«Մեղր ու բույս» թեյարանը հավակնում է դառնալ Գյումրիի այցեքարտերից

01.02.2019 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Herbs and Honey #Մեղր ու բույս #Արտուշ Եղիազարյան
Տնտեսագետ Արտուշ Եղիազարյանը, վերադառնալով Շվեյցարիայից Հայաստան, որոշել է հայրենի Գյումրիում հիմնադրել Herbs and Honey («Մեղր ու բույս») թեյարանը: Այն դարձել է տեղացիների սիրելի վայրը, որտեղ մատուցվող տեղական թեյերի, խոտաբույսերի եւ մեղրի գաղտնիքը փորձել է բացահայտել Banks.am-ի թղթակիցը:

Օգնելով թեղուտցիներին

Թեղուտում անտառահատման խնդիրը եւ դրա բացասական հետեւանքները, տարիներ առաջ հայտնվելով Արտուշ Եղիազարյանի ուշադրության կենտրոնում, ստիպել են նրան մտածել տեղացիների շրջանում այլընտրանքային տնտեսությունը զարգացնելու մասին:


«Ընկերներով ցանկանում էինք թեղուտցիներին օգնել՝ նրանց մեղրը, խոտաբույսերը, չրերը սպառել: Կամավորական հիմունքներով նրանց մեղրը Երեւան բերեցինք ու վաճառեցինք: Հենց այդ ժամանակ էլ Herbs and honey-ի գաղափարը ծնվեց»,- պատմում է թեյարանի տնօրենը:

Հավակնությունը՝ լինել սոցիալական բիզնես

Բիզնեսը հիմնադրվել է 2018թ. մարտին: Թեյարանը ստեղծվել է անձնական ներդրումների հաշվին, ֆինանսավորման այլ աղբյուրներ չունեն:

Herbs and honey-ն առանձնանում է իր դիզայնով. պատերը զարդարված են բնական չորացրած խոտաբույսերով:

Տնօրենն ընդգծում է, որ այդպիսով փորձում են բնությունը քաղաք բերել եւ մարդկանց զգայուն դարձնել բնության հանդեպ:

Արտուշ Եղիազարյանը

«Մենք հավակնում ենք լինել սոցիալական բիզնես, ունենք վաճառքի ենթակա մեղրի, խոտաբույսերի տաղավար: Թեյարանն առաջին հերթին նպատակ ունի մշակույթ փոխել: Նաեւ հարկ է նշել, որ մյուս թեյարանների մեզ մոտ աշխատավարձերն ավելի բարձր են»,- նկատում է Արտուշ Եղիազարյանը:

Բնական արտադրանք

«Բույս ու մեղր» թեյարան օրական միջինում 50-60 մարդ է այցելում: Աշխատակիցների թիվը 14 է: Հիմնված լինելով բնական արտադրանքի սպառման սկզբունքների վրա՝ համագործակցում է նաեւ 7-8 ընտանիքի հետ՝ գնելով մեղր, խոտաբույսեր, չրեր եւ այլն:


«Մենք փորձում ենք սնունդ գնելիս չաշխատել մեծ ընկերությունների հետ: Օրինակ, այստեղ վաճառվող թեյերը մեծ ընկերությունների չեն պատկանում: Մենք ունենք 60 տեսակի թեյ, որոնցից 8-ը ներկրում ենք, քանի որ Հայաստանում չեն աճում (սեւ եւ կանաչ թեյեր): Մնացածը մեր շահառուների արտադրությունն է. գնում ենք անհատներից՝ հիմնականում Շիրակի մարզի գյուղերից: Այս տարի, օրինակ, վարդ գնեցինք Արարատի մարզից, լորենի՝ Լոռու մարզից»:


Արտուշ Եղիազարյանի խոսքով՝ շուկայում իրենց մրցունակության առաջին գրավականը հենց թեյերն են, որոնք սովորաբար խոտաբույսեր են կամ խոտաբույսերի խառնուրդներ այլ բնական էլեմենտների հետ, օրինակ՝ չրերի, արեւելյան համեմունքների եւ այլն: Herbs and honey-ում կա նաեւ որոշակի գիտական մոտեցում. թեյացանկի մեջ յուրաքանչյուր թեյի դիմաց նշված է, թե ինչին է օգտակար՝ ստամոքսի ցավին, արյան ճնշմանը եւ այլն:


Համագործակցության մասին

«Մենք բաց ենք համագործակցության համար, սակայն տեղական ընկերությունների հետ գործակցության անհրաժեշտություն դեռ չի եղել: Երեւանում հնարավոր է՝ համագործակցենք սրճարաններից մեկի հետ եւ մեր թեյերը ցուցադրենք: Մտածում ենք՝ դուրս գալ շուկա եւ խանութներում էլ մեր արտադրանքը վաճառել»,- նշում է Արտուշ Եղիազարյանը՝ հավելելով, որ այս պահին միայն Շիրակի մարզի բնակիչներից են ձեռք բերում մեղր:

Ցանկություն կա նաեւ Երեւանում մասնաճյուղ բացելու, սակայն դա, ըստ տնօրենի, հնարավոր կլինի վստահելի գործընկեր ունենալու դեպքում:


Գյուղական տուրիզմի զարգացման տեսլական

Արտուշ Եղիազարյանն այսքանով չի սահմանափակվում. ունի նաեւ գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր: Շիրակի մարզի գյուղերում հնարավոր է՝ ստեղծի հոգեւոր եւ ֆիզիկական հանգստության կենտրոն, որը կներառի մեդիտացիա, յոգա, էթնիկ բույսերի, հանքային ջրերի բացահայտում եւ այլն:


«Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ կա: Օրինակ, Աշոցքը՝ իր բուսականությամբ, ջրային ռեսուրսներով շատ հարմար վայր է: Ինձ համար շատ կարեւոր է տեղական արտադրանքն արժեւորելը: Ես շատ եմ մտածել, թե որն է Շվեյցարիայի զարգացման գրավականը, եւ դա այն է, որ շվեյցարացիները գիտակցել եւ իրենց բնությունը բրենդ են դարձրել: Մենք էլ շատ արժեքավոր բաներ ունենք, որոնք հրաշալի նախադրյալներ են տուրիզմի զարգացման համար»:

Տեքստը եւ լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 13552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW