Կենտրոնական բանկը մի կողմից թուլացնում է դրամը` նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մյուս կողմից դոլար է վաճառում` թույլ չտալու դրամի ավելի արագ արժեւորում:
17.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Մյուս կողմից` ամրապնդում
"Հայոց Աշխարհ" (Երեւան), 17 ապրիլի, 2007թ.
Այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկն ապրիլին հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին, ֆինանսական շուկայում դրամի արժեզրկումն արագացավ: Դա մեղմելու նպատակով ԿԲ-ն ստիպված եղավ ակտիվացնել իր գործունեությունը արժութային բորսայում, որը գտնվում էր բավականաչափ պասիվ վիճակում. եթե մինչ այդ այստեղ կատարվում էր օրական 150-350 հազար դոլարի գործարք, ապա ապրիլի 9-ից հետո գործարքների ծավալը կտրուկ ավելացավ: Ընդամենը չորս օրվա ընթացքում` ապրիլի 10-13-ը, Կենտրոնական բանկն արժութային բորսայում իրացրեց շուրջ 25 մլն դոլար, որից հետո ոչ միայն դադարեց դրամի թուլացումը, այլեւ մեկ-երկու նիշով այն նույնիսկ արժեւորվեց:
Դրան հաջորդող օրերին դրամը հիմնականում դրսեւորեց կայուն վարքագիծ: Ԗ`հետեւանքով այժմ փոխարժեքները դոլարի նկատմամբ տատանվում են 364-370 դրամի սահմաններում: Դրանով հանդերձ, փոխանակման կետերում պահպանվում է առք ու վաճառքի մեծ տարբերությունը: Մի բան, որ վկայում է շուկայում սպասողական տրամադրությունների գոյության մասին: Այնպես որ, չնայած հարաբերական հանգիստ վիճակին, լարվածությունն այստեղ պահպանվում է: Առավել եւս, սպասումները միտված են դրամի թուլացման ուղղությանը:
Չնայած դեռեւս մարտի սկզբից արձանագրված դրամի արժեզրկմանը, ապրիլին Կենտրոնական բանկը 0,25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդպիսով ազդակներ հաղորդելով դրամի թուլացման մասին: Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր, որ ԿԲ-ն բարձրացնելու փոխարեն, նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այժմ այն 4,5 տոկոս է: Այս նախաձեռնությամբ, ըստ էության, կասեցվում է շուրջ երեք տարի շարունակվող դրամի ուժեղացումը, թեեւ դրան նպաստող գործոնները հիմնականում պահպանվում են:
Վերջին տարիներին Հայաստանում արձանագրված դրամի ուժեղացումը Կենտրոնական բանկը բացատրում է ինչպես ներքին տնտեսական գործընթացներով, այնպես էլ արտաքին ֆինանսական ներարկումներով, հատկապես մասնավոր տրասնֆերտներով: Ակնհայտ է, որ այդ գործոնները պահպանվում են նաեւ այսօր: Տարեսկզբին Հայաստանում արձանագրվել է երկանիշ տնտեսական աճ, իսկ մասնավոր փոխանցումները հունվար-փետրվարին, ըստ ԿԲ-ի տվյալների, ավելացել են շուրջ 34 տոկոսով:
Սա հիմք է տալիս ասելու, որ ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված է հիմնականում շրջանառության մեջ եղած դրամի զանգվածի ավելացմամբ: Դրա վրա, ըստ էության, որոշակի ազդեցություն է ունեցել նաեւ ընտրությունների նախապատրաստական փուլը, որը պահանջում է դրամական, այսպես ասած, պահեստավորված միջոցների լրացուցիչ հոսք դեպի շուկա:
Ապրիլին վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը Կենտրոնական բանկը բացատրեց ապրանքային շուկայում ձեւավորված բարենպաստ գնային իրավիճակով: Ըստ ԿԲ-ի դիտարկումների, արտաքինից եկող գնաճային ճնշումները զգալիորեն թուլացել են: Դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում գների նախատեսված մակարդակն ապահովելու համար:
Թերեւս այս հանգամանքով պայմանավորված` ԿԲ-ն որոշեց մի փոքր թուլացնել դրամը` դրանով փորձելով ինչ-որ կերպ լուծել տնտեսության մեջ ազգային արժույթի ուժեղացման հետեւանքով ձեւավորված ոչ այնքան բարվոք վիճակը: Մի բան, որից վերջին շրջանում մշտապես դժգոհում էին, առավել եւս արտահանման ոլորտում գործող տնտեսավարողները: Դրամի ուժեղացումը, ինչպես հայտնի է, հատկապես բացասական դրսեւորումներ է ունեցել արտահանման վրա: Պատահական չէ, որ անցած տարի այս ոլորտում աճ գրեթե չարձանագրվեց:
Հատկանշական է, որ Հայաստանում արտարժույթի ուժեղացումը տեղի է ունենում միջազգային շուկայում դրանց փոփոխական զարգացումների պայմաններում: Դոլարը եվրոյի հարաբերությամբ արժեզրկվում է: Մինչդեռ Հայաստանի ֆինանսական շուկայում դրամի նկատմամբ այս երկու արժույթներն էլ արժեւորվում են այնպես, ինչպես ժամանակին արժեզրկվում էին: Սա վկայում է, որ այդ գործընթացն ընդամենը դրամի թուլացման հետեւանք է:
Թե ինչպիսի՞ն կլինի Կենտրոնական բանկի վերաբերմունքը առաջիկայում դրամի նկատմամբ, ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ է, որ գոնե մինչեւ ապրիլի վերջ ԿԲ-ն դրամը ուժեղացնելու անհրաժեշտություն չի տեսնում: Իհարկե, չի բացառվում, որ այդ ժամանակահատվածում նման երեւույթներ արձանագրվեն, երբ փորձ արվի զսպել դրամի սպասվածից արագ թուլացումը, այնպես, ինչպես տեղի ունեցավ ապրիլի 10-13-ի հատվածում:
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: