Հուշանվերներից մինչեւ խաղալիքներ եւ տիկնիկներ, բնական մեղրից մինչեւ կոմպոտներ ու պահածոներ, շոկոլադից մինչեւ նրբերշիկ ու գինի: Եվրոպական երկրներում հարյուրամյակների ավանդույթ ունեցող Սուրբծննդյան տոնավաճառը հերթական անգամ անցկացվում է նաեւ Երեւանում: Banks.am-ը փորձել է պարզել, թե ովքեր կարող են մասնակցել տոնավաճառին, որոնք են թույլատրելի ապրանքատեսակները եւ ինչ նշանակություն այն կարող է ունենալ ընկերությունների համար: Սուրբծնդդյան տոնավաճառ. արմատներԵվրոպական երկրներում նման տոնավաճառներ անցկացվում են արդեն մի քանի հարյուրամյակ: Դրանք սովորաբար կազմակերպվում են Սուրբ Ծնունդի նախաշեմին եւ տեւում են մոտ 4 շաբաթ: Տոնավաճառին մասնակցելու պայմանները տարբեր են՝ կախված երկրից կամ քաղաքից: Որպես կանոն՝ նման տոնավաճառներին ներկայացվում են այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կարող են տեղավորվել տոնական նվերի շրջանակում, զարդարել ամանորյա սեղանը կամ բնակարանը: Հայաստանում Սուրբծննդյան տոնավաճառն անցկացվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ, 2011թ.՝ Աշտարակում, իսկ այնուհետ՝ Երեւանում: Այս տարի տոնավաճառը գործում է դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ը: Տոնավաճառի կազմակերպիչ Պիեր Բաղդադյանը Banks.am-ի հետ զրույցում պատմում է, որ տոնավաճառի նպատակը ընդհանուր առմամբ ուրախ տրամադրություն ապահովելն է: Բացի այդ, տոնավաճառը կարեւոր նշանակություն կարող է ունենալ հատկապես սկսնակ գործարարների համար, քանի որ գործում է Հյուսիսային պողոտայում, որտեղով միայն հանգստյան օրերին անցնում է 15-20 հազ. մարդ: Շուրջ 30 տնակ՝ Հյուսիսային պողոտայումԱյս տարի Հյուսիսային պողոտայում տեղադրվել է ավելի քան 26 տնակ, որոնք ներկայացնում են բիզնես ընկերություններ, բարեգործական հիմնադրամներ, անհատ ձեռներեցներ: Դրանց թվում կան սպառողին արդեն հայտնի ապրանքանիշեր, ինչպես նաեւ այնպիսիք, որոնք համեմատաբար նոր են շուկայում եւ առաջին անգամ են մասնակցում տոնավաճառին: Պիեր Բաղդադյանի խոսքով՝ տարեցտարի տոնավաճառի նկատմամբ հետաքրքրությունն աճում է. ամեն տարի տնակների թիվն ավելանում է 20%-ով, ինչը, ըստ նրա, կարելի է լավ ցուցանիշ համարել: «Այս պայմաններում դրանից ավելի չենք էլ ակնկալում: Շրջափակման մեջ է երկիրը, ամեն ինչով դժվար վիճակի մեջ, արտագաղթի մեծ տեմպերով, դրանից ավելին անհնար է»,- ցավով նկատում է նա: Ովքե՞ր են մասնակցում. չափանիշներՎանաձորում գործող Apricot ընկերությունը տոնավաճառին մասնակցում է առաջին անգամ: Պատրաստվող հուշանվերներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են, դրանով փորձ է արվում ապահովել Լոռու մարզի հաշմանդամություն ունեցողների զբաղվածությունը: Apricot-ի հիմնադիր Գայանե Խաչատրյանը պատմում է, որ տոնավաճառին մասնակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ ինչպես իրենց ապրանքանիշը, այնպես էլ ընդհանրապես հայկական արտադրության հուշանվերները ճանաչելի դարձնելու գործում: Վաճառքից ստացված եկամուտը որպես աշխատավարձ փոխանցվելու է ընկերության աշխատակիցներին: Ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք հաճախ ընկերությունների առաջ խիստ սահմանափակումներ են դնում (օրինակ, որոշ քաղաքներում մասնակցության պարտադիր պայման է 1 տարի շուկայում ակտիվ լինելը), երեւանյան տոնավաճառը փորձում է խրախուսել բոլոր նրանց, ովքեր «ցանկանում են ուրախանալ»: «Մենք Եվոպայից հեռու ենք, մենք հայավարի ենք,- ասում է Պիեր Բաղդադյանը: -Նրանք, ովքեր ուզում են ուրախանալ, թեկուզ նոր են սկսում, քաջալերում ենք, որ իրենք գան, հույս ունենան եւ չարտագաղթեն: Այդ մասշտաբները մեր երկրի համար չեն աշխատում»: Որոշ սկզբունքներ, այնուամենայնիվ, տոնավաճառի կազմակերպիչն ունի. մասնավորապես, այս տարի բուքմեյքերական ընկերությունները մերժում են ստացել, քանի որ գործարարի խոսքով, «դա լավ չէ մեր ժողովրդի համար»: Միակը տարածաշրջանումԱյս տարի Երեւանն ընդգրկվել է սուրբծննդյան տոնավաճառների համաշխարհային բազայում՝ xmas-markets.org-ում: «Հայաստանի մայրաքաղաք Երեւանը 2012-ից ունի իր սուրբծննդյան տոնավաճառը: Առաջին ազգն աշխարհում, որ Քրիստոնեություն է ընդունել, որ բազմաթիվ դժբախտությունների միջով է անցել, որ շրջափակված է թուրք հարեւաններով, որ դիմակայել է 70 տարվա խորհրդային գերակայությանը, այժմ Սուրբ Ծնունդի համը գտել է սուրբծննդյան տոնավաճառի մեջ, որը միակն է տարածաշրջանում եւ տարեցտարի զարգանում է»,- xmas-markets.org-ն այսպես է նկարագրում երեւանյան տոնավաճառը:«Իրենք ուզում էին իմանալ՝ ամեն մասշտաբները կա՞ն տոնավաճառ կոչվելու: Որ իմացան՝ 25 տնակից ավելի է, 3 շաբաթ է տեւում, այսինքն ոչ թե 2-3 օրով է գործում, այս տարի մեզ էլ ընդգրկեցին: Միակն ենք տարածաշրջանում»,- հպարտությամբ նշում է Պիեր Բաղդադյանը: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 8564