AYANI հագուստը կարվում է Հայաստանում, վաճառվում՝ Եվրոպայում

05.07.2019 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Անի Բաղդասարյան #AYANI

2017-ին Անի Բաղդասարյանը հիմնել է AYANI հագուստի ընկերությունը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ բիզնես սկսելու խոչընդոտների վերացմանը:

«5 րոպեում գրասենյակային տեսք» հաղորդող զգեստները պատրաստվում են Հայաստանում՝ ընտանեկան փոքրիկ արտադրությունում, առաքումն արվում է Գերմանիայում: Անին պարբերաբար գալիս է Հայաստան՝ արտադրության գործընթացին հետեւելու եւ պատրաստի զգեստները Գերմանիա տանելու համար:

Banks.am-ն Անի Բաղդասարյանի հետ զրուցել է AYANI-ն հիմնելու գաղափարի, ինչպես նաեւ Հայաստանում օտարերկրացու համար բիզնես սկսելու դժվարությունների մասին:

Ընտրելը քվեարկության ձեւ է

Ծնվել եմ Մոսկվայում, սովորել՝ Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ՝ տեղափոխվել Գերմանիա: Ստացել եմ սոցիալական հոգեբանության բակալավրի աստիճան՝ մարքեթինգի եւ բիզնես կառավարման խորացմամբ: Աշխատանքային լավ առաջարկ ստացա եւ տեղափոխվեցի Բեռլին, 7 տարի է՝ այնտեղ եմ ապրում:

Անի Բաղդասարյանը

Աշխատում էի էլեկտրոնային առեւտրի ոլորտում, միջազգային շուկայում գովազդային արշավներ էի անում այնպիսի խոշոր ընկերությունների համար, ինչպիսիք են Ebay-ը, Amazon-ը, Zalando-ն: Ինչ-որ պահի հասկացա, որ իմ ամբողջ արածն անիմաստ է. ես պարզապես ստիպում էի մարդկանց ավելի շատ գնել այն ընկերություններից, որոնք արդեն վաղուց շատ գումար ունեն:

2016-ին սկսեցի մի շարք գրքեր կարդալ եւ պատկերացում կազմել սպառողականության մասին, սկսեցի կարեւորել ծախսածս, մտածել, թե ինչ են անում այդ ընկերություններն իմ տված գումարով: Հասկացա՝ ամենաուժեղ ազդեցությունը, որ յուրաքանչյուրս ունենք՝ ընտրելու հնարավորությունն է:

Շատ դեպքերում ապրանքների առկայությունը շատ ավելի շատ է, այսինքն՝ արտադրվում է մեծ քանակությամբ, եւ եթե դու կարող ես գոնե ընտրել՝ ում ես տալիս քո գումարը, դա կհամարվի այն ձեւը, որով դու քվեարկում ես այն աշխարհի համար, որը ցանկանում ես տեսնել:

Այս միտքն ինձ ստիպեց հասկանալ, որ ես շաբաթական առավել քան 50 ժամ ծախսում եմ գրասենյակում եւ ստիպում եմ մարդկանց գնել ապրանքներ այն ընկերություններից, որոնց աշխատելաոճը ես չեմ հավանում՝ հատկապես այն, թե ինչպես են նրանք վերաբերում իրենց աշխատողներին:


Արդյունքում թողեցի այդ գործը, որպեսզի ամբողջ ժամանակս նվիրեմ իմ նոր գաղափարին, այն է՝ ստեղծել 5 րոպեում գրասենյակային տեսք հաղորդող հագուստ: Դրանք զգեստներ են, որոնք դու կարող ես շատ արագ հագնել կամ թողնել կախիչի վրա: Հարմարավետ է, էլեգանտ եւ տալիս է պրոֆեսիոնալ տեսք, միաժամանակ՝ շատ թանկ չէ, մատչելի է երիտասարդների համար:

Որտե՞ղ սկսել արտադրությունը

Առաջին միտքը Հայաստանն էր: Անկեղծ ասած, բոլորն ասում էին՝ «Ոչ: Հայաստանում չափազանց բարդ կլինի, Ռուսաստանում կամ Թուրքիայում սկսի՛ր»: Իրականում շատ պատճառներ կան՝ ներառյալ այն փաստը, որ Հայաստանը չի արտադրում գործվածքը, աքսեսուարները, կայծակնաշղթան, ռեզինը: Ես այդ ամենը Թուրքիայից եմ ներմուծում:

Մյուս կողմից՝ ես համառորեն ցանկանում էի արտադրությունը Հայաստանում հիմնել, որովհետեւ գիտակցում էի՝ երկրում շատ դժվարություններ կան, եւ դրանք հաղթահարելու ճանապարհներից մեկը դրա մի մասը դառնալն է: Ինձ առաջարկում էին նաեւ Գերմանիայում հիմնել արտադրությունը. իհարկե, ինձ ավելի հեշտ կլիներ ու ես ստիպված չէի լինի այդքան ճամփորդել, բոլոր փոփոխություններն իմ աչքի առջեւ կլինեին, սակայն իմ նպատակը Հայաստանին որեւէ ազդեցություն բերելն էր եւ կայուն բիզնես հիմնելը:


Քայլ առ քայլ

Գումար էի խնայել, բիզնեսը հիմնելու համար ունեի €16 000-18 000, որոշ գումար էլ ընտանիքիցս պարտք վերցրի:

Առաջին քայլը ֆոկուս խմբի ձեւավորումն էր, որն ուսումնասիրում էր, թե ինչ է պետք խոցելի խմբերին: Երկրորդը ֆինանսական պլան կազմելն էր. ամենաերկար ու ամենադժվար շրջանը: Հենց հասկացա, որ հաշվարկածս թվերը ռեալ են, եկա Հայաստան եւ սկսեցի կարի արտադրամաս փնտրել:

Հայկական իրականություն

Չգիտեի՝ որտեղից սկսել: Առաջին քայլս «գուգլ» անելն էր, որը, սակայն, որեւէ արդյունք չտվեց, քանի որ հայերեն չիմացող մարդը չի կարող այդ կարգի տեղեկություններ գտնել:

Ստիպված էի այնքան շատ մարդկանց հետ զրուցել ճիշտ հասցեներ գտնելու հանար։ Ինձ նաեւ շատ օգնեց Բիզնես Արմենիան. շատերն էին ինձ հուշում դիմել այս կազմակերպությանը, որն ինձ օգնեց գտնել Հայաստանում կարի արտադրությամբ զբաղվոր գործարանների։

Ի դեպ, ես շատ կցանկանայի, որ Հայաստանի օրենքներն առցանց լինեին: Ինքս պատրաստ եմ քրաուդֆանդինգ արշավ կազմակերպել դրա համար. ի՞նչ է պետք՝ 3-4 աշխատող, 2 ամսվա ծրագիր եւ դրա անգլերեն թարգմանությունը:


Ներկայում համագործակցում եմ Եղվարդում գտնվող փոքր գործարանի հետ, որն ունի 6-8 աշխատող: Արտադրամասն իր սեփական բրենդն ունի՝ Ustian: Ես պարզապես իմ զգեստների պատվերներն եմ տալիս նրանց:


Վերջին հավաքածուի վրա աշխատում եմ տեղացի դիզայներ Նելլի Սերոբյանի հետ։ Ինձ դուր է գալիս նրա պրոֆեսիոնալ աշխատանքային ոճը, դիզայնը, ապրանքանիշի ընկալումը. նման հատկանիշները միասին դժվար է գտնել։

Ես ամեն ինչն եմ

Մարքեթինգ, վաճառք, արտադրություն, համագործակցություն դիզայների հետ. բոլորը ես եմ անում, բացի կարից: Արտադրության սկզբում եւ վերջում ես գալիս եմ Հայաստան ու անձամբ համոզվում, որ ամեն ինչ մեր չափանիշներին համապատասխան է արվում:
 
Քանի որ մարքեթինգի փորձառություն ունեմ, ինչ էլ որ անում եմ, փորձում եմ հեշտացնել, ամենաարդյունավետ տարբերակը գտնել: Ես կանոնները չգիտեմ, ուստի իմ սեփականն եմ ստեղծում, հետո վրան աշխատում եւ ոչ թե կանոնները որպես չափանիշ ընդունում:

Նորաձեւության ոլորտում չափսերը կայուն են, բայց մենք գիտենք, որ դրանք միշտ չէ, որ լավ են գործում, որովհետեւ M-ը բոլոր կանանց համար նույնը չէ. իմ արածը հենց չափսերը փոփոխելն է, որ հարմարավետություն ավելացնեմ, ինչը նորաձեւության ոլորտի մարդը երբեք չէր անի:


Զգեստներ ամեն տեղի համար

Նպատակն է ստեղծել այնպիսի զգեստներ, որ կարող եք հագնել ե՛ւ աշխատավայրում, ե՛ւ երեկոյան խնջույքներին։ Այսինքն`զգեստ, որը բոլոր իրավիճակներում հագնելիս կզգաք հարմարավետ ու գեղեցիկ։ Զգեստն ունի այն ամենը, ինչը հարմարավետ է՝ ներառյալ սմարթֆոնի համար մեծ գրպանները (զգեստները չունեն այնպիսի գրպաններ, ինչպիսիք տաբատների վրա են լինում):

Աշխատանքային զգեստները հիմնականում չափազանց նեղ են, մինչդեռ Եվրոպայում շատ կանայք հեծանիվով են աշխատանքի գնում: AYANI զգեստները հիանալի են աշխատանքի համար, չնայած որոշ մարդիկ ասում են, որ դրանք նաեւ հարսանեկան խնջույքին հագնելու համար են հարմար:

Անի Բաղդասարյանը

AYANI-ի նմուշները տարբեր չափսերի եւ կառուցվածքի 100 կանանց վրա ենք փորձարկել: Բարձր որակի գործվածք ենք ընտրել, որը 20 անգամ լվանալուց հետո էլ պահպանում է տեսքը: Պատրաստում ենք միայն մի քանի մոդելի հոգուստ՝ շեշտը դնում ենք որակի եւ ոչ թե քանակի վրա:

Մարդիկ AYANI զգեստներ կարող են պատվիրել եւ անմիջապես ստանալ, որովհետեւ մենք բոլոր չափսերն ու մոդելները պատրաստի ունենք:

Ինչ վերաբերում է անվանը, ուզում էի՝ այն հայկական մի բան ներառեր, իսկ ամենատարածվածը հայկական ազգանունների «յան» վերջավորությունն է: Տարբերակներ փորձեցի ու կանգ առա AYANI-ի վրա: Կանացի է, կարճ եւ հայկական:

Made in Armenia

Հայաստանում արվում է գործի միայն 10-20%-ը, բիզնեսի մեծ մասը Գերմանիայում է՝ վաճառքը, սպասարկումը: AYANI-ն Բեռլինում նաեւ ունի հագուստը փորձելու ցուցադրության սենյակ, որը կարելի է նախօրոք ամրագրել՝ օրն ու ժամը մեզ հետ համաձայնեցնելով:


Կցանկանայի վաճառքն էլ Հայաստանից անել, սակայն առաքումն անհնար կլիներ, երեք շաբաթ կձգվեր, որ ապրանքը տեղ հասներ: Եվրոպայում առաքումն ամենաշատը 2-3 օր է տեւում, մենք նաեւ ԱՄՆ եւ Կանադա ենք առաքում։

Մտածում ենք՝ Երեւանում փոքրիկ գրասենյակային ցուցասրահ ունենալ, բայց այս պահին իմ գլխավոր նպատակը Հայաստանը գովազդելը եւ հայկական ապրանքը աշխարհին ներկայացնելն է:

Ամալի խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ AYANI-ի

Դիտում՝ 43356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW