2017-ի տնտեսական լրահոսն առանձնացավ ներդրումային ակնկալիքներով եւ ոլորտի պատասխանատուների վճռականությամբ՝ սատարելու պոտենցիալ ներդրողներին: Տարին աչքի ընկավ նաեւ գյուղոլորտում մեկնարկած ինդուստրիալ զարգացումներով եւ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրերի մեկնարկով, որին մասնակցեցին նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները: Ի դեպ, վերջիններս անցնող տարում բավական ակտիվ էին նաեւ պարտատոմսերի շուկայում: Բնականաբար, նշված միտումները տեղ գտան մեր լրահոսում եւ հեղինակային նյութերում: Բայց եւ այնպես՝ ամփոփելով տարին, որոշել ենք առանձնացնել այն նախաձեռնությունները, որոնք 2017-ին առավել ոգեւորիչ մթնոլորտ եւ տրամադրություն ստեղծեցին:Եվ այս ամենը Banks.am-ի վարկածով՝ գնացինք :) Ամենաբրենդային ռեբրենդինգը Սեպտեմբերի 15-ին Երեւանում կայացավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգին նվիրված վառ շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց բանկի նոր ռազմավարությունն ու բրենդը՝ Evocabank-ը: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Անվան եւ լոգոտիպի փոփոխությանն ու նոր բիզնես մոդելին զուգահեռ՝ ռեբրենդինգի ամենագլխավոր գործընթացը համարում եմ սեփական ռեբրենդինգը՝ փոփոխությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված մարդկանց մտքերի, ուղեղների, մտածողության եւ աշխատանքի հանդեպ մոտեցումների ռեբրենդինգը: Խոսքը բանկի ղեկավարության, աշխատակիցների, գործընկերների, ընկերների ու համախոհների մասին է»,- Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր Վազգեն Գեւորկյանը: Ամենանվիրյալ հիմնադրամը Տարվա սկզբին «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մեկնարկեց դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման գործընթացը: Ստեփան Գիշյանի ծննդյան օրը՝ մայիսի 5-ին, հիմնադրամն ամփոփեց ծրագրերի արդյունքները: «Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,- նշել էր հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: Լուսանկարը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ Արդյունքում՝ վերանորոգվեց Նոյեմբերյանի մարզադպրոցը, ՀՀ բժիշկները մաշկի փոխպատվաստմանն այլընտրանք ստացան, Գյումրիում ստեղծվեց հացի «սոցիալական» արտադրամաս: Ամենապահապան արշավը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով «Պահապան» զարգացման հիմնադրամն այս տարի նախաձեռնեց «համազգային հանգանակությունների» արշավը: Հանգանակություններից ստացված գումարն ուղղվելու է մարզի ամենախոցելի համայնքների դպրոցներում եւ մանկապարտեզներում խաղաթաքստոցների կառուցմանը: Թիրախային համայնքների ընտրությունը վստահվել է ԱԻՆ-ին։ Լուսանկարը՝ Պահապան» զարգացման հիմնադրամ Ֆոնդհայթայթման համար յուրօրինակ ձեւ ընտրվեց՝ արշավին մասնակից դարձան Երեւանի սրճարան-ռեստորանները, որոնց թիվն այսօրվա դրությամբ հասնում է 35-ի: «Ուզում ենք ցույց տալ, որ հասարակության, պետության եւ մասնավորի շահերը կարող են համընկնել, եւ ամենակարեւորը, ուզում ենք ցույց տալ, որ հասարակությունը կարող է համախմբվել եւ մի գործի լծվելով՝ ինչ-որ մի հարց լուծել»,- Banks.am-ի հետ զրույցում նշել էր հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։ Ամենաերեւանյան oրերը Մայիսի 5-6-ը «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ անցկացվեցին գինու օրեր: Երկու օր մայրաքաղաքի Սարյան փողոցի «գինետների հատվածում» ջազի, բլյուզի կենդանի ելեւէջների ներքո, ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ երեւանցիներն ու զբոսաշրջիկները գինի էին վայելում եւ համտեսում գինու երեկոյին «հարիր» մենյուներ: Լուսանկարը՝ PAN Photo «Այո՛, 6000 տարի առաջ ունեցել ենք գինեգործություն, բայց պետք է դա ցույց տալ նաեւ արտասահմանցիներին, պետք է ցույց տալ, որ Հայաստանը եղել է գինեգործության օրրան: Զբոսաշրջիկներին հայկական գինեգործությանը ծանոթացնելու ուղղությամբ շատ աշխատանքներ կան կատարելու, հետեւաբար, կարեւոր է, որպեսզի առաջին քայլերն արվեն ճիշտ, հստակ շեշտադրությամբ»,-Banks.am-ի հետ զրույցում ասել էր միջոցառման PR գործընկեր Աննա Մազմանյանը: Ամենականչող ծրագիրը Զբոսաշրջության զարգացում, կրթության եւ գիտության բարձր մակարդակ. Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում հասկացել են՝ որոնք են համայնքի զարգացման կարեւորագույն չափանիշները: Կալավանի զարգացման 10-ամյա ծրագիրն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ամբողջ գյուղի բնակիչների ջանքերով: Լուսանկարը՝ Անձնական արխիվից «Կալավանում ձեզ կարող է գրավել այն միջավայրը, որտեղ կարող եք տեսնել, թե ինչպես է համայնքն ապրում որպես մեկ միասնական օրգանիզմ, որտեղ գյուղացիները ոչ միայն գոհ են, այլեւ հպարտ, որ ապրում են այդ գյուղում... Կարելի է ասել, որ սա իմ հիմնական երազանքն է. որ ցանկացած մարդ, Հայաստանի տարածքում որտեղ էլ ապրի, հպարտ լինի, որ ապրում է հենց այդ վայրում»,-Banks.am-ի հետ զրույցում նշել էր «Թայմ լենդ»-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը: Ամենաարեւային նախագծերը Հունիսին Երեւանում բացվեց արեւային վահանակներ արտադրող SolarOn գործարանը: Նոյեմբերին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բացվեց 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արեւային կայանը: Դեկտեմբերին Արմավիրի մարզի Շենիկ համայնքում բացվեց «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արեւային էլեկտրակայանը: Օրեր անց Տավուշի Ենոքավան գյուղում բացվեց մարզի ամենամեծ արեւային էլեկտրակայանը՝ 147 կՎտ դրվածքային հզորությամբ: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Խորհրդանշական էր նաեւ Երեւանի Մոսկովյան եւ Բաղրամյան փողոցներում արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի երկու կանգառի բացումը` բջջային հեռախոսների եւ թվային այլ սարքավորումների արեւային էներգիայով անվճար լիցքավորելու հնարավորությամբ: Ամենավաստակած ներդրումը Աշնանը Menu Group-ը հայտարարեց $3 մլն-ի ներդրում ներգրավելու մասին։ Միջոցներն օգտագործվելու էին տարածաշրջանային հետագա զարգացման համար։ Լուսանկարը՝ Վահան Քերոբյանի անձնական արխիվից «Այսօր Menu Group UK Ltd-ին Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում ռեստորաններից սննդի առաքման շուկայում բացարձակ առաջատար է: 5 տարվա ընթացքում ընկերությունը հասել է տարեկան 1 միլիոն պատվերը գերազանցող ծավալի: Ներկայում ընկերությունը գրավում է 2-րդ տեղը ԱՊՀ-ում՝ ընդհանուր պատվերների քանակով: 2017թ. նախնական հաշվարկներով՝ ընկերության հասույթը կգերազանցի $3 մլն-ը»,- նշել էին ընկերությունում: Ամենաճանաչված ստարտափը Volterman ստարտափ-ի մշակած սմարթ դրմապանակը 2017-ին հաղթական ուղի անցավ: Մայիսի սկզբին Երեւանում կայացած Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի արդյունքներով այն ստացավ դրամաշնորհ, իսկ սեպտեմբերին ստարտափի հեղինակներին տրամադրվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի 5 տարվա թույլտվություն: Լուսանկարը՝ Volterman Հունիսից մեկնարկած crowdfunding-ի արդյունքում Volterman-ը հավաքեց ավելի քան $1,5 մլն: Ամենասպասված փոխադրամիջոցը Հունիսի 14-ին Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի «Զվարթնոց» օդանավակայան ուղեւորվեց առաջին երթուղային ավտոբուսը: Երթուղու ժամանակավոր սպասարկող նշանակվեց «Էլիտ բաս» ընկերությունը, որն էլ փորձաշրջանն անցնելուց հետո՝ կազմակերպության ընտրության մրցույթի արդյունքներով դարձավ երթուղու սպասարկողը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ներկայում երթուղու վերջնակետն է Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը: Ուղեվարձը 300 դրամ է։ Ամենամոտիվացնող գիրքը 14 տարի՝ «փորձարկումներ»-ի եւ 15 ամիս՝ նոր ձեռագրի համար: Արդյունքում այս տարվա նոյեմբերին տեղի ունեցավ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հեղինակած «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Լուսանկարը՝ Անահիտ Բոյակչյան «560-էջանոց գրքի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ դրանում բիզնես կատեգորիաներին «միս ու արյուն» են տալիս կոնկրետ օրինակները: Մասնավորապես, գրքում ներկայացված են մոտ 200 մեծ եւ փոքր, սկսնակ եւ արդեն զարգացման փուլում գտնվող հայկական ընկերությունների անցած ճանապարհն ու հաջողության պատմություններն ու օրինակները, ինչու ոչ՝ նաեւ ռիսկերն ու ձախողումները»,- Banks.am-ի զրույցում նշել էր Սամվել Գեւորգյանը: Tweet Դիտում՝ 19873