Զարգացման նոր փուլ

12.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բանկային վերահսկողության ոլորտում Կենտրոնական բանկն անցել է նոր քաղաքականության

"Կապիտալ"(Երեւան), 11.09.07.

Հայաստանի բանկային համակարգն անցնում է զարգացման երրորդ փուլ: Սա ՀՀ ԿԲ կողմից որդեգրված ռազմավարության` արդեն ընթացիկ իրավիճակին համապատասխանող մասն է: Զարգացման այս փուլի նպատակը երկրում ֆինանսական միջնորդության կտրուկ ավելացումն է: Խոսքը, մասնավորապես, վարկավորման ծավալների կտրուկ աճի ու ֆինանսական ծառայությունների մատչելիության (հատկապես տարածքային առումով) ավելացման մասին է: Ըստ այդմ` բանկային վերահսկողության ոլորտում ԿԲ-ն անցել է նոր քաղաքականության: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Բանկային համակարգի առաջին փուլի նպատակն էր մասնավոր առեւտրային բանկերի ձեւավորումը: Այս փուլը հիմնականում ավարտվեց 1995-1996 թթ., երբ Հայաստանում կար 70-ից ավելի բանկ: Երկրորդ փուլի նպատակն էր ձեւավորել այնպիսի բանկային համակարգ, որի գործունեությունը կհամապատախանի այս ոլորտում ընդունված միջազգային ստանդարտների պահանջներին: Եվ այս փուլում բանկային համակարգը անցավ այսպես կոչված “մաքրման” գործընթաց:

Ունենալով վերը նշված նպատակն ու հաշվի առնելով, որ ներկայումս բանկերն արդեն գտնվում են ռիսկերի կառավարման որակապես այլ` ավելի բարձր մակարդակում, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտել մեղմացնել բանկային գործունեության կարգավորման պահանջները: Իսկ հաշվի առնելով, որ կարգավորման պահանջների մեղմացումը բերում է բանկերի ծախսերի կրճատմանը, ապա ակնկալվում է, որ այդ քայլը կբերի ե°ւ ֆինանսական միջնորդության, ե°ւ ֆինանսական ծառայությունների մատչելիության աճի խթանմանը:

Այսպես` 2007թ. սկզբին կենտրոնական բանկը մեղմացրել է բանկերի ընթացիկ իրացվելիության նորմատիվը, ինչը թույլ է տվել բանկերին լրացուցիչ 27 մլրդ դրամ ուղղել վարկավորմանը: Առաջիկայում ուժի մեջ են մտնելու նաեւ բանկերի կապիտալի համարժեքության եւ ընդհանուր իրացվելիության նորմատիվներում մեղմացումները, որոնք թույլ կտան բանկերին լրացուցիչ առնվազն 35 մլրդ դրամ ուղղել վարկավորմանը:

Նորմատիվային փոփոխությունների մեկ այլ փաթեթ էական խթաններ է ստեղծել Երեւանից դուրս գտնվող տարածաշրջաններում ֆինանսական ծառայություններ ու վարկավորման ընդլայնում իրականացնելու համար: Այսուհետ բանկերը կարող են իրականացնել վարկավորման շրջիկ գործունեություն, ինչը ենթադրում է հեռավոր համայնքներում ու գյուղերում առանց մասնաճյուղեր հիմնադրելու վարկեր տրամադրել ու հավաքագրել: Արվել են նաեւ մասնաճյուղերի տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջների մի շարք “մեղմացումներ”, որոնք նվազեցնում եմ բանկերի կողմից մասնաճյուղեր հիմնադրելու ծախսերը:

Միեւնույն ժամանակ, այն բանկերը, որոնք ունեն անձնակազմի որակավորման ու վերապատրաստման ներքին արդյունավետ մեխանիզմներ, այլեւս կարող են չներկայացնել իրենց մասնաճյուղերի ղեկավարներին Կենտրոնական բանկ որակավորման ստուգման համար:

Այս միջոցառումներն արդեն այս տարի տվել են իրենց շոշափելի արդյունքները: 2007թ. առաջին ութ ամիսներին բանկային համակարգում արձանագրվել է վարկավորման աննախադեպ աճ` 90 մլրդ դրամի չափով: Մինչեւ տարեվերջի աճի նման միտումների պահպանման դեպքում տարվա կտրվածքով Կենտրոնական բանկը ակնկալում է, որ վարկավորման աճը կհասնի մոտ 60%-ի` կազմելով 380-390 մլրդ դրամ, ինչն ամենաբարձր ցուցանիշը կլինի ՀՀ բանկային համակարգի վերջին 10 տարվա պատմության մեջ: Վարկավորման աճի տեմպերով առաջատար է հիպոթեկային վարկավորումը, որը 2006թ. նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում վարկավորման այս ոլորտում աճն ավելի մեծ կլինի` գերազանցելով 100%-ը: Աճ են ապահովում նաեւ սպառողական, առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների վարկավորումները, որոնք հասնում են 30-35%-ի: Դ. Սարգսյանի դիտարկմամբ` վարկավորման ծավալների աննախադեպ ավելացմանը հիմնականում ԿԲ-ի` բանկային գործունեության կարգավորման վերաբերյալ պահանջների մեղմացումներից բացի, նպաստել են նաեւ տնտեսական աճը եւ բնակչության եկամուտների ավելացումը:

Վարկավորման ծավալների ավելացումն ուղեկցվում է նաեւ տոկոսադրույքների որոշակի նվազումով. մասնավորապես, եթե 2006թ. բիզնեսի վարկավորումը կատարվում էր միջինը 15%-ով, ապա 2007թ. այդ ցուցանիշը միջինը 14-14,2% է, սպառողական վարկերը 21%-ից նվազել են մինչեւ 19%-ի: Այսինքն, տարեկան 1-1,5%-ով վարկավորման տոկոսադրույքների նվազում է արձանագրվում:

Անդրադառնալով բանկային համակարգում առկա մրցակցությանը` Դ. Սարգսյանը նշել է, որ այն դեռեւս բարձր մակարդակի վրա չէ: Սակայն բնական է, որ եթե տնտեսությունը եւ վարկավորման ծավալներն աճեն, ապա մի շարք բանկեր շուկաներում ավելի մեծ մասնաբաժիններ կունենան` շնորհիվ հայթայթած ֆինանսական ռեսուրսների եւ շուկայում դրանց տեղաբաշխման: Այս առումով այն բանկերը, որոնք կկարողանան միջազգային ֆինանսական հաստատություններից ավելի շատ ռեսուրսներ ներգրավել, ավելի շահեկան վիճակում կհայտնվեն: Միաժամանակ, նա հայտնել է, որ փորձագիտական գնահատականների համաձայն` Հայաստանում մոտ 800 միլիոնից մինչեւ 1 մլրդ դոլար խնայողություններ կան, որոնք պահվում են “բարձի տակ”: Այս միջոցները եւս պետք է կարողանալ ներգրավել ֆինանսական համակարգում: Ակնկալվում է նաեւ, որ առաջիկայում Հայաստանի ֆինանսական համակարգ մուտք կգործեն արտասահմանյան մի շարք բանկային հաստատություններ, որոնք հաճախորդների հետ աշխատելու տասնամյակների փորձ եւ բավականաչափ ռեսուրսներ ունեն, եւ բնական է, որ դրանք կունենան շատ ավելի մեծ մրցակցային առավելություններ: Դ. Սարգսյանի կանխատեսմամբ` մրցակցությունն առաջիկա տարիներին կբարձրանա, եւ այն բանկերը, որոնք չեն կարողանա հարմարվել փոփոխվող իրավիճակին, կվաճառվեն առավել խոշոր բանկերին:

Անդրադառնալով համաշխարհային շուկայում հիպոթեկային վարկավորման պայմանների խստացմանը, նա նշել է, որ Հայաստանի վրա այս երեւույթի ազդեցության մասին դեռեւս վաղ է խոսել: Ճգնաժամը հիմնականում վերաբերում է վատ վարկային պատմություն ունեցող անձանց տրված` ՙsub-prime՚ հիպոթեկային վարկերին: Միջազգային փորձագետները դեռեւս դժվարանում են ասել, թե արդյո՞ք այս ճգնաժամը կտարածվի նաեւ առողջ վարկային պորտֆելների վրա: Եթե ճգնաժամն առաջիկայում հաղթահարվի, ապա Հայաստանի վարկային պորտֆելի վրա որեւէ ազդեցություն հազիվ թե ունենա, իսկ եթե տեւի 1-2 տարի, ապա ազդեցությունը հնարավոր է: Դ. Սարգսյանի կարծիքով` առայժմ դժվար է կանխատեսել, թե վերջինս ինչպես կարտահայտվի` տրանսֆերտների ծավալի նվազեցմա՞մբ, ֆինանսական միջոցների արտահոսքո՞վ, թե՞ անշարժ գույքի գների նվազումով:

Դիտում՝ 6692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW