«Լիզինգ» հասկացությունը մեր իրականության մեջ ասոցացվում է ընկերությունների՝ հիմնական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման հետ: Մինչդեռ միջազգային պրակտիկայում լայն տարածում ունի սպառողական լիզինգը, որը նախատեսված է ֆիզիկական անձանց համար: Վերջին շրջանում սպառողական լիզինգը սկսել է կիրառվել նաեւ Հայաստանում՝ «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության կողմից: Ի՞նչ հնարավորություններ է տալիս սպառողական լիզինգը հաճախորդներին, ո՞րն է դրա առավելությունը սպառողական եւ ապառիկի վարկավորման նկատմամբ, որքանո՞վ է այն պահանջված շուկայում: Այս եւ այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ:- Պարոն Բազիկյան, ինչո՞ւ որոշեցիք ներդնել այս ծառայությունը Հայաստանում:- Սպառողական լիզինգ ներդնելու գաղափարը մեզ մոտ ծնվել է դեռեւս 2013թ., երբ ընկերությունում իրականացվում էր հաճախորդների թիրախավորում: Ի սկզբանե մեր ընկերությունը նպատակ չի ունեցել մուտք գործել ապառիկ վարկավորման դաշտ եւ լիզինգի առարկա դարձնել կենցաղային նշանակության ապրանքները: Թերեւս նախատեսվել է մուտքը միայն ավտովարկավորման ոլորտ՝ հիմնվելով մեծամասամբ միջազգային փորձի վրա: Մեր քաղաքականությունն այն ժամանակ ավելի շատ «պրոդուկտամետ» էր, եւ «հաճախորդամետ» քաղաքականության անցնելու համար առաջին քայլը, որ պետք է իրականացվեր, հաճախորդների առանձին թիրախային խմբերի ձեւավորումն էր, որն էլ հետագայում պետք է հիմք հանդիսանար համապատասխան պրոդուկտների մշակման եւ ներդրման համար:Սպառողական լիզինգը նախատեսված է ֆիզիկական անձանց համար, որոնք ունեն կայուն ամսական եկամուտ՝ աշխատավարձի կամ այլ տեսքով, եւ ժամանակ առ ժամանակ ունենում են հիմնական միջոցներ ձեռք բերելու կարիք: «Սպառողական լիզինգ» արտահայտությունը դեռեւս անսովոր է հնչում մեր ականջին, բավականին մեծ ծավալի աշխատանքներ կան այստեղ իրականացնելու՝ կապված օրենսդրական դաշտում բարեփոխումների, ընթացիկ միջավայրի բարելավման, հաճախորդների տեղեկացվածության բարձրացման հետ: Այնուամենայնիվ, շուկայում դրա պահանջարկն արդեն կա եւ այն գնալով ավելի է աճելու:Այս պահին ֆիզանձանց լիզինգը հիմնականում ընդգրկում է էքսպրես ավտոլիզինգը (ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնագնացներ, սկուտերներ եւ տրանսպորտային այլ միջոցներ), իսկ վերջերս ներդրվել է արեւային ջրատաքացուցիչների եւ արեւային մարտկոցների լիզինգը: Ընդ որում, «ԱԳԲԱ Լիզինգ»-ն աշխատում է բացառապես առաջնային շուկայում եւ համագործակցում միայն դիլերների հետ: Ծառայությունների տեսականին գնալով համալրվելու է: - Ի՞նչն է սպառողական լիզինգը գրավիչ դարձնում հաճախորդների համար: - Սպառողական լիզնիգը բավականին ձեռնտու տարբերակ է հաճախորդների համար: Նախեւառաջ, ֆինանսավորման այս տեսակի առավելությունը դրա ձեւակերպման արագությունն է եւ փաստաթղթերի պարզեցված ցանկը, ինչը հաճախորդին թույլ է տալիս խնայել իր ժամանակը: Լիզինգային պայմանագրի ընթացքում առարկայի սեփականության իրավունքը շարունակում է պատկանել լիզինգային ընկերությանը, ինչը հաճախորդին ազատում է ավելորդ թղթաբանությունից:Օրինակ, ավտովարկավորման դեպքում հաճախորդը ստիպված է անցնել մի շարք ժամանակատար գործընթացներով. ձեռքբերվող մեքենան պետք է հաշվառվի Ճանապարհային ոստիկանությունում, այնուհետեւ դրվի արգելանքի տակ, ձեւակերպվի որպես գրավ եւ այլն: Մինչդեռ ավտոլիզինգի տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով` առանց արգելադրման, գրավի ձեւակերպման եւ այլն:Մյուս կարեւորագույն առավելությունը մեր մատակարարների առաջարկած արտոնություններն ու զեղչերն են: Մենք համագործակցում ենք 60-ից ավելի մատակարար ընկերությունների հետ, որոնք առաջարկում են զեղչերի ճկուն համակարգ, իսկ ժամանակ առ ժամանակ՝ նաեւ տարատեսակ ակցիաներ: Ընդ որում, այս զեղչերն անմիջականորեն անդրադառնում են հաճախորդների վրա. մենք այստեղ գումար չենք աշխատում, փոխարենն օգտագործում ենք այս հանգամանքը լիզինգն առավել գրավիչ դարձնելու համար: Բացի այդ, լիզինգի պայմանագիր կնքելիս հաճախորդներից չի պահանջվում 3-4 երաշխավորների առկայություն, ինչպես որ վարկերի դեպքում է. կազմակերպությանը բավարարում է 1-2 անձի երաշխավորությունը: Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա այստեղ եւս լիզինգն ունի ակնհայտ առավելություն: Եթե բանկերում սպառողական վարկերը տրամադրվում են 22-24 տոկոսով, ապա ֆիզանձանց լիզինգը մեզ մոտ սկսում է 16%-ից: Իսկ ծրագրային ֆինանսավորումների ժամանակ, ինչպես, օրինակ, արեւային ջրատաքացուցիչների եւ մարտկոցների լիզինգի դեպքում, տոկոսադրույքները շատ ավելի ցածր են՝ 10-12%: Օրենսդրության պահանջներից ելնելով՝ սպառողական լիզինգը տրամադրվում է բացառապես դրամով, ինչը հնարավորութուն է տալիս հաճախորդին խուսափել տարադրամի փոխանակման հետ կապված կորուստներից: Նշեմ մեկ առավելություն եւս. «ԱԳԲԱ Լիզինգ»-ը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում իրականացնում է «կանաչ ֆինանսավորում»: Մատչելի ֆինանսավորում առաջարկելու հետ մեկտեղ՝ ընկերությունը հաճախորդներին տրամադրում է լրացուցիչ ծառայություններ, այդ թվում՝ անվճար էներգաաուդիտ, էներգախնայող ծրագրերի հաշվարկների իրականացման աջակցություն, ապահովագրություն եւ այլն:- Լիզինգ հասկացությունն իր դասական իմաստով ենթադրում է պայմանագրի վերջում սեփականության իրավունքն ընդունելու կամ դրանից հրաժարվելու հնարավորություն: Գործո՞ւմ է արդյոք այս իրավունքը «ԱԳԲԱ Լիզինգ»-ի դեպքում:- Հաճախորդը, անշուշտ, իրավունք ունի լիզինգի պայմանագրի ավարտին հրաժարվել առարկայի սեփականության իրավունքից: Այնուամենայնիվ, լիզինգի այն տեսակի դեպքում, որը մենք ենք առաջարկում եւ որը թույլ է տալիս ՀՀ օրենսդրությունը, այս իրավունքի կիրառումը դառնում է անիմաստ: Այս պահին մեր ընկերությունը տրամադրում է միայն ֆինանսական լիզինգ, ինչը ենթադրում է երկարաժամկետ պայմանագրի կնքում, ինչպես նաեւ հաճախորդին սեփականության իրավունքի փոխանցման հնարավորություն՝ պայմանագրի ավարտին: Ֆինանսական լիզինգի դեպքում հաճախորդը տոկոսի հետ մաս առ մաս ամբողջությամբ մարում է նաեւ առարկայի արժեքը, հետեւաբար, վերջում դրա սեփականության իրավունքից հրաժարվելը դառնում է անիմաստ:Ձեր նշած տարբերակը միտք ունի գործառնական լիզինգի դեպքում՝ գույքը վերադարձնելու պայմանով (կարճաժամկետ տեսակն է), որը, ցավոք, դեռ ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ: - Մատակարարների տեսանկյունից որքանո՞վ է ձեռնտու լիզինգային պայմանագիրը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում:- Լիզինգի «ոսկե» կանոնն է՝ երեք կողմերն էլ (հաճախորդ, լիզինգային ընկերություն, մատակարար) պետք է լինեն հավասարաչափ բավարարված: Մատակարարները մեծ սիրով համագործակցում են մեզ հետ: Լիզինգը լավ հնարավորություն է նրանց համար՝ ընդլայնելու իրենց իրացման ծավալները: Փորձը ցույց է տալիս, որ լիզինգային պայմանագրերն ավելացնում են այս ընկերությունների վաճառքի ծավալները 3-4 անգամ: Հայաստանում դեռեւս գործում է միայն ֆինանսական լիզինգը, այդ իսկ պատճառով լիզինգի առարկայի վերադարձ ժամկետի վերջում չի կատարվում: Հետեւաբար, միակ ռիսկը, որ կրում է մատակարարը, ապրանքի չմատակարարման ռիսկն է, որի պատճառով նա կարող է կրել տույժ-տուգանքներ: Իսկ այս ռիսկը կարելի է չեզոքացնել՝ իրականացնելով բարեխիղճ եւ պարտաճանաչ մատակարարում:Մատակարար ընկերություններին մենք ներկայացնում ենք լիզինգի առարկայի որակի եւ այլ երաշխիքների պահանջներ, ինչը, բխում է, առաջին հերթին, նրանց շահերից, քանի որ թույլ է տալիս ավելի երկար գոյատեւել շուկայում: - Ի՞նչ հնարավորություններ ու հեռանկարներ եք տեսնում սպառողական լիզինգի զարգացման համար:- Սպառողական լիզինգը Հայաստանում ունի աճի մեծ ներուժ: Շուկայի այս սեգմենտի զարգացման հեռանկարները մեծապես կախված են նաեւ երկրի ընդհանուր տնտեսական զարգացումից, ինչպես նաեւ բնակչության գնողունակության աստիճանից: Լիզինգի տարածումը ֆիզիկական անձանց շրջանում յուրահատուկ էվոլուցիոն ճանապարհ է, որի սկիզբը մենք արդեն հաջողությամբ դրել ենք: Մենք չենք ակնկալում, որ սպառողական լիզինգը ընդհանուր լիզինգի շուկայում մեծ տեղ կզբաղեցնի: Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը, այն է՝ զարգացնել ՀՀ տնտեսությունը՝ ՓՄՁ-ներին միջնաժամկետ եւ երկարաժամկետ ֆինանսավորման միջոցով: Մեր գնահատականներով՝ սպառողական լիզինգը չի գերազանցի ընկերության ընդհանուր լիզինգային պորտֆելի 15-20%-ը: Արսեն Բազիկյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 10897