Քաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում բիզնես ոլորտում ստեղծված իրավիճակի, տրամադրությունների, սպասելիքների եւ միջազգային արձագանքի վերաբերյալ Banks.am-ի հետ իր տեսակետներն է կիսել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գեւորգյանը:Սպասելիքները շատ մեծ ենԲիզնեսի այն ներկայացուցիչները, որոնց հետ ես շփվում եմ, բավական դրական սպասելիքներ ունեն ստեղծված իրավիճակից: Մենք աշխատում ենք հիմնականում ՓՄՁ-ների՝ ներառյալ մարզային ձեռնարկությունների հետ, եւ նման իրավիճակում այս հատվածը միշտ էլ փոփոխություններից որոշակի դրական մեսիջներ է ստանում եւ սկսում է արդեն լավատեսորեն տրամադրվել: Նախկին վարչապետների պարագայում էլ էր այդպես, երբ նոր մարդ էր գալիս՝ անմիջապես դրական սպասելիքներ էին առաջանում: Ի վերջո, սպասելիքները չեն արդարացել, քանի որ կետային լուծումներ են տրվել: Եղել է նաեւ դրական տեղաշարժ, սակայն գլոբալ առումով՝ մեծ փոփոխություններ չեն գրանցվել: Մասնավորապես՝ չկա ազնիվ ու թափանցիկ մրցակցություն, անձնավորված արտոնություններ են տրվել որոշ ընկերություններին: Ապագա իշխանություններից հնչող մեսիջներն այսօր շատ դրական, ես կասեի, հեղափոխական ակնկալիքներ են առաջացնում՝ առավելապես փոքր եւ միջին ձեռնարկությունների համար: Կարեւոր ակնկալիքներըԱմենակարեւոր եւ ամենամեծ սպասելիքն այն է, որ բոլորն ազնվորեն հաշվարկեն ու վճարեն հարկերը: Վերեւում նշածս սպասելիքները հենց սրանով են պայմանավորված: Պետք է բոլորը գրանցեն աշխատակիցներին, ընդ որում, գրանցեն այն աշխատավարձով, որով վճարում են: Շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ ամսում, մեկ շաբաթում, մեկ օրում պետք է այնպես անել, որ բոլորը վճարեն հարկերը:Շատերն են ասում՝ եթե հարկային դաշտում «սպիտակ» աշխատենք, ապա չենք դիմանա մրցակցությանը: Եվ դա այն պարագայում, երբ մի մասը վճարում է, մյուսը՝ ոչ: Հարկեր չվճարելու մտադրությունը պայմանավորված է այն գիտակցությամբ, որ իրենցից միայն որոշներն են վճարում: Մարդիկ նաեւ չեն հասկանում, թե ո՞ւր են գնում իրենց վճարած հարկերը: Ուստի, պետությունը պետք է ազնիվ ու մրցակցային միջավայր ապահովի, որպեսզի բոլորն անխտիր վճարեն հարկերը: Եվս մեկ հանգամանք: Ամիսներ առաջ մեկնարկեց որոշ տնտեսվարողներին «օրինապահ հարկատուի» հավաստագրեր տրամադրելու գործընթացը: Մարդիկ հպարտանում էին դրանով, այնինչ դա պետք է բնականոն լիներ բոլորի համար եւ հպարտության առարկա չդառնար: Պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ազնվորեն հարկ վճարելը հպարտանալու ու հերոսանալու առիթ չի հանդիսանա: Միջազգային հայացքՕրերս Իտալիայում էի. մեր գործընկեր կազմակերպությունների համար բանակցություններ էի վարում: Հանդիպել եմ տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների հետ՝ շինանյութերի արտադրություն, սարքավորումներ, սննդի վերամշակում, զբոսաշրջություն, ՏՏ: Հանդիպումները բավական արդյունավետ էին, եւ դա մեր երկրում ընթացող քաղաքական փոփոխությունների ժամանակ (ցավոք, հենց այդ օրերին բացակայեցի երկրից): Հայաստանից եկող մեսիջները բոլորը դրական էին ընդունում, իտալացի մեր գործընկերներն անգամ շնորհավորում էին մեզ՝ ասելով, որ ճիշտ ուղու վրա ենք, եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնում:Շատ մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանն ավելի ազատական երկիր կլինի բիզնես միջավայրի տեսանկյունից: Մենք այսօր ուրիշ երկրների կողմից ընկալվում ենք որպես կամուրջ ԵՄ եւ ԵԱՏՄ երկրների, ինչպես նաեւ Իրանի միջեւ՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտում ակնկալվող գործունեությունը: Կառավարությունն այլ մոտեցումներ պետք է որդեգրիՆոր կառավարությունն այլ մոտեցումներ պետք է ցուցաբերի: Ավելի ստեղծագործ, ավելի պրակտիկ, ավելի հստակ: Առաջնային հարցը մարզերի զարգացումն է: Պետք է շեշտը դնել մարզերի վրա: Միգուցե կտրուկ հնչի, բայց այսօր Երեւանը պետք է մի կողմ թողնենք եւ կենտրոնանանք մարզերի վրա, սկսենք աշխատել՝ մարզ առ մարզ, շրջան առ շրջան, համայնք առ համայնք: Վերջին տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ զգացվում են, սակայն գլոբալ շարժ չկա: Ահռելի լուրջ ներուժ կա մարզերում, որը, սակայն, անտեսվում է: Գուցե, կլաստերային մոտեցումն աշխատի, այն շատ տարածված է Իտալիայում, որտեղ ամեն մի տարածաշրջան հայտնի է իր կոնկրետ արտադրանքով. կոշկեղեն, մակարոնեղեն, ալյուր, սարքավորումներ եւ այլն: Պետական գնումներում պետք է հեղափոխություն կատարվի: Իտալացիներն էլ, օրինակ, շատ էին նշում, որ հայ գործարարները լուրջ ներուժ ունեն, ուղղակի աշխատելու դաշտ է անհրաժեշտ: Նույն Իտալիայում ՓՄՁ-ներին մեծ արտոնություններ են տրված: Այնտեղի ձեռնարկություններից մեկը բանտերին էր սնունդ մատակարարում, մրցույթ էր շահել: Իսկ հիմա վերադառնանք հայաստանյան իրականություն: Որքանո՞վ է մեր երկրում հավանական, որ, օրինակ, տեղական մի փոքր ընկերություն մասնակցի նման պետական մրցույթի եւ հաղթի: Կադրերի փոփոխություն պետք է լինի: Շատ խելացի, հեռատես, փորձառու մարդիկ կան, որոնց ,գուցե, չեն լսում: Նաեւ, դժվարանում եմ պատկերացնել, որ ամբողջ կյանքում պետական համակարգում աշխատող մարդը կարողանա բիզնեսի «դարդն ու ցավը» հասկանալ: Կարծում եմ՝ բիզնեսի մարդիկ պետական համակարգում աշխատելու ցանկություն քիչ կունենան, սակայն այսօր պարտավոր են լինելու: Եթե ուզում ես երկրի համար ինչ-որ բան անել, պետք է որոշ չափով քո ժամանակդ տրամադրես, չէ՞ որ խոսքը երկրի մասին է: Առաջ, գուցե, շատերս ասեինք՝ դե ո՞ւմ համար անենք: Հիմա ամեն ինչ փոխվել է: Ինչ կարող ենք անելԵս պատրաստ եմ իմ փորձը, գիտելիքները, եռանդը ծառայեցնել այս գործին: Հայտարարում եմ, որ տասնապատիկ ավելացնելու եմ իմ ջանքերը՝ ներդնելու նոր Հայաստանի տնտեսության, առողջ ու մրցունակ բիզնես միջավայրի կառուցման, զարգացման եւ առաջընթացի գործում:Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ ունի ձեռներեցության հզոր ներուժ, որն անհրաժեշտ է գործի դնել: Տարբեր մարզեր եմ այցելում ու տեսնում, որ այդ մարդիկ կան, բայց հնարավորություն չունեն: Եթե փակ սահմանների, մենաշնորհների, սահմանափակ հնարավորությունների դեպքում նրանք այսքան գործ են արել, պատկերացրեք որքան կկարողանան անել, եթե դաշտն ազատվի: Տասնապատիկ ավելի շատ:Վստահ եմ, որ այս ամենը շատ կարճ ժամանակահատվածում է հնարավոր անել՝ 1-3 տարվա ընթացքում շատ լուրջ փոփոխությունների կարելի է հասնել: Մարդկանց այսօր միայն հույս է հարկավոր, որ ամեն մեկն իր միտքն առաջ տանի: Չեմ կասկածում, որ մի քանի տարվա ընթացքում կարելի է մարզերում ապահովել բիզնեսի զարգացման իրական հնարավորություններ: Ճանաչում եմ շատերի, որոնք պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը, նույնիսկ անվճար, քանի որ արդեն հույս ունեն, հավատում են: Կարեւոր է նաեւ, որ այս ամենն արագ արվի, քանի որ այսօր՝ գլոբալիզացիայի պայմաններում, մրցակցությունն է ավելանում, որոշում կայացնելու արագությունն է կարեւորվում: Այլեւս ժամանակ չունենք՝ քննարկելու, ամիսը մեկ ժողով անելու. այդ «երանելի» ժամանակներն անցան, հիմա գործել է պետք, որպեսզի իրականություն դարձնենք հեղափոխությունը նաեւ տնտեսական ոլորտում:Սամվել Գեւորգյանի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը Tweet Դիտում՝ 14108