Արեւային էներգիայով էկո տնակներ՝ արշավորդների համար

26.01.2018 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Էկո տնակ #Զարգացման հիմնադրամ #Լիանա Եփրեմյան
2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի զարգացման հիմնադրամն ամփոփեց «Ձեւափոխի՛ր» մրցույթի արդյունքները, որտեղ «Էկո-տնակները Հայաստանում» ծրագիրը զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով $15 000 մրցանակի: Մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ծրագրի համահեղինակներ Լիանա Եփրեմյանի եւ Անիտա Լիբենաուի հետ:

3 օր՝ Գեղամա սարերում

Մասնագիտությամբ մաթեմատիկոս Լիանա Եփրեմյանն ապրում է Լոնդոնում, նույնպես մաթեմատիկոս, գերմանացի Անիտա Լիբենաուն՝ Ավստրալիայում: Ծանոթացել են մասնագիտության բերումով, ընկերացել, հիմա արդեն ապագա բիզնես գործընկերներ են:

«Կանադայում ես հաճախ էի արշավների մեկնում, Անիտան էլ է սիրում արշավներ: Նրան հաճախ էի պատմում Հայաստանի բնության մասին, ու մի օր որոշեցինք գալ Հայաստան»,- հիշում է Լիանան:

Հայաստանում արդեն պարզվել է, որ սարերում մի քանի օրով արշավի մեկնելը առանց վրանների գրեթե անհնար է, քանի որ այնտեղ արշավորդների համար գիշերակացի այլ պայմաններ չկան:


«Կանադայում արշավի մեկնողների համար կան տնակներ՝ տարրական պայմաններով. դու ընդամենը ունես փոքրիկ սենյակ՝ հասարակ մահճակալ ու քնապարկ»,- իր փորձով կիսվում է Լիանան:

Խորհրդի համար դիմել են Armenian Geographic կազմակերպության ղեկավար Տիգրան Շահբազյանին, որն էլ կազմակերպել է արշավը Գեղամա սարեր:

Եռօրյա  արշավի ընթացքում ապագա թիմի մոտ վերահաստատվել է այն գաղափարը, որ Հայաստանը, չնայած իր հիասքանչ բնությանը, արշավորդների շրջանում տարածված ուղղություն չէ: Պատճառներից մեկն արշավների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունն է:   

Սարերում արշավորդների համար տնակներ տեղադրելու մտորումները նախագծի են վերածել արշավից վերադառնալուց մի քանի օր հետո, երբ իմացել են Հայաստանի զարգացման հիմնադրամի «Ձեւափոխի՛ր» մրցույթի մասին:

Տնակներ սարերում, այն էլ՝ էկո

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 2 մլն դոլար: Էկո տնակները նախատեսվում է տեղադրել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 12-18 վայրում: Առաջին տնակը, ըստ հաշվարկների, պատրաստ կլինի աշխատանքները սկսելուց 8 ամիս հետո, այնուհետեւ յուրաքանչյուր տնակի պատրաստման եւ տեղադրման համար կպահանջվի 3,5 ամիս ժամանակ:

Ծրագրի հեղինակներն ընդգծում են, որ բնության մեջ շինարարություն չի իրականացվելու: «Ստորակետ» ճարտարապետական ընկերության նախագծած մետաղյա տնակները կպատրաստվեն որեւէ գործարանում, հետո արդեն փազլի կտորների նման կհավաքվեն նախանշված վայրերում: Դրանով նրանք փորձել են նվազագույնի հասցնել բնությանը հասցվող վնասը:  

Յուրաքանչյուր տնակ կունենա մահճակալ, հասարակ «կահավորված» խոհանոցային տարածք, հնարավոր է նաեւ ցնցուղի առկայություն՝ կախված տնակի գտնվելու վայրից:


Արշավորդների համար նախատեսված կացարանները կլուսավորվեն եւ կտաքացվեն արեւային էներգիայով: Ի դեպ, հենց էներգիայի պահպանման տեսանկյունից ելնելով էլ որոշվել է, որ տնակները պետք է լինեն մետաղյա:

Անիտան նշում է, որ սովորաբար արշավորդների համար նախատեսված տնակները չեն տաքացվում, բայց Հայաստանի արեւային ռեսուրսները հաշվի առնելով՝ որոշել են առավել հարմարավետ դարձնել տնակներն անգամ ձմեռային ամիսների համար:

Տնակների տեղադրմանը զուգահեռ կգործարկվի առցանց հարթակ, որի միջոցով արշավորդները նախօրոք կամրագրեն իրենց գիշերակացը:

Սպասարկումը՝ համայնքներին

Լիանա Եփրեմյանի խոսքով՝ քննարկվել է 14 հավանական վայր, որտեղ կարող են տեղադրվել տնակները, թեեւ ցանկը խիստ նախնական է: Ամեն դեպքում, դրանք կտեղադրվեն այն վայրերում, որոնք մոտ են գտնվում հայկական պատմամշակութային հուշարձաններին: Դա, մի կողմից, կնպաստի զբոսաշրջության, մյուս կողմից՝ շրջակա համայնքների տնտեսական զարգացմանը:

Հենց շրջակա համայնքների բնակիչներն էլ կիրականացնեն տնակների «սպասարկումը»՝ սննդի ու մաքրության հարցեր, զբոսաշրջություն եւ այլն:

Նախատեսվում է, որ տնակի վարձակալությունը զբոսաշրջիկների համար կարժենա $12, իսկ տեղացիների համար՝ $6:

«Տնակների տեղադրման վայրերի վերաբերյալ որոշ նախնական պատկերացումներ ունենք, բայց դեռ պետք է խոսենք տեղի համայնքների հետ, որովհետեւ մենք չենք ուզում որեւէ մեկին ինչ-որ բան պարտադրել: Մենք իսկապես հույս ունենք, որ այս ծրագիրը կհամապատասխանի այն մարդկանց գաղափարներին, որոնք ապրում են այդ վայրերում»,- ամփոփում է Անիտան:


Վիկտորյա Անդրեասյան

«Ձեւափոխի՛ր» մրցույթի երկրորդ մրցանակակրի մասին կարող եք կարդալ այստեղ
«Ձեւափոխի՛ր» մրցույթի երրորդ մրցանակակրի մասին կարող եք կարդալ այստեղ
Դիտում՝ 13966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW