Հին Խոտ՝ ժայռերից հյուսված զբոսաշրջային գանձը

10.06.2019 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Խոտ գյուղ #Սյունիք #Տաթեւ
Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, էջմիածին... Զբոսաշրջային մի քանի ուղղություններ, որոնք ոչ բոլոր զբոսաշրջիկներին կարող են գոհացնել, հատկապես, եթե օտարերկրացին Հայաստան այցելում է ոչ առաջին անգամ:

Զբոսաշրջային քարտեզները լրացնելու համար հաճախ հարկավոր է վերարժեւորել առկա ներուժը, գեղեցիկ փաթեթավորել ու տարբեր կապուղիներով հասցնել ճիշտ հասցեատերերին:

Սյունիքի թաքնված զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու նպատակով էլ Banks.am-ի թղթակիցն այցելել է Խոտ գյուղ:  

Ճանապարհորդություն դեպի կարկատած ժայռեր

Խոտ գյուղը տեղակայված է Սյունիքի լեռների ու ժայռերի մեջ՝ Հալիձոր ընկած ճանապարհին: Տեղեկությունները գյուղի մասին շատ կցկտուր են՝ պատմական որոշ փաստեր ու մի քանի լուսանկար:


«3000 տարի առաջ էլ գյուղը էլի կոչվել է Խոտ, իսկ թե ինչու, հազար ու մի տարբերակ են նշում: Նախաքրիստոնեական դամբարանադաշտեր ու բնակատեղի կա պահպանված»,- գյուղի մասին պատմում է խոտեցի Վալերիկ Գրիգորյանն ու մեզ Խոտ գյուղից ուղեկցում դեպի Հին Խոտ:

Երբ «ամենագնաց վիլիսը» բարձրադիր սարահարթից իջնում է դեպի ժայռերով շրջապատված ձոր, սկսվում է էքստրեմալ տուրիզմը: Մեկ մեքենայի համար նախատեսված երթուղին լի է ժայռերի բեկորներով, ու ամեն մի հերթական շրջադարձ կատարելը նոր փորձություն է դառնում նորեկի, բայց ոչ վարորդի ու տեղաբնակների համար:


«Սրանից առաջ ավելի վատ էր ճանապարհի վիճակը: Էս էլ բիզնես նպատակներով են մի քանի տարի առաջ մասամբ հարթեցրել, իսկ տեղացիներն էշերով ու ձիերով են գնացել հին գյուղ»,- ասում է Վալերիկ Գրիգորյանը:
    
Ի վերջո, հաղթահարելով 7 կմ երկարությամբ խորդուբորդ ճանապարհը եւ իջնելով մեքենայից՝ բացվում է անկրկնելի տեսարան, իսկ մեր ուղեկիցը հերթով ցույց է տալիս ժայռերի մեջ «ծվարած» տեղեկությունները, որոնք ստիպում են մագլցել ժայռերի վրայով՝ հասնելու համար քարերով հյուսված պատմական եկեղեցիներին, քարանձավներին ու տներին:


«Ժայռերի վրա տներն են կառուցել, իսկ ձորի հատվածում լավ հողերն օգտագործել են որպես այգիներ: 1970-ականներին Խոտը ժայռերից տեղափոխվում է սարահարթ: Նշում են, որ եղել են թույլ երկրաշարժեր, որոշ փլուզումներ, բացի այդ էլեկտրաէներգիա չի ունեցել հին գյուղը: Աստիճանաբար սարահարթի վրա տեղ է հատկացվել, ու կառուցվել են երկհարկանի տներ: Հին գյուղում մնացել են գյուղացիների այգիները, որոնք սկզբնական շրջանում խնամվել են, բայց ավելի ուշ վատ ճանապարհների պատճառով՝ լքվել»,- ասում է Վալերիկ Գրիգորյանը:


Մաչու Պիկչուի հետքերով եկած օտարերկրացիները

Մինչ գյուղի մասին տեղեկություններ է պատմում մեր ուղեկիցը, օտար լեզվով բառեր են լսվում:

«Հին Խոտ գյուղի մասին համացանցից եմ տեղեկացել, գրված էր հայկական Մաչու Պիկչուն («քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում - խմբ.): Ինչո՞ւ էլ գնամ հասնեմ Պերու, ես էլ որոշեցի գալ Հայաստան՝ առանց վիզայի ու համարյա անվճար: Ամեն ինչ հասանելի է, մարդիկ շատ լավն են, ամեն ինչ ցույց են տալիս, բացատրում: Այստեղ պետք է մեկ օրով գալ, որ ամեն տեղ հասցնես գնալ»,- զարմացնում է Սոչիից արդեն երկրորդ անգամ Խոտ գյուղ հասած Յուլյաննա Դավիդյուկը:

Յուլյաննա Դավիդյուկը

Պարզվում է՝ Հին Խոտ գյուղը Տաթեւ զբոսաշրջային կենտրոնի մեջ ներառված գյուղերից է: Տաթեւի ճոպանուղու կառուցումից հետո շրջանում զբոսաշրջիկների հոսքն ակտիվացել է, բայց քչերն են թեքվում դեպի Հին Խոտ, միայն մի քանիսը, որոնք փնտրում են հին քաղաքակրթության հայկական տարբերակը:

Աշխարհին հայտնի ու ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Մաչու Պիկչուն ընդունում է տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների, իսկ ավելի հին մեր Խոտ գյուղը դեռ սպասում է զբոսաշրջիկների հոսքի:


Ոչխարների խուզման փառատոնն ու Խոտը

Վերջին մի քանի տարիներին գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը, անցկացնում է «Ոչխարների խուզման փառատոն», որի ընթացքում տեղական ապրանքի տոնավաճառ է կազմակերպվում, տարբեր մարզերից ոչխար խուզողներ են գալիս ու մրցում իրար հետ՝ «տկլորացնելով» ոչխարներին:


Փառատոնը գյուղի վարչական տարածքում է անցկացվում, սակայն բուն Խոտ գյուղից 5-6 կմ հեռու է գտնվում՝ բաց դաշտում, ուստի 2500 հյուրերից հատուկենտ մարդիկ կարող են հետաքրքրվել ու գնալ դեպի Խոտ ու վայելել Հին Խոտի պատմական գեղեցկությունը:

Տաթեւ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Սեյրան Հովհաննիսյանն իր վարկածն է նշում, թե ինչու են Հին Խոտում այցելուները քիչ:
    
«Ինֆորմացիան շատ քիչ է մեր գյուղի մասին, բացի այդ, հարակից գյուղեր տանող ճանապարհներն ասֆալտապատվել են, բայց դեպի Խոտ եկող ճանապարհը վատ վիճակում է: Մեր սեփական միջոցներով հնարավոր չէ բարեկարգել, 1.6 կմ ճանապարհ է, անհրաժեշտ է 150 մլն դրամ: Մեր ամբողջ խոշորացված Տաթեւ համայնքի տարեկան բյուջեն է այդքան: Դրան գումարած՝ դեպի հին գյուղ տանող 7 կմ ճանապարհը վատն է»,- պատմում է Սեյրան Հովհաննիսյանը:  

Ավելի վաղ կամավորները զբոսաշրջային ուղի էին գծանշել, որ այցելուներն առաջնորդվեն ծառերի ու քարերի վրայի նշումներով:


Տներն այստեղ բնակեցված չեն, որոշները տանիք չունեն, բայց հետաքրքիր է աուրան՝ չի զգացվում, որ գյուղը լքված է, տներն ավերակ վիճակում էլ կարծես շնչում են:

Խոշոր ներդրման խոստումը

Խոտը շրջակա գյուղերից միակն է, որ ոչ մի հյուրատուն չունի: Զբոսաշրջիկների ավելացող հոսքի կանխատեսումով՝ որոշ խոտեցիներ ցանկանում են վերանորոգել իրենց նախկին տները, որ հյուրերի գիշերակացի համար տարրական պայմաններ ապահովեն:


«Այժմ ռուսաստանաբնակ մի գործարար կա, որն ուզում է Հին Խոտի տարածքում խոշոր զբոսաշրջային կենտրոն կառուցել: Նա մի քանի անգամ գյուղ այցելել է եւ տարածքով հիացած՝ տարբեր մտահղացումներ ունի: Այժմ ընթանում են հողի վարձակալության ճշտումները»,- ասում է Խոտ գյուղի վարչական պատասխանատու Մարտիրոս Գրիգորյանը:

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի  
Դիտում՝ 25172
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW