւ 2050 թվականը հակամանրէային միջոցներին դիմակայող սուպերբակտերիաները սպառնում են տանել տասը միլիոն կյանք մեկ տարում, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի համաշխարհային արտադրանքի մեծ կորուստների, մոտավորապես՝ 100 միլիարդ դոլարի չափով: Ներկայում աշխարհը իրական քայլերի, այլ ոչ թե դատարկ խոսքերի կարիք ունի:

Copyright: Project Syndicate, 2019.

www.project-syndicate.org
Դիտում՝ 57085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW