EY Apricot Party 2016. Մտերմության մթնոլորտ` հայկական գաղափարների շուրջ

04.07.2016 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY (նախկինում`Ernst and Young) ընկերության երեւանյան գրասենյակը նախորդ շաբաթ`հունիսի 24-26-ը, «Ծիրանի տոն» (Apricot Party) էր կազմակերպել ընկերության`աշխարհի տարբեր երկրների գրասենյակներից ազգությամբ հայ կամ Հայաստանի հետ գործնական կապեր ունեցող  աշխատակիցների  համար:

EY երեւանյան գրասենյակի կառավարիչ գործընկեր Էրիկ Հայրապետյանը Banks.am-ի հետ զրույցում պատմում է, որ այս տարի հավաքի մասնակիցների մի մասը հայեր էին, մյուս մասը՝ օտարազգիներ, որոնք շատ սերտ առնչություն ունեն հայերի հետ:

«Թեպետ ի սկզբանե միջոցառման գլխավոր նպատակն ընկերության տարբեր մասնաճյուղերում աշխատող հայ աշխատակիցներին միավորելն էր, բայց մենք որոշեցինք Հայաստանի հետ ծանոթացնել նաեւ այն աշխատակիցներն, որոնք որեւէ առնչություն ունեն երկրի հետ»,- ասում է նա:


Apricot Party-ի մասնակիցները Գեղարդում` ծիրանի ծառեր տնկելուց հետո

Արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվող հավաքը վերածվել է ջերմ ընտանեկան միջոցառման: «Ծիրանի տոն»-ը ընկերության աշխատակիցներն ու հյուրերն այս տարի նշել են՝ այցելելով Սեւան, Դիլիջան, Գեղարդի եւ Հաղարծինի վանքեր, Մատենադարան, ազգային երաժշտության եւ պարերի ներքո ծանոթանալով հայկական ավանդույթներին, մշակույթին եւ պատմությանը: Էրիկ Հայրապետյանը Հայաստան առաջին անգամ այցելած հայրենակիցների համար երեւույթը նկարագրում է որպես «հոգեւոր հայրենադարձություն»:

«Մեր ընկերության` աշխարհի 150 երկրների գրասենյակներում աշխատում է ավելի քան 212 հազ. մարդ: Հնարավոր չէ բոլորին ճանաչել, բայց նմանատիպ առիթներով մենք պարզում ենք, որ Ավստրալիայում, ԱՄՆ-ում կամ այլուր կան հայ աշխատակիցներ, որոնց մի մասը երբեւէ չի էլ եղել Հայաստանում: Իսկ այցելությունից հետո նրանք անպայման սկսում են հետեւել Հայաստանում տիրող իրավիճակին»,- նշում է Էրիկ Հայրապետյանը:

Ընկերության հյուրերը եղել են նաեւ UWC Դիլիջան քոլեջում, որը, Էրիկ Հայրապետյանի կարծիքով, միջոցառման ծրագրի ամենատպավորիչ այցելություններից էր:

«Մենք շատ հպարտ ենք եւ հիացած, թե ինչերի կարող են հասնել մարդիկ, եթե միայն ունեն կարեւոր նպատակ եւ մեծ նվիրվածություն են ցուցաբերում  իրենց նպատակին: Մեր ընկերության կարգախոսն է` «Կառուցելով բարեկեցիկ աշխարհ», եւ մեր իրականացրած ցանկացած աշխատանք ի վերջո բերում է աշխարհի բարելավմանը: Սակայն մենք այդքանով չենք բավարարվում. մեր երկիրն ունի առաջխաղացման կարիք, եւ մենք փորձում ենք զբաղվել այդ հարցով:

Իհարկե, պետք է ավելի լավը դարձնենք մեր երկիրը, բայց դրան զուգահեռ պետք է կարողանանք ցույց տալ այն ամենալավը, որ ունենք այստեղ: «Apricot party»-ն նույնպես  մեծ աշխատանք է, որը նպաստում է մեր կապերի եւ գործընկերների ցանցի ընդլայնմանը»,- ասում է նա:


Apricot Party-ի մասնակիցները Երեւանի կոնյակի գործարանում

EY ԱՊՀ տարածաշրջանի գործարքների ուղեկցման խորհրդատվության բաժնի գնահատման ծառայությունների ղեկավար, հիմնադիր գործընկեր Հակոբ Սարգսյանն էլ ասում է, որ «Ծիրանի տոն»-ը շարունակական է լինելու եւ մյուս տարին դառնալու է 5-րդ հոբելյանականը:

«Մեզ հարկավոր է բավարար չափով խանդավառություն եւ նվիրվածություն ցուցաբերել այն գաղափարներին, որոնք կարեւոր ենք համարում: Հայաստանը շատ ընկերներ ունի, պարզապես պետք է այդ գաղափարներով վարակենք նրանց: Հասկանալի է, որ այդ գաղափարների շուրջ,առաջին հերթին, պետք է միավորել ողջ աշխարհի հայերին, հետո նաեւ հայերի այլազգի ընկերներին: Այս միջոցառումները ստեղծում են մտերմության մթնոլորտ հայկական գաղափարների եւ մեր ընկերների գաղափարների միջեւ: Միասին մենք կարող ենք անել ավելին, այդ պատճառով էլ պետք չէ կանգ առնել»,- ասում է նա:

Անդրադառնալով EY-ի նախաձեռնությամբ վերջերս` հունիսի 22-ին, Երեւանում կազմակերպված միջազգային «IT Outsourcing and Investment» կոնֆերանսին եւ մասնակցությանը այլ նախաձեռնություններին` Հակոբ Սարգսյանը նշում է, որ Հայաստանի զարգացման եւ հզորացման միակ ճանապարհը երիտասարդների տաղանդը եւ ներուժն իրացնելն է:

EY ղեկավար կոմիտեի նախագահ եւ EY ԱՊՀ տարածաշրջանի գործընկեր կառավարիչ  Ջոու Ուատտն առաջին անգամ չէ, որ մասնակցում է «Ծիրանի տոն»-ին:

«Առաջին անգամ Հայաստան եմ այցելել գործնական այցով, ինչից հետո իմ ընկեր Հակոբն առաջարկեց մասնակցել այս միջոցառմանը: Դա ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր, այդ իսկ պատճառով այս տարի վերադարձել եմ»,- պատմում է նա:

Ջոու Ուատտի խոսքով՝ չնայած Հայաստանը փոքր երկիր է, բայց այստեղ տեսնելու շատ բան կա:

«Ինձ տպավորում է Հայաստանի պատմությունը, չեմ կարող չնշել նաեւ բնությունն ու հայկական խոհանոցը, ինչպես նաեւ մարդկանց: Իհարկե, պատմության մասին կարելի է ընթերցել, բայց չկա ավելի լավ բան, քան տեսնել այն սեփական աչքերով՝ միջնադարյան եկեղեցու խորանում կանգնած: Կցանկանայի վերադառնալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել բնության գրկում: Օրինակ` մի քանի օր տեւողությամբ արշավ ունենալ Դիլիջանի անտառներում»,- ասում է նա:

Ջոու Ուատտի կարծիքով՝ Հայաստանի գրավականներից է լավ էկոլոգիան:

«Կարծում եմ, որ դարեր շարունակ այլ մշակույթներ ցանկացել են գրավել հայկական աշխարհը հենց ռեսուրսների պատճառով: Մարդկանց մեծ մասը դեռ չի գիտակցում էկոլոգիայի կարեւորությունը, իսկ այստեղ այն կարող է կառուցողական նշանակություն ունենալ երկրի զարգացման տեսանկյունից:


Հայկական պարեր Դիլիջանում

Ես տեսնում եմ, որ այստեղ մեծ հետաքրքրություն կա նաեւ տեխնոլոգիաների նկատմամբ: Վերջերս եմ վերադարձել Կալիֆոռնիայից եւ այնտեղ նկատեցի, որ հազարավոր աշխատակիցներով մեծ ընկերությունների հետ մրցակցում են փոքր ընկերություններ, որտեղ աշխատում են շատ խելացի մարդիկ՝ լավ գաղափարներով: Մոլորակի ամենախելացի մարդկանցից ոմանք այստեղից են, նրանցից մի քանիսն էլ աշխատում են EY-ում: Հայաստանի զարգացման համար ես կառանձնացնեի երկու իրարից բավական հեռու, սակայն շահեկան ոլորտներ՝ բնապահպանությունն ու տեխնոլոգիաները»,- նկատում է Ջոու Ուատտը:

EY Լոս Անջելեսի գրասենյակի Հիմնադիր գործընկեր Էդիթ Յավարյանը «Ծիրանի տոն»-ին առաջին անգամ է մասնակցում, իսկ Հայաստան վերջին անգամ այցելել էր 13 տարի առաջ:

«Իմ վերջին այցելությունից հետո Հայաստանը զարգացել է շատ տարբեր ուղղություններով, եւ դա հրաշալի է: Հիանալի է նաեւ տեսնել, որ այս միջոցառումը միավորում է մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից եւ ծանոթացնում է բոլորին մեր մշակույթին եւ պատմությանը: Կարծում եմ՝ Apricot Party-ն իսկապես հրաշալի գաղափար է:

Այն նաեւ ցանց է ստեղծում ամբողջ աշխարհի մեր գործընկերների միջեւ: Ես շփումներ եմ ունեցել Հայաստանի իմ գործընկերների հետ` այստեղ գործարար աշխարհն ավելի լավը դարձնելու հարցով`առաջին հերթին փոփոխելով մարդկանց մտածելակերպը: Ինձ ոգեւորում է այն միտքը, որ Հայաստանում EY գրասենյակն ընդլայնելու հնարավորություն կա: Հուսով եմ՝ առաջիկա տարիներին վերադառնալու հնարավորություն կունենամ»,- ասում է Էդիթ Յավարյանը:

Մարիամ Մանոյան

Դիտում՝ 97153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW