Տիգրան Սարգսյան. “OMX-ի հետ համագործակցությունը կարող է մոտակա տասը տարիներին մեր ամբողջ տնտեսության համար բեկումնային նախագիծ լինել”

03.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Կապիտալ" (Երեւան), 1 մայիսի, 2007թ.

- Ինչպե՞ս եք գնահատում OMX-ի մուտքը Հայաստան եւ ի՞նչ աշխատանք է դրան նախորդել: Կարելի՞ է այն համարել Կենտրոնական Բանկի ձեռքբերումը, քանի որ տարիներ շարունակ խնդիրը լուծել չէր հաջողվում:

- Հայաստանի համար արժեթղթերի շուկայի զարգացումը բավական բարդ խնդիր է, քանի որ մենք իրական բաց բաժնետրիական ընկերություններ դեռեւս չունենք: Ֆորմալ առումով, իհարկե, ունենք, բայց, ըստ էության, չունենք: Ունենալ իրական բաց բաժնետիրական ընկերություններ, նշանակում է այդ ընկերությունում ունենալ ռեալ սեփականատերեր, որոնք հայտնի են եւ գրանցված, ընկերությունը պետք է ունենա կորպորատիվ կառավարման կանոններ, ռիսկերի գնահատման համակարգ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, պետք է հանդես գա հրապարակային օֆերտայով, որպեսզի ներգրավի նոր սեփականատերեր: Այսինքն` պետք է լիստինգ անցնի բորսայում: Դա նշանակում է, որ այս ընթացակարգերը անցկացնելուց հետո հանրության մոտ վստահություն կլինի այդ ընկերության նկատմամբ, եւ այդ դեպքում, նրա բաժնետոմսերի գները կլինեն ռեալ շուկայական: Իսկ դրանով մենք կկարողանանք պատկերացում կազմել, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանի տնտեսությունը` վերելք է ապրում, թե` անկում. որովհետեւ հենց նրանք են արձագանքելու շուկայի իրավիճակին: Այդ ամենը մեզանում բացակայում է, եւ, բնականաբար, այդ պարագայում հրավիրել եւ ունենալ առաջնակարգ բորսա Հայաստանում` մեզ համար գերխնդիր էր: Մյուս կողմից, եթե չունենք այդպիսի վստահելի տարածություն, որտեղ առաջարկն ու պահանջարկը կարող են հանդիպել եւ վստահ լինել, որ թվարկածս բոլոր կանոնները պահպանվում են, շատ դժվար կլինի, որ մարդիկ հասկանան բաց բաժնետիրական ընկերությունների առավելությունները: Իսկ դա խոչընդոտում է շուկայի զարգացմանը: Որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այս բարդույթը, բնականաբար, անհրաժեշտություն կար հրավիրել համաշխարհային շուկայում հայտնի մեկ բորսայի, որպեսզի նա ուսումնասիրեր մեր երկրում ստեղծված իրավիճակը, օրենսդրությունը, իրական պոտենցիալը եւ հասկանար` իրատեսական է՞ արդյոք, որ մոտակա տասը տարիների ընթացքում մենք կարող ենք լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում, որպեսզի շուկայական կանոններով ստեղծվող եւ աշխատող բաց բաժնետիրական ընկերություններ լինեն, որոնք կթողարկեն իրենց արժեթղթերը, պարտատոմսերը եւ շուկայական սեգմենտը կսկսի աշխատել: Շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից այդպիսի գնահատում երբեւէ չի եղել: Միայն միջազգային տեխնիկական օժանդակության ներքո եղել են մասնագետներ, որոնք տիրապետել են միջազգային օրենսդրության կանոններին, օրենքների լավագույն փորձին եւ այլն: Բայց բիզնես տեսանկյունից երբեւէ այդպիսի աշխատանք չէր կատարվել, եւ մեր առջեւ դրեցինք հենց այդ խնդիրը: Մենք ուսումնասիրեցինք մեր նման երկրների հաջողված փորձը եւ առաջին հերթին մերձբալթյան երկրների փորձը, որովհետեւ գաղտնիք չէ, որ նրանց մոտ բարեփոխումներն ավելի արագ իրականացան: Այն տարիներին, երբ մենք զբաղված էինք պատերազմով, քաղաքական խնդիրներով, նրանք ավելի անցավ իրականացնում էին շուկայական բարեփոխումներ, եւ այսօր նրանց փորձը էական նշանակություն ունի: Այն, ինչ անում է Կենտրոնական բանկը, մասնավորապես միասնական վերահսկողության ձեւավորման, միասնական կարգավորիչի ֆունկցիաների առումով, դա նույնպես հենց մերձբալթյան երկրների փորձից է: Այդ փորձն ուսումնասիրելիս մենք եկանք այն եզրահանգման, որ էստոնական մոդելն առավել կիրառելի է Հայաստանի համար, եւ տարիներ առաջ շրջանառության դրեցինք հայեցակարգեր, թե ինչպե՞ս պետք է կազմակերպել բորսան, բորսայական առեւտուրը, որ հնարավոր չէ միայն խաղի ամերիկյան կանոններ ներդնել, որ արդյունքում բաց բաժնետիրական ընկերություններ հայտնվեն, որ անհրաժեշտ է շուկայում ուսումնասիրել պոտենցիալը, բացահայտել հինգ-վեց առաջատար ընկերությունների, որոնց միջոցով խաղը կարելի է կազմակերպել եւ ցուցադրական էֆֆեկտ ստեղծել, որ կարելի է Հայաստանում ունենալ բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք եւ շահութաբեր կլինեն, եւ կաշխատեն ստվերից դուրս եւ, միաժամանակ, կունենան հարաբերական առավելություններ այլ ընկերությունների հետ համեմատած: Այսինքն, այս ֆինանսական սեգմենտի առավելությունները պետք է ցուցադրեինք, որպեսզի մարդիկ տեսնելով, շոշափելով եւ զգալով կարողանային հայտնվել այդ դաշտում: Մերձբալթյան փորձի ուսումնասիրությունը նաեւ հնարավորություն տվեց ծանոթանալու OMX-ի փորձի հետ, որը սկանդինավյան խոշորագույն բորսան է եւ որը սկսել էր համագործակցել մերձբալթյան բորսաների հետ, եւ բավական կարճ ժամանակահատվածում դարձել էր այդ բորսաների սեփականատերը` ստեղծելով միասնական հարթակ եւ դա կապելով հենց OMX-ի բորսայի հետ: Մենք սկսեցինք նրանց հետ աշխատել, ներկայացնել մեր հայեցակարգը, ինչպես նաեւ մեր բարեփոխումների տրամաբանությունը, ինչը նրանց հետաքրքրեց, եւ սկսեցինք համագործակցությունն այս ուղղությամբ: Երբ պարզ դարձավ, որ նրանք անցումային երկրների բավարար գիտելիքներ եւ փորձառություն ունեն, մեզ համար ակնհայտ դարձավ, որ դա հենց այն գործընկերն է, որին այլընտրանք չկա: Նմանատիպ առաջարկություններով մենք դիմել ենք նաեւ զարգացած երկրների բորսաների, բայց նրանց համար հետաքրքրական չէինք, քանի