Լինելով գործարարի կին՝ Մարգուշ Մուրադյանը բիզնեսի հետ երբեւէ առնչություն չի ունեցել, չի էլ մտածել, որ մի օր կզարգացնի ամուսնու հիմնած բիզնեսը եւ նոր ապրանքանիշ կստեղծի: Banks.am-ը զրուցել է «Գավառի փախլավա»-ի հիմնադիր Մարգուշ Մուրադյանի հետ, որը մարտի 16-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից մրցանակի է արժանացել՝ հաղթելով «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում: Կինը կնոջն ավելի լավ է հասկանումԳեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում բնակվող Մարգուշ Մուրադյանը խմորեղենի արտադրամասի ղեկավարությունը 2015թ. «ժառանգել է» ամուսնուց: Փախլավան ու գաթան պատրաստում է սկեսրոջ բաղադրատոմսով, որը տարիներ շարունակ անփոփոխ է մնացել: 16.03.2017 | 16:33 Վարչապետը պարգեւատրել է 2017թ. լավագույն կին գործարարներին «Մեր բիզնեսը հիմնադրվել է ամուսնուս կողմից, նա էլ ղեկավարում էր. ես նախկինում բիզնեսի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել,- պատմում է տիկին Մարգուշը՝ հավելելով, որ բիզնեսով սկսել է զբաղվել սկզբում հանգամանքներից դրդված, հետո՝ ավելի ու ավելի հետաքրքրված: «Մեր աշխատողների մեծ մասը կանայք են, մտածեցի, որ կինը կնոջն ավելի լավ է հասկանում»,- ասում է գործարարը: Նոր գործով ոգեւորված՝ 2015թ. մասնակցել է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին, կազմել բիզնես պլան, որն էլ հավանության է արժանացել: Ֆինանսավորման, նոր բրենդինգի եւ հաջող մարկետինգի, տարբեր ցուցահանդեսների եւ էքսպոների մասնակցության արդյունքում Մարգուշ Մուրադյանի «Գավառի փախլավան» այսօր մեծ ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի հայաշատ բնակավայրերում: «Երբ նպատակ ես դնում եւ հստակ տեսնում ես հեռանկարը, ռիսկերը նվազում են, վախերն անհետանում»,- ասում է Մարգուշ Մուրադյանը: Արտադրական գործընթաց«Գավառի փախլավա»-ի արտադրամասում մշտական հիմունքներով աշխատում է 15-20 մարդ: Պատահում է, երբ պատվերները շատ են լինում, հրավիրում են օրավարձով աշխատողների: Աշխատանք գտնվում է նաեւ այն կանանց համար, որոնք ինչ-ինչ պատճառներով դժվարություններ են ունենում տանից դուրս գալու հարցում: «Մեզ մոտ ընկույզն ամբողջությամբ հատ-հատ ձեռքով ենք մաքրում: Պատահում է, որ այն ուղարկում ենք այն կանանց, որոնք, օրինակ, ոտքերի խնդիր ունեն. նրանք տանը նստած աշխատում են, մաքրած ընկույզը հետ ուղարկում»,- պատմում է տիկին Մարգուշը: Փախլավայի համար տարիներ շարունակ օգտագործում են Գեղամա լեռների մեղրը եւ Եղեգնաձորի ընկույզը: Գործարար կնոջ խոսքով՝ թեեւ ունեն մշտական մատակարար, սակայն փորձում են ընկույզ գնելիս համագործակցել գյուղացիների հետ, որպեսզի «այդ մարդկանց էլ օգնեն իրենց ապրանքը վաճառել»: Սպառում«Գավառի փախլավա»-ի հիմնադիրը գոհունակությամբ նշում է, որ հազիվ թե իրենց գաթան ու փախլավան այդքան ճանաչված լինեին Գավառից դուրս, եթե չլինեին երեւանյան էքսպո-ցուցահանդեսները: Ավելին, թեեւ պաշտոնապես արտահանում չի իրականացվում, «Գավառի փախլավա»-ն առանձին պատվերներ է ստանում եվրոպական երկրների հայկական ռեստորաններից եւ Դուբայից: Մարգուշ Մուրադյանը նշում է, որ առաջիկայում ՓՄՁ ԶԱԿ-ի եւ կառավարության աջակցությամբ նախատեսվում է «Գավառի փախլավա»-ն, որը հայտնի է նաեւ «Մարգուշի գաթաներ» անվամբ, դուրս բերել միջազգային շուկա: «Մեր գերնպատակն այն է, որ ամբողջ աշխարհում փախլավան ճանաչվի որպես հայկական բրենդ: Երբ ասում են Իտալիա, հասկանում են պիցցա կամ պաստա: Որոշել ենք, որ մի օր եթե ասեն Հայաստան, պիտի հասկանան Գավառի փախլավան»,- եզրափակում է Մարգուշ Մուրադյանը: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 9688