Արհեստանոցի դռան մոտ մեզ դիմավորում է «տանտերը»՝ դատապարտյալ Արթուր Սարգսյանը: Մասնագիտությամբ դիզայներ-նկարիչ է, նկարում է 6 տարեկանից: Անազատության մեջ գտնվելու 4 տարիների ընթացքում էլ շարունակում է նկարել, ցուցահանդեսի է պատրաստվում: ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով: Banks.am-ի թղթակիցը եղել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում՝ պարզելու, թե ինչ զբաղվածություն եւ եկամտի աղբյուր ունեն դատապարտյալները: Ըստ օրենքի«Կոշ» քրեակատարողական հիմնարկում կիսաբաց ռեժիմում իրենց պատիժը կրող դատապարտյալների զբաղվածությունը տարբեր է՝ կոշկակարից ու վարսավիրից մինչեւ նկարիչ ու քանդակագործ: Ընդ որում, իրենց ցանկությամբ դատապարտյալները կարող են ներգրավվել ինչպես չվարձատրվող, այնպես էլ վարձատրվող աշխատանքներում: Աշխատելու դրդապատճառներն էլ տարբեր են. մեկի համար դա ծխախոտի գումար է, մյուսի համար ժամանակն արագ անցկացնելու միջոց, երրորդի համար՝ վաղաժամկետ ազատ արձակվելու հույս: ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի Գլուխ 16-ի համաձայն՝ «դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով, որի կարգը եւ պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։ԹվերովԻ պատասխան Banks.am-ի հարցման՝ ՀՀ քրեակատարողական վարչությունից տեղեկացրել են, որ այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում զբաղվածությամբ (վարձատրվող եւ չվարձատրվող) ապահովված է դատապարտյալների 34,8%-ը: Մասնավորապես, 255 դատապարտյալ ներգրավված է հիմնարկների տեխնիկատնտեսական սպասարկման վարձատրվող աշխատանքներում, 223-ը՝ չվարձատրվող աշխատանքներում, 79 դատապարտյալ աշխատում է այլ գործատուների մոտ, իսկ 276-ն ընդգրկված է ինքնագործ միավորումներում: «Աջակցություն դատապարտյալին»«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն իր աշխատանքները սկսել է 2002թ. ապրիլից՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման: Այն ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է ապահովել դատապարտյալներին աշխատանքով եւ նպաստել նրանց կրթության մակարդակի բարձրացմանը: Այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համագործակցում է շուրջ 70 դատապարտյալ: Աշխատանքների բնույթը տարբեր է՝ սկսած անասնապահությունից ու այգեգործությունից մինչեւ կարի ֆաբրիկա եւ հացի արտադրամաս: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Բուդաղյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ աշխատանքներում շահագրգռված են հատկապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանայք (անչափահասների աշխատանքը օրենքով արգելված է), որտեղ գործում է կարի, հացի եւ մակարոնի, ինչպես նաեւ կրակայրիչների արտադրամաս: Այնուամենայնիվ, Ռոբերտ Բուդաղյանի խոսքով, այդ արտադրանքը սպասարկում է հիմնականում հիմնարկի ներքին պահանջները, քանի որ ցածր որակի եւ բարձր ինքնարժեքի պատճառով դրանք մրցունակ չեն դրսի շուկայում: Ռոբերտ Բուդաղյանը նշում է, որ այժմ նոր աշխատատեղեր են բացվել Մեղրիում, որտեղ ընդլայնվում են նռան այգիները: Նման աշխատանքներում փորձում են ներգրավել բաց տիպի ռեժիմում պատիժ կրող դատապարտյալներին: Այնուամենայնիվ, նրա խոսքով, շահագրգռվածությունը դատապարտյալների շրջանում մեծ չէ: «Անցյալ տարի շուրջ 15 հոգի ունեինք, այս տարի 2-ն են մնացել, գարունը բացվի, նորից կփորձենք մարդ գտնել»,- ասում է նա: Բանտային արվեստ4 երեխաների հայր Արտաշ Գալստյանը մասնագիտությամբ խառատ է, քրեակատարողական հիմնարկում նրա հիմնական զբաղվածությունը համրիչներ (թզբեխ) պատրաստելն է, որն իրացնում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով: «Հարցն էստեղ փողը չէ. ամենակարեւորը՝ զբաղվում ես, ժամանակն արագ է անցնում»,- ասում է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Պատրաստի աշխատանքները դատապարտյալներն իրացնում են կա՛մ սեփական ընտանիքի աջակցությամբ (նույն ճանապարհով էլ ստանում են անհրաժեշտ հումքը), կա՛մ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Վերջինս, 2005թ. սկսած, այդ աշխատանքներն իրացնում է «Բանտային արվեստ» կրպակում: Կրպակի վաճառողուհի տիկին Աննան նշում է, որ դատապարտյալների աշխատանքների համար «հերթ չեն կանգնում», ոմանք անգամ հենց երեւույթին ծաղրով են վերաբերվում: Մյուս կողմից, լինում են հաճախորդներ, որոնք հատուկ գալիս են այդ աշխատանքները գնելու: Մեծ թվով կրոնական թեմայով քանդակների՝ խաչերի, սրբապատկերների, եկեղեցիների մանրակերտերի կողքին առավելապես մեծ վաճառք ունեն ոսկորից, էբոնիտից կամ բիլիարդի գնդակներից պատրաստված համրիչները: ԵկամուտՎարդան Կարապետյանը (անունը փոխված է) արդեն ավելի քան 8 ամիս է, ինչ աշխատում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ռադիոհանգույցում, իսկ մինչ այդ տարիներ շարունակ ներգրավված է եղել հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում: «Քաղհայց ունեմ. 50 տոկոսը պահում են, 50 տոկոսն ինձ են տալիս, ստացվում է 27 հազար դրամ. իմ կարիքները հոգում եմ, կալանավորի համար 27 հազարը քիչ չէ»,- ասում է նա: Մարզպետ Ավուշյանն էլ նույն քրեակատարողական հիմնարկում 2 տարվա ընթացքում սովորել է փայտի վրա փորագրություններ անել, փայտից տարբեր իրեր քանդակել, որոնք իրացվում են «Բանտային արվեստ» կրպակում: Վաճառքից չի դժգոհում: «Մեկ տղա ունեմ, փոքր է: Կարեւորը ընտանիքիս նեղություն չեմ տալիս»,- ասում է նա՝ հավելելով, որ ստացված եկամուտը բավարարում է ծխախոտին ու սուրճին: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Բուդաղյանը նշում է, որ արվեստի գործերն իրենք որոշակի գնով ձեռք են բերում դատապարտյալից եւ վաճառում սիմվոլիկ հավելագնով, որով փոխհատուցվում է ծախսված էլեկտրականության վճարը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է տարբեր արտադրամասերում աշխատողներին, նրանց համար սահմանված է ֆիքսված աշխատավարձ՝ Ռոբերտ Բուդաղյանի խոսքով՝ «նվազագույն աշխատավարձից մի փոքր ավելի»: «Էժան աշխատուժ» դիտարկմանը չի համաձայնում:«Հիմա դա է մեր երկրում աշխատավարձը: Պետական աշխատողն էլ է 50-60 հազար դրամ ստանում»,- նկատում է նա:Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 9809