Ինչ արժե դրամի կայունությունը և որքան է դրա համար վճարում ԿԲ-ն
24.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
"Հայոց աշխարհ" (Երեւան), 24.08.07.
Դոլարի ճնշումը Հայաստանի արժութային շուկայի վրա օգոստոսին թեպետ զգալիորեն մեղմացել է, այնուհանդերձ շարունակում է պահպանվել: Ուստի դրամի հետագա ուժեղացումը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը ստիպված է երբեմն-երբեմն շուկայից որոշ քանակության դոլար ձեռք բերել:
Այդ եւ այլ միջոցների կիրառման շնորհիվ վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանի արժութային շուկայում դրամի փոխարժեքը հիմնականում կայուն է մնացել. այն տատանվել է 338 դրամի շրջակայքում: Կայունությունը պահպանվել է նաեւ մյուս արժույթների նկատմամբ:
Ինչպես վկայում է նախկին փորձը, այդ շուկաներում տատանումներն անմիջականորեն կապված են դոլարի եւ դրամի փոխարժեքների փոփոխության հետ:
Հայաստանի արժութային շուկայում դոլարի ճնշումը սկսեց մեծանալ հատկապես հունիսից:
Այդ ամսվա ընթացքում կտրուկ ակտիվացան արժութային բորսայում իրականացվող գործարքները: Նման դեպքերում բորսայական առեւտրին մասնակցում է Կենտրոնական բանկը` փորձելով չեզոքացնել լրացուցիչ տարադրամային զանգվածի ներհոսքը եւ ազդեցությունը արժութային շուկայի վրա: Եթե սովորաբար արժութային բորսայի միջին օրական գործարքները մինչ այդ 500-600 հազար դոլար էին, ապա հունիսին այդ ցուցանիշը հասավ 3,7 մլն դոլարի: Այսինքն` շուրջ 7 անգամ շատ, քան սովորաբար լինում էր նախկինում:
Այս դրսեւորումների ակտիվությունը մեծացավ հատկապես հունիսի վերջին տասնօրյակում եւ շարունակվեց մինչեւ հուլիսի 20-ը: Մեկ ամսվա ընթացքում արժութային բորսայի գործարքների ծավալը կազմեց գրեթե 100 մլն դոլար: Նման ակտիվություն այստեղ երբեւէ չէր գրանցվել: Նշված ժամանակահատվածում բորսայական գործարքների միջին օրական ծավալը կազմեց շուրջ 5 միլիոն` առանձին օրերին հասնելով ընդհուպ 8-9 մլն դոլարի:
Թեեւ Կենտրոնական բանկը փորձեց չեզոքացնել տարադրամային նման ճնշման ազդեցությունը փոխարժեքների վրա, այնուհանդերձ դա այս կամ այն չափով ստացավ իր դրսեւորումը: Պատահական չէ, որ եթե հունիսի 13-ին դրամի միջին փոխարժեքը դոլարի հարաբերությամբ 349 էր, ապա ուղիղ մեկ ամիս հետո` հուլիսի 13-ին, 339 նիշ: Այսինքն` տարադրամային նման մեծ ճնշման հետեւանքով դրամը արժեւորվեց 10 կետով: Իհարկե, պետք է արձանագրել, որ դա շատ ավելի մեծ կարող էր լինել, եթե Կենտրոնական բանկը չփորձեր չեզոքացնել դոլարի լրացուցիչ զանգվածը:
Հունիսի վերջին-հուլիսի սկզբին արժութային շուկայում տեղի ունեցող այս զարգացումները պայմանավորվեցին մի շարք հանգամանքներով. նախ ընտրական գործընթացների հետեւանքով Հայաստանում տարեսկզբին նկատվեց ներդրումային ակտիվության որոշակի անկում: Դա հատկապես դրսեւորվեց շինարարության ոլորտում, որը տնտեսության եւ ներդրումների ներգրավման առանցքային ճյուղերից է: Շինարարության տեմպն այդ շրջանում զգալիորեն նվազեց` պայմանավորված առաջին հերթին սպասողական տրամադրություններով: Բնականաբար այդպիսի տրամադրություններ էին ձեւավորվել նաեւ տնտեսության մյուս ոլորտներում:
Պատկերը փոխվեց ընտրություններից հետո, որի ազդեցությամբ կտրուկ մեծացավ տարադրամային միջոցների ներհոսքը ներքին ֆինանսական շուկա: Դրան գումարվեց նաեւ տնտեսական գործընթացների աշխուժացումը եւ արտահանման ծավալների աճը, որը եւս տարադրամային միջոցների ներհոսքի լրացուցիչ աղբյուր դարձավ: Ակտիվացան նաեւ Լինսի հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերը:
Այս եւ այլ գործոնների հետեւանքով միանգամից մեծացավ տարադրամի ճնշումը Հայաստանի ներքին շուկայում: Սակայն այդ բումը հուլիսի վերջից սկսեց որոշ չափով նվազել: Միտումը պահպանվեց նաեւ օգոստոսին: Այդ են վկայում նաեւ նշված ժամանակահատվածում արժութային բորսայում գրանցված գործարքների ծավալները: Համեմատության համար ասենք, որ եթե մինչեւ հուլիսի 20-ը այստեղ կատարվել է ավելի քան 58 մլն դոլարի գործարք, ապա օգոստոսի նույն ժամանակահատվածում գործարքների ծավալը եղել է ընդամենը 25 մլն դոլար: Այսինքն` ավելի քան կրկնակի պակաս:
Չնայած այս ամենին, պետք է արձանագրել, որ տարադրամի ճնշումը ֆինանսական շուկայի վրա դեռեւս պահպանվում է: Օգոստոսի ընթացքում արժութային բորսայի միջին օրական գործարքների ծավալը կազմել է 1,5 մլն դոլար, որը եւս բավական բարձր է, այսպես ասած, հանգիստ պայմաններում սովորաբար արձանագրվող ծավալների համեմատ: Հարկ է նշել, որ այս ամսվա ընթացքում բավականաչափ հարթվել են նաեւ ամենօրյա գործարքների միջեւ եղած տարբերությունները: Մի բան, որ վկայում է շուկայի առավել կանոնակարգվածության մասին: Թերեւս դրանով է պայմանավորված նաեւ փոխարժեքների կայունությունը, որն առկա է արժութային շուկայում վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում:
Արժութային շուկայում տարադրամային ուժեղ ճնշման մեղմացումը բավական թանկ է նստում Կենտրոնական բանկի վրա: ԿԲ-ն ստիպված է ձեռք բերել արժեզրկվող տարադրամային միջոցներ, որոնք համալրում են երկրի արտաքին պահուստները: Այդ գործողությունների հետեւանքով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին Հայաստանի զուտ արտաքին ակտիվները գերազանցեցին 1 միլիարդը` երեք ամսվա ընթացքում ավելանալով շուրջ 156 մլն դոլարով:
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին լուրեր
24.03.2025 | 17:57 Նորություններ
24.03.2025 | 11:06 Ֆինտեխ
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: