Դիլիջանում «Գարաժ» փաբի տեղն առաջինը զբոսաշրջիկներն իմացան։ Հետո լուրը տարածվեց տեղացիների ու նաեւ Դիլիջան այցելողների շրջանում։ Ակտիվություն սկսվեց, շարժը շատացավ, բայց տեղացի կանանց համար «Գարաժ»-ի դռները շարունակեցին փակ մնալ, չնայած տերերը դիլիջանցի աղջիկներ են՝ Աննա Դավթյանն ու Պանաիլա Դինգյալինդին։Ազգությամբ հույն (բայց Հունաստանը երբեք չտեսած ու Հայաստանում ծնված-մեծացած) Պանաիլան ու Աննան նաեւ հագուստի փոքրիկ խանութ ունեն։ Զբաղվում են սպորտով եւ պնդում են՝ հեծանիվի մշակույթը Դիլիջանում հենց իրենք են ձեւավորել։ Banks.am-ի լրագրողն այցելել է Դիլիջան, զրուցել աղջիկների հետ, պարզել նրանց բիզնեսի առանձնահատկությունները:«Գարաժ»-ը՝ Դիլիջանի միակ փաբըՉորս ամիս առաջ Աննային ու Պանաիլային բանկը մեկ միլիոն դրամ վարկ տրամադրեց՝ սեփական փոքրիկ բիզնեսը հիմնելու համար։ Թե ինչ բիզնես էին ցանկանում հիմնել այդ գումարով, երկար չմտածեցին՝ Դիլիջանում փաբեր չկան։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Պարզեցինք, որ գրասենյակային մի տարածք կա, որը նոր է ազատվել։ Չգիտեինք, կոնկրետ ինչ էինք ուզում, բայց երազում էինք մի յուրահատուկ վայր ստեղծել։ Մեկ միլիոն դրամով երազանքն ամբողջությամբ իրականացնել դժվար էր, դրա համար օգնության հասավ ստեղծարար միտքը»,- պատմում է Պանաիլան։Մի քանի օրում աղջիկները գտան ավտոմեքենաների հին ու անպետք անիվներ, դրանք վերածեցին սեղանների։ Գտան նաեւ ավտոմեքենաների անպետք նստարաններ, դրանք ծառայեցրին որպես աթոռներ, իսկ գարեջրի դատարկ շշերը կախվեցին առաստաղից որպես լուսամփոփ։ Հենց այդ «կահավորանքի» շնորհիվ էլ փաբն անվանեցին «Գարաժ»։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այստեղ սպասքը եւ մթնոլորտը միայն մետաղից է»,- կատակում են աղջիկներն ու պատմում, որ երբեմն ոչ դիլիջանցի հաճախորդներ են փաբ այցելում, որոնք մի քանի բաժակ ալկոհոլ խմելուց հետո պահանջում են տնօրենին կամ մենեջերին։«Եվ այդ ժամանակ մենք մոտենում ենք, բացատրում, որ փաբի տնօրենը, մենեջերը, մատուցողը հենց երկուսով ենք, եւ եթե հարցեր ունեն, դիմեն մեզ»,- պատմում է Աննան։ Պանաիլան ու Աննան Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբեմն հարցը հասնում է ծեծկռտուքներին։ Ասում են՝ հարբած հաճախորդների «տեսակ» կա, որ դժվարանում է պահել ինքնատիրապետումը։ Նրանց զսպում է Պանաիլան, որը 12 տարի բռնցքամարտով է զբաղվել։Սպորտն ու հեծանիվի չստացված բիզնեսըԱննան նույնպես սպորտով է զբաղվել եւ աղջիկներին 20 տարի առաջ միավորել է հենց սպորտը, սկզբում մրցակիցներ են եղել, հետո՝ ընկերացել։Պանաիլան բռնցքամարտը թողել է երկու տարի առաջ։ Աննան որպես մասնագիտություն սկզբում ընտրել է հաշվապահությունը, բայց մի քանի ամիս հետո հասկացել, որ ցանկանում է ֆիզկուլտուրայի ուսուցչուհի դառնալ։ Այդ օրվանից հետո արդեն վեց տարի է՝ Դիլիջանի 4-րդ դպրոցը չի լքում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Առավոտյան, երբ գալիս եմ դպրոց, համարում եմ, որ աշխատանքի չեմ եկել։ Իմ կյանքում միակ բանը, որ համարում եմ աշխատանք, սկսվում է ժամը 15:00-ից հետո, երբ բացում եմ խանութը։ Մի անգամ փորձեցի մասնավոր պարապմունքներ անցկացնել։ Մեկ ամիս հետո եկավ մի պահ, որ երեխաներին սկսեցի հաշվել ըստ գումարի, ասենք 5 հոգի են՝ 25 000 դրամ, եւ աշխատանքը սկսեց այլեւս հաճույք չպատճառել։ Ես դադարեցրի այդ մասնավոր պարապմունքները»,- պատմում է Աննան։Հաջորդ օրը գումար աշխատելու այլ տարբերակ է մտածել։ Պանաիլայի հետ 400 հազ. դրամ վարկ են վերցրել բանկից, հեծանիվներ գնել ու սկսել վարձույթով տրամադրել՝ ժամը 500-1000 դրամ։ Հավաքված ամբողջ գումարն օգտագործել են դպրոցի հանդերձարանները նորոգելու համար։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Դպրոցի մարզադահլիճը սարսափելի վիճակում է, ո՛չ հատակ կա, ո՛չ պատ, որոշեցինք դա էլ նորոգել, բայց գումարը չբավարարեց, ու դպրոցը շարունակում է մնալ առանց մարզադահլիճ։ Պարապմունքները միջանցքում ենք անցկացնում, իսկ տաք եղանակին՝ դրսում, ֆուտբոլի դաշտում»,- ասում է Աննան՝ ցույց տալով դահլիճում մնացած ներկի կիսատ տարրաները։Հեծանիվների բիզնեսը շուտով փակել են։ Շուտով քաղաքում հայտնվել է զբոսաշրջային մեկ այլ ընկերություն, որը սկսել է մի քիչ ավելի թանկ, բայց ավելի լավ հեծանիվներ տրամադրել։ Աննայենց ձեռք բերած հեծանիվները շուտով հայտնվել են հագուստի խանութում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայկական հագուստի խանութը՝ առաջին բիզնես«Հեղափոխությունից հետո հեղափոխվեցինք եւ որոշեցինք, որ ուզում ենք մեր բիզնեսն ունենալ»,- հիշում է Աննան։Մեկնարկային 500 հազ. դրամով, որը նորից վարկով էին ձեռք բերել, աղջիկները Դիլիջանի կենտրոնում վարձակալում են տարածք, որտեղ վաճառում են միայն հայկական արտադրության սպորտային հագուստ։ Ո՞ր արտադրողներից են գնում, անուններ չեն նշում, իրենց հետ համագործակցող ընկերությունները, ներքին՝ այլ գնային տարբերակներով են աշխատում, չեն ցանկանում՝ գործը տուժի։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Առաջին մեկ շաբաթում մեր խանութում միայն մեկ չափսի եւ մեկ գույնի հագուստ էր։ Շատ ծիծաղելի էր, որ եթե հաճախորդը հավանում էր օրինակ որեւէ մարզաշապիկ եւ հարցնում էր չափը, մենք ասում էինք, որ արդեն սպառվել է, չնայած միայն այդ մեկ տարբերակն ունեինք հենց սկզբից»,- պատմում է Պանաիլան։Խանութում գնորդների պակաս չունեն, միայն թե առձեռն, կանխիկ վճարումները հազվադեպ են։ Այստեղ ՀԴՄ կտրոնները «տպվում են» տետրի էջերում՝«պարտքով» ցուցակների հաստությունը կազմում է արդեն մի քանի տետր։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Աղջիկները, սակայն, չեն դժգոհում, ասում են՝ մի քաղաքից են, մի օր գումարը կվերադարձնեն, կարեւորը վարկերի մարման օրն անհրաժեշտ գումարը հավաքած լինեն։Տեքստն ու լուսանկարները՝ Լուսին Մկրտչյանի Tweet Դիտում՝ 8130