Յուրաքանչյուր չափահաս մարդ իր կյանքի ընթացում թերեւս մեկ անգամ առնչվում է վարկ հասկացությանը: Այն պահից սկսած, երբ անձն առաջին անգամ վարկ ստանալու ակնկալիքով դիմում է բանկ կամ այլ վարկատու կազմակերպություն, հենց այդ պահից սկսում է կերտել իր «վարկային պատմությունը», որտեղ ամփոփվում է նրա գործունեությունը՝ կապված վարկերի ձեռքբերման, մարման, ուշացումների, երաշխավորությունների տրամադրման եւ այլ գործողությունների հետ:Banks.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործունեությանը եւ «վարկային պատմության» կարեւորությանը: Սակայն հաշվի առնելով քաղաքացիների շրջանում այս հարցի շուրջ հնչող «տարաբնույթ» մեկնաբանությունները ու խնդրի կարեւորությունը, որոշեցինք առանձին նյութով անդրադառնալ «վարկային պատմություն» հասկացությանը:Ի՞նչ է «վարկային պատմությունը», որտե՞ղ է այն կիրառվում, ինչո՞ւ է կարեւոր վարկառուի բարի համբավը պահպանելը եւ ինչպե՞ս բարելավել «վատ վարկային պատմությունը»: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները փորձել ենք պարզել ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արամ Զաքարյանի օգնությամբ: Ինչո՞ւ է կարեւոր «վարկային պատմությունը»«Վարկային պատմությունը» մարդու վարկային կենսագրությունն է, որտեղ արտացոլվում է նրա ստանձնած գործող եւ մարված պարտավորությունների ամբողջ պատմությունը, վճարումները, վճարումների սովորությունները եւ դրանց կատարման պարտաճանաչության աստիճանը:«Ինչո՞ւ է անհրաժեշտ հավաքագրել եւ պահպանել վարկային պատմությունը, ո՞րն է դրա կարեւորությունը» հարցի պատասխանն առավել քան ակնհայտ է՝ սա այն միակ փաստաթուղթն է, որը պարունակում է ամբողջական եւ հավաստի տեղեկատվություն վարկառուի ստանձնած բոլոր պարտավորությունների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս գնահատել նրա վարկարժանությունն ու վճարունակությունը:Եթե նախկինում բանկերը վարկ տրամադրելու որոշումն ընդունում էին՝ հիմնվելով անձի եկամուտների մեծության վրա, ապա այժմ հաճախորդի պարտաճանաչության եւ վճարունակության գնահատումը մղվել է առաջին պլան: Ռիսկերի գնահատման եւ կառավարման փորձի զարգացմանը զուգընթաց բանկերը եւ մյուս վարկատու կազմակերպությունները կարողանում են հնարավորինս արդյունավետ կողմնորոշվել վարկավորման հարցում, ինչը թույլ է տալիս նրանց խնդրահարույց վարկերի քանակությունը հասցնել նվազագույնի:«Վարկային պատմության» հիման վրա կազմվում է վարկային զեկույց, որը ներառում է «նույնականացման» տվյալներ վարկառուի վերաբերյալ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ եւ այլն), ամփոփ տեղեկատվություն գործող եւ մարված պարտավորությունների վերաբերյալ, առանձին պարտավորությունները՝ իրենց մանրամասներով, ինչպես նաեւ տեղեկատվություն հաճախորդի աշխատանքի վայրի, միջին եկամտի մակարդակի մասին եւ այլն:Ո՞վ կարող է ծանոթանալ վարկային պատմությանըՎարկային զեկույցի հիմնական սպառողները վարկատու կազմակերպություններն են, որոնք վարկային պատմության հիման վրա կարողանում են գնահատել պոտենցյալ վարկառուի վարկունակությունն ու վարկարժանությունը:«Վարկային պատմությանը» կարող է ծանոթանալ ինքը՝ վարկառուն, որպեսզի կարողանա որոշել իր վարկային բեռի մակարդակը, ստուգել իր մասին տեղեկատվության հավաստիությունը՝ խուսափելով անճշտություններից եւ զեղծարարություններից: «Վարկային պատմությանը» քաղաքացին կարող է ծանոթանալ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից, ինչպես նաեւ թղթային տարբերակով` այցելելով ԱՔՌԱ-ի գրասենյակ: Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Ընդ որում, քաղաքացին իրավունք ունի տարին մեկ անգամ անվճար ծանոթանալու սեփական վարկային պատմությանը: Որոշ դեպքերում «վարկային պատմությանը» կարող են ծանոթանալ նաեւ պոտենցյալ գործատուները՝աշխատանքի ընդունման որոշում կայացնելիս, ինչպես նաեւ այլ երրորդ անձինք՝ հաճախորդի պարտադիր համաձայնությամբ:Առանց հաճախորդի գրավոր համաձայնության որեւէ երրորդ կողմ, այդ թվում` բանկը, իրավունք չունի ծանոթանալ անձի վարկային պատմությանը. դա օրենսդրորեն պատժելի արարք է, որի նկատմամբ կարող է կիրառվել նյութական կամ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում: Վարկային դիմում ներկայացնելիս հաճախորդը տալիս է իր համաձայնությունը բանկին կամ այլ վարկատու կազմակերպությանը` ծանթանալ իր վարկային պատմությանը:Վարկային տեղեկատվության հավաքագրմամբ, մշակմամբ, պահպանմամբ եւ տրամադրմամբ զբաղվում է վարկային բյուրոն: Հայաստանում այս պահին գործող միակ վարկային բյուրոն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն է:«Սեւ ցուցակի» առեղծվածըՀենց սկզբից բացենք փակագծերը. «սեւ ցուցակ»՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Կա միայն վարկային պատմություն, որտեղ արտացոլվում են անձի վարկային պարտավորությունների հետ կապված բոլոր փոփոխությունները՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով:«Սեւ ցուցակ» ասելով՝ կարելի է հասկանալ վատ վարկային պատմությունը, ուշացումները, որոնք կարող են հետագայում հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Այնուամենայնիվ, հստակ սահմանագիծ լավ եւ վատ վարկային պատմության միջեւ չկա. հաճախորդի միեւնույն ուշացումների քանակը կարող է մի կազմակերպության համար լինել լրիվ ընդունելի, մյուսի համար՝ ոչ: Յուրաքանչյուր վարկատու կազմակերպություն վարում է վարկավորման իր քաղաքականությունը` հիմնվելով ռիսկերի գնահատման սեփական մոտեցումների վրա:Քաղաքացիների շրջանում գոյություն ունի թյուր կարծիք, թե ԱՔՌԱ-ն ուղղորդում է վարկատուներին վարկավորման հարցում, հաստատում կամ մերժում է հաճախորդների վարկային դիմումները, ինչը չի համապատասխանում իրականությանը:ԱՔՌԱ-ն տվյալների բանկ է, որն իրավասու է տրամադրել տեղեկատվություն պոտենցյալ վարկառուի մասին, իսկ վարկավորման վերաբերյալ որոշումն ընդունում է բացառապես վարկատուն՝ ուղղորդվելով իր ռիսկերի քաղաքականությամբ:Հնարավո՞ր է «ջնջել» վարկային պատմությունըԻրականում «վատ վարկային պատմությունից» ազատվել կամ մաքրել արձանագրված ուշացումները գործնականում անհնար է: Այնուամենայնիվ, բարելավել ստեղծված իրավիճակը լիովին իրատեսական է: Պարզապես անհրաժեշտ է մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները, իսկ տվյալ պահին գործողներն իրականացնել ժամանակին եւ ամենայն պատասխանատվությամբ:Հարկ է նշել, որ համաձայն օրենքի, վարկային զեկույցում ներառվում է միայն վերջին 5 տարվա պատմությունը. վարկային տեղեկատվությունն ունի վաղեմության ժամկետ: Այսինքն՝ 2016թ. հունվարի դրությամբ վերջին գրառումը, որ ԱՔՌԱ-ն կարող է ներառել վարկային զեկույցներում, 2011թ. հունվարի տեղեկատվությունն է: Դրանից վաղ իրականացված ուշացումների եւ չկատարված պարտավորությունների նկատմամբ կիրառվում է, այսպես կոչված, «վարկային համաներում»: Հինգ տարուց ավելի վաղեմությամբ տեղեկատվությունը պահպանվում է բյուրոյի տվյալների բազայում՝ վիճակագրական եւ վերլուծական նպատակներով, սակայն վարկային զեկույցում այլեւս չի ներառվում:Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել անձի՝ հետագայում վարկ ստանալու հնարավորությանը: Վարկային պատմությունն ուղեկցում է մարդուն իր ամբողջ գործունեության ընթացքում, հետեւաբար շատ կարեւոր է մաքուր պահել սեփական վարկային համբավը:ԱՔՌԱ-ն հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական վարկային պատմությանը, չստանձնել անտեղի պարտավորություններ, պատշաճ կերպով կատարել արդեն ստանձնվածները եւ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ, կլինի դա վարկային պայմանագիր, երաշխավորություն, թե այլ փաստաթուղթ, մանրամասն ծանոթանալ դրա բովանդակությանը՝ հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար:Վիճակագրություն2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում գրանցված վարկերի քանակը կազմել է շուրջ 11,5 մլն, իսկ վարկառուների թիվը գերազանցել է 1,5 մլն-ը: Tweet Դիտում՝ 31012