"Հայոց աշխարհ", Նոյեմբեր 7, 2007 թ. Հայաստանի բանկային շուկայում այս տարի նկատվում է վարկավորման կտրուկ ակտիվացում. միայն երրորդ եռամսյակում առեւտրային բանկերի վարկային պորտֆելն ավելացել է շուրջ 200 մլն դոլարով: Նման ցուցանիշ բանկային համակարգում երբեւէ չէր գրանցվել: Տրամադրված վարկերի ընդհանուր գումարն արդեն գերազանցում է 1,1 մլրդ դոլարի սահմանագիծը, որից ավելի քան 400 մլն դոլարն իրականացվել է այս տարվա ընթացքում: Տարեսկզբին Հայաստանի 21 առեւտրային բանկերի վարկային պորտֆելը 243 մլրդ դրամ էր: Ինը ամսվա ընթացքում այն ավելացել է 131 մլրդ դրամով կամ շուրջ 54 տոկոսով: Համեմատության համար ասենք, որ 2005թ. վերջին Հայաստանի տնտեսության մեջ բանկերի ներդրած վարկային գումարը 188 մլրդ դրամ էր: Այսինքն` գրեթե մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկվել է: Արձանագրված զարգացումները չափազանց լուրջ առաջընթաց են վարկային շուկայի համար, առավել եւս, որ դրա պահանջարկը խիստ մեծ է: Ֆինանսավորման ծավալների ավելացմանը զուգահեռ հետաքրքիր զարգացումներ են կատարվել նաեւ վարկավորման կառուցվածքում: Ինչպես հայտնի է, բավական երկար ժամանակ բանկերը գրեթե դադարեցրել էին վարկավորել տնտեսության իրական հատվածը: Ասենք` անցած տարի արդյունաբերությանը հատկացված վարկերի ծավալը մնացել էր նույնը: Եթե տարեսկզբին այն մոտ 39,1 միլիարդ էր, ապա տարեվերջին` 39,2 մլրդ դրամ: Այս տարի վիճակը կտրուկ փոխվել է: Թվում է` տարիներ շարունակ արդյունաբերության եւ բանկային համակարգի կտրված կապը վերականգնվում է: Ինը ամսվա ընթացքում արդյունաբերական հատվածին բանկային համակարգը հատկացրել է շուրջ 20 մլրդ դրամի վարկ: Այլ կերպ ասած, ավելացել է գրեթե 30 տոկոսով` հասնելով մոտ 58 մլրդ դրամի: Դժվար է միանշանակ ասել, թե ինչով է պայմանավորված նման կտրուկ փոփոխությունը, բայց մի բան պարզ է, որ վարկավորման ակտիվացումը եւ տնտեսության իրական հատվածում ֆինանսական միջոցների ներգրավումն առաջին հերթին նպաստավոր դեր կունենա ինչպես նոր տեխնոլոգիաների ներգրավման, այնպես էլ արտադրողականության բարձրացման համար: Ինչպես հայտնի է, ազգային արժույթի ուժեղացման պայմաններում Հայաստանի տնտեսությունն առաջին հերթին տուժում է արտադրողականության ցածր մակարդակի պատճառով: Ուստի ներդրումների եւ նոր տեխնոլոգիաների ներդրումն այդ առումով ունի կարեւոր նշանակություն: Արդյունաբերության ոլորտին զուգահեռ պահպանվել է վարկավորման ակտիվությունը նաեւ վերջին տարիներին ավանդական դարձած ոլորտներում` առեւտուր, հիպոթեկային եւ սպառողական շուկաներ: Այսինքն` տնտեսության իրական հատվածում մեծացնելով ֆինանսական միջոցների ներհոսքը, առեւտրային բակերը դա չեն իրականացրել այլ ոլորտների հաշվին: Այսօր բանկերի վարկային պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սպառողական վարկերը: Դրանք գումարներ են, որ ուղղվում են հասարակության այս կամ այն կարիքի բավարարմանը: Խոսքը կենցաղային տեխնիկայից մինչեւ ավտոմեքենայի ձեռքբերման մասին է: Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են օգտվում բանկերի այս վարկային պորտֆելից, որքան էլ պայմանները բավականաչափ խիստ են: Սպառողական վարկերի ավելացումը հասարակության սոցիալական վիճակի յուրահատուկ ինդիկատոր է, որովհետեւ դրանց տրամադրումը ենթադրում է որոշակի եկամտային նորմերի ապահովում: Միայն այս տարվա ընթացքում սպառողական վարկերն ավելացել են 35 մլրդ դրամով` հասնելով 103 միլիարդի: Համեմատության համար ասենք, որ 2006թ. ինը ամիսներին սպառողական վարկերի աճը եղել է ընդամենը 8,8 մլրդ դրամ: Այսինքն` այս տարի շուրջ 4 անգամ ավելի շատ վարկեր են տրամադրվել: Ինը ամսվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է առեւտրային բանկերի տրամադրած հիպոթեկային վարկերի ծավալը. եթե տարեսկզբին 23,7 միլիարդ էր, ապա հոկտեմբերի 1¬ի դրությամբ հասել է շուրջ 46 մլրդ դրամի: Միայն վերջին եռամսյակում այս ոլորտին ուղղված բանկային գումարներն ավելացել են 10 մլրդ դրամով: Ընդ որում, հատկապես վերջին երեք ամիսներին վարկային շուկայի ակտիվացումն ակնհայտ է գրեթե բոլոր ոլորտներում: Սա վկայում է, որ սկսված գործընթացը գնալով խորանում է: Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկում` շինարարության ոլորտում առեւտրային բանկերն այս տարի վարկավորման ձեւով ներդրել են շուրջ 6 մլրդ դրամ: Տարեկան 20¬30 տոկոս աճ ապահովող ոլորտում սա այնքան էլ մեծ գումար չէ: Ուստի կարելի է ենթադրել, որ շինարարության աճն առաջին հերթին պայմանավորված է արտաքին ներդրումներով: Ֆինանսական շուկայում այս զարգացումները հիմք են տալիս ասելու, որ տեղի է ունենում բանկային կապիտալի աշխուժացում: Դա դրսեւորվում է ինչպես սեփական, այնպես էլ ներգրավվող կապիտալի ավելացման հաշվին: Նշենք, որ այս տարվա ինը ամսվա ընթացքում բանկերի զուտ շահույթները եղել են ավելի քան 16,7 մլրդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը: Մյուս կողմից` բարձրացել է բանկերի նկատմամբ հասարակության վստահությունը, որը պայմաններ է ստեղծել ավանդների եւ, հատկապես դրամային ավանդների, ներգրավման համար. միայն անցած եռամսյակում դրանք աճել են ավելի քան 16 տոկոսով: ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ Tweet Դիտում՝ 6745