որ դեռեւս մեծ ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի նրանց համար հետաքրքրություն ներկայացնենք: Իսկ OMX-ը սկսել էր մասնագիտանալ անցումային երկրների ոլորտում, ձեռք էր բերել գիտելիքներ, փորձառություն, գործիքներ էր ստեղծել աշխատելու: Երբ այս նախապատրաստական աշխատանքներն իրականացրեցինք, եւ տեսանք, որ նրանց կողմից հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, օգտվեցինք առիթից, որ հանրապետության նախագահն անցյալ տարի պաշտոնական այցով գտնվում էր Շվեդիայում եւ խնդրեցինք, որ նախագահն օժանդակի այս ծրագրի իրականացմանը: Ստացանք նրա հավանությունը մեր ծրագրերին եւ կազմակերպեցինք հանրապետության նախագահի եւ OMX-ի նախագահի հանդիպումը, որը տեղի ունեցավ Ստոկհոլմում, անցյալ տարի եւ այս ռազմավարության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց: Այնուհետեւ մենք վարձեցինք OMX-ի մասնագետներին, որպեսզի նրանք ուսումնասիրեն մեր շուկայի պոտենցիալը, ինչը մեզ համար ամենակարեւոր խնդիրն էր, քանի որ այդպիսի փորձառություն որեւէ մեկը չուներ Հայաստանում: Միջազգային կազմակերպությունները նույնպես չէին կարող մեզ մատուցել այնպիսի ծառայություն, որ գային եւ իրական հատվածի հետ շփումներով, ուսումնասիրելով մեր ռեալ հատվածի իրավիճակը եւ խնդիրները, տային մասնագիտական գնահատական բիզնեսի տեսանկյունից, թե արդյոք հնարավոր է, որ մենք նախապատրաստենք ձեռնարկություններ եւ նրանց դուրս բերենք բորսա: Այդ ուսումնասիրությունը կատարվեց, որի արդյունքում մշակվեց նաեւ բիզնես առաջարկ, որը ներառում է շուրջ 70 միջոցառում, որ Հայաստանի իշխանությունները պետք է իրականացնեն, որպեսզի մենք նախապատրաստենք մեր հարթակը եւ ռեալ հատվածը, որպեսզի նրանք կարողանան աշխատել բորսայական կանոններով: Երբ մենք ծանոթացանք այդ փաստաթղթին` բարձրագույն տնտեսական խորհրդում, որը ղեկավարում է վարչապետը, քննարկվեց OMX-ի պատրաստած այդ նախագիծը եւ եղավ դրա շնորհանդեսը: Բարձրագույն տնտեսական խորհուրդը հետագայում ուսումնասիրելով այս ամենը, հավանություն տվեց ծրագրի իրականացմանը. ինչի մասին մենք հայտնեցինք OMX-ի ղեկավարությանը: Արդյունքում, նրանք նույնպես իրենց խորհրդում հաստատեցին համագործակցության ռազմավարությունը, եւ մենք համատեղ պատրաստեցինք այն նախաձեռնող գրությունը, որը եւ ստորագրվեց վարչապետի, ԿԲ-ի նախագահի եւ OMX-ի նախագահի միջեւ: Սա նշանակում է, որ մեր եւ OMX-ի միջեւ համագործակցության նոր էջ է բացվում: Մենք պատրաստակամություն ենք հայտնել 100 տոկոսով նրանց վաճառելու մեր բորսան եւ դեպոզիտարիան, իսկ նրանք ներդնելու են միջազգային լավագույն ստանդարտները Հայաստանում եւ այդ ստանդարտների ներքո ապահովելու են բորսայի աշխատանքները, որը կապվելու է OMX-ի բորսայական համաշխարհային ցանցի հետ:

-Կարելի է՞ իմանալ գործարքի մանրամասները:

-Գործարքի մանրամասները կքննարկվեն, երբ ներկայացվի կոնկրետ ծրագիրը, քանի որ մենք դեռեւս ստորագրել ենք մտադրությունների հուշագիրը, որի ներքո քննարկելու ենք գործարքի բոլոր առանձնահատկությունները: Բնականաբար, այս փուլում դեռեւս նպատակահարմար չէ մանրամասներ հրապարակելը, որովհետեւ բանակցությունների ընթացքում բազմաթիվ դրույթներ կարող են փոխվել, եւ եթե մենք հրապարակայնացնենք մանրամասները, կարող ենք կաշկանդել մեզ եւ մեր գործընկերներին: Բայց այն հիմնարար սկզբունքները, որ մենք նրանց հետ քննարկել ենք, փոխադարձ ընդունելի սկզբունքներ են, եւ հուսով ենք, որ բանակցությունների ընթացքում կկարողանանք փոխադարձ ընդունելի տարբերակի հանգել, որովհետեւ բավական մեծ ծավալի աշխատանք է ենթադրվում, որ Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն. օրենսդրական փոփոխություններ, հարկային ոլորտին վերաբերով նոր չափորոշիչներ, որոնք նախկինում չեն եղել, քանի որ մեր բորսան կազմակերպված չի եղել մասնավոր սուբյեկտի համար, այլ ունեցել է ինքնակազմակերպվող կառույցի կարգավիճակ, որն էապես տարբերվում է այս նոր մոդելից: Ենթադրում է, որ այստեղ բիզնես շահեր կան, որովհետեւ OMX-ը մասնավոր ընկերություն է եւ այն ինքնակազմակերպվող կառույց չէ, այլ ունի ռեալ սեփականատերեր եւ ձգտում է շահույթի, ինչը մեր կարծիքով լուրջ խթան է եւ շահագրգռվածություն է ստեղծում նրանց համար, որպեսզի Հայաստանում զարգացնեն շուկան, իրականում բացահայտեն ընկերություններին, նրանց բերեն բորսա, որովհետեւ, հակառակ դեպքում, կզբաղվեն վնասաբեր գործունեությամբ: Մենք ունենալու ենք շատ ակտիվ աշխատող բորսա, շահագրգռված, որպեսզի լինեն ռեալ հաճախորդներ:

-Մեր կոնկրետ շահերը հասկանալի են, բայց չէ՞ որ OMX-ը նույնպես կոնկրետ շահեր է հետապնդում:

-Այո, փող պետք է աշխատի Հայաստանում: HSBC-ն երբ եկավ Հայաստան, նրա նպատակը նույնպես փող աշխատելն էր: OMX-ը, որ գալիս է Հայաստան, նպատակը փող աշխատելն է: Նա ցանց է ստեղծում: Նա հայտնել է նաեւ, որ այս դրական փորձը, որ կձեւավորվի Հայաստանի եւ OMX-ի միջեւ, մտադիր է տարածել տարածաշրջանում: Մենք արդեն սկսել ենք բանակցությունները մեր վրացի գործընկերների հետ, որոնք նույնպես պատրաստակամություն են հայտնել համագործակցել OMX-ի հետ: OMX-ը այժմ բավական ակտիվ է այդ առումով, քանի որ մեր նման երկրներում հաջողված փորձ ունի: Նա մտնում է Մակեդոնիա, Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա եւ իր այդ փորձը կիրառում է: Նա գնահատում է մեր նման երկրների պոտենցիալը, եւ առաջարկում է այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կտան իրեն փող աշխատել:

-Սա խթան է՞, որ հայկական ընկերությունները գրավիչ դառնան եվրոպական ընկերությունների համար:

-Երբ նրանք մասնագիտանում են անցումային երկրների ուղղությամբ, լավ հասկանում են, թե մեր ընկերություններն ինչ պրոբլեմներ ունեն: Նրանք շատ լավ պատկերացում ունեն մեր ստվերային տնտեսության մասին, գիտեն, որ ընկերությունները թափանցիկ չեն, որ թաքցնում են իրենց ռեալ եկամուտները, որ մշտապես շրջանցելով օրենսդրությունը` ստանում են շահույթներ: Այն գործիքները, որ OMX-ն առաջարկում է, նրանց համար այլընտրանքային տարբերակ է: Եթե ձեռնարկություններն ասում են, որ իրենք համաձայն են դուրս գալ ստվերից, փոխարենը նրանց պետք է ցույց տրվի, թե ինչ են ստանում դրա դիմաց: OMX-ը` Կենտրոնական բանկի հետ համատեղ, նրանց այդ ամենը ցույց է տալիս: Երբ նրանք հասկանում են, թե ինչ հարաբերական առավելություններ են իրենք ստանում, նաեւ հնարավորություն են ունենում գնահատելու, եւ տեսնելու, որ ստվերից դուրս աշխատելը նույնպես կարող է գրավիչ լինել: Այն համալիր ծրագիրը, որ մենք հաստատել ենք ԿԲ-ի խորհրդում եւ որը վերաբերում է արժեթղթերի շուկայի զարգացմանը, ամբողջ գաղափարախոսությունը խարսխված է այն բանի վրա, որ անհրաժեշտ է ստվերային տնտեսությունից դուրս գալու համար ստեղծել գրավչական առավելություններ, խթաններ, որովհետեւ միայն վարչական մեթոդներով ստվերային տնտեսությունը հնարավոր չէ վերացնել: Այսօր բոլորը հաշվել գիտեն, թվաբանությանը լավ տիրապետում են, հասկանում են, թե ստվերում աշխատելն ինչ առավելություններ է տալիս: Երբ կիրառվում է մտրակը, պետք է ի ցույց դրվի նաեւ քաղցրաբլիթը: Հիմա այդ ամենը հնարավոր է: Առաջին խթանն այն է, որ ընկերությունները կարողանում են հրապարակային օֆերտայի միջոցով այլընտրանքային ֆինանսական միջոցներ հայթայթել իրենց բիզնեսը զարգացնելու համար: Բնականաբար, այստեղ հայտնվում են հիմնականում այն ձեռնարկությունները, որոնք ունեն զարգացման հեռանկար, իրական բիզնես ծրագիր, կարողանում են տալ վերջին տարիների իրենց զարգացման միտումները եւ ապագայի գնահատականները, ինչը հնարավորություն է տալիս ստանալու արտաքին աուդիտորի կողմից իրենց նախորդ պատմության վերաբերյալ դրական եզրահանգումներ: Ընկերություններն իրենց բիզնես ծրագրերը պետք է ներկայացնեն հասարակությանը եւ այդ պարագայում նրանք կկարողանան շուկայից հայթայթել ֆինանսական ավելի էժան միջոցներ, քան այսօր կարող են ֆինանսական դաշտում հայթայթել, իրենց բիզնենս էլ կզարգանա ավելի արագ տեմպով, ապահովելով բարձր շահութաբերություն: Երկրորդ, կարեւորագույն առավելությունն այն է, որ ընկերությունների շուկայական գինը միանգամից մի քանի անգամ բարձրանում է: Օրինակ, երբ OMX-ի մասնագետները հանդիպում էին մեր խոշոր գործարարների հետ, հարցնում էին, թե նրանք որքան են գնահատում իրենց բիզնեսը, եւ երբ հետագայում միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդոլոգիայով գնահատում եւ ասում էին, որ եթե դուք մեր միջոցով դուրս գաք համաշխարհային ֆինանսական շուկա, ձեր բիզնեսի շուկայական գինը կեռապատկվի, կքառապատկվի, եւ որոշ դեպքերում նույնիսկ կտասնապատկվի, մեր որոշ գործարարների մոտ ուղղակի շոկ էր առաջանում: Նրանք չէին գիտակցում, որ իրենց բիզնեսն այդպիսի տարեկան շահութաբերություն կարող է ունենալ: Իսկ եթե բիզնեսն իրականում շուկայական կանոնների համապատասխան այդքան թանկ է, ապա նշանակում է, երբ հայտնվում է բորսայում եւ վաճառում է բաժնեմասը, հենց այդ թանկ գնի պահին է վաճառում, ոչ թե` մի քանի անգամ ավելի ցածր գնի: Դա նշանակում է, որ եթե բիզնեսը ստվերում է, ապա դրա շուկայական գինը շատ ցածր է: Եվ եթե մենք Հայաստանում չունենք բորսա, որը հնարավորություն է տալիս ռեալ այդ շուկայական գինը ցույց տալ, նշանակում է մենք այդ խթանները չունենք ստվերից դուրս գալու. ինչը խիստ անհրաժեշտ է մեզ համար: Դրա համար OMX-ի հետ համագործակցությունը կարող է մոտակա տասը տարիներին մեր ամբողջ տնտեսության համար բեկումնային նախագիծ լինել, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության ամենամեծ պրոբլեմը ստվերայնությունն է: Իսկ այս խողովակը հնարավորություն կտա եւ կօժանդակի իշխանություններին` ստվերային տնտեսության դեմ առավել արդյունավետ պայքարել:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում “Պրոկրեդիտ” բանկի մուտքը Հայաստան: Ի՞նչ եք կարծում, դա կնպաստի մրցակցության զարգացմանը:

- “Պրոկրեդիտ” բանկն ունի բավական հետաքրքիր պատմություն, այն հաջողված է աշխարհի 28 երկրներում, հիմնականում մասնագիտացած է անցումային երկրների ուղղությամբ եւ բավական հարուստ փորձ է ձեռքբերել: Համագործակցությունն այս ծրագրի ներքո մենք սկսել էինք KFW բանկի հետ արդեն մոտ ութ տարի առաջ, եւ Հայաստանի փորձը համարվում է լավագույններից մեկն աշխարհում: Մենք ունենք ծրագրի նախատեսված ժամկետներից կրկնակի արագ տեմպով իրականացում, ունենք հարկերի գրեթե 100 տոկոսանոց վերադարձելիություն այս ծրագրի շրջանակներում եւ, ընդհանրապես, բանկային դաշտը` շնորհիվ այս ծրագրի իրականացման բավական գրավչական է դարձել միջազգային ինստիտուտների համար: “Պրոկրեդիտի” կողմից այս նոր առաջարկը, որ մենք ստացանք, հիմնված էր մեր շուկայի ուսումնասիրության եւ պոտենցիալի վրա, մասնավորապես այն, որ վարկավորումը Հայաստանում դեռեւս մնում է որպես բավական շահութաբեր բիզնես, երկրորդ, որ միջավայրն այդ բիզնեսի համար շատ բարենպաստ է, քանի որ վարկերի 100 տոկոսանոց վերադարձելիություն ունենք, եւ ձեւավավորել ենք շուկայական ենթակառուցվածքներ, մասնավորապես վարկային ռեգիստրը, որն էապես նվազեցնում է վարկային ռիսկը Հայաստանում եւ խթանում է վարկերի վերադարձելիությունը, քանի որ խիստ կանոններ է սահմանում այն սուբյեկտների համար, ովքեր ունեն դասակարգված կամ չվերադարձված վարկեր: Դրանք համակարգից դուրս են մղվում, մամուլում “սեւ ցուցակներ” են հրապարակվում եւ նրանք դառնում են ֆինանսական ծառայություններից զրկված սուբյեկտներ: Եվ եթե ուզում են վերադառնալ ֆինանսական համակարգ, ապա պետք է վերականգնեն չվերադարձված գումարները, քանի որ, ի վերջո, դրանք ավանդատուների գումարներն են: Այդ տեսակետից մենք ունենք բարենպաստ միջավայր, եւ բացի այդ, “Պրոկրեդիտը”, ունենալով նման փորձ այլ երկրներում, կարող է բավական կարճ ժամանակահատվածում ծավալվել մեր շուկայում: Նաեւ այն առանձնահատկությունը կա, որ չնայած մենք ունենք չափազանց առողջ բանկային համակարգ, բայց դեռեւս այն իր ծավալներով շատ փոքր է մեր տնտեսության հետ համեմատած: Այսինքն զարգացման բավական մեծ դաշտ է տեսնում “Պրոկրեդիտը” Հայաստանում: Մեր կողմից նրա մուտքը ողջունելի է: Իհարկե, հայկական առեւտրային բանկերի կողմից կա որոշակի մտավախություն, առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ, ըստ էության, այս ծրագիրը KFW բանկի շրջանակներում իրականացվող ծրագիր է, իսկ դա նշանակում է, որ գերմանական կողմը շատ լավ տիրապետում է այս դաշտին, քանի որ նրանք են մեր բանկերին սովորեցրել միկրովարկավորման տեխնիկան: Մեր 300 մասնագետները, ովքեր աշխատում են բանկային համակարգում, անցել են նրանց դասընթացները, նրանց մասնագետներն աշխատել են մեր բանկերում, որոնք այս ծրագրի ներքո հիմա աշխատում են: Մեր առեւտրային բանկերի մտավախությունն այն է, որ նրանք, ունենալով այս գիտելիքները, փորձը եւ տիրապետելով մեր բանկերի իրավիճակին, կարող են մրցակցային առավելություն ստանալ: Սակայն դա հենց այն փաստարկն է, որ ԿԲ-ի համար շատ գրավչական է, որովհետեւ մեր նպատակն է խրախուսել մրցակցությունը բանկային համակարգում: Արդյունքում, դա ստիպելու է, որ մեր բանկերն ավելի մեծ ուշադրություն դարձնեն մրցակցությանը, ավելի շատ ռեսուրսներ ծախսեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար:

- Սպասվում է նաեւ “ՓոստԲանկի” մուտքը Հայաստան: Դա եւս նպաստելու է մրցակցությանը բանկային ծառայությունների ոլորտում: Այս համագործակցության Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

- Անշուշտ, սա մեր այն ծրագիրն է, որ կրկին էական է մեզ համար, որովհետեւ եթե այս ծրագիրը հոլանդացիների հետ հաջողվի, ապա մոտակա երեք տարիներին մենք կունենանք աղքատության հաղթահարման էական խթանող գործիք: Ըստ այս ծրագրի, մեր հոլանդացի գործընկերները մասնագիտանալու են անապահով խավերին տարբեր տիպի ծառայություններ մատուցելու գործում: Փոստն այսօր ունի ավելի քան 900 բաժանմունքներ Հայաստանի ամբողջ տարածքում, եւ այդ բոլոր բաժանմունքներն, ըստ բիզնես ծրագրի, պետք է մատուցեն ժամանակակից փոստային եւ բանկային ծառայություններ: Մեկ կետից կարելի կլինի օգտվել տարբեր տիպի ծառայություններից, ինչն էապես կբարելավի վիճակն առաջին հերթին գյուղերում, փոքր համայնքներում, քանի որ այժմ նրանք, որպեսզի օգտվեն տարրական բանկային ծառայություններից, ստիպված են գնալ շրջկենտրոն կամ խոշոր քաղաքներ: Հասկանալի է, որ սա մեծ օժանդակություն կլինի կառավարությանը` աղքատության հաղթահարման ծրագրի իրականացման գործում: Առանձնահատկությունն այն է, որ մեզանում չի եղել այդպիսի ծառայություն, փոստային բանկ հասկացությունը չի եղել Հայաստանում, եւ մենք չունենք համապատասխան օրենսդրություն, ինչը մենք մեր հոլանդացի գործընկերների հետ պետք է ներդնենք: Արդեն բանակցել ենք Նիդեռլանդների կառավարության հետ, խնդրելով, որ Հայաստանի իշխանություններին տրամադրվի տեխնիկական օժանդակություն: Մտադիր ենք կազմակերպել նաեւ մի քանի գերատեսչությունների կողմից աշխատանքային գործուղում Նիդեռլանդներ, որտեղ տեղում պետք է ուսումնասիրվի հոլադնական փորձը:

Դիտում՝ 7120
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW