Ամուլսարի ոսկու հանքավայրը արդյունահանող Լիդիան Արմենիա ընկերությունը Հայաստանի խոշորագույն ներդրողն է եւ շուտով կհայտնվի նաեւ խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում: Բայց այսօր ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին խնդրել ենք պատմել այն մասին, թե ինչպես «գտնվեց» Ամուլսարը, ինչպես զարգացավ ընկերությունը եւ որն է իր գլխավոր նպատակը:Junk Mail-ի «գաղտնիքները» 2003 թվականին Լոնդոնի Mines and Money կոնֆերանսում Հայաստանը մրցանակ ստացավ՝ հետխորհրդային տարածքում ընդերքին վերաբերող լավագույն օրենսդրության համար: Դրանից հետո արտասահմանյան ընկերությունները եւ մասնագետները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հանդեպ: Մեր ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը մեծ ճանաչում ունեցող կառուցվածքային երկրաբան է եւ այն տարիներին որպես խորհրդատու աշխատում էր AngloGold Ashanti ընկերության համար, որն աշխարհում ոսկի արդյունահանող խոշորագույն ընկերություններից է: Ես ու հայրս (2014 թվականին կյանքից հեռացած վաստակաշատ երկրաբան Պետրոս Ալոյանը-խմբ.) Հայաստանում ոսկու արդյունահանման մասին մի հոդված էինք հրապարակել Russian Mining ամսագրում, որը տեսել էր Թիմ Քոֆլինը: Էլեկտրոնային փոստիս Junk Mail/Spam ֆոլդերը երբեք չէի բացում, աջ քլիքով միանգամից ջնջում էի պարունակությունը: Մի օր, չգիտեմ թե ինչու եւ ինչպես, որոշեցի մտնել այդ ֆոլդեր եւ մի նամակ տեսա, որը գրել էր Թիմ Քոֆլինը: Գրում էր, որ կարդացել է մեր հոդվածը եւ ցանկանում է Հայաստան գալ: Առաջարկում էր, որ ուղեկցենք իրեն եւ ցույց տանք հանքավայրերը: Շատ ոգեւորված գնացի եւ նամակի մասին պատմեցի հորս, սակայն նա ինձ պես խանդավառված չէր եւ իր պատասխանը մոտավոր այսպիսին էր՝ «Ի՞նչ գործ ունես»: Այդ ժամանակ մի գիտական աշխատություն էինք պատրաստում Հայաստանում ածուխների մասին ու հայրս ասում էր, որ պետք է դրա վրա կենտրոնանանք եւ ավարտին հասցնենք: Ի վերջո, եկանք նրան, որ պատասխան նամակ գրենք եւ ասենք, որ քանի որ հիմա ձմեռ է, ավելի լավ կլինի Թիմը Հայաստան գա ամռանը:«Զանգերն» ու փոփոխված ապարները2005 թվականի ամռանը Թիմ Քոֆլինը եկավ Հայաստան՝ ավստրալացի երկրաբանի եւ երկրների ռիսկայնությունը ուսումնասիրող շոտլանդացի մասնագետի հետ: Առավոտյան պետք է Հայաստանի հարավ մեկնեինք, իսկ նախորդ երեկոյան, հայկական հյուրասիրության կանոններին համաձայն, նրանց ռեստորան հրավիրեցինք, որտեղ, անկեղծ ասած, շատ խմեցինք: Առավոտյան դժվար արթնացանք՝ ճանապարհին էլ գրեթե կիսաքնած էինք: Կանգ առանք «Զանգերի» մոտ, որտեղ հայտնի սառնորակ ջրով աղբյուր կա: Մեկ էլ Թիմի հայացքը կանգ առավ ճանապարհից ձախ ընկած հատվածին եւ նա ասաց՝ «փոփոխված ապարներ են»: Շատ հետաքրքրվեց եւ առաջարկեց, որ Մեղրիից վերադառնալուց կանգ առնենք նաեւ այդ վայրում եւ ավելի մոտիկից ուսումնասիրենք տարածքը: Մեղրիում գտնվելու ողջ ընթացքում Թիմն անընդհատ խոսում էր այդ վայրի մասին եւ ցանկանում էր, որ հնարավորինս շուտ հայտնվենք այնտեղ: Հայկ Ալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Եկանք, ոտքով բարձրացանք վերեւ եւ Թիմը սկսեց հետաքրքրվել, թե ի՞նչպես կարող ենք արտոնագիր ստանալ: Որոշեցինք դիմել հետախուզական աշխատանքների արտոնագրի համար: Հայրս էլ պնդեց, որ դիմենք հնարավորինս մեծ տարածքի համար: Հետո հասկացանք, թե որքան ճիշտ էր նա, քանի որ այն հատվածում, որտեղ առաջին անգամ կանգ էինք առել, ոսկի չգտանք:Թիմը խոսեց AngloGold Ashanti-ի հետ, այն որոշակի հետարքրքություն ցուցաբերեց: Ես էլ Հայաստանում գրանցեցի «Գեոթիմ» ընկերությունը, որը հետագայում վերանվանեցինք «Լիդիան Արմենիա»: Սակայն երբ AngloGold Ashanti-ի մասնագետները ժամանեցին, բավական հոռետեսական գնահատականներ տվեցին: Ասում էին, որ տարածքը գտնվում է մայրուղուց ոչ հեռու, եւ հնարավոր չէ, որ այն կառուցելիս երկրաբանական հետազոտություններ արած չլինեին եւ եթե այնտեղ ոսկի լիներ, դա վաղուց հայտնի կլիներ: Սակայն, զարմանալիորեն, խորհրդային ժամանակ այդտեղ հետազոտություն չէին արել՝ Ամուլսարը Հայաստանի միակ հանքավայրն է, որը հայտնաբերվել է անկախ Հայաստանում:Որոշ ժամանակ հետո Հայաստան եկավ աշխարհի ամենահայտնի երկրաբաններից մեկը՝ Ռիչարդ Սիլիթոնը: Ճանապարհով անցնելիս նա եւս ուշադրություն էր դարձրել փոփոխված ապարներին եւ հրավիրել էր մեկ այլ խոշոր արդյունահանող ընկերության ուշադրությունը: Նրանք դիմեցին հետախուզություն անցկացնելու արտոնագրի համար, բայց այն արդեն մեզ էր պատկանում:Քանի որ AngloGold Ashanti-ն չցանկացավ մասնակցել նախագծին, ընկերության առաջին տարվա բյուջեն գոյացավ մեր եւ մեր ընկերների անձնական միջոցներից` կազմելով 60 հազար եվրո: Երկրորդ տարվա ընթացքում ներգրավեցինք NewMont ընկերությանը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) եւ բյուջեն կազմեց արդեն 200 հազար:Երկրաբա՞ն, թե՞ գործարարԻնձ նախեւառաջ երկրաբան եմ համարում: Չնայած հիմա ժամանակիս մեծ մասը նվիրում եմ վարչական եւ կառավարչական հարցերին, փորձում եմ երկրաբանությունից հետ չմնալ, մասնագիտական հոդվածներ կարդալ: Փոքր տարիքից հորս հետ շատ եմ ճամփորդել Հայաստանի ամենատարբեր վայրերով: Երկրաբանները կյանքին մի փոքր այլ կերպ են նայում: Նրանք տարվա մեծ մասն անցկացնում են սարերում, ձորերում, շփվում են պարզ մարդկանց հետ։ Դրա մեջ որոշակի ռոմանտիկա կա, որի կրողը նաեւ ես եմ: Առավոտյան կարող ես միայնակ բարձրանալ երեք հազար մետր բարձրության վրա, նստես քարին, նայես, մտածես, երկիրդ ճանաչես, հոգնես, քրտնես, փոշոտվես։ Երեկոյան էլ քաղաքում մի հարմարավետ վայրում նստես, գինի վայելես ու նորից վերապրես անցած օրը: Այդ էմոցիաներն ինձ համար կարեւոր են:Ամենամեծ ամոթըԻհարկե, արեւմտյան գործարար մշակույթին ընտելանալը հեշտ չէր: Սկզբում գրեթե անգլերեն չէի խոսում: Տարիներ անց հասկացա, որ երբեմն նամակներ գրելիս Hey guys!-ի փոխարեն Hey gays! էի գրում (ծիծաղում է-խմբ.): Հայկ Ալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ արդեն սկսվել էին հետախուզական աշխատանքները, Ամուլսարում տեղի բնակիչներից վեց հոգի աշխատում էին, ես էլ Լիդիանի խորհրդի անդամների հետ եկել էի՝ նրանց տարածքին ծանոթացնելու համար։ Այն պահին եկանք, երբ աշխատողներն ընդմիջում էին անում։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ընկերության խորհրդի անդամները տոպրակներ վերցրեցին եւ սկսեցին դրանց մեջ հավաքել գետնին գցած ծխախոտի տուփերը եւ դատարկ շշերը։ Այդ ամոթի զգացումը մինչեւ հիմա հիշում եմ՝ կյանքումս երբեք այդքան չեմ ամաչել։ Այդ օրվանից հետո մեր բոլոր աշխատակիցները գիտեն, որ տարածքի աղտոտումն արգելված է:Պաշտոնյան ու համակարգչային պասյանսը Մի օր պետք է մի պաշտոնյայի այցելեի՝ դիմել էինք փաստաթղթեր ստանալու համար եւ պետք է տեղեկանայի՝ արդյո՞ք պատրաստ են։ Թիմ Քոֆլինը Հայաստանում էր եւ որոշեց, որ պետք է ինքն էլ գա, ծանոթանա այդ պաշտոնյային։ Զգուշացրեցի, որ ծանր բնավորության տեր մարդ է, միգուցե այդքան էլ գոհ չմնաս ձեր շփումից։ Թիմը համառեց, եւ պաշտոնյայի աշխատասենյակ երկուսով մտանք: Համակարգչով պասյանս էր բացում, ու երբ մտանք, մեր վրա անգամ կեսհայացք չնետեց: Թիմը մոտեցավ, լայն ժպտաց, պարզեց ձեռքը եւ ներկայացավ։ Պաշտոնյան մի պահ կտրվեց խաղից, ուսումնասիրեց Թիմին, այնուհետեւ մի կերպ ձեռքը մեկնեց։ Թիմը պարզեց նաեւ իր այցեքարտը, բայց պաշտոնյան այն չվերցրեց, շարունակում էր պասյանս բացել: Թիմը ստիպված քարտը դրեց սեղանին: Հետո պաշտոնյան մի պահ ինձ նայեց ու կարճ ասաց. «Թղթերը եղել են»: Ու շարունակեց իր պասյանսը: Դուրս եկանք, քարտուղարուհուց վերցրեցինք փաստաթղթերը, իսկ Թիմը քարացած մնացել էր ու մինչեւ երեկո ուշքի չէր գալիս։«Ավանդույթներին» հակառակԹիմի հետ ամենասկզբում պայմանավորվեցինք, որ մեր վրա երբեւէ որեւէ կոռուպցիոն ռիսկեր չենք վերցնելու եւ արմատացած «ավանդույթները» չենք հարգելու: Այն ժամանակ ես 30 տարեկան էի, ինքը՝ 40: Պայմանավորվեցինք, որ եթե հանկարծ անելանելի վիճակում հայտնվենք, պարզապես դուրս կգանք այս գործից։ Փառք Աստծո, առ այսօր աշխատում եմ այնպես, ինչպես պայմանավորվել ենք:Թիմն արդեն չորս տարի ընկերությունում չէ, բայց մեր ընկերական հարաբերությունները շարունակվում են։Ոսկին՝ առանց հույզերիՎերջերս Շվեյցարիայում այցելեցի թանկարժեք մետաղների աֆինաժային գործարան: Քայլում էի հարյուրավոր ոսկե, պլատինե, արծաթե ձուլակտորների կողքով։ Սակայն որեւէ հատուկ էմոցիաներ չունեցա։ Գործարանում ինձ պատմեցին, որ եղել են դեպքեր, երբ նույնիսկ շատ հարուստ մարդիկ, հայտնվելով այդ միջավայրում, չեն դիմացել գայթակղությանը եւ փորձել են գրպանը փոքր ձուլակտոր դնել՝ իրենցից անկախ փաստացի գողության փորձ կատարելով:Առաջ գնալու մոտիվացիանԲնավորությամբ այնպիսին եմ, որ սիրում եմ սկսած գործն ավարտին հասցնել։ Բացի դրանից, անկեղծորեն հավատում եմ այս ծրագրին ու դրա կարեւորությանը մեր երկրի, մարդկանց համար։ Մի օր մեր տեղացի աշխատակիցներից մեկն ասաց, որ նախատեսում է ընտանիքը տանել Քոբուլեթի՝ հանգստանալու։ Չեմ կարող նկարագրել, թե որքան ուրախ էի այդ պահին, երբ տեսա, որ մարդն իր աշխատանքով ոչ միայն հոգում է իր ամենօրյա կարիքները, այլեւ կարող է ընտանիքի հանգիստն ապահովել։Ես կենտրոնացած եմ իմ երկրի տնտեսական իրավիճակի վրա։ Համարում եմ, որ իմ հնարավորությունների սահմաններում պետք է օգնեմ, որ իմ երկիրը այս վիճակից դուրս գա։ Ուստի չեմ բացառում, որ Ամուլսարի ծրագրի ավարտից հետո որեւէ նոր խոշոր նախագիծ ձեռնարկեմ:Հայկ Ալոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը Tweet Դիտում՝ 19860