«Դրախտում» աճեցված հատապտուղ՝ կոկոսի մանրաթելերի վրա
06.06.2017 | 10:26
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ «Բերք»







Հայ գիտնականների տեխնոլոգիան
Հիդրոպոնիկ եղանակով հատապտուղ աճեցնելու գաղափարն առաջացել է Եվրոպա այցելությունների արդյունքում: Մասնավորապես, մի քանի տարի առաջ ընկերության համահիմնադիրներ Նարինե Խոջոյանն ու Լիլիթ Մուրադյանը Հոլանդիայում տեսել են՝ ինչպես են փոքր ցանքատարածություններում մեծ ծավալներով բերք ստանում:
«Ավելի ուշ իմացանք, որ հիդրոպոնիկ եղանակով բերք ստանալու տեխնոլոգիան մշակել են հենց հայ գիտնականները 60-70-ականներին: Նրանց առաջարկը Խորհրդային Միությունում լայն կիրառում չի ստացել, բայց տարածվել է Արեւմուտքում եւ Իսրայելում»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է ընկերության գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը:
Հիդրոպոնիկան բույսերի աճեցման տեխնոլոգիա է առանց հողի՝ արհեստական միջավայրում: Այն հնարավորություն է տալիս մի քանի անգամ ավելի շատ բերք ստանալ փոքր տարածքի վրա՝ միաժամանակ տնտեսելով ջուրը, պարարտանյութը եւ այլ ռեսուրսներ:
Իջեւանում բարձրարժեք հատապտղի աճեցման համար որպես հումք ծառայում է կոկոսի մանրաթելը, որը ներմուծվում է Շրի Լանկայից: Մհեր Խաչատրյանը նշում է, որ աշխարհում այդ տեխնոլոգիայով մշակաբույսեր աճեցնելու համար հաճախ օգտագործվում է արհեստական հումք, որի ուտիլիզացումն ավելի բարդ է: Մինչդեռ «Բերքը» որպես հումք ընտրել է կոկոսի մանրաթելը, որը, մեր զրուցակցի խոսքով, երրորդ երկրներում՝ Շրի Լանկայում, Հնդկաստանում, բավական էժան է, բացի այդ, էկոլոգիապես մաքուր է եւ 3 տարի նպատակային կիրառումից հետո ծառայում է որպես հումուս:
Պիլոտային փորձեր
Իջեւանն էլ պատահաբար չի ընտրվել: Աշխատանքները սկսելուց առաջ նախ Հոլանդիայից եւ Մեծ Բրիտանիայից հրավիրել են մասնագետների:
«Եկան, մոտ մի ամիս մնացին, ուսումնասիրեցին այստեղի բնակլիմայական պայմանները: Առաջնահերթ կարեւորություն ուներ ջուրը, որն ուղարկեցինք Եվրոպա փորձաքննության ու պարզեցինք, որ լավ ջուր է,- պատմում է Մհեր Խաչատրյանը: -Ինչ վերաբերում է բնակլիմայական պայմաններին, Իջեւանում կլիման մեղմ է՝ ոչ շոգ ամառ ու մեղմ ձմեռ, որը ելակի համար շատ հարմար միջավայր է»:
Այնուհետ սկսել են պիլոտային փորձարկումները: Աճեցրել են ելակի մի քանի տեսակ ու դարձյալ համտեսի հրավիրել մասնագետների: Վերջիններս էլ հաստատել են՝ «կարող եք լայնամասշտաբ մշակում սկսել»:
Նախնական ներդրում
Առաջին ցանքատարածությունների ու ջերմատների նախնական ներդրման 60-70%-ն արվել է անձնական միջոցներից, մնացած մասը ստացել են վարկային միջոցներով՝ ՓՄՁ ԶԱԿ-ի ներդրումային ծրագրերի շրջանակում: Վարկը տրամադրվել է դրամով՝ 5 տարի մարման ժամկետով (որից 1 տարին՝ արտոնյալ), 10% տոկոսադրույքով: Ընդհանուր առմամբ, բիզնեսում ներդրվել է $200 հազ-ին համարժեք գումար:
Մհեր Խաչատրյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մեկ ջերմատան համար պահանջվում է $40-80 հազ. ներդրում: Սկսել են 500-1000 քմ-ից եւ տարեցտարի ընդլայնել են ցանքատարածություններն ու ջերմատների թիվը:
«Այս ընթացքում ամեն տարի մի 1000 մետրի չափով ավելացնում էինք: Քիչ-քիչ էինք ավելացնում. ուզում էինք հասկանալ ռեալ շուկան՝ ինչպես է վաճառվում, ինչ գնով: Այս երեք տարվա արդյունքները ցույց տվեցին, որ շատ արագ կարելի է ավելացնել ծավալները»,- ասում է Մհեր Խաչատրյանը:
Այսօր ելակի ցանքատարածությունները կազմում են շուրջ 4000 քմ, կապույտ հապալասինը՝ մեկ հեկտար: Ընդ որում, ելակը աճեցվում է ե՛ւ բաց ցանքատարածություններում, ե՛ւ ջերմատներում: Բաց տարածությունում տարեկան բերք են ստանում երկու անգամ, ջերմատներում՝ ավելի շատ: Ընդհանուր առմամբ, ելակի տարեկան բերքը կազմում է 10-20 տոննա:
Ինչ վերաբերում է կապույտ հապալասին, մեր զրուցակիցը նշում է, որ այն մի փոքր ավելի դժվար է հարմարվում բնակլիմայական պայմաններին եւ առայժմ մեծ ծավալներ չունի: Հապալասի համար այս պահին ընկերությունը հատկացրել է 1 հա հողատարածք:
«Հապալասը բազմամյա բույս է, 5-րդ տարին նոր սկսում է նորմալ բերք տալ, հիմա քիչ քանակությամբ քաղում ենք, բայց դա չենք հաշվում որպես բերք»,- ասում է նա:
Աշխատուժ
Աշխատուժն էլ ապահովվում է հենց տեղի բնակիչների հաշվին. յուրաքանչյուր ջերմատուն ունի 2-3 աշխատող:
«Բոլորը հենց Իջեւանի բնակիչներ են. առաջ դրսից արտասահմանցի մասնագետներ ունեինք, եկան, տեխնոլոգիան սովորեցրին, հիմա ունենք մեր աշխատողները. նորմալ աշխատում են, ամեն ինչից էլ հասկանում են»,- ասում է ընկերության գործադիր տնօրենը:
Արտահանում. առաջին քայլեր
Անդրադառնալով բիզնեսի հաջողությանը՝ Մհեր Խաչատրյանը նշում է՝ քանի որ հայաստանյան շուկան փոքր է եւ ոչ այնքան վճարունակ, պետք է շեշտը դնել այն ապրանքատեսակների վրա, որոնք հնարավոր կլինի արտահանել:
Մինչ այժմ ստացված արտադրանքը վաճառվում էր ներքին շուկայում, սակայն արդեն քայլեր են ձեռնարկվում արտահանման ուղղությամբ: Փորձնական արտահանում արդեն իրականացվել է դեպի ԱՄԷ եւ Ռուսաստան. այսօր արդեն պատվերներ ունեն Դուբայից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Նովոսիբիրսկից:
Ընդ որում, Մհեր Խաչատրյանը նշում է, որ պատվերները բավականին շատ են, եւ այսօր արդեն ստիպված են ավելացնել արտադրության ծավալները:
«10 հա սեփական հող եմ վերցրել, որ մեծացնեմ տնտեսությունը, բայց այդքան էլ հեշտ չէ հատկապես սահմանամերձ բնակավայրում միանգամից այդքան ներդրում անել»,- ասում է նա:
Արտահանման պահանջարկը եւ հաճախորդի նկատմամբ պատասխանատվությունն էլ ապահովում է որակի խիստ վերահսկողությունը:
«Ինչ էլ մենք արտադրում ենք, գիտենք, որ դա դուրս է գնալու ու դրսում անցնելու է փորձաքննություն,- ասում է նա: Հետեւաբար, մենք բոլոր չափանիշները հստակ պահում ենք»:
Դժվարությունները «դրախտում»
Մհեր Խաչատրյանը դժվարություններից բողոքել էլ չի սիրում:
«Գազի գինը ձմեռը կառավարությունը ջերմոցային տնտեսությունների համար հաշվարկվեց նախկինի 165-ի փոխարեն 100 դրամով, եւ դա բավականին լուրջ խթան էր մեզ համար, ահագին գումար տնտեսեցինք»,- ասում է նա՝ հավելելով, որ իրենց բողոքը կապված է միայն գազի սպասարկման գնի հետ, որ «չգիտես ինչի համար են գանձում, ու արդյունքում բավականին մեծ գումար է ստացվում»:
Վերջում հիշեցնում է իսրայելցի գործընկերների խոսքը՝ «դուք ապրում եք դրախտում» եւ իր կողմից հավելում՝ ընդամենը պետք է աշխատել ու առաջ գնալ:
Վիկտորյա Անդրեասյան
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: