TSD-ում օդից ջուր են քամում
20.11.2017 | 09:44
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ TSD


Էվրիկա
Մասնագիտությամբ քիմիկոս Վիկտորյա Ռաիսյանը TSD ընկերության հովանավորությամբ գործող Մերգելյան ակումբի անդամներից է: Մի քանի տարի ջրի ֆիլտրացման աշխատանքներով զբաղվելուց հետո միտք է հղացել ստեղծել սարք, որով հնարավոր կլինի ջուր ստանալ օդից: Գաղափարը կյանքի կոչելու համար TSD ընկերությունում ձեւավորվել է 4 հոգուց բաղկացած թիմ, եւ անցել են գործի:
«Առաջին արդյունքը ստացել ենք հանդերձարանում, որտեղ արհեստական խոնավություն էինք ստեղծել,- պատմում է սարքի հեղինակ Վիկտորյան: -Մի քանի կաթիլ էր, բայց այնքան էինք ուրախացել, որ ներարկիչով հավաքել էինք ու ամբողջ գործարանով պտտվում էինք ու բոլորին ցույց տալիս, որ մեր ստացած ջուրն է»:
Նոր գյուտի անունը դրել են AWCA (Atmospheric Water Generators for Cars- Մեքենաների համար մթնոլորտային ջրի գեներատոր), հապավումն էլ փորձել են նմանեցնել լատիներեն aqua (ջուր) բառին:
Ջուր՝ օդի խոնավության հաշվին
AWCA-ն աշխատում է օդի կոնդենսացման հաշվին. օդն անցնում է սարքի մեջ, հավաքվում, հեղուկանում եւ վերածվում ջրի: Բացի այդ, սարքում ներդրվել է ֆիլտրացիոն համակարգ, ինչը հնարավորություն է տալիս ստացված ջուրը մաքրել օդում առկա վնասակար նյութերից: Արդյունքում՝ թեկուզ աղտոտված օդից «քամվում է» խմելու համար լիովին պիտանի ջուր:
Քանի որ սարքն աշխատում է օդի խոնավության հաշվին, հայաստանյան չոր կլիման դրա համար ամենանպաստավորներից չէ:
«Սարքը մենք փորձարկել ենք Հայաստանի տարբեր մարզերում, նաեւ Վրաստանում եւ Ռուսաստանում,- պատմում է Վիկտորյան: -Որքան օդի խոնավությունը բարձրանում է, այնքան ավելի շատ ջուր ենք ստանում: Օրինակ, Վրաստանում մեկ ժամում ստացել ենք 2 լիտր ջուր, Հայաստանում՝ մեկ ժամում՝ կես լիտր»:
Կիրառություն
Հաշվի առնելով AWCA-ի համար հայաստանյան ոչ բարենպաստ կլիմայական պայմանները՝ նախատեսվում է, որ այն հիմնականում կունենա արտաքին սպառում: Փոքր չափսերի շնորհիվ սարքին իր կիրառությունը կարող է գտնել հատկապես մեքենաների մեջ եւ իսկական փրկություն դառնալ երկար ճանապարհ գնացող վարորդների համար: Բացի այդ, թիմի անդամները կարծում են, որ սարքի շնորհիվ կնվազեցվի պլաստիկ շշերով ջրի կիրառումը, քանի որ մարդիկ ստիպված չեն լինի պլաստիկով շշալցված ջուր գնել:
Դաշտի ուսումնասիրությունների արդյունքում թիմը պարզել է, որ օդից ջուր ստացող սարքերը հիմնականում չափսերով մեծ են լինում, երբեմն նաեւ՝ ոչ շարժական: Հետեւաբար, AWCA-ն իր չափերով բացառիկ է եւ հարմար՝ մեքենաների մեջ կիրառելու համար:
Որպես կանոն՝ սարքը սնվում է հոսանքի աղբյուրից, իսկ ավտոմեքենայում տեղադրված լինելու պարագայում՝ շարժման ընթացքում էլեկտրաէներգիա չի ծախսվում, կանգնելու դեպքում միայն սարքը սնվում է մեքենայի մարտկոցից:
Հետագա զարգացում
Մեկ տարվա աշխատանքների արդյունքում AWCA-ն ունեցել է մի քանի նախատիպ: Մինչ այժմ աշխատանքներ են տարվում սարքի ֆունկցիոնալության ավելացման, ինժեներական լուծումների, դիզայնի եւ ընդհանուր առմամբ՝ ապրանքային տեսքի բարելավման ուղղությամբ:
Հայաստանում անցկացված Climate Launchpad մրցույթում այն դարձել է 3 նորարարական գաղափարներից մեկը, այնուհետ՝ ներկայացրել Հայաստանը Կիպրոսում: Թեեւ Կիպրոսում մրցանակային տեղ չեն զբաղեցրել, բայց, ինչպես վստահեցնում է Վիկտորյան, սարքի նկատմամբ հետարքրքությունը մեծ է եղել:
TSD-ի փոխտնօրեն Լեւոն Գալստյանն էլ նշում է, որ եվրոպական մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում եւ արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ՝ սարքի բարելավման ուղղությամբ:
Վիկտորյա Անդրեասյան
Վերջին լուրեր
23.04.2025 | 12:34 Նորություններ
Նորաբաց Յան Կլինիկում կմատուցվեն որակյալ բուժծառայություններ
22.04.2025 | 23:00 Հոդվածներ
22.04.2025 | 16:59 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: