Միշտ պետք է ձգտենք մրցել հնարավորինս ուժեղ խաղացողների հետ

04.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հարցազրույց “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Թերների եւ 2008թ. հունվարից նրան փոխարինելու եկած Թիմ Սլեյթերի հետ

"Կապիտալ",Դեկտեմբեր 4, 2007 թ.

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” այսօր Հայաստանի առաջատար բանկերից է, իսկ որոշ ցուցանիշներով` միանշանակ առաջատարը: Իհարկե ցանկացած ընկերության հաջողություններ մեծ չափով կապվում են ղեկավարների անվան հետ: Այս պարագայում առաջին հայացքից սա կարող է միանշանակ չհնչել, որովհետեւ խոսքը միջազգային հեղինակավոր կառույցի մասին է: Բայց “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” դեպքը հիրավի օրինակելի է: Այդ մասին խոստովանում են ոչ միայն ՀայասߕU֕ˠֆինանսական ոլորտի մասնագետները, այլ նաեւ հենց իրենք` Խմբի մեջ մտնող մյուս մասնակիցները: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” ներկայիս ղեկավար Էնթոնի Թերները ավարտում է իր առաքելությունը Հայաստանում եւ տեղափոխվում Վրաստան` այնտեղի գրասնեյակը ղեկավարելու համար: 2008թ. սկզբից նրան կփոխարինի Թիմ Սլեյթերը: “Կապիտալը” զրուցել է մեկնող եւ ժամանող տնօրենների հետ:

- Վերջերս “Էյչ-Էս-Բի-Սի” բանկի Ռուսաստանի ներկայացուցիչ Ջոնաթան Հարթլին “Վեդոմոստի” թերթին տված հարցազրույցում վկայակոչել էր “Էյչ-Էս-Բի-Սի”-ի հաջողված փորձը Հայաստանում: Ձեր կարծիքը:

Է.Թերներ
- Ջոնաթան Հարթլիի կողմից շատ վեհանձն քայլ է այդպիսի գնահատական տալ մեր ձեռքբերումներին: Իհարկե, այս ողջ ժամանակահատվածում մենք շատ բան ենք սովորել եւ համոզված եմ` նա նկատի է ունեցել այն, որ 1995-ից ի վեր բավական շատ աշխատանք ենք կատարել, քանի որ շատ դժվար էր գործել մի շուկայում, որը նոր-նոր առաջին քայլերն էր կատարում: Բացի դրանից, հայկական շուկայում առկա էր ռիսկի մեծ գործոն: Հիմնադրման պահից ի վեր` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ներկայանում է որպես արագ աճող եւ առաջատար ֆինանսական հաստատություն, որը կատարում է բազմապիսի գործառույթներ: Կարծում եմ` Հարթլին նույնպես կցանկանար, որ Ռուսաստանում ՙԷյչ-Էս-Բի-Սի՚-ն կարողանար գործել այնպես, ինչպես Հայաստանում եւ դառնար նույնքան առաջատար: Այն, ինչ մեզ հաջողվել է անել Հայաստանում, թեկուզ համեմատաբար փոքր ծավալներով, պարոն Հարթլին կցանկանար Ռուսաստանում իրագործել ավելի մեծ մասշտաբով: Մասշտաբների առումով Հայաստանում եւ Ռուսաստանում բանկի իրականացրած գործունեությունը միանգամայն տարբեր է:

- 1995թ. հայաստանյան շուկա մուտք գործելը “Էյչ-Էս-Բի-Սի”-ի համար ռիսկային քայլ էր: Իրականում ինչը նրան բերեց Հայաստան` շուկայի գրավչությո՞ւնը, թե՞ հայկական սփյուռքի` ի դեմս Վաչե Մանուկյանի, գործոնը:

Է.Թերներ
- Իհարկե, հայկական շուկան 1995թ. շատ ռիսկային էր, եւ պարոն Մանուկյանի դերը մեծ էր “Էյչ-Էս-Բի-Սի”-ի Հայաստան գալու գործում: Նա մեզ օգնեց հասկանալ այդ ռիսկը եւ ընդունել այն որպես իրականություն: Նա շատ վստահ էր իր կանխատեսումներում, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, կունենա աճ եւ այդ ամենից դուրս կգա որպես կոփված, ավելի ուժեղ եւ ավելի զարգացած երկիր: Վաչե Մանուկյանն այդ ամենն ասում էր 12 տարի առաջ, եւ բարեբախտաբար մենք նրան հավատացինք: Փաստորեն, նա իրավացի էր:

