Երբ սահմանի մթերքը հատում է Երեւանի սահմանը

20.01.2017 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ «Ապրանքներ անմիջապես սահմանի գյուղերից» ֆեյսբուքյան նախաձեռնությունն առեւտրային ուղիղ կապ է ապահովում սահմանամերձ համայնքների արտադրողների եւ մայրաքաղաքի սպառողների միջեւ: Թե ինչ մեխանիզմով է աշխատում խումբը,եւ որքանով է արդյունավետ առեւտրի այս տարբերակը՝ Banks.am-ը փորձել է պարզել նախաձեռնության հեղինակներ Տիգրան Ոսկանյանից եւ Սոֆյա Հովսեփյանից:

...որ գյուղացին կապված մնա հողին

Սահմանամերձ համայնքներից մթերքը ֆեյսբուքյան խմբի միջոցով իրացնելու գաղափարն առաջացել է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության շրջանակում, երբ խմբի անդամները պարբերաբար այցեր էին իրականացնում այդ համայնքներ, փորձում որեւէ կերպ լուծում տալ գյուղացիների առաջ ծառացած խնդիրներին:

«Անչափ կարեւոր է, որպեսզի գյուղացու ապրանքն իրացվի եւ իրացվի նրա համար շահավետ գնով»,- Banks.am-ի հետ զրույցում ասում է նախաձեռնության հեղինակներից Տիգրան Ոսկանյանը:

Նա ցավով նշում է, որ, որպես կանոն, գյուղական համայնքներից գնում են մեծ քանակությամբ էժան ապրանք եւ քաղաքում այն սպառում մի քանի անգամ բարձր գնով: Արդյունքում տուժում է ե՛ւ արտադրողը, ե՛ւ սպառողը:

«Գյուղացին շահույթ չի ունենում, դրա համար մտածում է, որ ցանելը ձեռնտու չէ եւ արտագաղթում է: Պետք է գյուղացուն մոտիվացնել, որպեսզի նա հողին կապված մնա: Եթե այսօր մեր տան դիմացի հողը չենք մշակում, ինչո՞ւ ենք Արեւմտյան Հայաստան պահանջում»,- ասում է Տիգրանը:

Ժամանակի ընթացքում խմբի գաղափարն ընդլայնվել է. այսօր արդեն փորձ է արվում խթանել միջհամայնքային կապը եւ սահմանամերձ շրջանների մթերքը սպառել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ այլ մարզերում ու բնակավայրերում: Ընդհանուր առմամբ գործընթացում ներգրավված են Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերը:

«Մեր նպատակներից մեկն էլ այն էր, որ ապացուցենք, որ, այո՛, բիոլոգիապես մաքուր սնունդի պահանջ մարդիկ ունեն. այնպես չէ, որ առաջարկ չկա, դրա համար մարդիկ չեն օգտվում»,- ասում է նախաձեռնության համահեղինակ Սոֆյա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում ավելացել է ե՛ւ առաջարկը, ե՛ւ պահանջարկը:

Մեխանիզմը

Վաճառքը կազմակերպվում է Facebook սոցցանցում բացված «Ապրանքներ անմիջապես սահմանի գյուղերից» խմբի միջոցով: Անմիջապես արտադրողի կամ լիազորված անձի կողմից խմբում տեղադրվում է հայտարարությունը, որին հաղորդագրությունների, մեկնաբանությունների կամ զանգերի տեսքով արձագանքում են սպառողները:

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ, հաշվի առնելով արտադրողների շրջանում Facebook-ի ոչ մեծ հասանելիությունը, փորձում են համայնքներում ունենալ ներկայացուցիչներ, որոնք կիրազեկեն համագյուղացիներին խմբի գոյության մասին, նրանց անունից հայտարարություններ կտեղադրեն եւ կհամակարգեն աշխատանքները:

Գործում է մթերքը պատվիրատուին հասցնելու երկու մեխանիզմ: Առաջին տարբերակի դեպքում արտադրողն ինքն է այն հասցնում պատվիրատուին՝ հոգալով նաեւ տեղափոխության հետ կապված ծախսերը: Երկրորդ տարբերակում, որն ավելի տարածված է, անհրաժեշտ քանակությամբ ապրանքը տաքսիների կամ երթուղայինների միջոցով ուղարկվում է Երեւան, որից հետո նախաձեռնության անդամներն այն ստանում են, տեսակավորում, բաժանում ըստ կիլոգրամների եւ 1-2 օրվա ընթացքում հասցնում հասցեատերերին:

Դժվարություններ

Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ նախաձեռնության անդամները նշում են, որ վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում լուրջ խոչընդոտ է գյուղացիների կողմից վստահության բացակայությունը:

«Շատ դեպքերում առաջ է գալիս վստահության խնդիր, եւ կարիք է լինում նախապես վճարել ապրանքի համար: Ու քանի որ մենք շահույթ չենք հետապնդում, երբեմն դժվարանում ենք, ենթադրենք՝ 200 կգ ընկույզի համար նախապես վճարել»,- պատմում է Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ դեպքեր են եղել, որ նախապես վճարելու համար ստիպված են եղել վարկով գումար վերցնել:  

Բացի այդ, երբեմն դժվարություններ են առաջանում ապրանքի որակի հետ կապված: Օրինակ, Երեւան տեղափոխվելուց հետո պարզվում է, որ ապրանքն իր որակային հատկանիշներով չի համապատասխանում նախապես նկարագրվածին:

«Գյուղացիների մի մասը երբեմն շարժվում է խորհրդային առեւտրականի հոգեբանությամբ՝ տուփի վերեւում դասավորել լավ որակի մթերքը, ներքեւում՝ վատ»,- սրտնեղում է Տիգրանը՝ հավելելով, որ շատերն առայժմ չեն կարողանում կարճաժամկետ շահը վեր դասել երկարաժամկետից:

Լինում է նաեւ հակառակը, երբ գնորդը հրաժարվում է նախապես պատվիրված ապրանքից, չի պատասխանում զանգերին կամ հաղորդագրություններին:

Գնային քաղաքականություն

«Որպես կանոն, գնային քաղաքականությանը փորձում ենք չմիջամտել, բացառապես գյուղացին է որոշում՝ ինչ գնով է վաճառելու իր ապրանքը. երբեմն երեւանյան գների համեմատ ավելի ցածր է լինում, երբեմն՝ բարձր»,- ասում է Սոֆյան՝ հավելելով, որ իրենք պարզապես տեղյակ են պահում, թե ինչ գնով է վաճառվում նույն ապրանքը Երեւանում:

Եթե արտադրողն ինքը չի հոգում տեղափոխման հետ կապված ծախսերը, ապրանքի գնին ավելանում է 100-200 դրամ միջնորդավճար (որը, ի դեպ, գանձվում է սպառողից)՝ ապրանքը տեղափոխող վարորդին վճարելու (1000-2000 դրամ), ինչպես նաեւ առաքման հետ կապված ծախսերն ապահովելու համար:

Իջեւանցի տատիկի զկեռները

«Նախաձեռնության հաջողության հիմնական գրավականն այն է, որ բոլորն ուզում են ինչ-որ կերպ օգնած լինել սահմանին, բայց մեկը ժամանակ չունի, մյուսը՝ միջոց, երրորդն էլ չգիտի՝ ինչպես օգնել,- ասում է Սոֆյան: -Եվ հանկարծ մարդիկ, կարծես թե «նստած տեղը», հնարավորություն են ստանում օգնել սահմանին, եւ դա նրանց դուր է գալիս»:

Ավելին, շատ գնորդներ երբեմն օրերով կարող են սպասել պատվիրված մթերքին՝ իմանալով անգամ, որ իրենց բակի խանութում այն ավելի էժան է վաճառվում:

«Իջեւանում մոտ 80 տարեկան մի տատիկ կար, անտառից զկեռ ու այլ հատապտուղներ էր հավաքում, ուղարկում Երեւան»,- պատմում է Տիգրանը:

Թեեւ ծավալները շատ չէին լինում, եւ զկեռը վաճառվում էր երեւանյան գնով, բայց մայրաքաղաքում այն մեծ պահանջարկ ուներ: Այս հանգամանքը ոգեւորում էր իջեւանցի տատիկին, որն ամեն օր 2-կիլոգրամանոց ճամպրուկ էր ուղարկում:

Հիմք՝ բիզնես նախագծի համար

Նախաձեռնության հեղինակները փաստում են, որ վաճառքի ծավալներն ավելացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական, մարդկային ռեսուրսներ եւ ժամանակի մեծ ներդրում, ինչն իրենք այսօր չեն կարողանում անհրաժեշտ չափով ապահովել:

«Մենք ապացուցեցինք, որ սա գործող տարբերակ է եւ անհրաժեշտ: Ապացուցեցինք, որ ճիշտ ներկայացնելու դեպքում մարդիկ մոտիվացված են գնելու մաքուր գյուղմթերք: Գյուղական համայնքները քաղաքին կապելու առաջին քայլերն արված են, կարծրատիպերը՝ կոտրված, ուստի անհրաժեշտ ներդրման դեպքում այն կարող է վերածվել հաջող բիզնես նախագծի»,- եզրափակում է Սոֆյան:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 8452
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW