«Հրազդանմաշից» մինչեւ անկախ Հայաստանի «Պատնեշ»

19.04.2016 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

1970-ականներին Հրազդան քաղաքում լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա կառուցվեց «Հրազդանմաշ» գործարանը, որը կոչված էր դառնալու Խորհրդային Միության հակաօդային պաշտպանության կարեւորագույն հիմքերից մեկը եւ որի  շուրջ հետագայում պետք է ընդլայնվեր Հրազդան քաղաքը:

Banks.am-ը փորձել է պարզել, թե զարգացման ինչ ուղի է անցել խորհրդային Հայաստանի հսկաներից մեկը, որոնք էին փլուզման պատճառները եւ ինչի է վերածվել այն այսօր:

Անդավաճան նվիրյալները

«Առաջին անգամ, երբ մտա գործարան, կադրերի բաժնում հերթ էր: Երեւի մի 2-3 անգամ եկա-գնացի, մինչեւ իմ հերթը հասներ,- Banks.am-ի հետ զրույցում ժպիտով հիշում է ընկերության երկարամյա աշխատակիցներից մեկը: -Աշխատանքի ինձ ընդունեց Թելման Տեր-Պետրոսյանը եւ ուղարկեց կոնստրուկտորական բաժին»:

Գործարանի մասին իմացել է ինստիտուտից: ««Հրազդանմաշի» կադրերի տնօրենը եկել էր ինստիտուտ, պատմում էր, այսպիսի գործարան կա, հրավիրում ենք ձեզ այնտեղ աշխատանքի: Ես համաձայվեցի եւ 1982թ. եկա Հրազդան, անցա գործի որպես ինժեներ-տեխնոլոգ»,- պատմում է «Հրազդանմաշի» նվիրյալ աշխատակիցը, որը մինչ այսօր շարունակում է աշխատել գործարանում:

Արտավազդ Մակինյանն էլ գործարանում իր կարիերան սկսել է 1989թ., Հրազդան է տեղափոխվել Ստավրոպոլից:

«Եկավ մի ժամանակ, երբ տղաս պիտի դպրոց գնար... Իսկ նա անպայման պետք է հայկական դպրոց գնար: Եվ ես կտրուկ որոշեցի տեղափոխվել Հայաստան»,- պատմում է Արտավազդ Մակինյանը:

«Հրազդանմաշում» աշխատանքի է ընդունվել հատուկ հրավերով. սկզբում աշխատել է որպես ավագ իրավաբան, հետո՝ գլխավոր տնօրենի իրավաբանական վարչական կադրերի գծով տեղակալ, այսօր «Հրազդանմաշի» իրավահաջորդ «Պատնեշ» ընկերության իրավաբանն է, վարչական ապարատի ղեկավարը:

«1978թ. մարտի 3-ից ես մի քանի ընկերների հետ որպես երիտասարդ մասնագետ «Էլեկտրոն» գործարանից տեղափոխվեցի այստեղ: Նույն նախարարության գործարաններ էին, մասնագետ էին հավաքում, մենք 3 հոգով եկանք ընդունվեցինք որպես ինժեներ կոնստրուկտոր»,- պատմում է Նորիկ Ստեփանյանը՝ մեկ առ մեկ վերհիշելով նախկին գործընկերների անունները:

«Հրազդանմաշում» սկսել է աշխատել որպես կոնստրուկտոր, ժամանակի ընթացքում գլխավորել է շուրջ 500 աշխատող ունեցող գործիքաշինական արտադրամասը: Այսօր նույն արտադրամասի հիմքի վրա կառուցված ընկերության համասեփականատերն է:

Գործարան, որի շուրջ ձեւավորվեց քաղաքը

«Հրազդանմաշը» կառուցվել է նախկին լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա:

«10 տարի շինարարություն էր ընթանում, 1977թ. նոյեմբերին Մոսկվայից հրաման եկավ, որ դրա տեղում պետք է լինի Հրազդանի մեքենաշինական արտադրական միավորումը»,- պատմում է Նորիկ Ստեփանյանը:

Գործարանն ունեցել է մի քանի ուղղություն՝ հատուկ տեխնիկայի արտադրություն, գյուղտեխնիկայի արտադրություն, գործիքաշինական արտադրություն, սպառման ապրանքների արտադրություն, պլատաների արտադրություն, սառնարանների արտադրություն:

«Այդ տարիներին «Հրազդանմաշը» մեծ գիգանտ էր. մինչեւ 1991-1992 թթ. ուներ շուրջ 8000 աշխատող` չհաշված Գորիսի, Մարտունիի, Երեւանի, Աբովյանի, Տավուշի մասնաճյուղերը»,- պատմում է գործարանի իրավաբան Արտավազդ Մակինյանը:

Վերջինիս խոսքով՝ մինչեւ 1999-2000 թթ. «Հրազդանմաշի սեփականությունն էր Հրազդանի պոլիկլինիկան, Հրազդան քաղաքի 5 մանկապարտեզ, ջրի պոմպակայանը, «Աղբյուրակ» հանգստյան տունը, հանրակացարանների մասնաշենքերը, ինչպես նաեւ քաղաքում բազմաթիվ բնակելի շենքեր եւ նույնիսկ թաղամասեր:

«90-ականներին մեր շենքի ընտանիքների մոտ 80 տոկոսը «Հրազդանմաշի» աշխատակիցներ էին, նույնը կարելի է ասել կողքի շենքերի եւ ամբողջ թաղամասի մասին»,- պատմում է տիկին Սուսաննան, որը 1982-ից մինչ օրս աշխատում է գործարանում:

Նորիկ Ստեփանյանն էլ հիշում է, որ «միայն Երեւանից 10 իկարուս էր գալիս, իսկ հենց Երեւանում մի քանի շենք կա, որ կառուցվել է «Հրազդանմաշի» աշխատողների համար»:

Փլուզում

««Հրազդանմաշի» գլխավոր պատվիրատուն Խորհրդային Միության պաշտպանության համակարգն էր,- պատմում է Արտավազդ Մակինյանը: -Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, կապերը միանգամից խզվեցին»:

Նրա կարծիքով՝ այդ տարիներին գործարանը փրկել հնարավոր չէր, քանի որ այն կառուցվել էր Խորհրդային Միության մասշտաբներին համապատասխան եւ Միության փլուզումից հետո, փաստորեն, արդեն պատվիրատու չուներ:

Խորհրդային կարգերի փլուզումը համընկավ Ղարաբաղյան շարժման հետ: Այդ տարիներին Մարտունիի եւ Մարտակերտի ուղղություններով գործարանն օրական 2 ջոկատ էր ուղարկում՝ առաջնագծում շարքից դուրս եկած տեխնիկան վերանորոգելու նպատակով:

Հենց 90-ականներից էլ սկսվեցին փնտրտուքները: Գործարանի ղեկավարությունը փորձում էր պատվիրատուներ գտնել եւ ներդրողներ հրավիրել դրսից:

«Թելման Տեր-Պետրոսյանը մեծ ջանքեր էր գործադրում, բայց պատվերների թվաքանակը գնալով քչանում էր, որովհետեւ մեր արտադրանքը պահանջարկ չուներ հարավսլավցիների կամ պարսիկների մոտ. շուկա չկար: Երբ մահացավ Թելման Հակոբիչը, նրա ծրագրերն ի չիք դարձան: Նրա մահից հետո «Հրազդանմաշի» փլուզման գործում դերակատարություն ունեցան ե՛ւ երկրի ներքին գործընթացները, ե՛ւ անձի գործոնը (Թելման Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրն էր):

«Հրազդանմաշի» պարտքերը սկսեցին ավելանալ, եւ օրերից մի օր դատարանը որոշում կայացրեց «Հրազդանմաշը» սնանկ ճանաչել»,- ցավով հիշում է Արտավազդ Մակինյանը՝ փաստելով, որ գործարանի կենսաթոշակային պարտքերը մինչ օրս չեն մարվել:

Պատնեշ

«Հրազդանմաշը» սեփականաշնորհվել է 1998թ. Ազգային ժողովի որոշմամբ, որի արդյունքում, ըստ արտադրական մասնաշենքերի, կազմավորվել են մի քանի կազմակերպություններ: Դրանցից այսօր առավել կայուն գործում են գործիքաշինական արտադրամասի վրա հիմնված «Հարվալ մաշինարի» ընկերությունը են «Պատնեշ» ՓԲԸ-ն:

2001թ. սեպտեմբերի 13-ին կառավարությունը որոշում ընդունեց «Հրազդանմաշ» ԲԲԸ-ի վերակազմակերպման մասին: Հենց նույն թվականին էլ կազմավորվեց «Պատնեշ» ՓԲԸ-ն՝ որպես Հրազդանմաշի իրավահաջորդ: Այն գործում է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով եւ զբաղվում է հատուկ տեխնիկայի նորոգման աշխատանքներով:

Այսօր «Պատնեշի» աշխատակիցների մոտ 80%-ը նախկին հրազդանմաշցիներ են, մյուս մասը՝ երիտասարդ կադրեր, մասնագետներ են բերվում նաեւ Երեւանից:

Արտավազդ Մակինյանը նշում է, որ երիտասարդների աշխատանքը գործարանում խիստ կարեւորվում է, իսկ որակյալ մասնագետների (էլեկտրոնշիկ, կարգավորող, չափաբերող) այսօր էլ պատրաստ են աշխատանք առաջարկել: Վերջին տարիներին գործարանի համախառն արտադրանքը զգալիորեն ավելացել է, աշխատակիցների թվաքանակը՝ կրկնապատկել:

«Հեռանկարն ավելի լավ է, միայն ժամանակ է պետք»,- լավատեսորեն շեշտում է «երդվյալ հրազդանմաշցի» Արտավազդ Մակինյանը՝ վստահություն հայտնելով, որ գործարանի տնօրենի, պաշտպանության նախարարի, փոխնախարարի, ռազմաարդյունաբերական վարչության պետի եւ գործարանի տնօրենի համատեղ ջանքերն իրենց դրական արդյունքները կտան:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 10962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW