Բանկերն ավելի շատ վարկեր կտրամադրեն բանկային վերահսկողության մեղմացման նոր քաղաքականության շնորհիվ

07.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Ազգ"(Երեւան), 07.09.07.

Հայաստանի բանկային համակարգում Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունն ուղղված է բանկային վերահսկողության մեղմացմանը, որը կնպաստի բանկերի վարկավորման ծավալների ավելացմանը եւ բանկային ծառայությունների մատուցման տարածմանը շրջաններում եւ գյուղերում: Սա էր երեկ հրավիրված Հայաստանի կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի վերահսկողության քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսի հիմնական միտքը:

Վարչության պետը նշեց, որ Հայաստանի բանկային համակարգն անցնում է զարգացման երրորդ փուլը: Առաջին փուլն ավարտվեց 1995-96 թվականներին, որոնց ընթացքում ստեղծվեցին առեւտրային բանկերը: Այդ ժամանակ Հայաստանում գործում էին 70 բանկեր: Երկրորդ փուլում համակարգ ներմուծվեցին միջազգային ստանդարտներ, դաշտը մաքրվեց անառողջ բանկերից, որոնք չէին կարողանում աշխատել այդ չափանիշներով:

Երրորդ փուլի նպատակը երկրում ֆինանսական միջնորդության կտրուկ ավելացումն է: Այսինքն, վարկավորման ծավալների աճն ու ֆինանսական ծառայությունների մատչելիության ավելացումը: Դավիթ Սարգսյանը, հիշատակելով այս տարվա սկզբին ԿԲ կողմից բանկերի իրացվելիության նորմատիվի մեղմացումը, ասաց, որ դրա շնորհիվ բանկերը 27 մլրդ դրամով ավելացրել են վարկավորման ծավալները: Առաջիկայում ուժի մեջ են մտնելու բանկերի կապիտալի եւ ընդհանուր իրացվելիության նորմատիվների մեղմացումները, որոնք, ըստ ԿԲ ներկայացուցչի, հնարավորություն կտան առնվազն եւս 35 մլրդ դրամ ուղղելու վարկավորմանը:

Նորմատիվային փոփոխությունների մեկ այլ փաթեթ էլ Երեւանից դուրս գտնվող բնակավայրերում կխթանի ֆինանսական ծառայությունների մատուցումը՝ շրջիկ գործունեություն իրականացնելու միջոցով: Դա նշանակում է, որ բանկերի ներկայացուցիչները կարող են շրջել գյուղերով եւ վարկեր տրամադրել ու գումարները հավաքել :

Վերոնշյալ փոփոխություններից ակնկալվում է, որ այս տարեվերջին վարկավորման ծավալները կավելանան աննախադեպ չափով՝ մոտ 60 տոկոսով: Ինչպես հայտնեց Դավիթ Սարգսյանը, սեպտեմբերի տվյալներով այդ ծավալներն ավելացել են 102 մլրդ դրամով: Անցյալ տարի դրանք կազմել են 240 մլրդ դրամ: Ակնկալվում է, որ առավել մեծ աճ կարձանագրվի հիպոթեկային վարկավորման շուկայում: Այս տարի եւս, ինչպես անցյալ տարի, սպասվում է, որ հիպոթեկային վարկերը կավելանան կրկնակի, գյուղատնտեսության եւ արդյունաբերության վարկավորումը՝ մոտ 30-35 տոկոսով:

Վարկավորման տոկոսադրույքը, ԿԲ վարչության պետի կարծիքով, կնվազի: Այս տարվա ութ ամիսների արդյունքում այն նվազել է 0,5 տոկոսով: Բիզնես վարկերը նախորդ տարվա 15 տոկոսի փոխարեն տրվում են 14-14,5 տոկոսով, սպառողական վարկերը՝ 21 տոկոսից նվազել են 19 տոկոսի:

ՙՕտարերկրյա բանկերի մուտքը Հայաստան մրցակցային ի՞նչ խնդիրներ կառաջացնի տեղական բանկերի համար եւ հնարավո՞ր է, որ վերջիններս չդիմանան այդ մրցակցությանը՚ հարցին Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ մրցակցությունը մեր բանկային համակարգում դեռ բավարար չէ: Փորձագիտական գնահատականներով, 800 մլն-1 մլրդ դոլարի խնայողություն կա բնակչության մոտ, որը կարող են շրջանառության մեջ դնել բանկերը: Օտարերկրյա բանկերը, ԿԲ վարչության պետի կարծիքով, ավելի մեծ փորձ եւ նոր սարքավորումներ ունեն եւ ավելի լավ մրցակցային պայմաններում են լինելու: Եվ այն տեղական բանկերը, որոնք չդիմանան մրցակցությանը, կվաճառվեն:

Մեկ այլ հարց առնչվում էր ԱՄՆ հիպոթեկային շուկայում ստեղծված ճգնաժամի ազդեցության հնարավորությանը Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին խոսելով, Դավիթ Սարգսյանը նշեց, որ ճգնաժամն առաջացավ այն վարկառուների պատճառով, որոնք ունեին վատ վարկային պատմություն: Այդ ճգնաժամն առայժմ չի անցել լավ վարկային պատմություն ունեցողներին: Եթե դա տեղի ունենա եւ ճգնաժամը երկարի 1-2 տարի, ապա հավանական է, որ ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության վրա: Հնարավոր չէ ասել՝ դա կլինի մասնավոր փոխանցումների ծավալների նվազման, երկրից ֆինանսների արտահոսքի, թե՞ անշարժ գույքի շուկայի գների նվազման տեսքով: Սակայն ճգնաժամի շարունակումը կանխելու համար այժմ ԱՄՆ եւ Եվրոպայի ֆինանսական կառույցները մեծ ներդրումներ են կատարում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտում՝ 6961
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW