«Էկո Տավուշ». հայկական պանիր՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

07.11.2016 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արդեն երկրորդ տարին է` Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործում է «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասը, որը հիմնականում մասնագիտացված է պանրի ու կարագի արտադրության մեջ:

Արտադրամասի ստեղծման ու գործունեության մասին Banks.am-ին պատմել է «Էկո Տավուշ»-ի տնօրեն Հասմիկ Գեւորգյանը:

«Էկո Տավուշ»-ի համար հիմք է հանդիսացել հինգ տարի առաջ Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի եւ Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ներդրմամբ ստեղծված «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման ծրագիրը: Ծրագրի շրջանակում Լուսաձոր համայնքում բացվել է խոշոր եղջերավոր կաթնատուների ֆերմա, իսկ Տավուշի սահմանամերձ 7 համայնքումˋ մինի ֆերմաներ, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով:

«Էկո Տավուշ»-ի հիմնական նպատակը սահմանամերձ գոտում գյուղատնտեսության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումն է, որոնք մարզի բնակիչներին, մասնավորապես՝ երիտասարդներին կպահեն իրենց համայնքում:

«Մեր պանրագործը, օրինակ, ընդամենը 26 տարեկան է: Փորձը ձեռք է բերել ֆրանսիայից հատուկ ուսուցման նպատակով այստեղ եկած մասնագետներից ու շարունակաբար կատարելագործում է իր հմտությունները»,- նշում է ընկերության տնօրենը:



Պանրի արտադրամասում եւ ֆերմայում այսօր առկա է 16 աշխատատեղ, որոնք զբաղեցնում են մարզի հինգ գյուղերից եկած բնակիչներ, իսկ համայնքներում գործող 7 կոոպերատիվից յուրաքանչյուրին անդամակցում է 5-6 ընտանիք: Ընկերությունում նվազագույն աշխատավարձը 150 հազ. դրամն է, առավելագույնըˋ 300 հազ-ը:

Ժամանակակից գյուղատնտեսության հիմքը

Անասնաֆերմայում այսօր կա 98 գլուխ տավար, իսկ կոոպերատիվներից յուրաքանչյուրումˋ 16-20 գլուխ: Հասմիկ Գեւորգյանի փոխանցմամբˋգյուղատնտեսության այս ճյուղի զարգացման նպատակով ընկերության հիմնադիրները Դանիայից Հայաստան են բերել բարձր կաթնատվություն եւ յուղայնություն ունեցող տավարի ջերզի, իսկ Ավստրիայիցˋ սիմենթալ ցեղատեսակը, որը տավարի կրկնակի մթերատու տեսակ է համարվում:

Ի դեպ, կենդանիների նկատմամբ ցուցաբերվում է հատուկ խնամք ու վերաբերմունք, իսկ կթման արարողությունն ընթանում է դասական երաժշտության ուղեկցությամբ:



«Կոոպերատիվներին եւս տրամադրվել են այս ցեղատեսակները, կատարվել ու պարբերաբար կատարվում է ուսուցում այն մասին, թե ինչ պայմաններում եւ ինչպես պետք է պահվեն անասունները, շահառուներին տրվում են համապատասխան գիտելիքներ, որոնք թույլ կտան ժամանակակից մեթոդներով ու նվազ ծախսով մեծ եկամուտ ստանալ»,- ասում է Հասմիկ Գեւորգյանը:

Ֆրանսիական տեխնոլոգիան ու հայկական պանիրը

««Էկո Տավուշ»-ն այսօր արտադրում է 10 տեսակից ավելի պանիրˋ ֆրանսիական տեխնոլոգիայով ու հայկական համեմունքների նորամուծություններովˋ օգտագործելով 100-տոկոսանոց բնական կաթ եւ էկոլոգիապես մաքուր հումք: Հատուկ վերամշակում են անցնում անգամ պանիրն ապխտելու համար վառելափայտ հանդիսացող մասուրի ճյուղերը՝ պանրին տալով յուրահատուկ համ: Արտադրում ենք նաեւ կարագ, ռեժան ու կաթնաշոռ, սակայն հիմնականում կենտրոնացած ենք պանրի արտադրության վրա»,- նշում է ընկերության տնօրենը:



Արտադրանքն այսօր վաճառվում է Իջեւանում եւ Երեւանի մի շարք սուպերմարկետում: Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում մայրաքաղաքում բացել իր ֆիրմային խանութը:

Սոցիալական պատասխանատվությունն ու հեռանկարը

«Բնական է, որ ունենալով այսքան արտադրանք ու աշխատելով սահմանամերձ գոտում՝ չէինք կարող չզբաղվել բարեգործական ծրագրերով: Մեր ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության մաս է կազմում նաեւ արտադրանքի որոշ մասը հատուկ խավերին տրամադրելը»,- ասում է Հասմիկ Գեւորգյանը՝ հավելելով, որ ժամանակ առ ժամանակ պանրի տեսականի են տրամադրում մանկատներին, սահմանամերձ զորամասերին, իսկ Լուսաձորի մանկապարտեզին ամեն օր ապահովում են կաթով: Առաջիկայում նույն ծրագրով կսկսեն անվճար կաթ մատակարարել նաեւ Խաշթառակի մանկապարտեզին:



«Ներդրումները, որ արվել են այս արտադրության ու ֆերմայի հիմնադրման համար,  ընդամենը մեկնարկային ազդակ են մեր գործունեության համարˋ մեզ տալով հնարավորություն ոչ թե տեղում մնալու, այլ շարունակաբար աճելու ու զարգանալուˋ սահմանամերձ համայնքներում տարածելով այս ծրագիրը եւ ստեղծելու էկոլոգիապես մաքուր, անվտանգ արտադրանք, ինչի համար բոլոր նախադրյալներն առկա են»,-եզրափակում է ընկերության տնօրենը:

Տեքստը եւ լուսանկարներըˋ Սիրանուշ Եղիազարյանի

Դիտում՝ 12253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW