Forex՝ «հեշտ փողեր» կամ բարդ հաշվարկներ
10.03.2017 | 09:46
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ https://www.hercules.finance


Այսօր դժվար է գտնել մեկին, որը երբեւէ չի լսել Forex առեւտրի մասին. վերջինս գրեթե միշտ ասոցացվում է հեշտ եւ արագ փող վաստակելու հետ, այն դեպքում, երբ դրա իրական գործառույթները շատ ավելի լայն են:
Ի՞նչ է իրականում Forex առեւտուրը` «բախտի խա՞ղ», թե՞ լուրջ հաշվարկներով հիմնավորված գործունեություն: Banks.am-ը թեման բացահայտել է «Ֆորեքս Քլաբ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Գոռ Գեւորգյանի օգնությամբ:
Համառոտ` Forex-ի մասին
Forex (foreign exchange) կամ արտարժույթի արտաբորսայական շուկան արտարժույթի փոխանակման միջազգային հարթակ է, որտեղ առուվաճառքի առարկան փողն է: Ըստ էության, այն իրականացնում է նույն ֆինանսական գործառույթը, ինչ առեւտրային բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը:
Forex շուկայում գործարքները կնքվում են բորսայից դուրս՝ բորսայում շրջանառվող ֆինանսական ակտիվի նկատմամբ համահավասար պայմաններով: Շուկայի կազմակերպիչները ներկայացնում են բորսայում շրջանառվող ֆինանսական գործիքները, ինչը հնարավորություն է տալիս «սովորական» ներդրողներին ձեռք բերել կամ վաճառել արտարժույթ` բրոքերների (գործում է հաճախորդի անունից եւ միջոցներով) եւ դիլերների (գործում է իր անունից եւ իր հաշվին) օգնությամբ:
Ի տարբերություն բորսայական առեւտրի` արտաբորսայական առեւտրում ֆինանսական գործիքները չունեն ծավալային եւ քանակական սահմանափակումներ։ Արտաբորսայական առեւտրի հիմնական առավելություններն են՝ անհապաղ իրացվելիություն, ցածր միջնորդավճարներ եւ ոչ ստատիկ տեղակայվածություն, որը թույլ է տալիս ներդրողներին աշխարհի ցանկացած հատվածից գործարքներ իրականացնել։
Forex միջազգային շուկան ամենամեծն է աշխարհում եւ իր ծավալներով գերազանցում է անգամ կապիտալի շուկան:
Ո՞ւմ է այն պետք
Forex առեւտրին մասնակցելու դրդապատճառները երկուսն են` հեջավորում եւ սպեկուլյացիա:
Հեջավորման նկատմամբ պահանջարկը ներկայացնում են արտաքին առեւտրի մասնակիցները, որոնք ապրանքներ արտահանելիս եւ ներմուծելիս ստիպված են առնչվել տարբեր երկրների արժույթների հետ: Օրինակ` շաքարավազի առեւտուրը Հայաստանում իրականացվում է դրամով, սակայն դրսից ներմուծվում է արտարժույթով: Մինչեւ ապրանքը կհասնի սպառողին, գործարարները բախվում են արտարժութային փոխարժեքների տատանումից վնաս կրելու ռիսկին: Այն կարելի է մեղմել` Forex շուկայում իրականացնելով հեջավորում, օրինակ` արտարժույթի ֆյուչերս կնքելու միջոցով: Վերջինս ենթադրում է, որ գործարքի մի կողմը պարտավոր է ապագայի կոնկրետ պահին մյուս կողմին վաճառել X քանակությամբ արտարժույթ` գործարքի կնքման պահին կամ պայմանագրում ֆիքսված փոխարժեքով:
Արտարժույթի արտաբորսայական շուկայում գործունեություն ծավալելու մյուս, առավել տարածված դրդապատճառը սպեկուլյացիան է, այսինքն` երբ ներդրողն իրականացնում է արտարժույթի առուվաճառք` փոխարժեքների տարբերությունից «փող աշխատելու» նպատակով: Ենթադրենք, հաճախորդը գնել է X ծավալի դոլարը` 490 դրամով, ինչ-որ ժամանակ անց դոլարը թանկանում է, եւ նա վաճառում է իր ունեցած գումարը 500 դրամով. կուրսերի տարբերությունից գոյանում է ներդրողի շահույթը (X*10 դրամ):
Ինչպե՞ս սկսել
Արտարժույթի առուվաճառքով զբաղվելու համար նվազագույն կամ առավելագույն գումար հնարավոր չէ մատնանշել: Այն սուբյեկտիվ բնույթ ունի եւ կախված է հաճախորդի պահանջներից, նրա` գումար վաստակելու ակնկալիքներից, շուկա մտնելու հաստատուն ծախսերից եւ միջնորդավճարներից:
Շուկայում գործարքներ անելու համար անհրաժեշտ է ունենալ/բացել արտարժութային հաշիվ որեւէ առեւտրային բանկում եւ գրանցվել Հայաստանում ներկայացված Forex հարթակներից մեկում: Բանկերը սովորաբար հաճախորդի բանկային հաշվից Forex հաշվին գումարի փոխանցումն իրականացնում են չնչին սակագներով կամ անվճար:
Այնուհետեւ, մտնելով Forex հարթակի անձնական էջ, կարելի է առքի կամ վաճառքի հրամաններ տալ, որոնք ձեզ համար կկատարի բրոքերը: Վերջինս սովորաբար պահանջում է միջնորդավճար յուրաքանչյուր գործարքից, որը եւս մեծ չէ եւ, օրինակ, «Ֆորեքս Քլաբ»-ի դեպքում կազմում է միջինում գործարքի 0,001%-ը:
Մոլորություններ Forex-ի մասին
Մոլորություն N1. «Forex-ում վաստակած գումարը քոնը չէ, քանի դեռ դուրս չես բերել շուկայից»:
Ֆինանսական հարաբերություններն ու տեխնոլոգիաները հասել են զարգացման այն մակարդակին, երբ գումար ասելով այլեւս չենք հասկանում դրամապանակի փաստացի պարունակությունը: Ֆինանսական միջոցները ներկայացված են նաեւ բանկային հաշիվներում, քարտերում, առցանց վճարային միջոցներում կամ այլ հարթակներում, այդ թվում` Forex շուկայում:
Մտածել, թե Forex-ում վաստակած գումարը քոնն է միայն շուկայից դուրս բերելուց հետո, նույնն է, թե ասել` բանկային հաշվին «նստած» ավանդի տոկոսը քոնն է միայն դրա կանխիկացումից հետո:
Forex շուկայում հաշվի առեւտրային գումարը 100% իրավունքով պատկանում է հաշվի օգտատիրոջը եւ ցանկացած ժամանակ ենթակա է ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացման։
Մոլորություն N2. «Շուկայում պարտվում են ագահները»:
Ավելիին ձգտելու ցանկությունը գիտակից մարդուն բնորոշ վարքագիծ է, որն առավել հաճախ դրսեւորվում է հաջողություններով։ Forex շուկայում կորուստները պայմանավորված են ոչ այնքան «ագահությամբ», որքան իրավիճակի եւ ռիսկերի թերի վերլուծությամբ:
Ներդրողների մոտ շրջանառվում է հետեւյալ կարգախոսը. «Ֆինանսական շուկայում կամ հաղթում ես, կամ` ձեռք բերում փորձ»:
Մոլորություն N3. «Forex-ը բախտի խաղ է»:
Հաջողակ լինելու գործոնն ինչպես գործարարությամբ զբաղվելիս, այնպես էլ ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելիս երբեք ավելորդ չի եղել։ Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ երկարատեւ եւ կայուն եկամուտներ ստանում են գրագետ եւ գիտակից ներդրողները:
Առաջնահերթությունն այստեղ պետք է տալ շուկայի ճշգրիտ վերլուծությանը, ֆինանսական գործիքների, գործարքի ուղղության ճիշտ ընտրությանը, ակնկալվող շահույթին եւ հնարավոր ռիսկերին։
Վերլուծության եղանակներ
Վերլուծել իրավիճակը Forex շուկայում` նշանակում է պարզել, թե ինչ գործոններ կարող են ազդել արժույթի փոխարժեքների վրա եւ կանխատեսել դրանց հնարավոր տատանումները:
Գոյություն ունի շուկան վերլուծելու երկու հիմնական մեթոդ` հիմնարար (ֆունդամենտալ), երբ ուսումնասիրվում են մակրոտնտեսական ցուցանիշները, քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ այլ գործոններ, որոնք կարող են անդրադառնալ փողի գնի վրա, եւ տեխնիկական, երբ ուսումնասիրությունը կատարվում է փաստացի գրաֆիկի վրա` տարատեսակ տեխնիկական ցուցիչների եւ մաթեմատիկական ալգորիթմների միջոցով։
Այս երկու մեթոդներից որեւէ մեկը բացարձակ առավելություն չունի մյուսի նկատմամբ. լավագույն արդյունքը ստացվում է երկուսի ճիշտ համադրումից:
Կարեւոր նշանակություն ունի առեւտրում ռիսկերի ճիշտ կառավարումը, որը դրսեւորվում է միջոցների դիվերսիֆիկացման, «սթոփ աութ» կետերի, մուլտիպլիկատորի եւ այլ գործիքների ճշգրիտ հաշվարկի արդյունքում։
Forex-ը Հայաստանում
Արտարժույթի արտաբորսայական առեւտրի մասին իրազեկվածության մակարդակը հայաստանցիների շրջանում չես կարող համեմատել զարգացած երկրների հետ, այդուհանդերձ, ոլորտով հետաքրքրվողների թիվը գնալով աճում է: Այս միտումը նկատվում է ԱՊՀ ամբողջ տարածաշրջանում, որտեղ, 2016թ. տվյալներով, բրոքերային ընկերությունների հաճախորդների քանակն աճել է 15%-ով` անցնելով 460 հազ-ը։ «Ֆորեքս Քլաբ»-ին բաժին է ընկնում շուկայի 17,2%-ը, իսկ հաճախորդների թիվն անցնում է 80 հազ-ը:
Բնակչության շրջանում իրազեկվածության եւ ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով ոլորտի ընկերությունները, այդ թվում` «Ֆորեքս Քլաբ»-ը, անցկացնում են տարատեսակ դասընթացներ:
Ներկայում Forex գործունեության ոլորտը Հայաստանում օրենսդրական եւ նորմատիվ բազայի բացակայության պատճառով դեռեւս չունի պատշաճ կարգավորվում: Կա օրենսդրական բաց, ինչը հարմար առիթ է անբարեխիղճ դիլերների համար, որոնք շարունակ բացվում եւ փակվում են: Համապատասխան օրենքի ընդունման դեպքում ոլորտում գործելու համար ընկերությունները կպարտավորվեն ստանալ ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիան, ինչը որակական նոր մակարդակի վրա կբարձրացնի Հայաստանի ֆինանսական հատվածը:
Սիրանուշ Սիմոնյան
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: