Վարկերի «ուղին». սպառողականից մինչեւ բիզնես վարկավորում
18.04.2016 | 11:12
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ loudfront.net

Վարկավորման ծավալները Հայաստանում վերջին տարիներին դրսեւորում էին աճի կայուն միտում, իսկ 2014թ. գերազանցեցին 2 տրլն դրամի սահմանը: Ոլորտի այս «բումը» կանգ առավ միայն 2015թ., երբ տարեվերջին առաջին անգամ արձանագրվեց վարկավորման ծավալների անկում` բնակչության գնողունակության նվազման, արտաքին առեւտրի աննախադեպ կրճատման եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական աճի դանդաղեցման ֆոնին:
Իսկ ինչպիսի՞ն է ընթացիկ իրավիճակը վարկավորման ոլորտում: Banks.am-ը, ուսումնասիրելով պաշտոնական տվյալները, փորձել է ներկայացնել բանկերի վարկավորման ծավալների վերջին դինամիկան, արժութային կառուցվածքը, ինչպես նաեւ պարզել, թե հատկապես որ ոլորտներին են դրանք ուղղվում:
Վարկերի դինամիկան. «խաբուսիկ» աճ
Վարկավորման ծավալները նախորդ տարվա անկումից հետո այս տարվա սկզբին գրանցել են որոշակի աճ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ առեւտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրած վարկերի ծավալը 2016թ. փետրվարին հունվարի համեմատ աճել է շուրջ 2,3%-ով` կազմելով 2,04 տրլն դրամ, իսկ 2015թ. փետրվարի համեմատ աճը եղել է ավելի համեստ՝ 0,1%-ի չափով:
Ստորեւ ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի` ռեզիդենտներին տրամադրած վարկերի ծավալների դինամիկան: Աղյուսակի տվյալները վերցված են ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակումներից:
Առաջին հայացքից թվում է, թե վարկավորման ծավալներում սկսվել է դրական տեղաշարժ. ամեն ինչ, սակայն, այդքան էլ միանշանակ չէ: Իրավիճակը ճիշտ գնահատելու համար կարեւոր է ուսումնասիրել նաեւ վարկերի արժութային կազմը:
ԿԲ տվյալներից պարզ է դառնում, որ վարկերի աճը 2015թ. նկատմամբ տեղի է ունեցել միայն արտարժութային վարկերի գծով (աճ 1,6%՝ կազմելով 1,4 տրլն դրամ), իսկ դրամայինները, ընդհակառակը, նվազել են (անկում 2,8%՝ կազմելով 678,8 մլրդ դրամ): Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացում դոլարի նկատմամբ հայկական դրամի զգալի արժեզրկման հանգամանքը, պարզ է դառնում, որ վարկերի ծավալային աճը տեղի է ունեցել հենց փոխարժեքի տատանումների հաշվին:
Ինչ վերաբերում է վարկերի արժութային կազմին, ապա պետք է փաստել, որ դոլարիզացիայի մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր: Կենտրոնական բանկի տվյալներով` բանկերի տրամադրած վարկերի շուրջ 67%-ը արտարժույթով է: Սա պայմանավորված է ինչպես դրամի նկատմամբ երկրում ցածր վստահությամբ, փոխարժեքի տատանումների բարձր ռիսկերով, այնպես էլ այն հանգամանքով, որ բանկերի՝ դրսից ներգրաված վարկային միջոցների հիմնական մասը դոլարով են:
Տոկոսադրույքներն աճել են
ՀՀ բանկային համակարգում տարեսկզբին գրանցվել է վարկային տոկոսադրույքների աճ: Ընդ որում, վարկերի թանկացումը տեղի է ունեցել ավանդների տոկոսների նվազման ֆոնին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` վարկերի միջին տոկոսադրույքը փետրվարին կազմել է 19,18%, այն դեպքում երբ հունվարին կազմում էր 16,96%-ի, իսկ 2015թ. փետրվարին՝ 18,71%:
Այնուամենայնիվ, սպասվում է, որ առաջիկայում կարձանագրվի տոկոսադրույքների անկում նաեւ վարկերի գծով: Կենտրոնական բանկը վերջին շրջանում թուլացնում է դրամավարկային քաղաքականությունը` շարունակաբար իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (այս պահին այն կազմում է 8,25%):
Ստորեւ ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի վարկերի միջին տոկոսադրույքները: Աղյուսակի տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից:
Ոլորտային նախասիրություններ
Երբ սպառողական վարկավորումը սկսում է գերազանցել բիզնես վարկավորման ծավալները, ապա դա վկայում է երկրում արտադրության նկատմամբ սպառման առաջանցիկ տեմպերի մասին: Նմանատիպ երեւույթ է նկատվում ՀՀ տնտեսությունում:
Բանկերի «ամենասիրելի» ոլորտը սպառողական վարկավորումն է: ՀՀ ԿԲ տվյալներով՝ սպառողական վարկերին է ուղղվում առեւտրային բանկերի ընդհանուր վարկերի շուրջ 20,5%-ը (428,5 մլրդ դրամ): Ընդ որում, դրանց առյուծի բաժինը կազմում են քարտային վարկերը:
Ստորեւ ներկայացված է ՀՀ առեւտրային բանկերի` ռեզիդենտներին տրամադրած վարկերի ճյուղային կառուցվածքը: Գրաֆիկի տվյալները վերցված են ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած 2016թ. փետրվարի տեղեկագրից:
Վարկերի մյուս խոշոր մասն ուղղվում է ներքին առեւտրի ֆինանսավորմանը: Այս ոլորտին բաժին է ընկնում առեւտրային բանկերի ընդհանուր վարկերի 17,5%-ը (366,3 մլրդ դրամ): Ընդ որում, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը վարկավորվում են գրեթե հավասարապես (համապատասխանաբար` 52,4% եւ 45,3%):
Միեւնույն ժամանակ, հիփոթեքային վարկավորմանը բաժին է ընկնում ընդհանուր վարկերի շուրջ 8,6%-ը (178,8 մլրդ դրամ):
Ամենաշատ վարկավորվող ոլորտների շարքում է նաեւ մշակող արդյունաբերությունը (8,3%, շուրջ 173 մլրդ դրամ): Այս ոլորտում ամենաշատը ֆինանսավորվում է սննդի արդյունաբերությունն ու խմիչքների արտադրությունը:
Բանկերի մյուս «նախընտրելի» ոլորտը գյուղատնտեսությունը, որն էլ եզրափակում է ՀՀ ամենավարկավորվող ոլորտների առաջին 5-յակը: Գյուղվարկերին է ուղղվում բանկերի վարկային պորտֆելի շուրջ 7,2%-ը կամ 151,3 մլրդ դրամ:
Ուշագրավ է, որ բանկերի ոլորտային «նախասիրությունները» վերջին տարիներին գրեթե չեն փոփոխվել:
Սիրանուշ Սիմոնյան
Վերջին լուրեր
22.04.2025 | 23:00 Հոդվածներ
22.04.2025 | 16:59 Նորություններ
22.04.2025 | 10:58 Նորություններ
Երեւանում տեղի է ունեցել FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: