ՀՀ բանկերը՝ սոցցանցերում վարկունակության գնահատման մասին
08.12.2017 | 10:27
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


ՌԴ որոշ խոշոր բանկեր արդեն հայտարարել են 2018-ից սքորինգի հոգեչափական մոդելի ներդրման մասին (ներառում է սոցցանցերում վարկառուների անձնական էջերի ուսումնասիրություն), որոշ բանկեր էլ նշել են, որ վարկային հայտերն ուսումնասիրելիս հաշվի են առնում հայտատուների տվյալները՝ բաց աղբյուրներից:
ՀՀ բանկերի դիրքորոշումն այս հարցի շուրջ պարզելու նպատակով Banks.am-ը նախաձեռնել է հոդված, որը ներառում է բանկերի տրամադրած պատասխանները հետեւյալ հարցերին.
1. Ինչպիսի՞ն է բանկի փորձագիտական կարծիքը սքորինգի հոգեչափական մոդելի վերաբերյալ՝ որպես մոդելի հիմնական բաղկացուցիչ մաս դիտարկելով սոցցանցերում վարկառուների անձնական էջերի ուսումնասիրության հարցը:
2. Քննարկո՞ւմ է արդյոք բանկը նման մոդելի ներդրման հեռանկարը՝ առանձին պրոդուկտի տեսքով:
3. Վարկային հայտերն ուսումնասիրելիս բանկի կողմից հաշվի առնվո՞ւմ է հայտատուների վարքագիծը սոցցանցերում:
Հարցումն ուղարկվել է բոլոր բանկերին, ստորեւ այբբենական կարգով ներկայացված են այն բանկերը, որոնք պատասխանել են հարցմանը:
Անելիք Բանկ
Անելիք Բանկում կարծում են, որ հայաստանյան բանկային համակարգում հոգեչափական մոդելների մասին խոսելը ժամանակավրեպ է՝ հաշվի առելով, որ «բանկերը դեռ ամբողջությամբ չեն յուրացրել վիճակագրական սքոր քարտերի հնարավորությունները»:
Այնուամենայնիվ, բանկը քննարկում է նման մոդելի ներդրման հեռանկարը:
«Դիտարկում ենք առանձին պարամետրեր, որոնց գծով հավաքագրում ենք տվյալներ՝ ապագայում թեստավորելու եւ սքոր քարտերում ընդգրկելու նպատակով։ Սակայն հարցին պետք է մոտենալ զգուշությամբ. կա չստուգված տվյալների վրա կառուցված կույր մոդելի ռիսկ։ Ցածր չէ նաեւ խաբեության ռիսկը»,- նշել են Անելիք Բանկում՝ հավելելով, որ վարկային հայտերն ուսումնասիրելիս բանկը ներկայում հաշվի չի առնում հայտատուների վարքագիծը սոցցանցերում:
Արմսվիսբանկ
Արմսվիսբանկում էլ հայտնել են, որ, ելնելով իրենց ռազմավարական նպատակներից, հիմնականում սպասարկում են կորպորատիվ հաճախորդների, որոնց տրամադրվող վարկերի վերլուծության ընթացքում նման մոդելներների կիրառությունը, իրենց տեսանկյունից, նպատակահարմար չէ:
«Սքորինգի հոգեչափական մոդելի կիրառումը՝ սոցցանցերում վարկառուների անձնական էջերի ուսումնասիրության միջոցով, օգտակար գործիք է հաճախորդի հոգեբանական դիմանկարի, դրական եւ բացասական կողմերը բացահայտելու համար: Սակայն կարծում ենք, որ այս մոդելի օգտագործումը կարող է էֆեկտիվ գործիք հանդիսանալ հիմնականում մանրածախ բանկային շուկայի ուսումնասիրության համար»,- նշել են բանկում:
Արմսվիսբանկը դեռեւս չի քննարկում է նման մոդելի ներդրման հեռանկարը, քանի որ մանրածախ բանկային ծառայություններ չի մատուցում եւ նման մեթոդաբանության մշակումը բանկի առաջնահերթություններից չէ:
Մինչդեռ բանկում կարծում են, որ վարկառուների գնահատման սքորինգային համակարգում կարելի է օգտագործվել հաճախորդի վարկագիծը բնութագրող ցանկացած հրապարակային տեղեկատվություն, այդ թվում՝ սոցցանցերում բացահայտված:
Արցախբանկ
«Նկարագրված հոգեչափական մոդելը հետաքրքիր գաղափար է: Մեր կարծիքով՝ ապագայում այն կարող է դառնալ վարկավորման համար կիրառվող առանցքային գործիքներից մեկը: Մեր մասնագետները, ի թիվս այլ սքորինգի մոդելների, ուսումնասիրում են նաեւ այս մոդելի կիրառման նպատակահարմարությունն ու ներդնման հնարավորությունները»,- ընդգծել են Արցախբանկում:
Ներկայում բանկը չի իրականացնում հայտատուների վարքագծի ուսումնասիրություն սոցցանցերում:
Evocabank
Evocabank-ն այս պահին ուսումնասիրում է սքորինգի հոգեչափական մոդելի ներդրման հնարավորությունը եւ, հատկապես, սոցցանցերում կուտակվող հսկայածավալ տեղեկատվության ավտոմատ մշակումն ու օգտագործումը՝ չնայած որ վաղ է համարում առանձին պրոդուկտի մասին խոսելը:
«Արտերկրում այս մոդելն արդեն իսկ հաջողությամբ կիրառվում է եւ գրանցել է դրական արդյունքներ: Գաղտնիք չէ, որ գործատուները եւս գրեթե համատարած ուսումնասիրում են աշխատանքի դիմողների վարքագիծը սոցիալական ցանցերում»,- նշել են բանկում:
Evocabank-ում հավատացած են, որ ոչ հեռու ապագայում Հայաստանում եւս սքորինգի հոգեչափական մոդելի կիրառումը կկազմի հաճախորդի վարկային սքորի ձեւավորման հիմնական բաղադրիչ մասերից մեկը:
«Այսօր սքորինգի անգամ ամենահզոր մեխանիզմները լիարժեք ճշգրտությամբ թույլ չեն տալիս գնահատել հաճախորդի վարկունակությունը: Շուկային անհրաժեշտ են տեղեկատվության նոր աղբյուրներ եւ դրա ստացման այլընտրանքային մեխանիզմներ: Կարծում ենք՝ այդպիսի աղբյուր կարող են հանդիսանալ սոցցանցերը, որոնցից ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս կատարել վարքագծի կանխատեսումներ: Ոլորտում առկա փորձը փաստում է, որ սոցիալական ցանցերում նույնանման վարքագիծ դրսեւորող անձիք մեծ մասամբ հակված են նմանատիպ ֆինանսական կարգապահության»,- ընդգծել են բանկում:
Բանկում տեղեկացրել են, որ ներկայում իրենք հաճախորդի վարկունակությունը գնահատելիս համակարգված կերպով չեն ուսումնասիրում հաճախորդների անձնական էջերը սոցցանցերում, սակայն, «առանձին դեպքերում, հայտատուի անձնական էջերի դիտարկումը թույլ է տալիս լրացուցիչ պատկերացում կազմել հաճախորդի վերաբերյալ եւ ավելի ճշգրիտ գնահատել նրա վարկունակությունը»:
Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկում նկատել են, որ հաճախորդների վճարունակության գնահատման լրացուցիչ՝ հոգեչափական մեխանիզմը հիմնականում արդյունավետ է կիրառել նոր հաճախորդների համար, որոնք չունեն վարկային պատմություն, չեն կատարել բանկային փոխանցումներ եւ չեն հանդիսանում որեւէ բանկի հաճախորդ. այդ պարագայում «ավանդական մոտեցումները հղի են սխալի մեծ հավանականությամբ»:
Իսկ գործող հաճախորդների՝ սոցցանցերում ունեցած տվյալների ուսումնասիրությունը, ըստ բանկի, կարող է օգնել հաճախորդներին հատուկ պրոդուկտ առաջարկելիս կամ նոր դասերով սեգմենտավորում իրականացնելիս:
Ինչ վերաբերում է սքորինգի հոգեչափական մոդելի կիրառման ռուսաստանյան բանկերի փորձին, ապա, ըստ Կոնվերս Բանկի, հոգեչափական մոդելի կիրառման արդյունքում ստացված տեղեկատվությունը չնչին ազդեցություն ունի վարկավորման վերաբերյալ ՌԴ բանկերի որոշումների վրա:
«Ռուսաստանի բանկային համակարգում վարկավորման որոշում կայացնելիս հիմնական ազդեցություն ունեն որակական գործոնները, այն է՝ վարկային պատմության ցուցանիշները: Մինչդեռ այս մոդելի տված արդյունքները ՌԴ խոշոր բանկերի կողմից դիտարկվում են որպես վարկառուի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության աղբյուր: Ռուսաստանում առկա են կազմակերպություններ, որոնք զբաղվում են նմանատիպ տեղեկատվության հավաքագրմամբ. բանկերը, այս կազմակերպություններ ուղարկելով անհատական հաճախորդի վերաբերյալ հարցում կամ նրանցից գնելով բազան, կառուցում են հոգեչափական սքորինգի մոդելը»,- նշել են բանկում:
Կոնվերս Բանկում առանձնացրել են Հայաստանում սքորինգի հոգեչափական մոդելի կիրառման ռիսկերը:
«Հայաստանում սոցցանցերից օգտվողները շատ ավելի են սեգմենտավորված, քան Ռուսաստանում, որն ավելի կբարդացնի ընդհանրական մոդելի մշակումը: Բացի, այդ սոցցանցերում էական տոկոս են կազմում կեղծ օգտատերերը, ինչը մոդելում կբարձրացնի սխալի տոկոսը: Առկա է նաեւ իրավական ռիսկ. բանկերն իրավունք ունեն օգտագործելու հաճախորդի անձնական տվյալները կամ մշակել դրանք՝ միայն հաճախորդի համաձայնությամբ. սակայն հարց է առաջանում՝ նմանատիպ տեղեկատվություն հավաքագրող վերոնշյալ կազմակերպություններն արդյոք նախապես ստանո՞ւմ են յուրաքանչյուր հաճախորդի համաձայնությունը»,- ասել են բանկում:
Հայէկոնոմբանկ
Հայէկոնոմբանկում նշել են, որ սոցցանցերում վարկառուների անձնական էջերի ուսումնասիրությունն իրենք չեն դիտարկում որպես վարկունակության/վճարունակության գնահատման չափանիշ, քանի որ «այդ տեղեկատվությունը հավաստի չէ եւ կարող է, առհասարակ, չհամապատասխանել իրականությանը»:
Բացի այդ, սոցցանցերում առկա տեղեկատվությունը հնարավոր է հեշտությամբ ջնջել, ինչի արդյունքում հնարավոր չի լինի ստուգել որոշման կայացման ժամանակ օգտագործված տեղեկատվությունը:
«Վարկային հայտերն ուսումնասիրելիս՝ սոցցանցերում առկա տեղեկատվությունը կարելի է օգտագործել (արդեն իսկ որոշ չափով օգտագործվում է) միայն այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը հաստատելու կամ հերքելու համար»,- ընդգծել են բանկում:
Մելլաթ Բանկ
Վարկային հայտերն ուսումնասիրելիս՝ Մելլաթ Բանկի կողմից, բացի վարկունակության գնահատման համար անհրաժեշտ առաջնային տեղեկատվությունից (ֆինանսական տվյալներ, ապահովվածություն, վարկային պատմություն), հաշվի է առնվում նաեւ հաճախորդի վերաբերյալ արտաքին աղբյուրներից ստացված ցանկացած տեղեկատվություն: Նման տեղեկատվություն հնարավոր է ստանալ ոչ միայն սոցցանցերում վարկառուների անձնական էջերի ուսումնասիրությունից, այլ նաեւ համացանցում առկա այլ աղբյուրներից:
Մելլաթ Բանկը, սակայն, դեռեւս չի քննարկում սքորինգի հոգեչափական մոդելի՝ առանձին պրոդուկտի տեսքով ներդրման հարցը:
Յունիբանկ
Յունիբանկում նշել են, որ նման մոդելի կիրառությունը ենթադրում է հայտերի «ձեռքով» մշակում կամ գործընթացի կիսաավտոմատացում, ինչի արդյունքում հայտերի ուսումնասիրությունը կպահանջի ավելի երկար ժամանակ:
«Յունիբանկում սպառողական եւ ՓՄՁ անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրության գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Բանկում ներդրված է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված CRM համակարգը, որի միջոցով բանկը կառուցում է հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով տարիների ընթացքում ձեւավորված սեփական վիճակագրական բազայի վրա: Ավտոմատացման շնորհիվ սպառողական վարկերի դեպքում հայտի ուսումնասիրությունը տեւում է ընդամենը մեկ րոպե»,- ընդգծել են բանկում:
Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը
Վերջին լուրեր
22.04.2025 | 23:00 Հոդվածներ
22.04.2025 | 16:59 Նորություններ
22.04.2025 | 10:58 Նորություններ
Երեւանում տեղի է ունեցել FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
22.04.2025 | 10:01 Նորություններ
Կոնվերս Բանկը CCF-ում է՝ նոր հնարավորություններով ու անակնկալներով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: