«Պատրաստված է Դիլիջանում»՝ տուրիստների ձեռքով

18.09.2018 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Դիլիջան #«Իմ Հայաստան»
Տուրիստական քաղաք համարվող Դիլիջանում անտառների աչք շոյող կանաչն ու մաքուր օդը դեռեւս բավարար չեն զբոսաշրջիկների երկարաժամկետ այցեր ապահովելու համար։ «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության ծրագրի շրջանակում մշակված տուրիստական նոր փորձառությունները ջանք են` ուղղված հյուրերի համար նոր հետաքրքրություններ ստեղծելուն։


Բատիկ, գեղանկար եւ մետաղյա զարդեր

«Բուդուարտ» արվեստի կենտրոնում զբոսաշրջիկներին են դիմավորում ձեռագործի վարպետներ Արման Բադեյանը եւ Մարգարիտա Մալխասյանը։ Այցելուներն այստեղ սովորում են մետաղյա զարդեր պատրաստել, անցնում են գեղանկարի եւ բատիկի վարպետաց դասեր։

«Զբոսաշրջիկները սիրով եւ հեշտությամբ մասնակցում են փորձառություններին։ Մեզ համար զարմանալի էր, որ ինդոնեզացի զբոսաշրջիկները, այցելելով մեր արվեստանոց, վարպետության դասերից հենց բատիկն ընտրեցին, այն դեպքում, երբ Ինդոնեզիան բատիկի հայրենիքն է»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Արման Բադեյանը։


«Բուդուարտ»-ի փորձառությունները կարող են անցկացվել հայերեն կամ ռուսերեն, ինչպես նաեւ անգլերեն եւ ֆրանսերեն՝ 2000 դրամ հավելավճարի պայմանով։

Գեղանկարի փորձառության տեւողությունը 3 ժամ է։ Կախված խմբում մասնակիցների քանակից՝ մեկ անձի արժեքը տատանվում է 16-30 հազ․ դրամի սահմանում։

Փորձառությունը ներառում է նաեւ մեկ գավաթ անվճար գինու, պանրի եւ մսի տեսականու հյուրասիրություն։
 
Զարդերի պատրաստումը եւ բատիկ տեխնոլոգիայով նկարչությունը տեւում են 2-ական ժամ (արժեքը՝ 4-10 հազ. դրամ եւ 7-13 հազ. դրամ)։ Փորձառությունները ներառում են նաեւ թեյի կամ սուրճի հյուրասիրություն։

Կարուձեւի փորձառություն

ARMENECOOP սոցիալական ձեռնարկատիրությունում մի խումբ տեղացի կանայք կարում են գրչատուփեր եւ դիլիջանյան թեմայով պայուսակներ։ Բացի կանանց շրջանում գործազրկության նվազեցման նպատակից, ծրագիրն ունի տուրիզմի զարգացումը խթանելու հեռանկար։

«Դիլիջանում տեղական հուշանվերներ գրեթե չկային, եւ դա էր պատճառը, որ մեր արտադրամասում սկսեցինք կարել պրակտիկ զբոսաշրջային պրոդուկտներ՝ հիմք դնելով առաջին Made in Dilijan արտադրատեսակին»,- պատմում է ARMENECOOP սոցիալական ձեռնարկատիրության ղեկավար Աիդա Աթաբեկյանը։


«Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ, արտադրամասում մշակվեց նաեւ կարուձեւի տուրիստական փորձառություն։ Աշխատակիցներն այցելուներին են ներկայացնում տարբեր կարի մեքենաների հնարավորությունները, օգնում փորձել կարի տարբեր տեսակներ։

Հուշանվերների պատրաստումը տեւում է 1-2 ժամ: Փորձառությունն անցկացվում է հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

Տեղական ուտեստները՝ զբոսաշրջիկների պատրաստմամբ

Դիլիջանյան կոլորիտի մի մասը դարձած «Կճուճ» ռեստորանի նոր փորձառությունը կոչվում է «Կճուճիկ, եփվի´ր» (Kchuch Experience)։ Ռեստորանի անձնակազմը զբոսաշրջիկին է ներկայացնում մարզի սննդային ավանդույթները, այնուհետ՝ սովորեցնում պատրաստել ուտեստ՝ տեղի ավանդական կավե կճուճներում:

«Մեր այցելուներին ամենաշատը հետաքրքրում է «Կճուճի» հետնամասը՝ մեր փուռը, թե ինչպես է ուտեստը պատրաստվում, որն է կճուճի մեջ եփելու յուրահատկությունը եւ այլն։ Դա էլ նպաստեց, որ «Իմ Հայաստան» ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանի հետ քննարկումների ժամանակ որոշեցինք հենց կճուճի մեջ ուտեստի պատրաստումը ներկայացնել զբոսաշրջիկին»,- պատմում է ռեստորանի հիմնադիր Վարդա Ավետիսյանը։  


Փորձառությունը գործում է մոտ երկու ամիս, սակայն ռեստորանը երբեմն ստիպված է լինում մերժել որոշ պատվերներ։

«Անհրաժեշտ է նախօրոք ամրագրում, քանի որ զբոսաշրջիկը համեմատաբար երկար ժամանակ պետք է անցկացնի մեզ մոտ՝ պատրաստածը նաեւ համտեսելու համար»,- ասում է ռեստորանի հիմնադիրը:

Փորձառությունը տեւում է մեկ ժամ, որից 2 ժամ հետո տեղի է ունենում համտեսը։ Այն կարող է անցկացվել հայերենով, ռուսերենով կամ անգլերենով։ Մեկ անձի համար նախատեսված վճարը 20 հազ. դրամ է:

Աշխատանք տուր-օպերատորների հետ

Նոր տուրիստական փորձառությունները ճանաչելի դարձնելու նպատակով «Իմ Հայաստան»-ը հուլիսին կազմակերպել էր տուր-օպերատորների ճանաչողական այց դեպի Դիլիջան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել տեղում ծանոթանալու փորձառություններին։

«Այցից հետո տուր-օպերատորների հետ քննարկում ենք՝ ինչ փոփոխություններ կարելի է անել: Վերջնական որոշման գալուց հետո նրանք փորձառությունները կներառեն իրենց փաթեթներում եւ կառաջարկեն հաճախորդներին»,- նշում է «Իմ Հայաստան» ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանը։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի
Դիտում՝ 10537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW