"Կապիտալ" (Երեւան), 24.07.07.Բանկային գործը թերեւս ամենամեծ ճկունություն պահանջող տնտեսական գործունեության տեսակներից մեկն է, եւ այդ պահանջն ավելի խիստ ու արդիական է դառնում անցումային երկրներին բնորոշ արագ փոփոխվող տնտեսական զարգացումների ենթատեքստում: Նոր մոտեցումներն ու նոր գործիքների կիրառումը դառնում են մրցունակության ապահովման հրամայականը: Հատկապես մեր տնտեսության ֆինանսական համակարգում տեղ գտած վերջին զարգացումները կարեւորում են այդ զարգացումներին համահունչ ֆինանսական նոր գործիքների կիրառման անհրաժեշտությունը: “Արմսվիսբանկը” այն սակավաթիվ բանկերից է, որն առաջարկում է թեեւ ոչ մասսայական, բայց հաճախորդների նեղ շրջանակների համար արդյունավետ ֆինանսական ծառայությունների փաթեթներ: Դրանք առավելապես վերաբերում են կորպորատիվ հաճախորդներին եւ մեծ խնայողություններ ունեցող ֆիզիկական անձ-հաճախորդներին: “Արմսվիսբանկի” գործադիր տնօրեն Գ. Մաչանյանի հետ հարցազրույցում մենք քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են ինչպես բանկի ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի ներկա վիճակին ու հեռանկարներին: - Հայաստանում գործող յուրաքանչյուր բանկ կարծեք թե մասնագիտանում է որոշակի ուղղությամբ: Ո՞րն է “Արմսվիսբանկի” գործունեության առաջնային ուղղությունը: - Ձեւավորման օրվանից ի վեր բանկը հայտարարել է իր ռազմավարական հիմնական ուղղությունները, որոնք են կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիթ բանկային ծառայությունները (corporate, investment & private banking): Փաստորեն այս կերպ բանկը հրաժարվում է մասսայական բանկային սպասարկումից, այսինքն` ծառայություններ չի մատուցում բանկում հաշիվ չունեցող անձանց` ջանքերը կենտրոնացնելով իր հաճախորդների կարիքների առավելագույն բավարարման ուղղությամբ: Բոլոր ուղղություններով մենք ձգտում ենք մատուցել մեր հաճախորդներին այսպես կոչված “tailor made”, այսինքն ՙհաճախորդի վրայով կարված՚ ծառայություններ: Սա էլ հենց մեր առաջին եւ հիմնական առանձնահատկությունն է: Կորպորատիվ բենքինգը ենթադրում է ծառայությունների համալիր փաթեթներ, որոնք նախատեսված են կորպորատիվ հաճախորդների համար եւ ներառում են ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական բանկային ծառայություններ` այլընտրանքային ֆինանսավորում, ֆինանսական ածանցյալ գործիքներ, ֆինանսական խորհրդատվության եւ բազմաթիվ այլ ծառայությունների տրամադրում, ինչպիսիք են կազմակերպությունների ֆինանսական պլանավորման, արժեթղթավորման, նախագծերի եւ առեւտրի ֆինանսավորման ծառայությունները եւ այլն: Այս մոտեցումը առանձնահատուկ է մեր բանկային համակարգի համար, բայց նման ուղղություններով բանկեր միջազգային պրակտիկայում տարածված են: Ներդրումային ծառայությունները ներառում են հաճախորդներին արտաքին եւ ներքին շուկաներում տրամադրվող պարտքային գործիքների եւ այլ արժեթղթերում ներդրումների իրականացման հետ կապված ծառայությունների լայն շրջանակ` արժեթղթերի անհատական, կոլեկտիվ եւ այլ տիպի պորտֆելների ձեւավորումից մինչեւ ակտիվների հավատարմագրային կառավարման, բրոքերային եւ պահառուական ծառայությունների եւ ներդրումային գործառնությունների վերաբերյալ խորհրդատվության մատուցում: Ներկայումս մենք պահառուական եւ բրոքերային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող միակ արտոնագրված բանկն ենք: Մենք դեռևս չենք մատուցում ակտիվների հավատարմագրային կառավարման ծառայություններ, սակայն համապատասխան արտոնագիր ստանալու համար նախատեսում ենք ԿԲ դիմել ավելի ուշ` որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո: Մեր երրորդ հիմնական ռազմավարական ուղղությունը փրայվիթ բենքինգն է: Փրայվիթ բենքինգը ֆիզիկական անձանց անհատական և փաթեթային բարձրակարգ ծառայությունների մատուցման ամբողջական համակարգ է, որն ուղղված է Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությանը: Ես կուզենայի ընդգծել, որ երբեմն փրայվիթ բենքինգը նույնացվում է VIP-բենքինգի (բարձրակարգ սպասարկումով բենքինգի)հետ: Փրայվիթ բենքինգը լոկ բարձրակարգ սպասարկում չէ, այլ հաճախորդների անհատական պահանջները բավարարելու բիզնես-փիլիսոփայություն, որն արտահայտվում է հաճախորդի խնդիրներին իբրև սեփական խնդիրների դիտարկմամբ և առավել օպտիմալ լուծումների տրամադրմամբ: Այն ուղղակիորեն առնչվում է ներդրումային բանկային ծառայությունների հետ: Փաստորեն ստացվում է, որ մեր բոլոր երեք ռազմավարական ուղղություններն էլ փոխկապակցված են և փոխլրացնում են միմյանց: - Արդյո՞ք մասսայական բանկային ծառայություններից հրաժարվելու ձեր ռազմավարությունը սահմանափակումներ չի առաջացնում ֆինանսական ռեսուրսների ներգրավման տեսանկյունից: - Սահմանափակության խնդիր, ինչ խոսք, կա, սակայն նման մոտեցումը ռազմավարական որոշման արդյունք է: Մասսայական բանկային ծառայությունները եւ դրանցից ածանցվող մնացած բոլոր ծառայությունները հակասում են հաճախորդին մատուցվող ծառայությունները նրա կոնկրետ պահանջներին համապատասխան անհատականացնելու մեր որդեգրած ռազմավարությանը: Մեր բիզնես-փիլիսոփայությունը պահանջում է` մշակել եւ առաջարկել հատուկ փաթեթներ կորպորատիվ հաճախորդների եւ հաճախորդների խմբերի համար, որոնք գրավիչ ու նպաստավոր են նրանց համար: - Շուկայում այսօր ներդրումային ծառայությունների նկատմամբ բավարար պահանջարկ կա՞: - Ոչ մեծ, բայց կա: Այստեղ շատ կարեւոր է “գրագետ” առաջարկի ձեւավորումը, քանի որ անկախ պահանջարկի առկայությունից եւ մեծությունից, եթե առաջարկը ՙգրագետ՚ է արվում, այն դառնում է գրավիչ եւ տվյալ ծառայության նկատմամբ առաջ բերում նաեւ պահանջարկ: Այսօր շուկայում արդեն իսկ առկա է այլընտրանքային ներդրումների, հետևաբար նաև բրոքերային գործունեության իրական պահանջարկ: - Դուք առաջարկում եք ֆակտորինգային ծառայություններ: Ի՞նչ պահանջարկ է վայելում ձեր կողմից առաջարկվող այս ծառայությունը: - Պահանջարկն, ըստ էության, այնքան էլ մեծ չէ, բայց մենք սովորաբար առաջնորդվում ենք ոչ թե առկա, այլ պոտենցիալ պահանջարկով: Նորից պետք է նշեմ ՙգրագետ՚ առաջարկի կարեւորությունն այստեղ: Բացի այդ, անհրաժեշտ է հաճախորդների հետ որոշակի աշխատանք տանել եւ նաեւ ժամանակ տալ նրանց համոզվելու առաջարկվող ծառայությունների արդյունավետության մեջ, հատկապես եթե այդ ծառայությունները ոչ ավանդական են: Ծառայության այս տեսակը բավական մեծ պոտենցիալ ունի, քանի որ հնարավորություն է տալիս ընկերություններին առաքված ապրանքների դիմաց ֆինանսական միջոցներ ստանալ առանց գրավի առկայության, եւ միջազգային առեւտրի ֆինանսավորման ամենակիրառելի միջոցներից մեկն է, որն այլընտրանք է ուղղակի վարկավորմանը: Ամեն դեպքում, չնայած դեռևս փոքր ծավալներին, ծառայության այս տեսակի նկատմամբ պահանջարկի եւ հետաքրքրության աճի միտումն ակնհայտ է: Այժմ մենք իրականացնում ենք միայն ներքին ֆակտորինգ, բայց որպեսզի այդ ծառայությունները գրավիչ լինեն, պետք է ունենան իրենց շարունակությունը: Ուստի հաշվի առնելով մեր հաճախորդների կողմից ներկայացված պահանջարկը` մենք փորձում ենք ընդլայնել ֆակտորինգային ծառայությունների շրջանակները եւ ներկայումս բանակցում ենք մեր արտասահմանյան գործընկերների հետ, որպեսզի հնարավոր դարձնենք նաեւ արտաքին` արտահանման եւ ներմուծման ֆակտորինգային ծառայությունների մատուցումը: Ֆակտորինգային ծառայությունները ոչ թե պահային լուծում են, այլ կազմում են կորպորատիվ բենքինգի բաղադրիչ մաս: - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ “Արմսվիսբանկը” աչքի է ընկնում “զուսպ” մարկետինգային քաղաքականությամբ, ինչպե՞ս է լուծվում այս եւ նման այլ ծառայությունների մասին հաճախորդների տեղեկացվածության խնդիրը: - Մենք կիրառում ենք միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված ուղղակի մարկետինգի (direct marketing) միջոցները, եւ ադ եղանակը բավարար արդյունքներ ապահովում է: Իհարկե, ամեն ինչ միանգամից չի ստացվում, բայց փորձում ենք կոնկրետ հաճախորդների եւ հաճախորդների խմբերի հետ աշխատել: Մեզ համար կարեւոր է այս մասով ունենալ գործընկերներ, ովքեր, հասկանալով այս եւ մյուս գործիքների կարեւորությունն ու արդյունավետությունը, հետագայում իրենց մյուս գործընկերներին կներգրավեն այս գործընթացներում: Ոչ մի նոր բան չի կարող շատ արագ լինել, եւ մենք համբերատար ու հերթականությամբ իրականացնում ենք մեր ծրագրերը: - Ի՞նչ կիրառություն ունեն առեւտրի ֆինանսավորման եւ երաշխիքների տրամադրմանը վերաբերող ծառայությունները: Որքանո՞վ են մեր գործարարները օգտվում նմանատիպ ծառայություններից: - Ինչքանով մենք ենք տիրապետում շուկային եւ առաջարկվող ծառայություններին, սա այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք իսկապես ազատ ռեզերվներ ենք տեսնում: Արտաքին առեւտրաշրջանառության մեծ մասը, որպես կանոն, իրականացվում է կանխավճարային համակարգի միջոցով, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում առևտրաշրջանառության զարգացման համար: Այդ առումով մենք լուրջ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն ենք տեսնում: Այսինքն` անհրաժեշտ է մեր գործարարներին ներկայացնել այս ոլորտին վերաբերող ֆինանսական գործիքների կարեւորությունը: Կարծում եմ` այստեղ մեծ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործել: - Չնայած Հայաստանում գործող առեւտրային բանկերի` մրցակցության համար բավարար քանակին` բանկային համակարգում մրցակցությունը թույլ է: Դրա մասին են վկայում թե° ավանդների ու վարկերի միջեւ եղած սփրեդի բարձր ցուցանիշը, թե° ՀՆԱ-ում վարկերի տեսակարար կշիռը, որն աշխարհում ամենացածրերից է: Իրականում ի՞նչ հանգամանքներով կարելի է բացատրել այս երեւույթը: - Ես համամիտ չեմ պնդմանը, որ բանկերի միջեւ մրցակցությունը թույլ է: Ընդհակառակը, այն գնալով մեծանում է, եւ դրա մասին է վկայում ընդամենը վերջին մի քանի տարիների ընթացքում նույն բանկային տոկոսադրույքի սփրեդի էական կրճատումը: Մրցակցությունը մենք ինքներս մեր մաշկի վրա ենք զգում: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ում վարկերի տեսակարար կշռի ցածր մակարդակին, ապա պետք է ասեմ, որ այստեղ խնդիրը ավելի շատ վերաբերում է ոչ թե մրցակցությանը, այլ բանկերի ֆինանսական կարողություններին, տնտեսության ստվերայնության մակարդակին և ենթակառուցվածքների զարգացվածությանը: Միևնույն ժամանակ վարկավորման ծավալների աճը պայմանավորված է նաև այլ բանկային պրոդուկտների ներդրմամբ և զարգացմամբ: Վարկավորումը ֆինանսական միջնորդության ընդամենը մի տեսակ է: Կան շատ այլ գործիքներ, որոնց կիրառումը հնարավորություն կտա մեծացնել վարկերի ծավալները: Նման գործիքների կիրառման ամենապարզ օրինակը թերեւս պլաստիկ քարտերի ներմուծումն էր մեր երկրի բանկային համակարգ, ինչն էապես մեծացրեց ֆինանսական ռեսուրսների ներգրավման եւ, հետեւաբար, վարկերի ծավալների մեծացման հնարավորությունները: - Հայտնի է, որ մոտ ապագայում Հայաստանի բանկային համակարգ մտնելու հայտ են ներկայացրել մի քանի խոշոր միջազգային բանկեր: Ի՞նչ կտան այս փոփոխությունները մեր տնտեսությանը, եւ արդյո՞ք սա մեր բանկերին մտահոգվելու առիթ չի տալիս: - Միանշանակ, նոր բանկերի մուտքը մեր տնտեսությունում, մասնավորապես` ֆինանսական համակարգում փոփոխությունների կհանգեցնի, քանի որ դրանք լուրջ կապիտալ եւ հնարավորություններ ունեցող ֆինանսական կառույցներ են:, Մրցակցությունն իհարկե կմեծանա` սակայն թե որ ոլորտներում կախված է այն հանգամանքից, թե ինչ ռազմավարական ուղղություններ կընտրեն նոր բանկերը: Տոկոսադրույքների անկումը միանշանակ չէ, որովհետեւ նոր բանկերը կարող են առաջարկել նոր ծառայությունների տեսակներ եւ, մասնավորապես, նոր վարկատեսակներ, որոնք կարող են աշխուժություն մտցնել մեր տնտեսության մեջ եւ հավելյալ պահանջարկ առաջացնել այդ ծառայությունների նկատմամբ: Տոկոսադրույքների նվազումը հնարավոր կլինի միայն նրանց միջոցով մեր տնտեսություն հավելյալ ֆինանսական ռեսուրսների ներհոսքի դեպքում: - Որքանո՞վ են փոխկապակցված արժեթղթերի շուկան եւ բանկային համակարգը եւ, ըստ ձեզ, որքանո՞վ է վերջինս տուժում մեր երկրում արժեթղթերի շուկայի չկայացած լինելու հանգամանքից: - Արժեթղթերի շուկան եւ բանկային համակարգը միմյանց հետ կապված են այնքանով, որքանով որ երկու համակարգերն էլ հանդիսանում են ընդհանուր ֆինանսական համակարգի բաղկացուցիչ մասեր: Իհարկե, որքան զարգացած լինի արժեթղթերի շուկան, այնքան կնպաստի նաեւ բանկային համակարգի զարգացմանը, որովհետեւ արժեթղթերի շուկայի զարգացվածությունը ենթադրում է ֆինանսական միջնորդության դերի ավելացում, ներդրումների համար անհրաժեշտ նոր դաշտի ձևավորում եւ բանկային առկա ու հնարավոր նոր գործիքների նկատմամբ պահանջարկի աճ: Ճիշտ է, նոր հնարավորությունների հետ մեկտեղ կառաջանան նաեւ նոր ռիսկեր, որոնք նոր մոտեցումներ կպահանջեն: - “Վալլետտա” ՍՊԸ-ի պարտատոմսերի թողարկումը եւ տեղաբաշխումը “Արմսվիսբանկի” թերեւս առաջին խոշոր մասնագիտացված գործարքն էր: Առաջիկայում նմանատիպ այլ գործարքների ծրագրեր կա՞ն: - Ինչպես ասացի, սա մեր կողմից իրականացված պահային գործարք չէր, այլ դեռեւս բանկի հիմնադիր փաստաթղթերի ներկայացման ժամանակ մեր իսկ կողմից որդեգրված ռազմավարական ուղղություններից մեկի` ներդրումային բանկային գործունեության բաղադրիչ մաս: Մենք դրա համար շատ հետեւողական աշխատանքներ ենք տարել բանկի կառուցվածքի ձեւավորման, աշխատակիցների ներգրավման, նրանց վերապատրաստման, ներքին եւ արտաքին ենթակառուցվածքների ձեւավորման հետ կապված, եւ այդ ամենը եղել է ի սկզբանե հստակ պլանավորված: Դրա տրամաբանական շարունակությունն էր նաեւ մեր կողմից վերը նշված երկու լրացուցիչ արտոնագրերի (պահառուական եւ բրոքերային գործունեության) հայցով դիմումը ԿԲ-ին եւ դրանց ստացումը այս տարվա մայիսի 30-ին: Կոնկրետ ՙՎալլետտա՚ ՍՊԸ-ի դեպքում մենք մասնակցեցինք վերջինիս պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման համար անցկացված մրցույթին եւ ընտրվեցինք որպես անդերռայթեր (տեղաբաշխող): Պետք է նշեմ, որ ՙՎալլետտա՚ ՍՊԸ-ն մեզ համար նոր կազմակերպություն չէ, մենք միասին աշխատելու շուրջ երկու տարվա փորձ ունենք: Մենք հանդես ենք եկել ոչ միայն որպես անդերռայթեր ընկերություն, այլ նաեւ արժեթղթերի շուկայում այդ արժեթղթերի մասով ցանկանում ենք իրականացնել նաեւ մարքեթմեյքերի գործառույթներ, որպեսզի այդ արժեթղթերը հետագայում ավելի գրավիչ լինեն շուկայի մասնակիցների համար: Այսինքն` մենք կփորձենք երկրորդային շուկայում ունենալ այդ արժեթղթերի առքի եւ վաճառքի գնանշումներ եւ պատրաստ կլինենք իրականացնել նաեւ ռեպո գործառնություններ: Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, նշեմ, որ մենք արդեն մասնակցել ենք հայկական մեկ այլ կազմակերպության` ACP-ի (Armenian Copper Program) կողմից հայտարարված մրցույթին եւ եւս հաղթող ենք ճանաչվել` ձեռք բերելով այդ ընկերության պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման իրավունք: Պայմանագիրն արդեն ստորագրված է, եւ այժմ վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում: Արժեթղթերի թողարկումը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բացի այդ, պատրաստվում ենք “Վալլետտա” ՍՊԸ-ի կողմից նախատեսվող նաև մյուս թողարկումներին: Կան նախնական քննարկումներ մեկ-երկու այլ կազմակերպությունների հետ եւս, որոնց մասին ես չէի ուզենա հիմա նշել, որովհետեւ դեռեւս պայմանագրեր չեն ստորագրվել: Նախնական հաշվարկներով մենք պլանավորում ենք մինչեւ տարեվերջ կազմակերպել 1-1.5 մլրդ դրամի չափով կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ: - Ձեր կարծիքով` արժեթղթերի շուկայում նկատվող այս աշխուժությունը շարունակական բնույթ կունենա՞: - Կարծում եմ` այո, որովհետեւ ենթակառուցվածքներում եւս լուրջ փոփոխություններ են նախատեսվում, ինչը միանշանակ դրականորեն է ազդելու արժեթղթերի շուկայի կայացման վրա: Խոսքը առաջին հերթին ֆոնդային բորսայի նոր օպերատորի` շվեդական OMX-ի մուտքին է վերաբերում: Արժեթղթերի շուկայում մասնակցություն ունենալը, համենայն դեպս պարտատոմսերի մասով, գրավիչ է ընկերությունների համար, որովհետեւ նրանք, փաստորեն, մուտք են ունենում դեպոզիտային շուկա, այսինքն` հասարակության ֆինանսական միջոցները դառնում են նրանց համար հասանելի` ավելի գրավիչ պայմաններով: Բայց այդ առավելությունները առաջ են բերում նաեւ որոշակի պարտավորություններ եւ առաջին հերթին` ներդրողների առաջ ավելի բաց եւ հաշվետու լինելու իմաստով: Այդ առումով պարտատոմսերի թողարկում իրականացնելու որոշումը ռազմավարական քայլ է, որովհետեւ, որպես կանոն, ընկերությունները ցանկություն ունեն այդ թողարկումները դարձնել շարունակական: Իսկ շարունակականությունը հնարավոր կլինի միայն բարձր վարկունակության հեղինակություն ձեռք բերելու եւ ներդրողների առջեւ թափանցիկ լինելու շնորհիվ: - Իսկ ի՞նչ կարող է տալ պարտատոմսերի թողարկումը այդ ընկերություններին: - Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամենամեծ առավելությունը, որ կարող են ձեռք բերել նման ընկերությունները, ինչպես արդեն նշեցի դա մուտքն է էժան փոխառու միջոցների շուկա: Սակայն դրանով թողարկող ընկերությունների հնարավորությունները և առավելությունները չեն սահմանափակվում: Մոտ ապագայում այդ ընկերությունները բավարար թափանցիկություն և պարտավորությունների կատարման պարտաճանաչություն ցուցաբերելու պարագայում հնարավորություն կունենան իրականացնել բաժնետոմսերի հրապարակային առաջարկ (IPO), ինչը արդեն ընկերության զարգացման լիովին նոր մակարդակ է: Ընկերության մասին “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ. հոկտեմբերին եւ բանկային գործունեություն սկսել իրականացնել 2005թ. մարտից` ՀՀ ԿԲ կողմից տրամադրված Բանկային գործունեության N 84 արտոնագրի հիման վրա: 2007թ. մայիսի 30-ին Բանկը ստացել է նաեւ բրոքերային եւ պահառուական գործունեություն իրականացնելու իրավունք` ԿԲ կողմից տրամադրված համապատասխանաբար NՊԳ0064 եւ N ԲԳ0065 արտոնագրերի հիման վրա: Բանկն առաջարկում է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական բանկային ծառայություններ` նախատեսված կորպորատիվ հաճախորդների եւ նրանց խմբերի, ինչպես նաեւ համեմատաբար մեծ խնայողություններ ունեցող առանձին ֆիզիկական անձ-հաճախորդների համար: Բանկի բաժնետոմսերի միակ սեփականատերը դրա հիմնադիր շվեյցարաբնակ, ծագումով հայ գործարար Վարդան Սիրմաքեսն է: Կենսագրական Գեւորգ Մաչանյանն “Արմսվիսբանկի” գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան քսանհինգամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: “Արմսվիսբանկը” ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ գլխավոր աուդիտորը` ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսեւորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության եւ էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման եւ ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը եւ ներդրումը Հայաստանում: Ծնվել է 1959թ., ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: Tweet Դիտում՝ 9844