- Մի շարք ցուցանիշներով “Էյչ-Էս-Բի-Սի”-ն առաջատար է մեր երկրում: Ի՞նչն է ընկած այդ հաջողության հիմքում` բրե՞նդը, լավ մենեջմե՞նտը, կորպորատիվ կառավարման կուլտուրա՞ն, թե՞ որեւէ այլ գործոն:

Է.Թերներ
- Ձեր նշած բոլոր գործոններն իրենց դերն ունեն: Ավելին, բանկի հաջողությունը պայմանավորված է այդ ամենի ամբողջությամբ: Բրենդի դերը մեծ է, որովհետեւ այն ապահովում է հզոր երաշխիքներ իր հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կատարելու տեսանկյունից: Անկախ այն բանից, թե Հայաստանում ինչ կպատահի` Աստված մի արասցե որեւէ բնական աղետ, քաղաքական կամ տնտեսական ֆորս-մաժորային իրավիճակներ, մենք, միեւնույն է, մեր հաճախորդների առջեւ ստանձնած պարտավորությունները կկատարենք: Բանկն արդեն 142 տարվա փորձ ունի, եւ այդ ամբողջ փորձը սերնդեսերունդ փոխանցվում է եւ տարածվում բոլոր երկրներում, որտեղ մենք գործում ենք: Սա նույնպես մեր բացառիկ ուժեղ կողմերից է:

- Վերջին ժամանակներում մի շարք արտասահմանյան բանկեր են մուտք գործել կամ հայտարարել Հայաստան գալու իրենց մտադրության մասին: Մրցակցային նոր պայմաններում նախատեսո՞ւմ եք, արդյոք, որեւէ մարտավարական կամ ռազմավարական փոփոխություն:

Թ.Սլեյթեր
- Մրցակցությունը մեզ համար նորություն չէ, եւ մենք սովոր ենք դրան: Հաճախ շատերն ասում են, որ մենք այստեղ մրցակցություն չունենք, սակայն ես համամիտ չեմ այդ կարծիքին: Իրականում բանկերի միջեւ հսկայական պայքար է ծավալվել ավելի շատ հաճախորդ ձեռք բերելու համար: Շուկայում նոր մասնակիցների մուտքով, ինչպիսիք են “ՊրոԿրեդիտը”, “Ռայֆայզենը”, “Տրոյկա Դիալոգը”, կբարձրանա մրցակցության մակարդակը եւ կծավալվի ե’ւ ընդհանուր, ե’ւ հատուկ մրցակցություն: Սակայն ես այն խորին համոզմանն եմ, որ, եթե մենք լավ թիմ ենք, ապա միշտ պետք է ձգտենք մրցել հնարավորինս ուժեղ խաղացողների հետ: “Էյչ-Էս-Բի-Սի”-ն միշտ պատրաստ է եւ ցանկանում է մրցել ու հաղթել իր մրցակիցներին:

- Աճող մրցակցությունը հայկական բանկերին ստիպում է մասնագիտանալ բանկային ծառայության կոնկրետ ոլորտներում: Ձեզ դա “սպառնո՞ւմ” է:

Է.Թերներ
- Չեմ կարծում, որ մեր բանկը կկենտրոնանա բանկային ծառայությունների որեւէ կոնկրետ ոլորտում: Մենք բազմազան ծառայություններ ենք մատուցում: Օրինակ` “ՊրոԿրեդիտը” մասնագիտացած է մանրածախ ոլորտում, իսկ “Տրոյկա Դիալոգը”` ներդրումային բանկային ծառայությունների եւ կապիտալի շուկայի ոլորտներում, “Ակբան” մասնագիտացված ծառայություններ է մատուցում գյուղատնտեսության ոլորտում: Այսինքն` այս բանկերն ավելի նեղ ուղղվածություն ունեն: Համոզված եմ, որ մեր բանկը կշարունակի բազմաբնույթ ծառայություններ մատուցել: Միեւնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ մեր որոշ ծառայություններ եւ հաճախորդների սպասարկման ոլորտներ ավելի զարգացած են: Օրինակ` մեր մանրածախ ոլորտը ամենազարգացածն է: Բացի դրանից, ունենք բավական զարգացած առեւտրային ոլորտի բիզնես, որը ներառում է արդյունահանող ձեռնարկություններ եւ իրավաբանական անձանց: Մեր մյուս ուղղությունը կորպորատիվ հաճախորդների սպասարկումն է, որոնց թվում են, օրինակ, Երեւանի կոնյակի գործարանը եւ “ՀայՌուսգազարդը”: Այսպիսով, մենք գործել եւ շարունակում ենք գործել այս երեք ոլորտներում: Իհարկե, որոշ ոլորտներ կարող են ավելի արագ զարգանալ, օրինակ` անհատական բանկային ծառայությունները:

- Որակյալ ծառայություններ մատուցելու համար հարկավոր են որակյալ կադրեր: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում լուծել այս խնդիրը Հայաստանում:

Է.Թերներ
- Ներկայում բանկն ունի 350 աշխատակից: Ինձ վրա մեծ տպավորություն է թողնում այստեղի երիտասարդների պատրաստվածության մակարդակը: Այդ առումով շատ տարբեր է Մերձավոր Արեւելքը, որտեղ նավթի հարուստ պաշարների առկայությունը եւ ինքնահոսի վիճակն առանձնապես չի դրդում երիտասարդներին դեպի կրթությունը: Հայաստանում կյանքը մի տեսակ խիստ պայքար է, որում որեւէ շոշափելի հաջողություն ունենալու համար մարդիկ պետք է շատ լավ մասնագիտական հմտություններ ունենան: Բանկի ցանկացած թափուր պաշտոնի Հայաստանում հավակնում է առնվազն տասը պատրաստի կադր: Այդ առումով մենք հաջողակ ենք, քանի որ կարողանում ենք գերազանց ընտրություն կատարել: Ավելին ասեմ, մեր բազմաթիվ տեղացի աշխատակիցներ Հայաստանից այսօր աշխUߕؖ•Ԡեն “Էյչ-Էս-Բի-Սի”-ի տարբեր գրասենյակներում աշխարհում:

- Հայաստանի կրթական հաստատություններում որեւէ մասնագիտական աջակցություն ցուցաբերո՞ւմ եք Ձեր պոտենցիալ ապագա կադրերին: Ընդհանրապես, ի՞նչ մասնագիտական եւ կրթական վերապատրաստում են անցնում Ձեր աշխատակիցները:

Է.Թերներ
- Ձեր առաջին հարցի հետ կապված` մենք արդեն հանդիպել ենք ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Նա ակնարկել է, որ մենք դեռեւս չունենք աջակցության պաշտոնապես սահմանված կարգ: Հայաստանում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք անմիջական աջակցություն են ցուցաբերում կրթական հաստատություններին: Մի փոքր վաղ է այդ մասին խոսել, սակայն այդպիսի նախագծեր մենք եւս ունենք: Մենք ցանկանում ենք մեր հովանավորչական գործունեությանը պաշտոնական ձեւակերպում տալ: Դա կարող է լինել որեւէ համալսարանի հետ համագործակցության տեսքով: Այսօր մենք առաջարկում ենք լավ կազմակերպված պրակտիկայի ծրագրեր (internship), երբ համալսարանների վերջին կուրսի ուսանողները մեզ մոտ տարբեր բաժիններում ներգրավվում են 1-3 ամսով: Բացի դրանից, կրթական ծրագրեր ենք իրականացնում բանկի աշխատակազմին վերապատրաստելու նպատակով: Թիմ Սլեյթերի հետ արդեն պայմանավորվել ենք նախնական դասընթացի շուրջ: Մենք ունենք լիազորված մասնագետ, ով Լոնդոնում համապատասխան կրթություն է ստացել, որից հետո ձեռք է բերել բանկում ուսուցանելու իրավունք: Տվյալ մասնագետը մասնավորապես ուսուցանում է մեր նախընտրած ծրագրերը, որոնք ներառում են նաեւ մեր մատուցած ծառայությունները: Այս ամենը նպատակ ունի բարձրացնել հաճախորդի հետ անմիջական շփում ունեցող աշխատողների մասնագիտական հմտությունները, որպեսզի այդպիսով լավագույնի հասցվի մատուցվող ծառայությունների որակը: Միայն այս տարի մեր աշխատողներից առնվազն 25 մարդ եղել է Լոնդոնում, որտեղ նրանք կա°մ մասնակցել են այս կամ այն համաժողովին, կա°մ էլ նրանց այցը զուտ կրթական նպատակներ է հետապնդել:

- “Էյչ-Էս-Բի-Սի”-ն հայտարարել է նաեւ Հայաստանում ապահովագրական ծառայություններ մատուցելու մտադրության մասին: Ի՞նչ կասեք այս առումով:

Է.Թերներ
- Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր Խումբը կցանկանար ապահովագրական ծառայություններ մատուցել Հայաստանում: Դա իրականացնելու ճանապարհին հանդիպող դժվարությունները կարող են գործնական բնույթ կրել: Ապահովագրական ծառայությունը մի բան է, որն իրականացնելու համար կարելի է որոշում ընդունել, սակայն դրանից հետո պետք է կարողանալ կյանքի կոչել: Ամենակարեւորը գործնական մասն է: Ապահովագրական ծառայությունների իրականացումը եղել է մեր գերակայություններից մեկը, որը, ցավոք, իմ պաշտոնավարման ժամանակ ես չկարողացա իրականացնել: Համոզված եմ, որ Թիմը կանի դա: Այն, որ մինչեւ հիմա ապահովագրական ծառայություն չենք իրականացրել, մասամբ պայմանավորված է նաեւ շուկայի զարգացվածության հետ: Այդ տեսակետից բավական մեծ աշխատանք են կատարում Հայաստանի Կենտրոնական բանկը եւ Կառավարությունը, որոնք փորձում են ապահովագրական ծառայությունների իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Այդ ամենին զուգահեռ շուկայում առկա է մի տեսակ “վարանողական” մթնոլորտ, քանի որ յուրաքանչյուր ընկերություն սպասում է, թե մյուսը կսկսի զբաղվել ապահովագրական գործունեությամբ, իսկ արդյունքում ժամանակն անցնում է:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

Թ.Սլեյթեր
- Այս 12 տարիների ընթացքում բանկը բավական շատ բան է արել Հայաստանում: Այսօր ե’ւ Հայաստանի, ե’ւ “Էյչ-Էս-Բի-Սի”-ի համար հսկայական հնարավորություններ կան: Բանկն այս տարի բացելու է երեք նոր մասնաճյուղ, որոնցից երկուսը Երեւանից դուրս կլինեն: Հաջորդ տարի նախատեսված է բացել եւս հինգը: Այս պահին ունենք երեք սահմանափակ ծառայություններ մատուցող մասնաճյուղեր եւ փորձում ենք բացել եւս վեց այդպիսի մասնաճյուղ: Մեր բիզնեսն այնքան արագ է աճում, որ մենք տարածքի խնդիր ունենք: Երբեմն հերթեր են գոյանում, եւ ստիպված ենք միջոցներ ձեռնարկել դրանք կրճատելու համար: Հաջորդ տարի նախատեսում ենք նաեւ համակողմանի ինտերնետային բանկային ծառայություններ մատուցել:

Է.Թերներ
- Այսօր Հայաստանում ինտերնետային որոշ ծառայություններ են մատուցում “Կոնվերս”, “Ակբա” եւ “Արդշինինվեստ” բանկները: Սակայն մեր բանկի պարագայում մատուցվելու է ինտերնետային ծառայությունների ամբողջական փաթեթ: Իհարկե, մի փոքր դժվար է տալ այդ ծառայության ամբողջական սահմանումը, սակայն դրա որոշ ձեւեր Հայաստանում արդեն կիրառվում են: Ինքս օգտվում եմ այդ ծառայութունից դրսում, եւ վստահ կարող եմ ասել, որ դա հիանալի ծառայություն է:

- Վերջերս ակտիվ շոշափվում է այն գաղափարը, որ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու ներուժ ունի: Ձեր գնահատականը:

Է.Թերներ
- Դա մի փոքր հավակնոտ է հնչում, սակայն համոզված եմ, որ այն զուրկ չէ տրամաբանությունից: Ինքս կողմ եմ այդ գաղափարին եւ հնարավորինս կաջակցեմ դրա իրականացմանը: Սակայն չպետք է այս ամենին վարդագույն ակնոցներով նայել, քանի որ այդ ճանապարհին ստիպված ենք լինեու առնչվել մի շարք խնդիրների: Դրա համար կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ սահմանային հարցը, որովհետեւ այսօր Հայաստանի երկու հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները փակ են, այսինքն` տարածաշրջանային կարեւոր երկու մասնակիցների հետ կապ չկա: Դժվար է տարածաշրջանում կենտրոն դառնալ, եթե դրա որոշ մասնակիցներ խաղից դուրս են: Իհարկե, նպաստավոր է Հայաստանի աճող տնտեսությունը, բայցեւայնպես, կարծում եմ, մի փոքր վաղ է ֆինանսական կենտրոն դառնալու մասին խոսելը: Դա պահանջում է ժամանակ, զարգացում եւ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն, ինչպես նաեւ նոր մոտեցումներ:

- Իսկ ի՞նչ կասեիք Լիբանանի քաղաքական վիճակով պայմանավորված` այնտեղի բանկերի` Հայաստանում գործունեություն սկսելու հնարավորության մասին:

Է.Թերներ
- Իհարկե, Լիբանանը գերազանց օրինակ է, սակայն չեմ կարծում, որ լիբանանյան գործոնը մեծ դեր ունի: Կարծում եմ, որ լիբանանյան բանկերի մուտքը հայաստանյան շուկա նույնպես պայմանավորված է հայկական սփյուռքի գործոնով: Հայաստանը կարող է իր ֆինանսական ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնել, օրինակ` դեպի Սիրիա: Իհարկե, այնտեղ քաղաքական խնդիրներ կան, սակայն կան նաեւ բանկեր եւ ֆինանսական միջոցներ: Ինչո՞ւ չի կարող Հայաստանը Սիրիային աջակցել գոնե ֆինանսական առումով: Նույնը կարող եմ ասել Իրանի մասին: Սակայն միանշանակ է, որ այդպիսի հնարավոր գործունեությունը դարձյալ կախված է քաղաքական ենթատեքստից:

- Պարոն Թերներ, հետադարձ պլանով` ի՞նչ կուզենայիք անել Հայաստանում, որ չեք հասցրել անել Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում:

Է.Թերներ
- Կուզենայի, որ “Էյչ-Էս-Բի-Սի”-ն ապահովագրական ծառայություններ մատուցեր: Կուզենայի նաեւ ավելի շատ բան տեսնել եւ իմանալ Հայաստանի մասին, ինչը, ցավոք, չեմ հասցրել, քանի որ ստիպված էի շատ աշխատել: Շատ կուզենայի նաեւ շատ ֆուտբոլային խաղեր դիտել: Հայաստանը լավ հավաքական ունի:

- Որպես հեռացող անձ, պարոն Թերներ, որո՞նք են հայերի վերաբերյալ ձեր դրական եւ բացասական տպավորությունները:

Է.Թերներ
- Ես պարզապես հիացած եմ հայկական ընտանիքների ջերմությամբ: Հայկական ընտանիքը շատ ուժեղ միավոր է: Այստեղի մեծ ընտանիքում բոլորը հոգատար են միմյանց նկատմամբ: Ցավոք, մեզ մոտ` Բրիտանիայում, դա այդքան էլ այդպես չէ, ինչը հանգեցնում է լուրջ սոցիալական եւ բարոյական խնդիրների: Ինչ վերաբերում է բացասական կողմերին, կարծում եմ, որ հայերը մի քիչ ավելի զգույշ եւ քաղաքավարի պետք է մեքենա վարեն, կարմիր լույսի դեպքում սպիտակ գիծը չտրորեն եւ անցորդների ճանապարհը չփակեն:

- Կցանկանայի՞ք որեւէ բան ավելացնել, որ մենք չենք հարցրել:

Է.Թերներ
- Եզրափակելու կարգով ասեմ, որ Հայաստանում ներմուծելով այս կամ այն ծառայությունը, “Էյչ-Էս-Բի-Սի”-ն ոչ միայն կատարում է ֆինանսական, այլեւ լուրջ մասնագիտական ներդրումներ, որի փայլուն օրինակն է իմ հաջորդը` Թիմ Սլեյթերը: Դա շատ համեստ է ասված, բայց Թիմն իրոք լավ մասնագետ է եւ իր գիտելիքներով գերազանցում է նաեւ ինձ: Սա վկայությունն է այն ամենի, թե որքան լուրջ է “Էյչ-Էս-Բի-Սի” Խումբը վերաբերվում Հայաստանին:

Զրուցեցին Կարեն Հարությունյանը եւ Սասուն Խաչատրյանը

Դիտում՝ 7155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW