Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում 21 երիտասարդների հանկարծակի հայտնվելը տեղացիների մոտ արթնացրեց սկզբում զարմանք, հետո` անորոշություն, այնուհետ՝ վստահություն: Թե ինչպես «Երազանքի տունը» դարձավ վարակիչ օրինակ եւ վերածվեց «Երազանքի գյուղ» սոցիալական բիզնես նախագծի՝ Banks.am-ին պատմել են նախագծի անդամներից Անի Մխիթարյանը եւ Գագիկ Կոնջորյանը: Ունիվերսալ թիմԱմեն ինչ սկսվեց 2017թ. ձմռան մի երեկո, երբ 21 ընկերներով զրուցում էին գյուղի խնդիրների շուրջ: Քննարկումների ընթացքում միաձայն հասկացան, որ զարգացման մեծ ներուժ ունեցող գյուղերը մեկը մյուսի հետեւից դասվում են մեռնող բնակավայրերի շարքին, որովհետեւ գյուղացին ինքն էլ չգիտի այդ ներուժի մասին, առավել եւս՝ ինչպես օգտագործել այն:Երկար քննարկումների արդյունքում մասնագիտությամբ, գործի բնույթով կամ ապրելակերպով գյուղի հետ կապված ընկերները որոշեցին գտնել Հայաստանի ամենավատ վիճակում գտնվող գյուղը եւ այն դարձնել «նախանձելի» ու օրինակելի բնակավայր բոլորի համար: «Բոլորս տարբեր ոլորտի ներկայացուցիչեր էինք՝ սկսած գյուղատնտեսից մինչեւ մարկետոլոգներ, տուրիզմի ներկայացուցիչներ եւ այլն,- պատմում է նախագծի անդամներից Գագիկ Կոնջորյանը: -Հասկացանք, որ ունենք մասնագետների լուրջ պաշար եւ ընդհանուր գաղափարի շուրջ միավորվելու դեպքում կարող ենք լուրջ նախագիծ իրականացնել»: «Երազանքի գյուղը»՝ Դրախտիկ«Ծրագրի սաղմնային փուլում որոշել էինք ինչ-որ մի գյուղում տուն գնել, դրա շուրջ գյուղատնտեսական տարածք մշակել եւ այն դարձնել «երազանքի տուն», որը կվարակի գյուղացիներին, եւ նրանք, արդյունքը տեսնելով, իրենք էլ ինչ-որ բան կփորձեն անել»,- պատմում է թիմի անդամներից Անի Մխիթարյանը:Հայաստանի բնակավայրերի երկար ցուցակը մաղելուց հետո ընտրությունը կանգ է առել Սեւանի ավազանի, հետո արդեն՝ Դրախտիկ գյուղի վրա. չեն հերքում՝ անունը գրավիչ էր:«Փոքր, մոտ 1000 բնակիչ ունեցող գյուղ է Սեւանի ափից 7 կմ (հետո պարզվեց՝ 3 կմ) հեռավորության վրա,- պատմում է Անին: -Երբ առաջին անգամ գնացինք այնտեղ, ձմեռ էր: Առաջին բանը, որ մեզ ապշեցրեց, պտղատու ծառերի վրա կամ ծառերի տակ թափված չորացած միրգն էր: Հասկացանք, որ տեղացիները շահագրգռված չեն բերքը ո՛չ հավաքելու, ո՛չ վերամշակելու, ո՛չ էլ վաճառելու հարցում»:Ընտրությունը ճիշտ էր. հենց դա էլ կլինի երազանքի գյուղը: Տեղացիների զննող հայացքներին ժպիտով պատասխանելով՝ գտան երկհարկանի լքված մի տուն, բոլոր 21 անդամներով կատարեցին հավասար ներդրումներ եւ սկսեցին այն կարգի բերել: Երազանքի տունը Գյուղական համայնքում լքված տան շուրջ ստեղծված աշխուժությունը գրավեց սկզբում տեղացիների, հետո նաեւ՝ դոնոր կազմակերպությունների ուշադրությունը: Համատեղ ջանքերի արդյունքում կարճ ժամանակ անց սկսվեցին տան վերանորոգման աշխատանքները, եւ նախատեսվում է այն վերածել գյուղի մշակութային կենտրոնի: Դրախտիկի պոտենցիալը«Առաջին այցելությունների ժամանակ խնդիր ունեինք հասկանալու՝ ինչ պոտենցիալ ունի գյուղը. փորձեցինք համակարգել եւ գույքագրում անել»,- պատմում է Գագիկը: Քանի որ նախագծի անդամների շարքերում կան նաեւ տուրիզմի ներկայացուցիչներ, առաջին քայլերը սկսեցին հենց այս ուղղությունից: «Առաջին արշավը կազմակերպեցինք ինքներս մեզ համար՝ փորձելով հասկանալ՝ ինչ արշավային ուղղություններ կան, որոնք կարող են հյուրեր բերել Դրախտիկ: Պարզեցինք, որ ալպինիզմի մեծ հնարավորություններ կան. գյուղը գտնվում է Արեգունու լեռնաշղթայի հյուսիսարեւելյան լանջերին եւ ամենամոտ կետն է՝ որտեղից կարելի է բարձրանալ Արեգունու լեռնաշղթայի ամենաբարձ գագաթը՝ Կարկտասարը»,- ասում է Գագիկը՝ հիշելով, որ իրենք էլ բարձրացել են սարը եւ իջել հակառակ ուղղությամբ, որպեսզի ավելի լավ ծանոթանան տեղանքին: Գագիկ Կոնջորյանը Բացի այդ, նա նշում է, որ տեղանքը հարուստ է ալպիական մարգագետիններով, ջրվեժներով, իսկ հենց գյուղով անցնող երկու գետերը հիշեցնում են Եփրատ եւ Տիգրիս գետերի միախառնման միջագետքյան հատվածը: Մյուս կողմից, տարածաշրջանի երկրները կապող Տրանսկովկասյան արահետի մի հատվածն անցնում է հենց Դրախտիկի կողքով, ինչը, իր հերթին, զբոսաշրջիկների մեծ հոսք կարող է ապահովել: Ափամերձ տարածք«Երբ սկսեցինք ավելի հաճախ գյուղ այցելել, պարզեցինք որ դրանից մոտ 3 կմ հեռավորության վրա կա հանրային նշանակության ափ, բայց այնպիսի վիճակում էր, որ օգտագործելու համար պիտանի չէր»,- պատմում է Գագիկը:Շատ արագ հասկացան, որ գյուղի զարգացման կարեւոր գրավականներից մեկը հենց ափի բարեկարգումն է եւ արագ սկսեցին աշխատանքները: «Լայնամասշտաբ աշխատանքներ ենք կատարել կամավորների օգնությամբ. առաջին հերթին մաքրել ենք ափը՝ մոտ 700-800 մետր տարածք, որտեղից 3 բեռնատար պլաստիկ ենք դուրս հանել,- պատմում է Գագիկը: -Երկրորդ քայլով փորձել ենք դրախտիկցու մեջ մեծացնել այն գաղափարը, որ ինքն է ափի տերը, եւ ինքն էլ պետք է հետեւի դրա հետագա մաքրությանը»: Գագիկ Կոնջորյանը նշում է, որ այժմ ափի բարեկարգման եւ ընդլայնման աշխատանքները շարունակվում են. նպատակ կա ստեղծել մոտ 1 կմ երկարությամբ լողափ, զարգացնել ջրային տուրիզմը եւ ընդհանրապես՝ ափամերձ հատվածին բնորոշ ենթակառուցվածքները՝ միաժամանակ վնաս չհասցնելով բնությանը եւ պահպանելով շրջակա «վայրի» միջավայրը:Զբոսաշրջիկների համար Թիմի մտավոր եւ ֆինանսական ներդրումը երկար սպասեցնել չտվեց: Առաջին հայացքից նրանց խոժոռ հոնքերով դիմավորած տեղացիները կարճ ժամանակ անց նրանց կնքեցին «21 հրեշտակներ» անունով, ոգեշնչվեցին նրանցով եւ իրենք էլ անցան գործի: «Հուլիսին Դրախտիկի ափամերձ հատվածում կազմակերպեցինք «գույների փառատոն». դրան զուգահեռ անցկացվում էր նաեւ գյուղատնտեսական տոնավաճառ, որտեղ իրենց գյուղմթերքն էին վաճառում տեղի եւ շրջակա գյուղերի բնակիչները»,- պատմում է Անին:Փառատոն-տոնավաճառը լուրջ խթան հանդիսացավ տեղացիների համար. հասկացան, որ գյուղը զբոսաշրջային ներուժ ունի եւ անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ: Արդյունքում տեղացիներից մի քանիսն արդեն հարմարեցրել է իր տները գիշերակացի համար եւ դրանք վերածել B&B-ների: «Փորձում ենք տեղացիների հետ այնպես աշխատել, որ տունը հյուրերի համար հարմարեցնելիս գյուղական կոլորիտը չաղավաղվի: Ագրոտուրիզմ ենք ցանկանում զարգացնել, երբ զբոսաշրջիկը կարող է գնալ գյուղ եւ ապրել գյուղացու կյանքով՝ սար բարձրանալ, խոտ հնձել, կով կթել»,- ասում է Գագիկը: Նա նաեւ զարմանքով նկատում է, որ որոշ B&B-ներում անգամ փոքրիկ անկյուն է առանձնացված, որտեղ տանտերերը վաճառում են իրենց ձեռքի աշխատանքները՝ սկսած ուտելիքից մինչեւ կենցաղային առարկաներ: Նախագծի հեղինակները պնդում են, որ դա հենց տեղացիների գաղափարն է, ընդ որում՝ արդեն հաջողված: «Բոլորովին վերջերս էլ հիմնադրվել է «Երամակ» ձիարշավարանը: Տեղացիները ձիեր էլ ունեն, ախոռներ էլ, հասկացել են, որ դրանից կարող են եկամուտ ստանալ ու բիզնես պրոյեկտ են հիմնել»,- նշում է Գագիկը: Բիզնես կոնցեպտԺամանակի ընթացքում 21 հրեշտակների՝ պարզապես վարակիչ օրինակ լինելու նախագիծը վերափոխվեց, մշակվեց եւ այսօր արդեն վերածվել է սոցիալական բիզնեսի: Ընդ որում, նախագծի հեղինակները նշում են, որ Դրախտիկի նախագիծը պիլոտային ծրագիր է, եւ նպատակ կա նույն օրինակով զարգացնել նաեւ այլ համայնքներ: Ծրագրի հեղինակները նախատեսում են աշխատել երկու ճակատով: Խուսափելով դեռ մշակման փուլում գտնվող մանրամասներ հայտնելուց՝ նրանք նշում են, որ մի կողմից՝ կլինի խորհրդատվական մարմին, որը կաշխատի տեղացիների հետ, կզարգացնի հյուրատնային բիզնեսը: Մյուս կողմից՝ հիշեցնում են, որ սա պիլոտային ծրագիր է, եւ հաջողության դեպքում աշխարհագրությունը կընդլայնվի եւ բիզնես մոդելը կվաճառվի: Նոր մտածելակերպ«Կարելի է ասել՝ մեր սկզբնական գաղափարը՝ նախանձելի օրինակ լինել, արդեն իրագործվել է,- ասում է Անին: -Կարող եք մտնել գյուղ եւ ցանկացած մեկին հարցնել՝ որտեղ է «Երազանքի տունը», նրանք մինչեւ վերջ ձեզ ճանապարհը ցույց կտան»:Գագիկն էլ հավելում է, որ իրենց ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ այս ընթացքում փոխվել է դրախտիկցիների մտածելակերպը, եւ նրանք այժմ ավելի կառչած են իրենց համայնքին: Նա հիշեցնում է, որ Դրախտիկը համեմատաբար նոր գյուղ է. այն վերաբնակեցված է Ադրբեջանի հայ փախստականներով, հետեւաբար՝ բնակիչներից շատերի մոտ այնպիսի ընկալում կա, որ իրենք այդտեղ եկվոր են: «Մենք կարող էինք Դրախտիկի բոլոր ճանապարհներն ասֆալտապատել, հյուրանոցներ, ենթակառուցվածքներ կառուցել, բայց ժամանակի ընթացքում գյուղացու մոտ մնար նույն մտածելակերպը՝ որ այդ գյուղն իրենը չէ, այդ հողն իրենը չէ»,- ասում է Գագիկը՝ հավելելով, որ մտածելակերպի փոփոխությանը կարողացել են հասնել երկարատեւ անհատական աշխատանքների ճանապարհով:Նրա խոսքով՝ գուցեեւ առաջիկա մեկ, մեկուկես տարում չհասնեն այն ցուցանիշներին, որոնք դրել էին իրենց առջեւ, բայց փոխարենը կարճ ժամանակում կարողացել են համոզել գյուղի բնակիչներին, որ իրե՛նք են այդ հողի տերը եւ իրենք պետք է այն զարգացնեն: «Առաջին անգամ, երբ որ գնացել էինք գյուղ ու հարցնում էինք՝ սա որ գյուղն է, ասում էին «Դրախտիկ». հիմա էլ են ասում «Դրախտիկ», բայց խոսքի մեջ արդեն հպարտություն կա»,- եզրափակում է Գագիկը: Վիկտորյա Անդրեասյան Լուսանկարները՝ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 17964