Գյումրիի ներառական փուռ-սրճարանը կարծրատիպեր է կոտրում

26.10.2018 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Արեգակ» #փուռ #Տիգրանուհի Հակոբյան
Գյումրիի հենց սրտում՝ Աբովյան 242 հասցեում, արդեն մեկ ամիս է, ինչ գործում է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը։ Սա վայր է, որտեղ կարող են աշխատել բոլորը՝ հաշմանդամություն ունեցող եւ ոչ հաշմանդամ երիտասարդներ, նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Banks.am-ը զրուցել է ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանի հետ՝ պարզելու հայեցակարգի մանրամասները։

Գաղափարից մինչեւ իրագործում

«Արեգակ» սրճարանը «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ռեսուրս կենտրոնի ծրագիրն է, որն իրականացվում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության եւ «Կարիտաս Ավստրիայի» համաֆինանսավորմամբ:

«Էմիլի Արեգակը» գործում է 2015-ից։ Կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանի խոսքով՝ աշխատանքի առաջին իսկ օրվանից կարեւորել են այն, թե ինչ հնարավորություններ են ունենալու իրենց սաները չափահաս դառնալուն պես։ Հենց այս մտորումների արդյունքում էլ ծնվել է ներառական փուռ հիմնելու գաղափարը։

«Գյումրիում առաջին ներառական սրճարան եւ փուռ հիմնելու մտահղացումը ներկայացրինք 2016թ. Եվրոպական միության հայտարարած հասարակական կազմակերպությունների հզորացման ծրագրերի մրցույթում։ Նույն տարվա վերջում ծրագիրը հաստատվեց, որին հաջորդեց բուռն աշխատանքային փուլը»,- պատմում է Տիգրանուհի Հակոբյանը։

Տիգրանուհի Հակոբյանը

Աշխատատեղեր բոլորի համար

21-ամյա Գրիշան հոկտեմբերի սկզբում կնքեց իր առաջին աշխատանքային պայմանագիրը։ Նա հաշմանդամություն ունեցող այն չորս երիտասարդներից է, որ իրենց ցուցաբերած պատրաստակամության եւ մեծ ցանկության շնորհիվ վաստակեցին սրճարանում աշխատելու իրավունքը։

Գրիշան «Արեգակում» տարատեսակ աշխատանքներ է կատարում, սակայն դրանցից առանձնացնում է սուրճ պատրաստելը։ Աշխատանքը շատ է սիրում եւ ապագայում էլ իրեն նույն ոլորտում է տեսնում։


Այս պահին «Արեգակում» աշխատում են հաշմանդամություն ունեցող չորս եւ ոչ հաշմանդամ երկու երիտասարդներ, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների չորս մայրեր։ Տիգրանուհի Հակոբյանը լիահույս է, որ շուտով կկարողանան ավելացնել աշխատատեղերի թիվը։

Հացի նոր մշակույթ

Ներառական փռում պատրաստում են գերմանական, ավստրիական, ֆրանսիական ու ռուսական հացեր, կրուասաններ ու թխվածքներ։ Տիգրանուհի Հակոբյանի խոսքով՝ Գյումրիում հացի պատրաստման նոր մշակույթ են ձեւավորում։

«Ծրագրի ընթացքում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին կամավոր հիմունքներով վերապատրաստել է Երեւանում հայտնի խոհարար, հացաբուլկեղենի ոլորտի փորձագետ Վարդուհի Մանուկյանը։ Նրա աշխատանքի շնորհիվ մարդիկ, որոնք առաջին անգամ էին տեսնում կրուասան, այսօր արդեն անձամբ ֆրանսիական տեխնոլոգիայով խմոր են պատրաստում եւ համեղ կրուասաններ թխում»,- նշում է ծրագրի ղեկավարը՝ ընդգծելով, որ խմորը երկար հասունացման գործընթաց է անցնում, որի շնորհիվ էլ ստանում են ցանկալի որակը։


Աշխատում են Եվրոպայից ներկրված լավագույն սարքավորումներով։ Դրանց ընտրության հարցում եւս խիստ նրբանկատ են եղել՝ գնելով օգտագործման համար հնարավորինս պարզ տեխնիկա։   

Տիգրանուհի Հակոբյանի խոսքով՝ սրճարանն արդեն հասցրել է սիրվել գյումրեցիների կողմից։ Թերեւս միակ խնդիրն այն է, որ երեւանյան գներից ավելի մատչելի լինելով հանդերձ՝ պատրաստվող հացը փոքր-ինչ թանկ է բնակիչների համար։ Այն տատանվում է 300-500 դրամի սահմաններում։

Հասարակական ինտեգրում

Սրճարանը մատչելի է բոլորի համար՝ ստեղծված պարզ հարմարությունների շնորհիվ. թեքահարթակ, լայն դուռ, հատուկ հարմարեցված սանհանգույց։ Այս ծրագրով հեղինակները նաեւ ապացուցում են, որ հնարավոր է հին շենքերը ձեւափոխել եւ ստեղծել խելամիտ հարմարություններ։


Տիգրանուհի Հակոբյանը շեշտում է՝ ծրագրի նպատակը միայն բիզնեսը չէ։ Առաջնային խնդիր է հասարակության վերաբերմունքի փոփոխությունը։

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին պետք է տրվի իրենց կարողությունները ներկայացնելու հնարավորություն։ Նրանք եւս մրցունակ են աշխատաշուկայում եւ կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի տնտեսության զարգացման հարցում»,- ասում է նա։

Տիգրանուհի Հակոբյանը կարծում է, որ ծրագիրն իրեն կարդարացնի ոչ միայն արտադրանքի բարձր որակի, այլեւ տարածաշրջանում առաջինը լինելու շնորհիվ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես զբոսաշրջիկների շրջանում։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի
Դիտում՝ 9692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW