Երեւանի կոնյակի գործարանում բացվել է վաճառքի եւ մարքեթինգի բաժնի նոր գրասենյակը, որը ձեւավորել է ֆրանսիացի հայտնի դիզայներ Ֆիլիպ Սէն՝ մի շարք հայտնի ոսկերչական զարդերի, ապակյա իրերի եւ ինտերիերների հեղինակը: ԵԿԳ վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Կարին Մադելրիոն ասում է, որ նոր գրասենյակը հանդիսանում է «ԱՐԱՐԱՏ բրենդի արժեքների իրական մարմնավորում եւ հայկական արմատների եւ ժամանակակից մոտեցումների հոյակապ համադրություն, ինչի շնորհիվ կարելի է աշխատել ավելի հարմարավետ եւ ոգեշնչվող պայմաններում եւ զգալ բարյացակամությունը կամ, ինչպես մենք ենք անվանում, Convivialite-ն, որը բնորոշ է Պեռնո Ռիկարին»:«Մեզ համար չափազանց կարեւոր եւ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ավանդական հայկական նյութերը, գորգագործության եւ տուֆի վրա փորագրության վարպետությունը կարող են նորովի հանդես գալ եւ լիովին ժամանակակից բեկում ստանալ», - նշում է Կարինը:Մեդիամաքսի խնդրանքով Ֆիլիպ Սէն պատմել է կատարված աշխատանքի եւ իր ներշնչանքի աղբյուրների մասին: Տարածության մասին Ինձ համար կարեւոր էր զգալ տարածությունը, հասկանալ նրանց, ովքեր այստեղ աշխատելու են եւ, իհարկե, ընկերության փիլիսոփայությունը: Այս շենքի յուրահատուկ ուժն իր պարզության մեջ է, ինչն այն որոշակի առումով անժամանակ է դարձնում, իսկ առաստաղի բարձրության շնորհիվ տարածությունը լցված է օդով, եւ դու շատ ճիշտ զգում ես նրա շունչը: Այդ իսկ պատճառով մենք չցանկացանք սահմանափակել այն պատերով: ARARAT-ի թիմն երիտասարդ է, ակտիվ, բաց, եւ աշխատանքային մթնոլորտը պետք է համապատասխանի այդ որակներին: Այդ իսկ պատճառով օգտագործել ենք նարնջագույնը, որը ներդաշնակություն է հաղորդում եւ ընդգծում առաջին հարկի հարդարումը: Շենքի առանձնահատկություններից է նաեւ մեծ կլոր պատուհանը, որի միջով մեծ քանակությամբ բնական լույս է ներթափանցում, ինչը գրասենյակին հաղորդում է հատուկ ջերմություն եւ մթնոլորտ: Ոգեշնչման մասին Առաջինը, ինչ անում եմ ոգեշնչում գտնելու համար, Երեւանով զբոսնելն է: Մայրաքաղաքի շենքերի կառուցման ընթացքում օգտագործված նյութերը տեսնելը, շոշափելը եւ ուսումնասիրելը մեծ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ քաղաքը եւ նրա մշակույթը, հատկապես եթե խոսքը այնպիսի ճարտարապետական էնդեմիկաների մասին է, ինչպիսին է տուֆը: Առանձնահատուկ ոգեշնչում կարելի է գտնել հին իրերի շուկայում (Վերնիսաժ- խմբ.), մրգի տաղավարներում, որտեղ գրեթե ամբողջ տարի այնքան շատ արեւ կա: Կուզեի նշել հայկական նախշազարդության կարեւորությունը: Չէ՞ որ դրանում թաքնված են անհավանական քանակությամբ իմաստներ, որոնք կարեւոր է որսալ նույնիսկ մանրուքներում: «ԱՐԱՐԱՏՆ այսօր» սենյակըԱյստեղ կենտրոնական տարրը նուռն է, որը գրաֆիկական եղանակով պատկերված է ապակե սեղանի վրա: Այդպիսի լուծում ստանալուն ինձ ոգեշնչել է հին հայկական ափսեն: Դրան ժամանակակից շունչ հաղորդելու համար ես օգտագործել եմ կարմիր փոքրիկ ապակե գնդիկներ, ինչը հիշեցնում է հայկական նռան հատիկների մասին, որոնք սուտակի նման են: «ԱՐԱՐԱՏ-ի Վարպետություն» սենյակըՍենյակի կենտրոնական տարրը գորգն է, կամ, ավելի շուտ, դրա օգնությամբ ստեղծած բացառիկ ձեւավորումը: Չնայած ընդունված կարծրատիպերին, մենք այն տեղադրեցինք առաստաղի տակ, ցույց տալով, որ ավանդական տարրերի օգնությամբ կարելի է գտնել նորարարական լուծումներ: Այլ կերպ ասած, մենք փորձեցինք ցույց տալ, որ նույնիսկ ամենաավանդական իրերը կարելի է վերածել տրենդի: Գտնելով նոր «տեսանկյուն»՝ կարելի է այլ կերպ նայել աշխարհին: Դիզայնում այս ճշմարտությունը նույնիսկ իր ամենաուղիղ իմաստով անչափ կարեւոր է: Սենյակի մեջտեղում մենք տեղադրեցինք մեծ փայտե սեղան՝ տուֆի վրա փորագրությամբ. փայտի եւ տուֆի համադրությունը զուտ պրագմատիկ հաշվարկներից բացի ունի նաեւ շատ մեծ զգացմունքային նշանակություն. փայտը, քարը եւ գորգը խորհրդանշում են այն փաստը, որ հայերը պատմականորեն քաջ ծանոթ էին «վարպետություն» հասկացությանը: «Pernod Ricard» սենյակըPernod Ricard սենյակը տարբերվում է մյուս երկուսից ինչպես գույնով, այնպես էլ ներքին ռիթմով: Սա «այստեղ եւ հիմա» գոյություն ունեցող աշխարհ է՝ պատուհանից այն կողմ բաբախող եւ արագ փոփոխվող աշխարհի հետ մեկտեղ: Որպես փոփոխություններին, նորին եւ ավելի լավին բաց եւ պատրաստ լինելու մի խորհրդանիշ՝ մենք «դաջել» ենք պատերից մեկը, անմիջապես դրա վրա պատկերելով Perno Ricard-ի տարբեր խմիչքները եւ ընկերության կարգախոսը՝ Createurs de Convivialite. Ի՞նչ գրասենյակ առանց սրճարանի կամ «Երեւան-Փարիզ» բիստրոյիՎայր, որտեղ դուք, անշուշտ, կարող եք զգալ Convivialite-ի ողջ շունչը, շփման ուրախությունը եւ զրուցել մեկ գավաթ սուրճի շուրջ՝ «Երեւան-Փարիզ» բիստրոն, որը գտնվում է շենքի առաջին հարկում: Մեծ լսարան (Mentoring Room)Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը՝ սա դժվար է վիճարկել, այդ իսկ պատճառով նոր գրասենյակի զրո հարկը նախատեսված է ԱՐԱՐԱՏ-ի մենթորական գործունեության համար: Սա մեծ լսարան է, որը ներդաշնակ կերպով համադրում է բարը, գրադարանը եւ տեսահարցազրույցներ անցկացնելու հատուկ տարածքը: Ողջ տարածքը պատված է առկայծող երանգներով եւ հեշտ փոփոխվող է: Ինձ համար անչափ հաճելի էր արդյունավետ համագործակցությունը հայ վարպետների հետ, որոնք պատրաստել են հիմնական կահույքը: Յուրաքանչյուր վարպետ, ում հետ մենք աշխատեցինք, աչքի էր ընկնում փորձի եւ հմտությունների անհավանական համադրությամբ: Tweet Դիտում՝ 95857