Հանգիստ ոչ թե Սեւանա լճի ափին, այլ հենց լճի վրա: Ամբիցիոզ ծրագրի հեղինակը Համազասպ Մելքումյանն է, որն առաջարկում է Սեւանի ափամերձ աղմուկից տեղափոխվել հենց ջրի մեջ՝ լողացող հյուրանոց: Banks.am-ը նախագծի հեղինակից փորձել է պարզել՝ ինչ է իրենից ներկայացնում Trimaran Hotel-ը: Երեք խողովակների կոնցեպտըԱրդեն երկու տարի է՝ ուշադիր աչքը Սեւանա լճի մակերեսին կարող է նկատել հայաստանյան իրականության համար դեռեւս միակ լողացող լաստանավը: Երեք գերամուր խողովակների վրա կառուցված միավորն իրենից ներկայացնում է ժամանցի վայր, որի վրա, ինչպես դրա հիմնադիրն է ասում, 8-10 հոգով կարելի է «որակապես նոր հանգիստ» անցկացնել: «2016թ. ապրիլից, երբ որ արդեն մոտենում էր Սեւանա լճի սեզոնը, ուզում էի գտնել մի վայր, որտեղ կարող եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել,- պատմում է Trimaran նախագծի հեղինակ Համազասպ Մելքումյանը: -Այդպես առաջացավ լողացող լաստանավի գաղափարը, եւ ես ակտիվորեն սկսեցի ուսումնասիրել լողացող տների, լողացող հյուրանոցների հայեցակարգը, դրանց կառուցվածքը, հնարավորությունները»: Trimaran լաստանավը Սեփական ուսումնասիրություններից ու մասնագետների հետ խորհրդակցելուց հետո շինարարական աշխատանքները սկսել է սեփական տան բակում՝ մեկ ինժեների եւ մեկ օգնականի մասնակցությամբ: Լողացող գոտի՝ ժամավճարով2016թ. ամռանից արդեն Trimaran-ը սկսեց գործել որպես յուրօրինակ բիզնես նախագիծ: Փաստացի այն իրենից ներկայացնում է վարձակալվող տարածք՝ համապատասխան կահավորանքով եւ լուսավորությամբ, որը ժամանցի գոտի կարող է ծառայել միաժամանակ մինչեւ 10 հոգու համար: «Առաջինը փորձարկել եմ ես՝ 15 ընկերներիս հետ: Ինձ հարկավոր էր բացարձակ վստահ լինել, որ այն համապատասխանում է հաշվարկներին եւ տեխնիկապես կարող է տեղավորել մինչեւ 15 մարդ»,- պատմում է Համազասպը: Որպես «ուղեւորների» առավելագույն քանակ, սակայն, սահմանվել է 10-ը. այդպես երաշխավորվում է, որ անգամ եթե բոլոր 10 ուղեւորներն էլ գտնվեն լաստի մի կողմում, այն չի շրջվի: Լաստանավը վարձակալության է տրվում ժամավճարով. մինչեւ կեսօր մեկ ժամն արժե 15 հազ. դրամ, կեսօրից հետո՝ 20 հազ.: Լողափից այն հեռանում է մինչեւ 100 մետր՝ «ուղեւորներին» զերծ ահելով ափի աղմուկից: Ընդ որում, նախքան ափից հեռանալը հյուրերը հնարավորություն ունեն անհրաժեշտ սնունդը կամ խմիչքը պատվիրել ափամերձ ռեստորանից եւ վայելել արդեն լճի վրա: Trimaran HotelԼաստանավի հաջողությունը Համազասպ Մելքումյանի մոտ նոր գաղափար է առաջացրել. իսկ եթե ջրի մակերեսին լինի ոչ թե լաստանավ, այլ հյուրանո՞ց: Նոր նախագիծն անվանել է Trimaran Hotel՝ «ճարտարապետական» տեսքով կլոր, մոբիլ հյուրանոց, որն ամռան ամիսներին կլողա Սեւանի մակերեւույթին, իսկ ձմռանը կտեղադրվի զբոսաշրջային վայրում: Մոտ 14 մետր տրամագծով հյուրանոցը բաղկացած է լինելու 4 հյուրանոցային համարներից եւ ռեստորանային հատվածից, մեկ օրվա գիշերակացը հաշվարկվել է 30-35 հազ. դրամ: «Նախատեսվում է, որ սենյակները կունենան միջինը 20 քմ մակերես, ընդ որում, սենյակների մի պատն ապակուց է, դրսից չի թափանցում, իսկ ներսից տեսարան է բացվում լճի վրա,- ներկայացնում է Համազասպը: -Բացի այդ, յուրաքանչյուր համար կունենա իր սանհանգույցը, ցնցուղը ու նաեւ՝ պատշգամբը»: Ինչ վերաբերում է ռեստորանի հատվածին, ապա այն կարող է ծառայել ոչ միայն հյուրանոցում հանգստացողների, այլեւ, ընդհանուր առմամբ, ափի հյուրերի համար: Trimaran Hotel-ը կսնվի ամբողջությամբ արեւային էներգիայով: Բացի այդ, այն հագեցած կլինի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգով՝ ջրի եւ կոյուղաջրի բաքերով: Trimaran Hotel-ի ռեստորանային հատվածը (էսքիզ) «Սեւանա լճին էկոլոգիական որեւէ վնաս չի հասցվի, որովհետեւ փաստացի կառույցը ջուր չի վերցնում եւ ջուր չի թափում»,- վստահեցնում է նախագծի հեղինակը:Ջրում եւ ցամաքումTrimaran Hotel-ը չի ունենալու ծանր, երկաթբետոնե կոնստրուկցիաներ: «Կպատրաստվի թեթեւ կոմպոզիտային նյութերից, որոնք արտադրվում են Հայաստանում՝ սենդվիչ վահանակներ, փրփրապլաստ, հատուկ նշանակության ներկեր, ապակե պլաստիկ, բնականաբար՝ մետաղ, ապակի եւ փայտ»,- ասում է Համազասպը: Արդյունքում հյուրանոցը կլինի մոբիլ եւ ամռան ավարտից հետո կարող է ծառայել որպես հյուրանոց՝ արդեն ցամաքում: «Սեւանա լճի սեզոնայնությունը հունիսի կեսերից մինչեւ սեպտեմբերի կեսերն է, այսինքն՝ մոտ երեք ամիս: Իսկ ի՞նչ անել մնացած 270 օրը,- հարցնում է գործարարը: -Որպեսզի սա լինի եկամտաբեր եւ կայուն բիզնես, կոնստրուկցիայի տեսանկյունից մտածել եմ այնպիսի լուծում տալ, որ աշնանն այն ամբողջությամբ քանդվի եւ բեռնատարով տեղափոխվի Ծաղկաձոր, որտեղ արդեն կարող է ընդունել դահուկորդ զբոսաշրջիկներին»: Ներդրում՝ մոտ 60 հազար դոլարԹեեւ լողացող հյուրանոցի գաղափարն առաջին անգամ ներկայացվել է 2017թ., մինչ այժմ մանրամասն նախագծված ծրագիրը շարունակում է մնալ թղթի վրա: Պատճառն անհրաժեշտ ներդրումների բացակայությունն է: «Trimaran Hotel-ը՝ որպես բիզնես, իր ծավալներով լաստանավից մոտ 10-12 անգամ մեծ է,- ասում է Համազասպը: -Հետեւաբար, նույնիսկ տարիների ընթացքում կուտակված շահույթի ընթացքում լաստանավը չի կարող այնքան միջոց գեներացնել, որպեսզի ներդրվի հյուրանոցի բիզնեսում»: Համազասպ Մելքումյանը Նախագծի հեղինակը հաշվարկել է, որ հյուրանոցն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է մոտ 60 հազ. դոլարի մեկանգամյա ներդրում, գումարի առկայության դեպքում այն հնարավոր է հավաքել 6-8 շաբաթում: Ընդ որում, հաջողության դեպքում նախատեսվում է բազմացնել «ծալովի» հյուրանոցների քանակը եւ ինչու ոչ, որոշակի ստանդարտներին համապատասխանեցնելու դեպքում, դուրս բերել միջազգային շուկա՝ այնպիսի երկրներ, որոնք ունեն ջրային ավազաններ՝ լայն գետեր, լճեր (ծովի եւ օվկիանոսի համար նախատեսված չէ): «Ես ակնկալում եմ հանդիպել խելացի գործարարների հետ, որոնք կպատկերացնեն այս նախագծի հեռանկարների ուժը: Ընդ որում, ես պատրաստ եմ նույնիսկ քիչ շահույթ վերցնել, միայն թե այս նախագիծն իրականություն դառնա, որովհետեւ այն առողջարար է, խթանում է տուրիզմը եւ մարդկանց համար աշխատատեղեր է ստեղծում»,- ասում է Համազասպ Մելքումյանը:Վիկտորյա Անդրեասյան Լուսանկարները՝ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 6464