"Հայկական ժամանակ" (Երեւան), 2 փետրվարի , 2007թ.Երեկ ՙԿոնվերս Բանկի՚ տնօրինությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը այլեւս բանկի սեփականատերն է: Գործարքի մանրամասները, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, չեն հրապարակվում: Շատ այլ բանկերի պարագայում սրան կարելի էր հանգիստ նայել, բայց ՙԿոնվերսի՚ պարագան, մեղմ ասած, այլ է: ՙԿոնվերսը՚ հայկական բանկերից թերեւս ամենաուշագրավն է: Ոչ մի բանկի մասին այնքան խոսակցություններ չկան, որքան հենց այս բանկի մասին: Այն, որ ՙԿոնվերսի՚ հետ ինչ-որ բան էր կատարվում, գիտեին ողջ բանկային համակարգում: Իսկ թե կոնկրետ ինչ էր կատարվում, գիտեին շատ քչերը: Մեր բանկային համակարգը չափազանց փակ է, եւ փաստաթղթային ապացույցներ ՙԿոնվերսի՚ հետ կատարվածի մասին դժվար թե առաջիկայում կամ նույնիսկ երբեւէ ջրի երես դուրս գան: Սակայն օրերս հրապարակվեց մի պաշտոնական փաստաթուղթ, որից պարզորոշ երեւում է, որ ՙԿոնվերսի՚ գործերը լավ չեն: ՀՀ հարկային պետական ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկի համաձայն, անցած տարի հայաստանյան գրեթե բոլոր բանկերը միջին հաշվով մոտ 15 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարել, քան նախանցած տարի: Մինչդեռ ՙԿոնվերսի՚ վճարածը 2005-ի 893 մլն դրամից իջել է 729 միլիոնի: Եվ ո՞րն է պատճառը, որ, մեղմ ասած, այդքան կտրուկ նվազել են բանկի եկամուտները: Հենց այս փաստերը ստիպում են թեկուզեւ որոշակի վերապահումներով հավատալ բանկային համակարգին մոտ կանգնած ու բավականին տեղյակ աղբյուրների նկարագրած հետեւյալ տեղեկություններին: Ըստ այդմ, անցած տարի շատ գրավիչ բիզնեսներ իրենց հաշիվները ՙԿոնվերսից՚ տեղափոխել են այլ բանկեր, հաշիվներ են տեղափոխել նաեւ մեծ շրջանառություն ունեցող պետական մի քանի կառույցներ: Եվ ընդհանրապես, անցած տարվանից ՙԿոնվերսը՚ այլեւս չի համարվում իշխանությունների ՙլյուբիմչիկ՚ բանկը, չնայած նրան, որ այդ բանկը ստեղծվել էր որպես ՙէլիտար՚ եւ պետք է սպասարկեր մեր ՙէլիտային՚: Ավելորդ չե նշել, որ այդ բանկում էր աշխատում նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին: Իսկ կտրուկ փոփոխության պատճառը, ըստ այդ լուրերի, հետեւյալն է եղել: ԱՄՆ հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, որ ՙԿոնվերսում՚ խոշոր փողեր են լվացվում, ընդ որում` արաբական ծագումով փողեր: Այդ մասին տեղյակ է պահվել ՀՀ Կենտրոնական բանկը, որն անմիջապես սկսել է միջոցներ ձեռնարկել: Հայտնի է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ նույնիսկ եկել են Հայաստան եւ բավական երկար ժամանակ մեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին մասնակցել ՙԿոնվերսում՚ իրականացվող ստուգումներին: Հարկ է նշել, որ ՙԿոնվերսն՚ ունեցել է փողեր լվանալու ՙիշխանական դաբրո՚, որը, սակայն, վերաբերել է միայն ռուսական ծագման փողերին: Բայց ՙչափն անցնելու՚ հետեւանքով սա դարձել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործը, ինչն էլ ստիպել է մերոնց անհապաղ միջոցներ ձեռնարկել: Երբ խոսքը գնում է ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան չափանիշների մասին, ապա այստեղ խաղեր տալ հնարավոր չէ, ինչն էլ շատ լավ հասկացել են ԿԲ-ում: Այսքանից հետո բանկը պետք է, իհարկե, լուծարվեր, քրեական գործեր հարուցվեին եւ այլն: Բայց ԿԲ-ի եւ ԱԱԾ-ի իրականացրած արագ ու կտրուկ գործելաոճն ամերիկացիներին համոզել է, որ ՙմիջադեպը հարդված է՚, ՀՀ իշխանությունները դրա հետ կապ չունեն, եւ ամերիկացիներն առանց, հատուկ պահանջներ դնելու ետ են քաշվել: ԿԲ-ն էլ իր հերթին, ՀՀ բանկային համակարգում ավելորդ ցնցումներ չխթանելու նպատակադրումներից ելնելով, պայման է դրել սեփականատիրոջ առաջ` որոշակի ժամկետում վաճառել բանկը, որով էլ այն վերջնականապես ՙկմաքրվի՚: Այս պատմությունն առանց որոշ մանրամասների նեղ շրջանակներում շրջանառվում էր վաղուց, եւ անցած տարվա հուլիսին ՀՀ կենտրոնական բանկին ուղղված պաշտոնական նամակով փորձեցինք ճշտել այդ բանկի շուրջ պտտվող լուրերի համապատասխանությունն իրականությանը: ԿԲ-ից ստացվեց հետեւյալ պատասխանը. ՙ… Հայտնում ենք, որ ՙԿոնվերս բանկը՚ գտնվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմատիվային դաշտում եւ գործում է ՀՀ օրենքների եւ այլ իրավանական ակտերի պահանջներին համապատասխան: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ձեռնպահ մնալ ՙԿոնվերս բանկի՚ վերաբերյալ այս պարագայում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հրապարակելուց` բանկի ավանդատուների եւ հաճախորդների շահերը չոտնահարելու ու նրանց իրավունքները չխախտելու եւ բանկի կայուն ֆինանսական ցուցանիշների վրա բացասական ազդեցությունը բացառելու նպատակով՚: Նշենք, որ հրապարակված պատմությունն արդեն անցյալից է եւ հետագայում նման փորձություններից հետո այս բանկի հետ դժվար թե նման բան կատարվի, մանավանդ սեփականատիրոջ փոփոխությունից հետո: Այս իմաստով բանկի հուսալիությունը թերեւս կասկած չի հարուցում: Ավելացնենք նաեւ, որ մեր տեղեկությունների համաձայն, բանկը վաճառվել է մոտ 38 մլն դոլարով: ՙԿոնվերսը՚ գնելու ցանկություն է ունեցել նաեւ հանրահայտ ՙՏրոյկա Դիալոգ՚-ը, որի առաջարկված գինը 6 մլն դոլարով պակաս է եղել: ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ Tweet Դիտում՝ 7313