“Հայոց աշխարհ” (Երեւան), 19.05.07.Չնայած առաջարկվող համեմատաբար խիստ պայմաններին, վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանում լայն տարածում է ստացել ավտովարկավորումը: Գնալով ավելի շատ քաղաքացիներ են փորձում փոխադրամիջոց ձեռք բերել բանկերի միջոցով: Հավանաբար այս հանգամանքով է պայմանավորված նաեւ վերջին մի քանի տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ աճը: Միայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է բերվել այնքան ավտոմեքենա, որքան, ասենք, ողջ 2001թ. ընթացքում: Հայաստանի բանկային համակարգում գործող 21 առեւտրային բանկերից ներկայումս ավտովարկ է տրամադրում 13-ը: Չնայած նման բազմազանությանը, վարկի տրամադրման պայմանները բավականաչափ խիստ են: Խոսքը ինչպես տոկոսադրույքների, այնպես էլ ժամկետների մասին է: Ի տարբերություն հիպոթեկի, ավտովարկի ժամկետայնությունը կϕ֕Uϕˬ անգամ եռակի ցածր է: Բանկերի հիմնական մասը նման վարկ տրամադրում է մինչեւ 3 տարի ժամկետով: Առանձին դեպքերում ժամկետայնությունը հասնում է առավելագույնը 60 ամսվա: Բայց այդպիսի բանկերի թիվը սահմանափակ է: Հինգ տարի ժամկետով ավտովարկ են տրամադրում HSBC, “Կոնվերս” եւ մի քանի այլ բանկեր: Միակ բանկը, որ մինչեւ վեց տարի ժամկետով վարկ է առաջարկում հաճախորդներին ավտոմեքենա ձեռք բերելու համար, “Յունիբանկն” է: Սակայն ժամկետայնության այս պայմանն ունի որոշակի սահմանափակումներ. նման վարկ բանկը հատկացնում է միայն նոր մեքենա ձեռք բերելու համար: Ավտովարկի դեպքում եւս գործում է կանխավճարի համակարգը: Այս շուկայում միջոցներ տեղաբաշխող բոլոր բանկերը պահանջում են որոշակի կանխավճար: Չափերը խիստ բազմազան են: Առանձին դեպքերում դրանք սկսվում են ավտոմեքենայի արժեքի անգամ 10 տոկոսից: Սակայն կանխավճարի հիմնական շեմը 25¬30 տոկոսն է: Բանկերի մեծ մասը աշխատում է այդ չափանիշով: Ինչպես տոկոսադրույքների, այնպես էլ կանխավճարի չափի համար կարեւոր գործոն է համարվում ավտոմեքենայի արտադրության տարեթիվը եւ մակնիշը: Որպես կանոն, բանկերը ավելի խիստ պայմաններ են նախատեսում ռուսական արտադրության մեքենաների դեպքում: Անկախ այն բանից` դրանք նո՞ր են, թե՞ օգտագործված: Ասենք` “Յունիբանկը” արտասահմանյան արտադրության նոր “Ֆորդ”, “Վոլվո”, “Ռոնջե” եւ այլ ավտոմեքենա ձեռք բերելու համար առաջարկում է արժեքի 10 տոկոսից սկսած կանխավճար` վարկային գումարի 15-17 տոկոսադրույքով: Մինչդեռ, ռուսական արտադրության նոր ավտոմեքենաների դեպքում տոկոսադրույքը 22 տոկոս է: Այսպիսի տարբերակումներ են գործում նաեւ ավտոմեքենայի տարեթվերի հետ կապված: Սովորաբար հին մեքենայի համար բանկերը գերադասում են վարկեր տրամադրել ավելի խիստ պայմաններով, քան նորերի դեպքում: Ասենք` “Արցախ բանկը” նոր մեքենայի ձեռքբերման համար առաջարկում է 16,5-18, օգտագործվածների համար` 18-22 տոկոս: Զգալի է նաեւ կանխավճարի տարբերությունը: Պատկերացում կազմելու համար նշենք, որ եթե նոր մեքենայի համար կանխավճարն այս բանկում 20 տոկոս է, ապա օգտագործվածների դեպքում` 20-50 տոկոս: Ինչ-ինչ չափով նման մոտեցում են հանդես բերում նաեւ մյուս բանկերը: Միակը, որ նման տարբերակում չի դնում` HSBC բանկն է: Ընդ որում, ինչպես հիպոթեկի դեպքում, այս շուկայում եւս բանկը առանձնանում է իր առաջարկած բարենպաստ պայմաններով: Եթե կանխավճարը սկսվում է 25 տոկոսից, ապա վարկային տոկոսադրույքը` 12-ից: Ավտովարկավորման շուկայում քիչ թե շատ ավելի նպաստավոր պայմաններ է առաջարկում “Պրոմեթեյ բանկը”, որը վարկի արժեքը սահմանել է 14-16 տոկոս: Տոկոսադրույքների վրա ազդող գործոն է նաեւ արժույթի տեսակը: Առանձին բանկեր սկսել են ավտովարկ տրամադրել եվրոյով: Այս կարգի վարկի տոկոսադրույքները համեմատաբար ցածր են: Սա նշանակում է, որ եվրոյի նկատմամբ բանկերի վստահությունն ավելի բարձր է: Պատահական չէ, որ դոլարով եւ դրամով վարկերի տոկոսադրույքները հիմնականում նույնն են, ինչը չի կարելի ասել եվրոյով տրամադրված վարկերի մասին: Այսպես ասած, եվրովարկ է առաջարկում “Յունիբանկը”: Նոր մեքենայի ձեռքբերման համար նման վարկի արժեքը տարեկան 14 տոկոս է: Համեմատության համար նշենք, որ դոլարային եւ դրամային վարկերի դեպքում այն 16 տոկոս է: Նույն տարբերությունը գործում է նաեւ օգտագործված մեքենաների ձեռքբերման դեպքում: Ավտովարկերի շուկայում գործող միակ ֆինանսական կազմակերպությունը, որ գումարներ է հատկացնում առանց կանխավճարի, “Արֆին” ապահովագրական ընկերությունն է: Սակայն դրա փոխարեն չափազանց բարձր է վարկի տոկոսադրույքը: Ընկերությունն ավտովարկ տրամադրում է 30 տոկոսով, որը գրեթե կրկնակի բարձր է շուկայի առանձին մասնակիցների առաջարկից: Սա նշանակում է, որ համակարգում նման վարկի պահանջարկը շարունակում է մնալ բավականաչափ բարձր, չնայած գործող խիստ պայմաններին: Մյուս կողմից, պահանջարկի աճը վկայում է հասարակության որոշակի շերտի եկամուտների ավելացման մասին: Հայտնի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ վարկերի դեպքում գումարների տրամադրման հիմնական պայմաններից մեկը եկամուտների նախատեսված շեմի ապահովումն է: Առանց դրա բանկերը խուսափում են վարկ հատկացնել, որպեսզի հետագայում վերադարձման խնդիրներ չունենան: ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ Tweet Դիտում՝ 9098