Կանչաքարը տեղակայված է Լոռու ամենագրավիչ անկյուններից մեկում՝ Հաղպատում: Հենց այստեղ է գործում համանուն նորաստեղծ վրանային քաղաքը: Կանչաքարում կարելի է դիմավորել արեւածագն ու դիտել մայրամուտը, վայելել դիմացի սարահարթում գտնվող Ակներն ու Սանահինը՝ իրենց ամբողջ հմայքով, կիսալուսնաձեւ սարի վրա՝ Կայան բերդը, ապա՝ Աթոռիկը: Banks.am-ը պարզել է Կանչաքարում գործող վրանային բիզնեսի ստեղծման պատմությունն ու ընձեռած հնարավորությունները: «Կանչելով» վրանային հանգստի սիրահարներինԱզատյանների ընտանիքը 2018թ. սկզբին որոշել է, որ այս տարածքը զբոսաշրջային յուրօրինակ վայր է դարձնելու: Նրանք ասում են՝ Կանչաքարի նպաստավոր աշխարհագրական դիրքն էլ բավական է, որ զբոսաշրջիկները ցանկանան գալ այստեղ: «Զբոսաշրջության ոլորտում հայտնի, միաժամանակ քիչ ներդրում պահանջող ուղղություններից մեկը քեմփինգն է, ինչն էլ մեզ համար ընտրեցինք որպես սկիզբ: Տարածաշրջանում շատ կան հյուրատներ եւ հյուրանոցներ, որոնք վրաններ են տրամադրում դրսում գիշերել ցանկացող զբոսաշրջիկներին, բայց դա վրանային տուրիզմ չենք կարող անվանել: Մեր հիմնական նպատակը այդ գաղափարը ճիշտ ներկայացնելն էր: Եվ մենք ընդամենը երկու ամսվա ընթացքում հասել ենք նրան, որ շատերն են արդեն վրաններն ու բացօթյա հանգիստը նախընտրում 4 պատերից ներս գտնվող հարմարավետ պայմաններից»,- պատմում է «Կանչաքար» հանգստի գոտու տնօրեն Մարտուն Ազատյանը:«Կանչաքար»-ի այցելուները հիմնականում էքստերմալ տուրիզմի սիրահարներ են, ովքեր գալիս են Լոռի՝ Դեբեդի վրա ռաֆթելու (էքստրեմալ թիավարություն) կամ քայլարշավի ու ձիարշավի նպատակով: Տեղաբնակներից շատ այստեղ զբոսաշրջիկներ են գալիս, հիմնականում՝ եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Հունգարիայից եւ այլն: «Մեզ գտնում են Booking.com-ի կամ Facebook-ի միջոցով, բայց ավելի շատ Մ6 միջպետական ճանապարհին՝ Հաղպատի խաչմերուկում, տեսնում են քեմփինգի նշանը եւ գալիս մեզ մոտ: Դա նույնպես էքստրեմալ տուրիզմի բաղկացուցիչ մաս է կազմում, երբ առանց նախապես պլանավորելու, ճանապարհին կանգնելու կամ գիշերելու` տեղ են փնտրում»,- պատմում է Մարտունը: Հունգարացի Բլանկան եւ իտալացի Լեոնարդը քայլարշավի սիրահար են: Հանդիպել են Թբիլիսիում եւ, իրենց ընդհանուր հոբբին բացահայտելուց հետո որոշել են այցելել Լոռի:«Երբ հեռվից նկատեցինք, որ այստեղ քեմփինգ կա, որոշեցինք կանգ առնել: Հատկապես, որ այստեղ շատ են քայլուղիները: Ես արշավների սիրահար եմ, ու այս տեղը հենց մեզ համար էր»,- պատմում է Լեոնարդը: Իսկ Բլանկային ավելի շատ բաց երկնքի տակ ազատ հանգստի ձեւաչափն է գրավել:«Շատ հրաշալի վայր է, հիանալի տեսարան է բացվում այստեղից, տարածքն ուղղակի անզուգական է քեմփինգի համար: Ես շատ սիրեցի վրանային այս քաղաքը, նաեւ՝ բացօթյա ճաշը: Նախապես պլանավորել էինք այստեղ միայն մեկ գիշեր մնալ, բայց հավանաբար կմնանք եւս 2-3 օր, որովհետեւ շատ ենք հավանել Կանչաքարը»,- ասում է Բլանկան:Գնային առանձնահատկություններ Էքստրեմալ տուրիզմի եւ քեմփինգի առանձնահատկությունները ներկայացնելով՝ Մարտունը կարեւոր հանգամանք է համարում նաեւ գների մատչելիությունը: Քայլարշավի նպատակով Հաղպատում գտնվող զբոսաշրջիկին, օրինակ, մի քանի ժամ քնել, հանգստանալ է պետք: Եվ նա նախընտրում է վրանը, որն ավելի էժան է, քան հյուրանոցում սենյակ վարձելը: «Կանչաքար»-ում վրանային հանգիստ նախընտրողները մեկ անձի համար օրական պետք է 4000 դրամ վճարեն, որի դիմաց տրամադրվում է քնապարկ, հիգիենայի եւ նախաճաշի կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ: Հնարավորություն կա օգտվելու նաեւ սանհանգույցից ու տաք ցնցուղից: Իսկ այն այցելուները, որոնք գալիս են իրենց սեփական վրաններով եւ միայն տարածք են ուզում, մեկ անձի համար օրական վճարում են 2000 դրամ եւ եւս 500 դրամ՝ տաք ցնցուղից օգտվելու համար:Մեծ խմբերի դեպքում գործում են զեղչեր: «Մենք դասական քեմփինգ ենք առաջարկում, որը ենթադրում է միայն վրաններ, պարագաներ: Այդ մասին կայքերում էլ է նշված, դրա համար հիմնականում գալիս են իրենց ուտելիքով, այսինքն՝ պատրաստված: Իհարկե, հետագայի համար նախատեսում ենք նախաճաշ ներառել՝ քայլ առ քայլ մոտենալով B&B կատեգորիային»,- մանրամասնում է Մարտուն Ազատյանը: «Կանչաքար»-ի հետ կապված նպատակներն ու ծրագրերը շատ են, որոնք կյանքի կկոչվեն արդեն հաջորդ տարի՝ զբոսաշրջային սեզոնի մեկնարկից սկսած: Նպատակ կա...- Այցելուներին տարածաշրջանը մաքսիմալ ձեւով ներկայացնել, որի համար կմշակվեն քայլարշավային երթուղիներ, հատկապես, որ տարածքում շատ են տեսարժան վայրերն ու պատմամշակութային կոթողները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող Հաղպատի ու Սանահինի վանքերը, Կայան ամրոցը: - Տուրիզմի զարգացման համալիր ծրագրում ներառել համայնքներն ու փոքր բիզնեսը: Հաղպատից դեպի Սանահին գյուղ քայլարշավային 2 արահետ կա, որոնք անցնում են Ակներ գյուղական բնակավայրով: Այստեղով անցնելով՝ զբոսաշրջիկը կարող է օգտվել տեղի խանութներից, այլ ծառայություններից, ինչը նպաստավոր է համայնքի զարգացման համար: - Տարածաշրջանում զարգացնել էկոտուրիզմը, որը բնության, նրա բաղադրիչների՝ բնության եւ պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է: Դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները:- «Կանչաքար» եկողներին էկոլոգիապես մաքուր գյուղմթերք առաջարկել, նաեւ կաթնամթերքի պատրաստմանը մասնակից դարձնել՝ այդ կերպ փորձելով հատկապես զբոսաշրջիկներին ինտեգրել գյուղական միջավայրին: - Բուկլետներ տպագրել, այսինքն՝ ժամանակն է «Կանչաքար»-ի մասին պատմել ավելի շատ մարդկանց: Օրինակ, եթե տուրիստը գալիս է Լոռի, ապա անպայման ցանկանա այցելել Հաղպատ: Կարեւոր է«Զբոսաշրջային բրենդ ունենալը, կարծում եմ, անհրաժեշտ է տուրիզմի ոլորտում գործունեություն իրականացնողներիս համար: Իմ մեծ ցանկությունն է, որ մենք ներկայանանք Հաղպատի բրենդի ներքո, համագործակցություն լինի տեղի զբոսաշրջային բիզնեսով զբաղվող անհատների ու կազմակերպությունների միջեւ: Միայն այդ կերպ հնարավոր կլինի տուրիզմը շահավետ դարձնել ոչ միայն անհատների, այլեւ տարածաշրջանի համար»,- կարծում է «Կանչաքար»-ի հիմնադիրը:ԽնդիրներՄարտուն Ազատյանի դիտարկմամբ՝ պետական ու հասարակական մարմինների ոչ լիարժեք գործունեության արդյունքում տարիներ շարունակ անլուծելի են մնում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների բացակայությունը՝ անբարեկարգ ճանապարհները, զբոսաշրջիկին անհրաժեշտ տեղեկատվության պակասը (ցուցանակների բացակայություն), տրանսպորտի խնդիրը, երբ, օրինակ, չվացուցակով նշված է դեպի Հաղպատ երթուղին, բայց զբոսաշրջիկը չի գտնում համապատասխան երթուղայինը, որպեսզի կարողանա տվյալ վայր հասնել: Լուրջ խնդիրների թվում Մարտունն առանձնացնում է նաեւ էկոլոգիայի հարցը: Կանչաքարի լեգենդըՊատերազմի ժամանակ, երբ թշնամու զորքերը մոտեցել են Հաղպատին, գյուղացիներից մեկը կանգնել է ժայռին ու ձայն տվել ձորում անասուններին պահող ու ջրի գնացած համագյուղացիներին՝ տեղեկացնելու վերահաս վտանգի մասին: Արձագանքի շնորհիվ գյուղացիներն արագ հավաքվել ու պատսպարվել են եկեղեցում՝ կարողանալով փրկվել թշնամու հարձակումից: Դրանից հետո քարը, որի վրա կանգնել է գյուղացին եւ ձայն տվել, կոչվել է Կանչելաքար, հետագայում արդեն՝ Կանչաքար:Տաթեւիկ ՃուղուրյանԼուսանկարները՝ Տիգրան Մարգարյանի եւ Դավիթ Ավագյանի Tweet Դիտում՝ 5260