ՀՀ կառավարության մարտի 9-ի որոշմամբ դադարեցվեց «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը եւ որոշվեց հիմնել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ: Նորաբաց հիմնադրամի նպատակների եւ գործունեության շրջանակների շուրջ Banks.am-ը զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանի հետ: Գիտելիքահեն գյուղատնտեսությունԳյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունը սկսվել է 2017թ. օգոստոսին՝ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) եւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ու Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) հիմքի վրա: «Երբ փորձեցինք ԾԻԳ-ի ձեւաչափը փոխել, ֆունկցիոնալ առումով ավելի ճկուն կառույց ստեղծել, որոշվեց ընտրել հիմնադրամի ֆորմատը,- ասում է Գեղամ Գեւորգյանը: -ԾԻԳ-ը զուտ ծրագիր իրականացնող կառույց էր, իսկ ԳԱՄԿ-երը խորհրդատվություն էին մատուցում: Որոշում ընդունվեց մի կառույցի տակ ստեղծել կենտրոնացված ծրագրերի կառավարման, զարգացման խումբ, որը կիրականացնի բոլոր դոնորների կողմից գյուղատնտեսության ոլորտում ֆինանսավորվող ծրագրերը»: Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ իրենց գլխավոր տեսլականը գիտելիքի հիմքի վրա ստեղծված, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացումն է, որի համար մշակվել է 3 ուղղություն. Ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությունՀիմնադրամի աշխատանքների այս բլոկն ուղղված է ներդրումների ներգրավմանը, դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններին եւ նրանց կողմից ֆինանսավորվող ծրագրերի ու պետության կողմից պատվիրված ծրագրերի կատարմանը:«Մենք, փաստացի, իրականացնող, իմպլեմենտացնող մարմին ենք: Քաղաքականությունը, ռազմավարությունը մշակվում է նախարարության կողմից, իսկ մենք դրա կատարողն ենք»,- ասում է Գեղամ Գեւորգյանը: Գիտահետազոտական ուղղությունԱյս ուղղության նպատակը գյուղատնտեսության խթանմանը նպաստող գիտության զարգացումն է: «Գիտությունը եւ շուկան չպետք է կտրվեն իրարից,- շեշտում է հիմնադրամի տնօրենը: -Եթե ներքեւից ֆերմերը պատվեր է տալիս գիտությանը, վերջինս այդ խնդիրը պետք է լուծի, եւ հակառակը. գիտության տված պրոդուկտները շուկայում պետք է կարողանան առեւտրայնացվել»:Խորհրդատվական ծառայություն (Extension Services)Այս ծառայության շրջանակում հիմնադրամը տարբեր ձևաչափի խորհրդատվություն է տրամադրելու ֆերմերներին: Ի տարբերություն ԳԱՄԿ-երի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձին մեթոդաբանությունը, հիմնադրամը մշակել է համապարփակ ուղեցույց, որտեղ հստակ սահմանված են աշխատանքի սկզբունքներն ու արդյունքային ցուցանիշները: Ընդ որում, խորհրդատվության թեմաները եւս հիմնադրամը միանձնյա չի որոշում. «Գրություն ենք գրել ե՛ւ գյուղատնտեսության նախարարություն, ե՛ւ մարզպետարաններ, որպեսզի տարեկան խորհրդատվության թեմաներ տան,- ասում է հիմնադրամի ղեկավարը: -Կարող են լինել նաեւ թեմաներ, որոնք հրատապ են, եւ տարվա ընթացքում ցանկը կարող է փոփոխման ենթարկվել»:Գյուղտեխնիկայի կայաններԳեղամ Գեւորգյանը նշում է, որ հիմնադրամի շրջանակում կարեւոր նորություններից է պետական-մասնավոր հատված համագործակցությամբ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը: Հենց նման համագործակցությամբ էլ որոշվել է հիմնել գյուղտեխնիկայի կայաններ: Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Հայաստանում գյուղատնտեսության մեջ կիրառվող տեխնիկան հիմնականում խորհրդային տարիներից մնացած, մաշված տեխնիկա է, որը թարմացման կարիք ունի: Դրա համար առաջարկվում է մի շարք տարբերակներ. մեկը CARMAC-ի (Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիր) շրջանակում իրականացվող ծրագիր է, որով կոոպերատիվներին 20% ներդրման պարագայում պետությունը 80%-ով ֆինանսավորում է գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Այս պարագայում հիմնականում ձեռք են բերում բելառուսական կամ ռուսական արտադրության տեխնիկա, քանի որ կոոպերատիվների համար ֆինանսական առումով այն ավելի մատչելի է:Հաջորդ ծրագիրը գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրն է, որով գյուղացուն տեխնիկայի ֆինանսական վարձակալություն է տրամադրվում 2% տոկոսադրույքով: Երրորդ ծրագիրն արդեն իրագործվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի շրջանակում եւ իրենից ներկայացնում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում գյուղտեխնիկայի կայանների հիմնում Հայաստանի տարբեր մարզերում: Ծրագրի իրականացման համար պետությունը հատկացրել է 700 մլն դրամ՝ գերժամանակակից տեխնիկա գնելու համար: Հիմնադրամը նախատեսում է, որ նման կայանները կկարողանան սպասարկել մինչեւ 16 հազ. հա տարածք: «Հայաստանում մենք չունենք մեծ թվով խոշոր ֆերմերային տնտեսություններ, իսկ փոքր ու միջինները չեն կարողանում իրենց թույլ տալ ձեռք բերել նման տեխնիկա: Գաղափարն այն է, որ այդ կայանների միջոցով բարձրակարգ գյուղտեխնիկայի ծառայություն մատուցվի փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին: Այսինքն, գյուղացին վճարում է մատուցված գյուղատնտեսական ծառայության դիմաց»,- ասում է Գեղամ Գեւորգյանը: Նմանատիպ կայան արդեն հիմնվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ընդ որում՝ այն ամբողջությամբ նախաձեռնվել եւ իրականացվել է մասնավոր հատվածի կողմից: Աշխարհագրական թվայնացված համակարգՀիմնադրամի կարեւոր ծրագրերից է գյուղատնտեսության մոնիթորինգի շրջանակում ներդնել աշխարհագրական թվայնացված համակարգ, որով նախատեսվում է կատարել հողերի քարտեզագրում, հաշվել մշակվող եւ անմշակ, ոռոգվող եւ անջրդի հողերը, ինչը հետագայում հիմք կհանդիսանա՝ գոտիավորելու տարածքները եւ հաշվելու՝ որ տարածքում ինչ մշակաբույսի անհրաժեշտություն եւ պայմաններ կան: Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ խորհրդային տարիներին նման քարտեզներ եղել են, սակայն ժամանակակից տեխնոլոգիան զգալիորեն հեշտացրել է այդ գործը: Մասնավորապես, անհրաժեշտ է համակարգում մուտքագրել որոշակի տվյալներ՝ կլիմա, հողի բարձրություն, ջերմաստիճան, տեղումների միջին տարեկան քանակ, խոնավություն եւ այլն, իսկ համակարգը որոշում է՝ որ տարածաշրջանն ինչ մշակաբույսերի աճեցման համար է առավել նպաստավոր:Մոնիթորինգի շղթան փակում է շուկաների ուսումնասիրությունը, որով պետք է պարզել, թե որ սեզոնին որ շուկայում ինչի անհրաժեշտություն կա: «Օրինակ, Սյունիքում ծիրանը վաղ է հասնում, գինը շատ բարձր է, հետո ուշ հասնող ծիրանի գինն է բարձր լինում: Հիմա սա մեծացրե՛ք եւ պրոյեկտե՛ք դրսի շուկաների վրա,- մեկնաբանում է Գեղամ Գեւորգյանը: -Եթե գիտես, որ այսինչ շուկայում կա այսինչ մթերքի անհրաժեշտությունը, իսկ մոնիթորինգի տվյալներով արդեն պարզվել է՝ որտեղ ինչ կարող ես աճեցնել, ապա այս երկուսի համադրությամբ ունենում ես արդյունավետ գյուղատնտեսություն»: 1 բրենդ, տարբեր արտադրողներԶարգացած գյուղատնտեսության վերջին շղթան ստացված արտադրանքի սպառումն է: Փոքր տնտեսությունների համար դա լրացուցիչ բեռ է, քանի որ անհրաժեշտ է ոչ միայն գտնել համապատասխան շուկաներ, այլեւ զբաղվել փաթեթավորման եւ բրենդինգի հարցերով: Հետեւաբար, հիմնադրամը նախատեսում է մշակել ստանդարտներ, որոնց համապատասխանելու դեպքում տարբեր արտադրողներ կարող են համախմբվել եւ հիմնադրամի աջակցությամբ նույն բրենդի ներքո արտահանել իրենց արտադրանքը: Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ նման օրինակները բազմաթիվ են արեւմտյան երկրներում, անգամ տարածաշրջանում: Մասնավորապես, Վրաստանում Georgian Wine ապրանքանշանի ներքո հավաքված են տարբեր արտադրողներ: 10 տարի հետո... Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ իրենց կողմից իրականացվող ծրագրերը կատալիզատորներ են, որոնք կարող են ոգեշնչել ե՛ւ մասնավոր հատվածին, ե՛ւ գյուղացիներին: Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Մենք չենք կարող մեկ տարում ամբողջ Հայաստանը ծածկել այգիներով, նոր ոռոգման համակարգերով եւ այլն: Մենք ստեղծում ենք կատալիզատորներ, հնարավորություն: Օրինակ, եթե կաթիլային ոռոգումը զարգանում է, սկսում է դրա համար անհրաժեշտ խողովակների, ցանցերի արտադրություն, դրանք մտնում են շուկա, առաջանում է մրցակցություն, գինը իջնում է»,- մեկնաբանում է նա: Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ արդյունավետ գյուղատնտեսությունը ֆանտաստիկայի ժանրից չէ: Նա հավատում է, որ 10 տարի հետո Հայաստանն ունենալու է «Իսրայելի նման զարգացած գյուղատնտեսություն», քանի որ դրա համար առկա են թե՛ մարդկային կարողություններ, թե՛ ցանկություն: «Եթե մենք համատեղ ծրագրերը հստակ իրագործենք, ամեն ինչ ճիշտ կիրառենք, ապա շատ բան կարող ենք փոխել,- ասում է Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ այդ գործում շատ կարեւոր է մարդկային գործոնը, գյուղացիների շահագրգռվածությունը: -Այսօր շփվելով ֆերմերի հետ՝ մենք տեսնում ենք անկեղծ հավատ, մենք ինքներս էլ հավատում ենք: Ամեն ինչ անում ենք, որ հասնենք արդյունքի»:Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 21874